Տօն Վերացման Սրբոյ Խաչին Տօն Վերացման Սրբոյ Խաչին 

Տօն Վերացման Սրբոյ Խաչին

Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետութիւնը անմասն չմնաց այս կարևորագոյն տօնից։

Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղաւար տօներից վերջինն է։

Իւրաքանչիւր արժանավայել հայ քրիստոնեայ պէտք է գիտակցի և կարևորի խաչի դերը։

Հանդիսանալով կեանքի և յաւերժութեան խորհրդանիշ՝ խաչը սրբագործուեց և դարձաւ համայն ժողովրդի գոյութեան մասնիկը՝ քրիստոնէութեան ընդունումից ի վեր։

Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետութիւնը անմասն չմնաց այս կարևորագոյն տօնից։ Կիրակի, 13 սեպտեմբերի առաւօտեան ժողովրդապետութեան բակում մատուցուեց Սուրբ և Անմահ պատարագ՝ ձեռամբ Տէր Ռաֆայէլ Արք․ Մինասեանի՝ առընթերակայութեամբ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ժողովրդապետ և Սրբոց Հրեշտակապետաց Միացեալ Հոգևոր ճեմարանի տեսուչ Հայր Մաշտոց վրդ․ Զահթերեանի և փոխ ժողովրդապետ Տէր Կոմիտաս քահանայ Դավեյանի։ Սուրբ Պատարագի սարկաւագութիւնը կատարեց Արամ Ջաբաղջուրեանը , սպասաւորեցին Սրբոց Հրեշտակապետաց Միացեալ Հոգևոր ճեմարանի սաները՝ մասնակցութեամբ դպրաց դասի։ Պատարագի երգեցողութիւնը կատարեց եկեղեցու երգչախումբը։ Պատարագի աւարտին կատարուեց Խաչի երկրպագութեան արարողությունը։ Սրբազան հայրը Ս․ Խաչի մասունքով օրհնեց ներկայ ժողովրդին։
Առաջնորդ Հայրը քարոզի ընթացքում անդրադարձաւ, որպէս քրիստոնեաներ, խաչի կարևորութեանը, որը ժամանակին ամօթի նշան էր, բայց Աստծոյ որդին՝ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսը վերցրեց իր ուսերին խաչը, որի վրայ խաչուեց և մահացաւ՝ սրբացնելով այն և դարձնելով հաւատի և փրկութեան զինանշան։
Երկրպագութեանը յաջորդեց օրուան տօնի կապակցութեամբ պատրաստուած ռեհանների օրհնութեան արարողութիւնը, որոնք բաժանուեցին բոլոր ներկաներին։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

14/09/2020, 11:15