Սուրբ Հաղորդութեան երկրպագութիւն՝ Հայկական Կարիտասի աշխատակիցների համար Սուրբ Հաղորդութեան երկրպագութիւն՝ Հայկական Կարիտասի աշխատակիցների համար 

Սուրբ Հաղորդութեան երկրպագութիւն՝ Հայկական Կարիտասի աշխատակիցների համար

Տէ՛ր, օգնի՛ր, որ կարողանանք գնահատել եւ սիրել մեզ Քո կողմից շնորհուած պարգեւները՝ միասնականութեան, աղօթքի, հոգեւոր ապրումի փոքրիկ առիթները…

Ի նկատի ունենալով աղօթական կեանքի կարևորութիւնը Հայկական Կարիտասի առաքելութեան մէջ՝ 2020թ. յունուարից սկսեցինք միասնական աղօթական մի նոր ձեռնարկ, որ, վստահ ենք, Սուրբ Հոգու ներգործութեամբ, տալու է ցանկալի հոգևոր պտուղները: Հայկական Կարիտասի Գիւմրիի կենտրոնների աշխատակիցների համար կազմակերպեցինք Սուրբ Հաղորդութեան երկրպագութիւն՝ Գիւմրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր տաճարում: Երկրորդ միասնական երկրպագութիւնը տեղի ունեցաւ փետրուարի 6-ին:

Ունկնդրէ լուրը

Երկրպագութիւնից առաջ Կարիտասի աշխատակիցներին ողջոյնի խօսքով դիմեց Գիւմրիի հայ կաթողիկէների հոգևոր հովիւ Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանը: Նրա խօսքի հիմնական շեշտադրութիւնը Տէր Յիսուս Քրիստոսին ճանաչելու անհրաժեշտութիւնն էր, որ պէտք է լինի հիմք՝ Սուրբ Հաղորդութեան վսեմ խորհուրդը հասկանալու և սիրելու համար: Առանց Քրիստոսի հետ մտերիմ աղօթական յարաբերութեան, առանց աստուածճանաչողութեան, հնարաւոր չէ երկրպագել Յիսուսի Մարմինը, հասկանալ Սուրբ Պատարագը և Պատարագին մասնակցելու կարևորութիւնը, շեշտեց Տ. Գրիգորը և Կարիտասի աշխատակիցներին խնդրեց իրենց աշխատանքային հոյժ կարևոր եռուզեռի մէջ նաև ժամանակ գտնել Քրիստոսի մասին խորհրդածելու համար: Քրիստոսի հետ մտերմութիւնը, նրան ճանաչելու ցանկութիւնը հիմնական գրաւականն է՝ քրիստոնեայի հոգևոր աճման և, մանաւանդ, Հայկական Կարիտասի առաքելութեան կատարման համար: Հարկաւոր է Քրիստոսին մօտենալ սեփակա՛ն նախաձեռնութեամբ, ազատօրէ՛ն, որպէս աստուածային կոչում, բացատրեց նա և իր ուրախութիւնը յայտնեց՝ Կարիտասի աշխատակիցներին միասնաբար աղօթքի մասնակցելու այս գեղեցիկ առիթի համար:

«Հացս այս Մարմին» շարականով սկսեցինք Սուրբ Հաղորդութեան երկրպագութիւնը, աղօթեցինք գեղեցիկ, պարզ լեզուով գրուած աղօթքներ, որոնց ընթացքում նաև դարձեալ փոքրիկ բացատրութիւններ տուեցի, թէ ինչ է նշանակում Սուրբ Հաղորդութիւնը, ինչի համար ենք կատարում երկրպագութիւնը և թէ ինչ նպատակ ունի այն կազմակերպել Հայկական Կարիտասի համար: Նպատակը շատ յստակ է՝ Կարիտասի աշխատակիցների համար ստեղծել հնարաւորութիւն՝ միասնական աղօթքի, Տէր Յիսուս Քրիստոսի Զոհաբերութիւնը, Սուրբ Հաղորդութիւնը հասկանալու և սիրելու համար, որն իր հերթին հիմքեր կստեղծի՝ առաւել լաւ հասկանալու և սիրելու Սուրբ Պատարագը: Եւ, ի վերջոյ, աղօթքը լրու՛մն է այն աշխատանքի, որ մշտապէս կատարում ենք կենտրոններում՝ աշխատակիցների և շահառուների հոգևոր առաջխաղացման համար և որը պէտք է կատարենք՝ մշտապէս նոր, արդիւնաւէտ ճանապարհներ որոնելով:

Ես հաւատում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, քանի որ իրական դրական փոփոխութիւններ բերողը ոչ թէ մենք ենք, այլ՝ Աստուած Ինքը՝ մեր միջոցով: Ներկայի և ապագայի հանդէպ ինձ վստահութիւն են ներշնչում նաև այն հոգևոր պտուղները, որ անվիճելիօրէն տեսանելի են Հայկական Կարիտասի աշխատակիցների մէջ և օրեցօր զարգանում են իրե՛նց իսկ ջանքերով, որ չեն զլանում գործադրել՝ իրենց կատարած մեծ աշխատանքին զուգահեռ: Այս ամենի համար հարկ է փառք տալ Աստծուն ամեն վայրկեան:

Մեծ ուրախութիւն էր, որ այսօր ներկայ էր նաև լիբանանահայ Տկն. Զուարթ Նաջարյանը, որ հեռաւոր 1995-ին եղաւ առաջին նախաձեռնողը Հայկական Կարիտասի ստեղծման՝ Արհ. Տ. Ներսէս Արքեպս. Տէր-Ներսեսյանի առաջնորդական հովանու ներքոյ, աղօթքով և տքնաջան աշխատանքով:

Սուրբ Հաղորդութեան երկրպագութիւնն աւարտեցինք՝ միասնաբար աղօթելով Հայկական Կարիտասի առաքելութեան համար: Այս կարևոր աղօթքը մտադիր ենք կատարել իւրաքանչիւր ամսուայ առաջին հինգշաբթի օրը՝ ամէն անգամ տարբեր դիտաւորութիւններով:

Տ. Հովսեփ Գալստյան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

07/02/2020, 08:42