Ո՞վ է քահանան Ո՞վ է քահանան 

Ո՞վ է քահանան: Հ. Պետրոս Եսայանի մտորումներէն։

«Արածացրու՛ Իմ ոչխարներին» (Յվհ. 21, 15-19): Լինել հայր և ուսուցիչ, սակայն, միևնոյն ժամանակ, լինել կարեկից եղբայր՝ մարդկանց թուլութեան, տկարութեան ու գայթակղութեան մէջ, քանզի քահանան ևս զուրկ չէ դրանցից:
Ունկնդրէ լուրը

Ո՞վ է քահանան: Այս հարցը տարբեր պատասխաններ կարող է ունենալ: Փորձեմ պատասխանել այնպէս, ինչպէս ես եմ հասկանում, չնայած որ, իրականում դա խորհուրդ է: Նախ, քահանան մարդ է՝ իր բարի յատկութիւններով, դաստիարակութիւնով և թերութիւններով հանդերձ: Եբրայեցիներին ուղղուած թղթում հեղինակն ասում է, որ քահանան, «մարդկանց միջից ընտրուելով, պաշտօն ունի մարդկանց կողմից Աստծոյ հետ յարաբերութեան մէջ լինելու» (Եբր. 5,1):

Երկրորդ, քահանան մարդ է, ով, միգուցէ, ոչնչով չի տարբերւում իր հասակակիցներից կամ համայնքի անդամներից: Պարզապէս, նրան Աստուած ընտրել է՝ Եկեղեցում յատուկ առաքելութիւն կատարելու՝ Աստծոյ և մարդկանց համար:

Աստծոյ համար, որպէսզի քահանան Տիրոջը սիրի ամբողջ սրտով, սերտ հաղորդութեան մէջ լինի Նրա հետ՝ որպէս ընկեր և զինակից, լցուի Աստծոյ սիրով, լոյսով և Աստծուն փոխանցի միւսներին, որպէսզի Քրիստոսի անունով և Նրա իշխանութեամբ, զօրութեամբ, քահանան կատարի Քրիստոսի Զոհաբերութիւնը Խաչի վրայ՝ Սուրբ Պատարագ մատուցելով, հաշտեցնի մարդկանց Աստծոյ հետ Ապաշխարութեան Խորհրդի միջոցով, հոգեպէս վերածնի Մկրտութեամբ և կերակրի այլ Խորհուրդներով և Աստծոյ Խօսքով:

Իսկ մարդկանց համար քահանայի առաքելութիւնն է՝ մարդկանց առաջնորդել դէպի Քրիստոս, ծառայել նրանց՝ մատակարարելով Եկեղեցու Սուրբ Խորհուրդները և բարեխօսելով իր հաւատացեալների համար: Սուրբ Յովհաննէս Ոսկեբերանն իր «Խօսք քահանայութեան մասին» գրքում ասում է, որ քահանայի կարևորագոյն պարտականութիւնը հանդիսանում է հովուական հոգատարութիւնը իր հոգևոր հօտի նկատմամբ: Քրիստոս, մեռեալներից Յարութիւն առնելուց յետոյ, հարցրեց Պետրոսին. «Սիրու՞մ ես ինձ աւելի, քան դրանք» և դրական պատասխան ստանալով, դիմեց Պետրոսին՝ ասելով. «Արածացրու՛ Իմ ոչխարներին» (Յվհ. 21, 15-19): Ահա՛, թէ ինչ է ամենից առաջ Քրիստոս սպասում քահանայից:

Հաւատաւոր գառների նկատմամբ հովուական հոգատարութեան ժամանակ դրսևորւում է քահանայի՝ բոլոր առաքինութիւնները գերազանցող սէրը դէպի Քրիստոս:

 Նեապոլում՝ Թեատինյան հայրերի վանքում, նրանց հիմնադիր Սուրբ Կաէտանի գերեզմանին գրուած է. «Hic est, qui multum orat pro populo»՝ «Ահա՛ նա, ով շատ էր աղօթում ժողովրդի համար»:

Սա քահանայական կոչման և ծառայութեան ևս մի կարևոր յատկանիշ է՝ աղօթել քեզ վստահուած ժողովրդի համար, հօտի և աշխարհի փրկութեան համար՝ աղօթքին ավելացնելով անձնազոհությունը, զրկանքները և ներքին պայքարը: Լինել հայր և ուսուցիչ, սակայն, միևնոյն ժամանակ, լինել կարեկից եղբայր՝ մարդկանց թուլութեան, տկարութեան ու գայթակղութեան մէջ, քանզի քահանան ևս զուրկ չէ դրանցից:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

26/08/2020, 06:58