«Էմիլի Արեգակ» կենտրոնի սաների Սուրբ Ծննդեան բեմադրութիւնը «Էմիլի Արեգակ» կենտրոնի սաների Սուրբ Ծննդեան բեմադրութիւնը 

«Էմիլի Արեգակ» կենտրոնի սաների Սուրբ Ծննդեան բեմադրութիւնը

«Աստծոյ օգնութեամբ մենք ամէ՛ն ինչ կարող ենք…»

Դեկտեմբերի 20-ին, Հայկական Կարիտասի «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամութեամբ անձանց խնամքի կենտրոնում մենք նորովի ականատեսը եղանք վերոյիշեալ տողերի ճշմարտացիութեանը, երբ միասին բեմադրեցինք Սուրբ Ծնդյան տեսարանը՝ կենտրոնի տաղանդաւոր սաների մասնակցութեամբ: Տեսարանը արժանի էր մեր հոգնություններին, վազքին, աղօթքներին և երազանքներին. երեխաներն արեցին իրենց լաւագո՛յնը, ինչին և միասին ուզում էինք հասնել. նրանք յաղթահարեցին մեծ դժուարութիւններ՝ սովորելով երկար տեքստեր ընթերցել, անգիր անել, ապրել դրանց իմաստը, վերարտադրել՝ մեզ զգացմունքայնութեամբ, ամբողջ էութեամբ, ի սրտէ զգալով և ձգտելով փոխանցել այդ ամենը դահլիճում ներկաներից յուրաքանչյուրին:

Պատմողը՝ Շողիկը, նոյնիսկ մի քանի գործողութիւն էր կատարում՝ ընթերցում էր, վազում էր դերակատարների մօտ և պահում էր խօսափողը, երբեմն նաև շշուկով հուշում էր բառերը ընկերներին, որոնք հուզված էին իրենից աւելի, ապա վազում էր և երգչախմբին էր մօտեցնում խօսափողը, որպէսզի ամեն մի նոտա լինի հնչեղ, որովհետև ամեն մի նոտայի և բառի մէջ թաքնուած է ժամերի ջանադրութիւն և կեանք, հույսերի և երազանքների անզուգական պահեր:

Մարիամը՝ Դիաննան, ձեռքերի շարժումները իմաստալից կերպով զուգակցում էր խօսքին և ասում. «Իմ անձը կմեծարի՜ Տիրոջը…որովհետև Նա մեծամեծ գործեր արեց ինձ համար»: Իրօք, Աստծոյ մեծագործութիւն էր այս երեխաներին այսպիսին տեսնելը:

Հրեշտակները՝ Կատրինը, Նարեն, Թերեզան պարում էին անվասայլակներով, կամաւորականների օգնութեամբ, մեծ ցնծութեամբ թևածումների իւրօրինակ շարժումներով:

Գաբրիէլը՝ Էդուարդը, հրճուում էր աւետման յուզիչ պատասխանատվությամբ:

Մսուրի տեսարանը…Մարիամը մեծ քնքշանքով խանձարուրի մէջ էր փաթաթում Յիսուս Մանկանը և գրգանքով շոյում իր գրկում՝ Յովսէփի՝ Արթուրի հետ միասին:

Հովիւները՝ Դանին, Նարեկը, Ֆելիքսը փառք էին տալիս Տիրոջը՝ իւրօրինակ մօտեցումներով:

Մոգերը՝ Կարէնը, Արտյոմը, Վանիկը, Արմենը, երկար ճանապարհ անցան Արևելքի աստղի՝ Մարտինի առաջնորդութեամբ և «Թմբկահարի երգի» հնչիւնների ներքոյ, որ թմբուկով նուագում էր Միքայէլը:

Այս բոլոր անունները հաճելի է յիշելը, որովհետև նրանք գրուած են Յիսուս Մանկան Սրտում և, գրուած են վաղուց. տարիներ շարունակ Էմիլի Արեգակում Սուրբ Ծննդեան բեմադրութիւններ եղել են երաժշտաթերապևտ Գոհար Շախուլյանի և անձնակազմի ջանքերի շնորհիւ, իսկ այս տարի ջանացինք աւելի հարուստ սցենարով և գործողութիւններով բեմադրել:

Անշուշտ, երախտագիտութեանս առաջին բառերն ուղղուած էին երեխաներին, որ իրենց հաւատքով և յոյսով այնքա՜ն ջերմացրեց ին բոլորի սրտերը, ապա շնորհակալութիւն յայտնեցի տկն. Գոհարին՝ կազմակերպական աշխատանքում միշտ աջակցելու համար, կենտրոնի տնօրինութեանը՝ Տիգրանուհի Յակոբեանին և տկն. Թամարային՝ բեմադրութեան բոլոր հնարավորությունները ստեղծելու համար, կամաւորականներին, արտթերապիայի մասնագէտ Մարիամին, որ պատրաստեց քարայրի տեսարանը, ծնողներին, որ զօրակցում են իրենց զաւակներին իրենց ներկայութեամբ և մեծացնում նրանց դժուարին պայմաններում, ի վերջոյ, հիւրերին, յատկապէս, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, որ կենտրոնի սաների կողքին է եղել կենտրոնի հիմնադրման օրերից ի վեր՝ որպէս Կարիտասի նախկին աշխատակից, քաղաքապետարանի ներկայացուցիչներին:

Բեմադրութիւնն աւարտին հրեշտակներից մէկը՝ Կատրինը, շատ ազդեցիկ տոնայնությամբ ասաց հետևյալը.

«Աստուած շատ սիրում է բոլորիս և խնդրում է, որպէսզի մենք հասկանանք դա և մենք էլ սիրենք Իր Յիսուսին, սիրենք միմեանց և մեր կեանքը, որ Աստուած մեզ տուել է որպէս մի թանկարժէք նուէր: Աստծոյ օգնութեամբ մենք ամե՛ն ինչ կարող ենք…»

Տ. Յովսէփ Գալստեան

Հայկական Կարիտասի Հոգևոր խորհրդատու

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/12/2019, 13:10