Երանելի Իգնատիոս Արքեպս. Մալոյան Երանելի Իգնատիոս Արքեպս. Մալոյան 

«Ու՞ր են զաւակներս». Երանելի Իգնատիոս Արքեպս. Մալոյանը և հայ կաթողիկէ նահատակները

Մալոյանն իր անձնուէր ու ծանր ծառայութեամբ կարողացաւ իր եպիսկոպոսութեան չորս տարիներում սէր սփռել Քրիստոսի և Եկեղեցու հանդէպ:
Տօն Երանելի Մալոյանին

Հոգեգալստեան տօնին յաջորդող շաբաթ օրը Հայ Կաթողիկէ Եկեղեցին տօնում է Երանելի Իգնատիոս Արքեպս. Մալոյանի յիշատակը

«Մենք բազմապատկւում ենք, երբ հնձում էք մեզ. քրիստոնեաների արիւնը սերմ է» (Plures efficimur, quoties metumur a vobis; semen est sanguis christianorum). 

Ք. Հ. 2-րդ դարի աստուածաբան Տերտուղիանոսի այս յայտնի խօսքերը վերաբերում են Քրիստոսի չարչարանքներին բաժնեկից դարձած քրիստոնեայ նահատակներին, ովքեր հալածուել և հալածւում են իրենց հաւատքի և ինքնութեան համար, իսկ Քրիստոսի արեանը միախառնուած նրանց արիւնը սերմն է քրիստոնեաների յաջորդ սերունդների համար, քրիստոսակիր կեանքի գերագոյն մի վկայութիւն, որը ոգեշնչում ու մարդկանց հոգիներում ծնում է ճշմարիտ հաւատք, Քրիստոսին նմանուելու աննահանջ փափագ: Նահատակների արիւնը մի հզօր լիցք է, որը առաջ է մղում քրիստոնէութիւնը: Այս փաստի վկայութիւնը ունեն բոլոր քրիստոնեայ ժողովուրդները, իւրովի: Հայերս այն ժողովուրդներից ենք, ում համար այդ վկայութեան գինը ցեղասպանութիւնը եղաւ՝ զարհուրելի իրադարձութիւնների մի շարան, որը մէկընդմիշտ դրոշմուեց ազգի և Եկեղեցու յիշողութեան մէջ:

Զանց առնելով ցեղասպանութեան քաղաքական, սոցիալական և իրաւական պատճառներն ու գնահատականները՝ փորձենք մի փոքրիկ լոյս սփռել այդ մարդկային աղէտի հոգևոր իմաստի ու ազդեցութեան վրայ. այդ հոգևոր իմաստը Հայ Կաթողիկէ Եկեղեցում մարմնաւորւում է իր հաւատարիմ զաւակների նահատակութեամբ:

Հայ կաթողիկէ նահատակների մասին նիւթերը այնքան էլ շատ չեն, այդ նուիրեալ անձանց մասին շատերը չգիտեն, նոյնիսկ ոմանք մտածում են, թէ ցեղասպանութեան օրերին հայ կաթողիկէ նահատակներ չեն եղել, կամ, եթէ եղել են, այնքան քիչ էին, որ յիշատակութեան արժանի չէն:

Հայ կաթողիկէները կիսել են իրենց առաքելական եղբայրների ճակատագիրը և ենթարկուել նոյն սարսափելի տառապանքներին, նոյնիսկ երբեմն աւելի դաժան, քանի որ թուրքական կառավարութիւնը մտածում էր, որ կաթողիկէները աւելի սերտ կապեր ունեն իրենց թշնամի եւրոպական պետութիւնների հետ կամ նոյնիսկ դաւաճան գործակալներ են:

Հայերի ցեղասպանութիւնն ուսումնասիրած գերմանացի պատմաբան Michael Hesemann-ը 2014թ. հետաքրքիր փաստեր հրապարակեց այն մասին, թէ 1915-16թթ. սպանդի է ենթարկուել Արևմտեան Հայաստանում բնակուող հայ կաթողիկէների մօտ 87%-ը, ինչը տոկոսային յարաբերութեամբ աւելին է, քան սպանդի ենթարկուած հայ առաքելականների թիւը՝ մօտ 75%: Թուերն, իհարկէ, կարևոր չէն նահատակութեան հոգևոր իմաստը հասկանալու համար, բայց կարևոր են նահատակութեան մասշտաբը ընդգծելու համար: Ըստ մէկ այլ ուսումնասիրութեան, ցեղասպանութեան զոհ դարձան 30.000 հայ կաթողիկէներ, 102 հոգևորական և 45 վանական: Սա թուերի մրցակցութիւն չէ, այլ՝ փաստի արձանագրում, որ հայ կաթողիկէները նոյնութեամբ և նոյնիսկ երբեմն աւելի մեծ համամասնութեամբ կիսել են իրենց ազգակից եղբայրների խաչը՝ յանուն Քրիստոսի:

 Դոմինիկյան վանական Յասենթ Սիմոնի (Hyacinthe Simon) «Մարտին. հերոս քաղաք» (Mardine La Ville Heroique) գրքում, որտեղ պատմւում է Տիարպէքիրի նահանգում գտնուող Մարտին քաղաքի քրիստոնեաների նահատակութեան մասին, ուշագրաւ տեղեկութիւններ կան նաև հայ կաթողիկէների մասին: Սիմոնը 1915թ. եղել է Մարտինում և ականատես եղել զարհուրելի դէպքերին: Հայ կաթողիկէ նահատակներից էր նաև Երանելի Իգնատիոս Մալոյանը՝ Մարտին քաղաքի և թեմի եպիսկոպոսը իր 400-ից աւելի համայնականներով ու մօտ մէկ տասնեակ քահանաներով: Նրանց հերոսական նահատակութեան պատմութիւնները վկայում են նրանց հաւատքի, օրինակելի կեանքի ու ջերմեռանդութեան մասին: Ստորև ներկայացուող մի քանի տողերը շատ քիչ են այս հերոսների մասին ամբողջական պատկերացում կազմելու մասին. հետագայում, յուսով եմ, ամբողջական գիտական աշխատութիւններ կյայտնուեն այս թեմայի շուրջ:

Երիտթուրքերի կառավարութեան, կամ որ նոյնն է թուրքական մասոնականութեան կարկառուն դէմքերը կամ գազանները, որպէս կանոն, աւելի մեծ ախորժակով յօշոտում էին հենց ամենամաքուրն ու սուրբը. «…չարախինդ վայելք ու հրճուանք զգացին պղծելու, կեղտոտելու այն, ինչ որ ի բնէ անհպելի և սուրբ է: Նրանց մէջ մի դիւական մոլուցք… իրենց գազան դարձրեց մարդկութեան կողմից կրկնակի յարգելի երկու էակների դէմ… Մէկը կինն էր, միւսը՝ քահանան». գրում է Յասենթ Սիմոնը:

Նախ՝ մի փոքր դրուագ հայ կանանց ու աղջիկների մասին, ովքեր արիւն թափեցին՝ իրենց հաւատքի մասին վկայելով: 1915թ. երբ Մարտին քաղաքից տարհանում էին և խումբ-խումբ դէպի մահուան անապատներ տանում քրիստոնեաներին, կանանց երբեմն առանձին կարաւաններով էին տանում: Յասենթ Սիմոնը վկայում է, թէ խմբերից մեկին զինուորականները մերկացրել են, որպէսզի հագուստները վաճառեն, իսկ դիակները յետոյ անճանաչելի դառնան: Երբ թուրք զինուորները սպանելուց առաջ առաջարկել են ուրանալ քրիստոնէութիւնը, ազնուական մի տիկին՝ Շըմմէ Ճենենճին, ասել է հետևեալը. «Իսլամանա՞լ, մե՞նք, երբե՛ք…Մենք Քրիստոսի՛ն ենք հաւատում և միայն նրան ենք դաւանում: Կրօնափոխութեան առաջարկդ մեր ոտքերի տակ ենք առնում…»:

Այս համարձակ խօսքերը լսելուց յետոյ թուրք զինուորականները յարձակուեցին ու լախտերով, սրերով, դաշոյններով սպանեցին անզէն, մերկ, բայց գլուխները բարձր կանգնած հայ կանանց: Շըմմէին գլխատեցին կրծքերը կտրելուց յետոյ, 15-ամեայ դստերը դաշոյնով բզիկ-բզիկ արեցին ու գցեցին մօր կողքին: Բոլորին սպանելուց յետոյ փոս փորեցին ու մարմինները լցրեցին փոսը, ապա հողով ծածկեցին…, գրում է Սիմոնը: Եւ այսպիսի դաժանութիւնների դրուագների պակաս չկայ հայերի ցեղասպանութեան մասին հազարաւոր էջերում: Բայց  հաւատքի վկայութիւնների մասին էջերն այնքան էլ շատ չեն:

  Առանձնակի ուշադրութեան է արժանի Երանելի Իգնատիոս Մալոյանի և նրա հաւատաւոր զաւակների նահատակութեան պատմութիւնը: Մալոյանը թէ իր կեանքով և թէ նահատակութեամբ  նմանուեց իր անուանակցին՝ Ք. Հ. 1-2-րդ դարերում ապրած և Հռոմի կրկէսի առիւծների զոհ դարձած Սբ. Իգնատիոս Աստուածազգեաց Անտիոքացուն:

Ծնուել է 1869թ. Մարտին քաղաքում, սովորել է Զմմառի Տիրամօր դպրեվանքում և ամբողջ կեանքում հաւատարիմ մնացել Զմմառի Պատրիարքութեանը: Հայր Մալոյանը, չնայած առողջական լուրջ խնդիրներին, մի քանի վիրահատութիւններին, մեծ նուիրումով ծառայել է Եգիպտոսում, ապա՝ Պոլսում և 1911թ. ուղարկուել իր հարազատ Մարտին՝ մի քաղաք և մի թեմ, որտեղ աշխատելը չափազանց բարդ էր. ծանր սոցիալական և տնտեսական պայմաններ, յուսահատութիւն, վատ աշխատող քահանաներ: Նոյն թուականի հոկտեմբերին օծուել է եպիսկոպոս ու նշանակուել Մարտինի եպիսկոպոս: 1912թ. Զմմառի վանքի ոսկեմատեանում  Մալոյանը գրել է հետևեալը.

«Հոգևոր Տիրոցից հրահանգ եմ ստացել Մարտին գնալու, այնտեղ մեղքերս քաւելու և ատելութիւնից վառուող սրտերում սէր սփռելու»:

Մալոյանն իր անձնուէր ու ծանր ծառայութեամբ կարողացաւ իր եպիսկոպոսութեան չորս տարիներում սէր սփռել Քրիստոսի և Եկեղեցու հանդէպ: 1915թ. գարնանը, երբ լուրեր ստացաւ Պոլսում և այլուր հայերի նկատմամբ սկսուած հալածանքների մասին և ի զարմանս իրեն, յանկարծ երիտթուրքական կառավարութիւնն իրեն պարգևատրեց յատուկ շքանշանով՝ իբրև թէ ի գնահատումն իր հաւատարմութեան, հասկացաւ, որ իր հօտի գլխին մութ ամպեր են կուտակւում, որ մօտենում է իրենց Գողգոթայի ժամը:

Այդ ժամը հասաւ 1915թ. յունիսին: Ապրիլ, մայիս ամիսներին զէնք, զինամթերք պահելու մեղադրանքով կառավարական ուժերը՝ ոստիկանապետ Մամտուհ Բեյի գլխաւորութեամբ սկսեցին հետախուզել հայկական եկեղեցիները, բնակիչների տները, առաջնորդարանը, սկսեցին լկտիաբար հարցաքննել հոգևորականներին և եպիսկոպոսին: Այս ամենին յաջորդեց Մալոյանի և թեմի մօտ մէկ տասնեակ քահանաների ձերբակալութիւնը՝ յունիսի 3-5-ին, նսեմացուցիչ հարցաքննութիւնն ու դաժան տառապանքը բանտում:

Մանրամասնութիւնները պատմում են նոյն Յասենթ Սիմոնը և սիրիացի քահանայ Իսհակ Արմալեն: Ըստ այդ պատմութիւնների, Մամտուհը կեղծ մի փաստաթուղթ էր պատրաստել իբր Սարգիս անունով մի մարտինցու վկայութեան մասին առ այն, թե Մալոյանը զէնք է պահում, որով պետք է քրիստոնեաներն ապստամբէին թուրքական կառավարութեան դէմ: Սարգսին ոստիկանները ստիպել են ստորագրել այդ կեղծ փաստաթղթի տակ, նա հրաժարուել է և մահապատժի ենթարկուել: Մալոյանը պետական դաւաճանութեան մասին մեղադրանքին պատասխանել է՝ ցոյց տալով իր պետական շքանշաններն ու կայսերական յատուկ ֆերմանը, որոնք ապացուցում էին իր հաւատարմութիւնը թուրքական պետութեանը և գնահատուած լինելը: Բանտում նրա հարցաքննութիւնը ցոյց է տալիս, որ թուրք ոստիկանապետը պատրաստ էր ցանկացած կեղծիքի դիմել՝ հայ հոգևորականների ու համայնականներին մահուան դատապարտելու համար: Ի վերջոյ, ոստիկանապետին այլ բան չի մնացել,  քան սարսափելի կտտանքների ենթարկել առանց այդ էլ թոյլ առողջութեամբ, բայց շատ տոկուն կամքով եպիսկոպոսին: Կապել են ոտքերը և փայտերով հարուածել ոտնատակերին.սա անասելի ցաւոտ կտտանքի մի ձև է, որից յետոյ հնարաւոր չէ քայլել: Յետոյ սկսել են ոտքերի եղունգները քաշել: Մալոյանը, զգալով իր մօտալուտ վախճանը, քահանաներից մեկին խնդրել է իր մեղքերին արձակում տալ: Այդ կտտանքները եպիսկոպոսն իր քահանաների հետ ստիպուած եղաւ տանել մինչև յունիսի 10-ի գիշերը, գրում է Սիմոնը: Իսկ մինչ այդ Սրբազանին այցելութեան է եկել մայրը: Այդ տեսարանը պատկերացնելիս հնարաւոր չէ մտովի չյիշել Աստուածամօրն ու Յիսուսին: Մալոյանը, թաքցնելով հաշմուած ոտքերը, մխիթարում է մօրը և խնդրում լայն կօշիկներ բերել, որպէսզի կարողանայ քայլել.գիտեր, որ գնալու էին դէպի Տիգրանակերտ:

 1915թ. յունիսի 10-ի այգաբացին այսպէս կոչուած «Մալոյանի կարաւանը»՝ 417 հոգի, որոնց մեծ մասը հայ կաթողիկէներ էին, Մալոյան եպիսկոպոսը, 6 հայ քահանայ և 3 ասորի ու լատին հոգևորականներ, մնացածը ասորի ու քաղդէացի կաթողիկէներ և բողոքականներ, ճամփայ ընկաւ դէպի անապատներ:

Հոգևորականների ձեռքերին երկաթէ շղթաներ էին, որոնք ստիպուած էին քաշ տալ տասնեակ կիլոմետրեր: Ճանապարհին կարաւանը նօսրանում էր.խումբ-խումբ տանում էին այլ վայրեր ու սպանում: «Գողգոթան կրկնւում էր մեր աչքերի առաջ, միայն այն տարբերութեամբ,  որ այս անգամ մի կողմից Տէրն իր առաքեալներով ու աշակերտներով, իսկ միւս կողմից՝ եպիսկոպոսն իր քահանաներով ու հաւատացեալներով միասին բարձրանում էին նոյն Գողգոթան».-գրում է եղբայր Սիմոնը:

 Հասնելով քրտական Շեյխան գիւղի մօտ, Մամտուհը հանդիսաւոր դաժանութեամբ կարդում է կարաւանի դատավճիռը: Թուրքական կառավարութիւնը, որն օրեր առաջ ցինիկաբար երաշխաւորում էր տեղահանուողների անվտանգութիւնը, այսօր իր իսկական դէմքն է ցոյց տալիս. «Դուք դաւաճանել էք Օսմանեան հայրենիքին, դուք բոլորդ դատապարտւում էք մահուան: Բայց եթէ ձեզնից մէկը մահմեդականութիւն ընդունի, պատիւներով ձեր քաղաքը կվերադարձնենք: Եթէ ոչ, ուրեմն, մեռնելուց առաջ մէկ ժամ ունէք: Պատրաստուեցե՛ք». յայտարարում է Մամտուհը, որին հետևում է յոգնաբեկ, արնաշաղախ, շղթայակապ Մալոյան սրբազանի պատասխանը.

 «Մեր կեանքը կառավարութեան ձեռքում է: Բայց եթէ մեռնենք, Յիսուս Քրիստոսի  համար  պիտի  մեռնենք»:

«Յիսուս Քրիստոսի համա՛ր». միաբերան ու կորով առած բացականչում է ամբողջ կարաւանը՝ մահապարտների կարաւանը: Դարձեալ խմբերով տանում են և սպանում ինչով պատահի, որպէսզի փամփուշտ խնայեն: Իսկ Մալոյանին հնարաւորութիւնն են ընձեռում պատրաստելու մահապարտներին: Քահանաների հետ միասին բոլորի մեղքերին արձակում է տալիս, ապա Յիսուսի վերջին ընթրիքի նման, հաց վերցնում, սրբագործում ու Ս. Հաղորդութիւն տալիս իր զաւակներին: Դա նաև ի՛ր վերջին Հաղորդութիւնն էր երկրիս երեսին: Բայց Մալոյանին, ըստ Յասենթ Սիմոնի վկայութեան, վիճակուած էր առանձին նահատակուել: Բոլորին խումբ-խումբ տանում են և սպանդի ենթարկում մինչև վերջին մարդը, բացի Մալոյանից: Երբ իմանում է, որ բոլորը սպաննուած են, որդեկորոյս հօր վշտով բացականչում է.«Ու՞ր են զաւակներս»:

 Մալոյանին առանձին տանում են Տիգրանակերտի մօտ գտնուող Քարա Քեոփրիվ անուամբ մի վայր: Ոստիկանապետը, ծաղրելով վերջին անգամ հարցնում է Մալոյանին՝ ուր են զէնքերը: «Եթէ ռումբեր ունեցած լինէի, թոյլ կտայի, որ զաւակներիս այսպէս անէիք»լինում է Մալոյանի պատասխանը: Եւ այդ նոյն վայրկեանին ծոծրակին մի փամփուշտ է ստանում ու հոգին աւանդում: Մալոյանի համար, ըստ երևոյթին, փամփուշտ խնայել պէտք չէր, ինչպիսի՛ ցինիկ մարդասիրութիւն:

 Մի քանի ժամ յետոյ ոստիկանները Տիգրանակերտում ստորագրեցին հետևեալ բժշկական վկայականը. «Գերապատիւ Մալոյանը վախճանուեց ճանապարհին, սրտի կաթուածից»:

 Նրա ոսկորները խառնուեցին սպաննուած եղբայրների ու քոյրերի ոսկորներին ու ծածկուեցին անապատների աւազով: Նրա աճիւնը չգտնուեց, բայց նրա ապրած 46 տարիները մնացին քրիստոնէական սրբակեաց կեանքի լաւագոյն վկայութիւններից մէկը:

 2001թ. հոկտեմբերի 7-ին Հռոմի Սրբազան Քահանայապետը Իգնատիոս եպիսկոպոս Մալոյանին դասեց երանելիների շարքը: Յաջորդ քայլը պէտք է լինի Մալոյանին սուրբ հռչակելը, որի համար աղօթում է ամբողջ Հայ Կաթողիկէ Եկեղեցին: Մալոյանի բարեխօսութիւնը դիմելը օրըստօրէ արմատանում է հաւատացեալների ջերմեռանդութեան մէջ:

 Հայ Կաթողիկէ Եկեղեցին ունեցաւ շատ այլ նահատակ հոգևորականներ ևս, նրանցից էին՝ Մշոյ եպիսկոպոս Յակոբ Թոփուզեանը, Խարբերդի եպիսկոպոս Ստեփան Իսրայէլեանը, Տիգրանակերտի եպիսկոպոս Անդրէաս Չելեպեանը, Մալաթիայի եպիսկոպոս Միքայէլ Խաչատուրեանը, Սեբաստիայի եպիսկոպոս Լևոն Քեչեջեանը, Ստեփան ծ.վ. Հոլոզեանը, Յակոբ վրդ. Ֆարճոեանը, Յարութիւն վրդ. Լաչինեանը, Սիմոն վրդ. Պայեանը, Ստեփան վրդ. Լաչինեանը, Ղևոնդ ծ.վ. Խորխոռունին, Սահակ վրդ. Շահնամեանը, Օգոստինոս վրդ. Բաղդասարեանը, Վարդան վրդ. Սապպաղեանը, Մեսրոպ վրդ. Թաթմանեանը և շատ-շատ ուրիշներ, որոնց նահատակութիւնների մասին փաստերը, ցաւօք, այնքան էլ շատ չեն:

Այս նահատակները լրացնում են Քրիստոսի և Հայ Եկեղեցու համար նահատակուածների անվերջ բազմութիւնը.նրանք երկնքում բարեխօսում են հայերիս և ամբողջ աշխարհի համար: Նրանց արիւնն ապահովեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու շարունակականութիւնը և ուժ տուեց դիմագրաւելու հետագայ չարիքներին:

 «Ուրեմն, եղբայրնե՛ր իմ սիրելի, հաստատուն մնացէ՛ք, անշարժ եղէ՛ք, ամէն ժամ աւելին եղէ՛ք Տիրոջ գործի մէջ, իմացէ՛ք, որ ձեր վաստակը ի զուր չէ Տիրոջ առաջ» (Կրնթ. 15:58):

Տ. Հովսեփ Գալստյան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

05/06/2020, 10:41