Հայ Ազերի զինեալ բախումներու վնասները Հայ Ազերի զինեալ բախումներու վնասները  

Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանը քննարկել են Ռուսաստանում հայերի նկատմամբ ազերիների սադրանքների խնդիրը։

«Աղօթեցե՛ք մեր հայրենիքի և Ռուսաստանի Դաշնութեան խաղաղութեան համար»
Ունկնդրէ լուրը

Մոսկուայի հայ կաթողիկէների ժողովրդապետ, Ռուսաստանում Հայ Կաթողիկէների Առաջնորդական Փոխանորդ Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը յուլիսի 26-ին հանդիպեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ:

Ինչպէս յայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքեան էջը, հանդիպման ընթացքում քննարկուեցին Մոսկուայում և Ռուսաստանի Դաշնութեան այլ քաղաքներում վերջերս տեղի ունեցած իրադարձութիւններին վերաբերող հարցեր՝ կապուած հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրման հետ:

Կողմերն ընդգծեցին հայրենակիցների կողմից զգօնութեան ու զսպուածութեան պահպանման կարևորութիւնը՝ ադրբեջանցիների այլ հնարաւոր սադրիչ գործողութիւններում ակամայից չներգրաւուելու համար:

Ընդգծուեց նաև Ռուսաստանի իշխանութիւնների հետ միասին ընդհանուր խնդիրների շուրջ կառուցողական լուծումներ գտնելու համատեղ ջանքերի կարևորութիւնը:

Նոյն օրը Մոսկուայի Անարատ Յղութեան կաթողիկէ մայր տաճարում Սուրբ Պատարագի քարոզի ընթացքում Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանն ասաց հետևեալը.

«Արդեն երկու շաբաթ է՝ ինչ ՌԴ-ում շարունակւում են հայ-ադրբեջանական բախումները: Ադրբեջանցիները տրորում, ճմլում են մեր հայկական մթերքները, ծիրանը և չեն ընդունում այն: Յարձակւում են հայերի վրա, կազմակերպում են գիշերային ծեծկռտուք են՝ ծեծելով անմեղ մարդկանց: Նման պահուածքը շատ անպատիւ է և անարգ: Այս ամենի կապակցութեամբ մեր Առաջնորդ Ռաֆայէլ Արքեպիսկոպոս Մինասյանը կոչ է անում աղօթել, որպէսզի մենք չմոռանանք մեր այն զօրութեան մասին, որը ստանում ենք Աստծուց՝ աղօթելիս և մեր քրիստոնէական պարտքի մասին՝ առ այն, որ մենք չենք կարող վարուել նրանց նման և պատասխանել նրանց սադրանքներին: Մենք պէտք է աւելի բարձր լինենք: Հայաստանի կառավարութիւնը փորձում է խաղաղ ճանապարհով գտնել կոնֆլիկտի ելքը, լուծումը, որքանով, որ դա հնարաւոր է: Մենք, որպէս ՀՀ քաղաքացիներ և քրիստոնեայ մարդիկ, ևս խաղաղութիւն ենք փնտրում: Մենք այն մարդկանցից չենք, ովքեր մասնակցում են կոնֆլիկտին և սադրում են: Շատ կարևոր է հասկանալ այս ամենը և զգոյշ լինել: Պէտք է հասկանալ, որ մենք չենք կարող նոյն ձևով հատուցել, որովհետև այդ դէպքում ու՞ր է մնում մեր քրիստոնէութիւնը և մեր ժողովրդական իմաստութիւնը: Դրա համար էլ խաղաղութեան և աղօթքի կոչ ենք անում: Ես գիտեմ, որ այս օրերին տարբեր իրադարձութիւններ են տեղի ունենում…

Խնդրում եմ զգոյշ եղէք: Աղօթեցե՛ք մեր հայրենիքի և Ռուսաստանի Դաշնութեան խաղաղութեան համար»:

Քաղուած «armenianchurchco.com»  կայքէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

30/07/2020, 09:09