Vatican News
«Զգո՛յշ եղէ՛ք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք». «Զգո՛յշ եղէ՛ք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք». 

«Զգո՛յշ եղէ՛ք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք». - Գալստեան կիրակի, Զ կիրակի Մեծ Պահոց

Տէր Յիսուս Քրիստոս իր երկրորդ գալստեան մասին խօսելիս նախ մարգարեանում է, որ լինելու են պատերազմներ, ազգի ազգի դէմ պիտի ելնի, մեծ աղէտներ, սով պիտի լինի եւ մեծ գայթակղութիւններ պէտք է լինեն, սուտ քրիստոսներ, սուտ մարգարէներ պիտի յայտնուեն եւ մոլորեցնեն մարդկանց եւ Քրիստոսի հետեւորդներին պէտք է հալածեն

 Մեծ Պահոց Զ կիրակին կոչւում է «Գալստեան կիրակի»՝ մեզ յիշեցնելու համար նախ Տէր Յիսուս Քրիստոսի առաջին գալուստը, որը սկիզբ առաւ Մարդեղութեան խորհուրդով եւ իր լրումին հասաւ Քրիստոսի խաչելութեամբ, երկրային կեանքի աւարտով եւ հրաշափառ Յարութեամբ՝ մեզ կտակելով Իր Սուրբ Եկեղեցին՝ որպէս դէպի Երկինք առաջնորդող փրկութեան տապան: Գալստեան կիրակին մեզ նաեւ առիթ է տալիս մտածելու Տէր Յիսուս Քրիստոսի երկրորդ գալստեան մասին, որ լինելու ժամանակների վախճանին, որի օրն ու ժամը չգիտի ոչ ոք, ոչ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը, ինչպէս ասում է Յիսուս եւ շարունակում.

 «Զգո՛յշ եղէ՛ք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ երբ է ժամանակը. ինչպէս հեռու երկիր գնացած մի մարդ, որ կը թողնի իր տունը եւ իր ծառաներին իշխանութիւն կտայ եւ իւրաքանչիւրին իր գործը եւ դռնապանին կը պատուիրի, որ արթուն լինի: Արդ արթու՛ն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը երբ կը գայ՝ երեկոյեա՞ն, թէ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: Գուցէ, յանկարծակի գալով՝ ձեզ քնի մէ՞ջ գտնի… Ամէնքին եմ ասում՝ արթու՛ն կացէք», Մրկ. 13, 33-37:

Տէր Յիսուս Քրիստոս իր երկրորդ գալստեան մասին խօսելիս նախ մարգարեանում է, որ լինելու են պատերազմներ, ազգի ազգի դէմ պիտի ելնի, մեծ աղէտներ, սով պիտի լինի եւ մեծ գայթակղութիւններ պէտք է լինեն, սուտ քրիստոսներ, սուտ մարգարէներ պիտի յայտնուեն եւ մոլորեցնեն մարդկանց եւ Քրիստոսի հետեւորդներին պէտք է հալածեն: Ապա աւելացնում է.

«Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն։ Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով։ Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը…», Մտթ. 24, 29-31:

 Տիրոջ գալուստը լացի եւ սուգի առիթ պիտի լինի մեղաւորների համար, բայց երջանկութեան եւ երանութեան առիթ՝ Տիրոջ ընտրեալների համար: Իսկ ովքե՞ր են մեղաւորները, որոնք դատապարտուելու են երկրորդ մահուան՝ կամ դժոխքի յաւիտենական տառապանքներին, եւ ովքե՞ր են Տիրոջ ընտրեալները, որոնք յաւիտենապէս բակուելու են Տիրոջ Սուրբ Աթոռի առջեւ, հրեշտակների հետ միասին:

 Մատթէոսի աւետարանի 25-րդ գլխում գտնում ենք Յիսուսի երկու առակներ եւ ապա վերջին դատաստանի նկարագրութիւնը, որոնք տրամաբանական զարգացման մի շղթայ են կազմում, որն օգնում է հասկանալ Տիրոջ երկրորդ գալստեան խորհուրդը:

 Առաջին առակը. տասը կոյսերը

 Առաջին առակը տասը կոյսերի մասին է, որոնցից հինգը իմաստուն էին, հինգը՝ յիմար: Նրանք պէտք է դիմաւորէին փեսային եւ հարսին:

«Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին։ Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին։ Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան։ Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք։ Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին։ Յիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են»։ Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. «Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէ՛ք»։ Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց։ Յետոյ եկան միւս կոյսերն էլ ու ասացին. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա»։ Նա պատասխան տուեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»։ Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը», Մտթ. 25, 3-13։

 Այս պատմութեան մէջ փեսան Տէր Յիսուս Քրիստոս Ի՛նքն է, որ իր կեանքը տուեց Իր Եկեղեցու համար, որպէսզի մաքրի այն ամեն տեսակ աղտեղութիւնից՝ որպէս հարս: Քրիստոսի եւ Իր Սուրբ Եկեղեցու միութիւնը հարսանեկան միութիւն է (Հմմտ.՝ Եփս. 5): Յովհաննէսն իր Յայտնութիւն մէջ գրում է. «Երանելի՛ են բոլոր նրանք, ովքեր կանչուած ենք Գառան հարսանիքի ընթրիքին…», Յյտն. 19, 9: Հինգ իմաստուն կոյսերը գիտակցում էին Գառան հարսանիքին մասնակցելու երանութիւնը եւ նախօրօք պատրաստել էին իրենց լապտերները, որոնք խորհրդանշում են իրենց սիրտն ու հոգին, որոնց ձէթը Սուրբ Հոգու ներկայութիւնն է եւ իրենց սրբակեցութիւնը, իրենց հաւատքի ուժը, որ կարող է ապահովել լոյս՝ իրենց ճանապարհի համար: Իսկ հինգ յիմար կոյսերը չէին կարողացել հասկանալ Գառան հարսանիքի արժէքը իրենց համար եւ նախապէս ձէթ չէին վերցրել, այսինքն՝ չէին պատրաստել իրենց հոգիները, չէին լցուել Սուրբ Հոգով, անհոգ ու անփոյթ էին եղել, հետեւաբար, դուրս մնացին Գառան հարսանիքի ընթրիքից: Երկնային այդ հարսանեկան ընթրիքի նախապատկերը Սուրբ Պատարագի ընթրիքն է, որին մասնակցելո՛վ միայն կարող ենք  ձէթ ունենալ մեր լապտերներում: Սուրբ Հաղորդութիւ՛նն է այն ճշմարիտ ձէթը, որ միշտ վառում է մեր սրտի լապտերները եւ լոյս տալիս մեր ճանապարհին:

Երկրորդ առակը. երեք ծառաները

 Երկրորդ առակը երեք ծառաների մասին է, որոնցից միայն երկուսն արժանացան Տիրոջ գովասանքին: Այս առակը եւս հատուցման մասին է, որը կլինի Տիրոջ երկրորդ գալստեան ժամանակ: Առակը հետեւեալն է.

«…մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին եւ իր ունեցուածքը նրանց տուեց. մէկին տուեց հինգ քանքար, միւսին՝ երկու եւ մի ուրիշին՝ մէկ. իւրաքանչիւրին ըստ իր կարողութեան. եւ գնաց։ Ով հինգն առաւ, իսկոյն գնաց, դրանով գործ արեց եւ հինգ եւս շահեց։ Նոյնպէս նա էլ, որ երկուսն առաւ, երկու եւս շահեց։ Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց եւ իր տիրոջ դրամը թաքցրեց։ Շատ ժամանակ անց, այն ծառաների տէրը եկաւ եւ նրանց հետ հաշիւ տեսաւ։ Ով հինգ քանքար էր առել, մօտենալով՝ հինգ քանքար եւս տուեց ու ասաց. «Տէ՛ր, հինգ քանքար տուիր ինձ. արդ, ահաւասիկ վրան հինգ քանքար եւս շահեցի»։ Իր տէրը նրան ասաց. «Ապրէ՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»։ Ով երկու քանքարն էր առել, նա էլ մօտեցաւ ու ասաց. «Տէ՛ր, ինձ երկու քանքար տուիր, ահաւասիկ երկու այլ քանքար եւս, որ դրանց վրայ շահեցի»։ Իր տէրը նրան ասաց. «Ապրէ՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»։ Մօտեցաւ նաեւ նա, որ մէկ քանքար էր առել, ու ասաց. «Տէ՛ր, գիտէի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, եւ հաւաքում ես այնտեղից, ուր չես ցանել. վախեցայ, գնացի եւ թաքցրի քո այս քանքարը հողի մէջ։ Արդ, ահա՛ւասիկ, քոնը՝ քեզ»։ Տէրը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Չա՛ր եւ ծո՛յլ ծառայ, գիտէիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, եւ հաւաքում այնտեղից, ուր չեմ ցանել. Դու պէտք է իմ այդ դրամը լումայափոխների մօտ դնէիր, եւ ես, գալով, տոկոսով միասին պահանջէի այն, ինչ որ իմն է։ Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը եւ տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի. քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի։ Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում», Մտթ. 25, 14-30:

 Այս առակով Յիսուս մեզ ցոյց է տալիս մարդկանց, ովքեր գնահատում են իրենց աստուածատուր պարգեւները՝ շնորհները, տաղանդները, յատուկ կարողութիւնները, երկրային բարիքները, որոնք կարողանում են ճիշտ օգտագործել եւ բազմապատկել, հինգը դարձնելով տասը, կամ երկուսը՝ չորս: Սրանք Տիրոջ այն ծառաներն են, ովքեր հասկանում են, որ ինչ որ իրենք ունեն, Աստուա՛ծ է պարգեւել իրենց, եւ ոչ թէ թաքցնում են դրանք, ինչպէս երրորդ ծառան, որ տարաւ եւ քանքարը թաղեց հողի մէջ, այլ առաւելագոյն ձեւով զարգացնում եւ դրսեւորում են այդ պարգեւների մէջ թաքնուած հնարաւորութիւնները. օրինակ՝ հոգեւոր շնորհներն օգտագործելով՝ սեփական սրբութեան եւ ուրիշներին հոգեւորապէս օգնելու համար, մեղքից հեռու մնալով, զղջման, ապաշխարութեան դժուարին ճանապարհ անցնելով, կամ ժրաջան աշխատանքով զարգացնելով մտաւոր, ֆիզիկական կարողութիւնները, տաղանդները եւ դրանք օգտագործելով ոչ միայն սեփական ինքնադրսեւորման, այլեւ՝ ուրիշների բարիքի համար եւ, վերջապէս, հարստացնում, գեղեցկացնում են նիւթական հարստութիւնները, բնական միջավայրը, որտեղ ապրում են, եւ դրանից բաժին հանում նաեւ աղքատ եղբայրներին ու քոյրերին: Իսկ այն երրորդ ծառան ծոյլ էր, անտարբեր. նա չուզեց աւելացնել Տիրոցից ստացած շնորհները, կարողութիւնները, չգնահատեց այն, ինչ տուել էր Տէրը եւ նոյն ձեւով ետ վերադարձրեց Տիրոջը: Բայց Աստուած մեր կեանքը չի նուիրում մեզ՝ այն նոյն ձեւով ետ պահանջելու համար, այլ նուիրում է՝ փափաքելով, որ աճեցնենք ու գեղեցկացնենք այն, ոչ թէ սառնասրտերն ետ վերադարձնենք Իրեն, այլ՝ սիրով եւ երջանկութեամբ, առատաձեռնօրեն այն ընծայաբերենք Իրեն՝ Իր մօտ եւ Իր հետ միասին ապրելու գերագոյն նպատակով եւ սպասումով, ճիշտ ինչպէս Ինքն է առատաձեռնօրեն նուիրեց մեզ մեր կեանքը եւ կամենում է, որ մենք ապրենք Իր աստուածային երջանկութեան մէջ:

Ոչխարները եւ այծերը

 Թէ ինչպէս պէտք է ապրենք մեր կեանքը եւ ինչպէս պէտք է մեր ունեցածը կիսենք մերձաւորի հետ, լաւագոյնն կերպով Յիսուս բացատրում է վերջին դատաստանի մասին պատմութեամբ.

«Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով եւ բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից։ Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին։ Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը. որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուիք՝ խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք, մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք»։ Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք. ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք. ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի»։ Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»։ Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. «Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար. որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր չտուիք, օտար էի, եւ ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, եւ ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, եւ ինձ տեսնելու չեկաք»։ Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք»։ Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք»։ Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք», Մտթ. 25, 31-46:

Գտնել Յիսուսին՝ մերձաւորի մէջ

 Տէր Յիսուս Քրիստոս անդրանիկ եղբայրն է բոլոր նրանց, ովքեր կարիքի մէջ են, ովքեր մեր օգնութեանն են աղաղակում, ում հանդէպ աշխարհը անտարբեր է, ովքեր լքուած են եւ ովքեր սպասում են մխիթարական խօսքի, սիրոյ քայլերի, ջերմ ժպիտների, քաջալերանքի, մէկ բաժակ սառը ջրի, մէկ կտոր հացի կամ դեղորայքի, հագուստի: Երբ օգնում ենք մեկին՝ յարգելով նրա արժանապատուութիւնը, քաջալերելով եւ վստահութիւն ներշնչելով մարդու եւ Աստծոյ հանդէպ, մենք շարունակում ենք մեր անդրանիկ եղբօր՝ Տէրի Յիսուս Քրիստոսի սիրոյ գործը, յոյսի քարոզչութիւնը, փրկութեան Աւետարանի ազդարարումը, Աստծոյ թագաւորութեան հռչակումն ու կառուցումը մեր մէջ, մենք կառուցում ենք Յիսուսի Խորհրդաւոր Մարմինը, որ Սուրբ Եկեղեցին է, մենք սովորում ենք իւրաքանչիւր մարդ արարածի մէջ տեսնել ու սրբագործել Արարչի թանկարժէք պատկերն ու վերականգնում ենք նմանութիւնը, որը մարդկային արժանապատուութեան արմատն է ու պատճառը, մենք սովորում ենք իւրաքանչիւրի մէջ այդպիսով տեսնել Յիսուսի դէմքը, որ Աստծոյ կատարեալ պատկերն է՝ մարդու մէջ, մարդու եւ Աստծոյ լիակատար հաշտութիւնն ու ներդաշնակութիւնը: Երբ ուրիշի մէջ գտնում ենք Յիսուսի դէմքը, Նրա պատկերը ամբողջանում է նաեւ մե՛ր հոգու մէջ: Սա՛ է Հոր օրհնութիւնը իր զաւակներին, որը վաստակելը պէտք է լինի մեր գերագոյն նպատակը, երբ մտածում ենք Տիրոջ երկրորդ գալստեանը պատրաստ լինելու մասին:

 Սրբուհի Աստուածամա՛յր, բարեխօսի՛ր մեզ համար՝ այս ճամփորդութեան ընթացքում՝ դէպի երկրորդ գալուստը Փրկչի. Ամեն:

 

Տ. Հովսեփ Գալստյան

29/03/2020, 07:32