«Անառակ որդու վերադարձը «Անառակ որդու վերադարձը 

«Անառակ որդու վերադարձը» Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի Խորհրդածութիւնը

«...եւ վատ¬նեց իր ու¬նե¬ցուած¬քը, որով¬հե¬տեւ անա¬ռակ կեան¬քով էր ապ¬րում» - (Ղուկ. 15 :13):

Կիրակի, 8 մարտի, 2020 թուական. Գ Կիրակի Քառասնորդաց Անառակին:

Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցուեց Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ, ձեռամբ՝ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի: Քարոզը հիմնուած էր «Անառակ որդու առակը» աւետարանական պատմութեան վրայ.

«Սեփական ունեցուածքը կամ ուրիշի արդար քրտինքով վաստակածը վերցնելը եւ անօգուտ սպառելն ու փչացնելը վատնում է, որը մեծ մեղք է համարւում, քանի որ իւրաքանչիւր նիւթական բարիքի ստեղծման ետեւում թաքնուած է մարդու տքնաջան աշխատանքը: Հետեւաբար, ֆիզիքական ուժի կամ գիտելիքի սպառման արդիւնքում ստեղծուած բարիքները, մարդկային գոյութեան պահպանման համար ձեռք բերուած նիւթական հարստութիւնները պէտք է մեզանից իւրաքանչիւրի կողմից հոգածութեան եւ յարգանքի արժանանան: Այստեղ սոսկ ունեցուածքի վատնումը չէ, որ ընդգծւում է, այլ՝ երիտասարդութեան, անմեղութեան ու ընտանեկան երջանկութեան վատնումը:

Ունկնդրէ լուրը

Ղուկասի Աւետարանում յիշատակուող «Անառակ որդու առակը» Քրիստոսի կողմից մարդկանց ուղղուած ապաշխարանքի յորդոր է: Առակը պատմում է մի մարդու մասին, ով երկու որդի ունէր: Որդիներից կրտսերը հօրից ստանալով ունեցուածքի իրեն հասանելիք բաժինը եւ փողի վերածելով ամէն ինչ, գնում է հեռու աշխարհ եւ ցոփ ու շուայտ կեանք վարում: Եւ, երբ վատնում է ամէն ինչ՝ ստիպուած է լինում ապրել չքաւորութեան եւ սաստիկ սովի պայմաններում, նոյնիսկ հարկադրուած ծառայութեան է անցնում ագարակում՝ որպէս խոզարած: Ի վերջոյ, ապրելով հայրական տնից հեռու, լքուած ու անտեսուած, մեղքերի բեռի տակ կքած, մեծ զրկանքներ կրելով ու ճաշակելով կեանքի դառնութիւնները՝ կրտսեր որդին խորապէս զղջում է, խելքի է գալիս եւ յիշելով հայրական տանն անցկացրած անհոգ ու ապահով օրերի մասին՝ որոշում վերադառնալ եւ հօր ներումը հայցել. «Քա­նի՜ վար­ձու աշ­խա­տա­ւոր­ներ կան իմ հօր տա­նը, որ առատ հաց ու­նեն, եւ ես այս­տեղ սովամահ կոր­չում եմ: Վեր կե­նամ գնամ իմ հօր մօտ եւ նրան ասեմ. հա՛յր, մե­ղան­չե­ցի եր­կն­քի դէմ ու քո առաջ եւ այ­լե­ւս ար­ժա­նի չեմ քո որ­դին կոչուելու, վեր­ց­րու ինձ իբ­րեւ քո աշ­խա­տա­ւոր­նե­րից մէ­կը» (Ղուկ. 15:17-19):

Հայրն անսահման գթասրտութեամբ եւ ներողամտութեամբ գրկաբաց ընդունում է որդուն եւ ծառաներին հրամայում. «Ան­մի­ջա­պէս հա­նե­ցէ՛ք նրա նախ­կին պատ­մու­ճա­նը եւ հագ­ց­րէ՛ք նրան, մա­տա­նին նրա մա­տը դրէք եւ նրա ոտքե­րին՝ կօ­շիկ­ներ. բե­րէ՛ք պա­րարտ եզը, մոր­թե­ցէ՛ք, ու­տենք եւ ու­րախ լի­նենք, որովհետեւ իմ այս որ­դին մե­ռած էր եւ կեն­դա­նա­ցաւ, կո­րած էր եւ գտ­նուեց» (Ղուկ. 15:22-24):

Աւագ որդին կրտսերի հակապատկերն է՝ միշտ հօր կողքին, խոնարհաբար ծառայում է եւ երբեք չի անտեսում նրա հրամանները, մինչեւ իսկ՝ բծախնդրութեան հասնող օրինապահութեամբ: Սակայն, եղբօր վերադարձը խաթարում է աւագ որդու եսասէր հանգիստը, հոգում բոյն են դնում նախանձն ու չարութիւնը, եւ կեանքում առաջին անգամ, նա ըմբոստանում է հօր դէմ. «Այս քա­նի՜ տա­րի է, որ ծա­ռա­յում եմ քեզ եւ եր­բեք քո հրա­ման­նե­րը չեմ անտեսել. ինձ եր­բեւէ մի ուլ չտուեցիր, որ բա­րե­կամ­նե­րիս հետ ուրա­խու­թիւն անեմ: Երբ եկաւ քո այդ որ­դին, որը քո ու­նե­ցուած­քը կե­րաւ պոռ­նիկ­նե­րի հետ, պա­րարտ եզը մոր­թե­ցիր նրա հա­մար» (Ղուկ. 15:29-30):

Այս առակը այլաբանական համեմատութիւնների յաջորդականութիւն է, որտեղ արտայայտուած իւրաքանչիւր միտք եւ խօսք իր խորհուրդն ունի.

Առակում հայրը խորհրդանշում է Աստծուն, իսկ անառակ որդին՝ մարդկութեանը: Եկեղեցին բոլորիս հայրական տունն է, որից շատ յաճախ հեռանալով՝ հեռանում ենք նաեւ մեր երկնաւոր Հօրից, վատնում Նրանից մեզ տրուած շնորհները եւ յայտնւում մեղքի ճիրաններում, ապա՝ ապրում աստուածային խօսքի եւ ոգու սով: Սակայն զղջմամբ եւ ապաշխարութեամբ դարձի գալը, Տիրոջ անսահման ներողամտութեամբ եւ գթասրտութեամբ մխիթարուելը, մեղքի գերութիւնից ազատուելը եւ բարեգութ Հօր ներմանն ու սիրուն արժանանալը, ի վերջոյ, մեզ թոյլ են տալիս վերստին ընդունուել Աստուծոյ արքայութեան մէջ: Նախկին պատմուճանը որդուն հագցնելը խորհրդանշում է մեղքի կապանքներից ազատումը եւ ադամական մեղքի պատճառով Աստուծոյ ու մարդու խաթարուած կապի վերահաստատումը: Իսկ «...բե­րէ՛ք պա­րարտ եզը, մորթեցէ՛ք» խօսքերը վերաբերում են Աստուծոյ միածին Որդու զոհաբերմանը՝ յանուն մարդկութեան մեղքերի քաւութեան եւ փրկութեան: Աւագ որդու կերպարը համեմատում են հրեաների հետ, ովքեր ընդվզում են՝ չընդունելով Քրիստոսի բարեացակամ վերաբերմունքը մեղաւորների եւ հեթանոսների հանդէպ, սակայն Հայրն իր անսահման ողորմածութեամբ ներում է նաեւ այս որդու անպատկառութիւնը. «Որ­դեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քո­նն է» (Ղուկ. 15:31) :

Եւ, ինչպէս Մատթէոսի Աւետարանում է յիշատակւում. «Առողջ­նե­րին բժիշկ պէտք չէ, այլ՝ հի­ւանդ­նե­րին: Գնա­ցէք, սո­վո­րե­ցէք, թէ ինչ է նշա­նա­կում՝ ողոր­մու­թիւն եմ կա­մե­նում եւ ոչ՝ զոհ. քան­զի ես ար­դար­նե­րին կան­չե­լու չեմ եկել, այլ՝ մե­ղա­ւոր­նե­րին» (Մատթ. 9:12-13):

Բոլոր նրանք, ովքեր հեռանում են Աստծուց՝ կորցնում են ամէն բան, զրկւում Նրա շնորհներից եւ ամէն տեսակ բարիքներից, դժբախտանում ու սատանայի ձեռքն են ընկնում: Այնուամենայնիւ, չմոռանանք, որ առակն աւարտւում է ուրախութեան կոչով, քանզի որդին, ով հեռացել էր հայրական տնից, կորցրել իր երջանկութիւնը, զրկուել հօր սիրուց եւ սեղանից, ով անդարձ կորած ու մեռած էր համարւում՝ կարողացաւ գիտակցել, զղջալ եւ թօթափելով մեղքի ծանրութեան բեռը՝ վերստին կեանք վերադարձաւ, կորած էր եւ գտնուեց...

Մեծ Պահքի երրորդ կիրակին այս տարի համընկաւ Մարտի 8-ի՝ Կանանց Միջազգային տօնի հետ:

Պատարագի աւարտին, Հայր Սուրբի նախաձեռնութեամբ կազմակերպուեց հիւրասիրութիւն, որի ընթացքում Գերյարգելի Հայր Գառնիկն իր շնորհաւորական խօսքն ուղղեց ներկայ կանանց.

«Սիրելի՛ կանայք, տատիկներ, մայրիկներ, քոյրեր եւ օրիորդներ, ջերմօրէն շնորհաւորում եմ ձեզ մարտի 8-ի՝ Կանանց Միջազգային տօնի առթիւ։ Թող արեւային ջերմութիւնը, գարնանային թարմութիւնն ու ծաղիկների շռայլութիւնը ձեզ ուղեկցեն ձեր ողջ կեանքի ընթացքում։ Մաղթում եմ ձեզ յարատեւ երջանկութիւն, առողջութիւն, սէր եւ հմայք, թող իրականանան բոլորիդ նուիրական երազանքները։ Ձեր նուիրումի եւ առաքինութեան շնորհիւ պահպանւում է հայոց ընտանիքի ամրութիւնը։

Սիրելի՛ կանայք, առողջ հոգով ու մտքով սերունդ դաստիարակելու հիմքը դուք էք։ Թող ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապէս թագաւորէն լոյսն ու ջերմութիւնը։ Աստուածամայրը որպէս առաքինի կնոջ իտէալ, թող բարեխօս լինի բոլորիդ համար։ Շնորհաւոր մարտի 8»։

«Աստուածամօր ճառագող լոյսի ներքոյ Եկեղեցին իւրաքանչիւր կնոջ դէմքին տեսնում է արտայայտումն այն գեղեցկութեան, որն արտացոլում է ամենազնիւ զգացմունքները, որ ունակ է զգալու մարդկային սիրտը»:

Սրբազան Քահանայապետ Յովհաննէս Պօղոս II, (REDEMPTORIS MATER, PARAGRAPH 46 )

Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Երիտասարդաց խմբի նախագահ 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/03/2020, 08:46