Վարչապետ Փաշինեանի այցելութիւնը Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցի: Վարչապետ Փաշինեանի այցելութիւնը Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցի: 

ՀՀ Վարչապետն իր տիկնոջ հետ այցելեց Հռոմի Սբ. Նիկողայոս հայ կաթողիկէ եկեղեցի

«Ցանկանում եմ նաև շնորհակալութիւն յայտնել Ձեզ հայկական ինքնութեանն այսքան մօտիկ և հարազատ մնալու, այդ ինքնութիւնը ոչ միայն պահպանելու, այլեւ զարգացնելու համար». Նիկոլ Փաշինյան:

Իտալիա պաշտօնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Յակոբեանի հետ այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկէ եկեղեցի և Քահանայապետական Լևոնեան հայ վարժարան։

Վարչապետին և նրա տիկնոջը դիմաւորել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը և Քահանայապետական Լևոնեան հայ վարժարանի տնօրէն Գերհ. Հայր Նարեկ Ծ. Վարդապետ Նամոյանը։ Նիկոլ Փաշինյանը շրջել է Հռոմի Հայ Կաթողիկէ եկեղեցում, ծանօթացել հայկական հոգևոր, կրթական մշակութային կառոյցի և Քահանայապետական վարժարանի գործունէութեանը, հանդիպել նաև Քահանայապետական Լևոնեան հայ վարժարանի սաներին, Անարատ Յղութեան հայ քոյրերի միաբանութեան քոյրերին և Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներին։

Վարչապետին ողջոյնի և բարեգալստյան խօսք ուղղեց նախ Գերհ. Հայր Նարեկ Ծ. Վարդապետ Նամոյանը, ով իր խօսքում պատմեց Իտալիայում հայ կաթողիկէ համայնքի հաստատման, Լևոնեան Վարժարանի պատմութիւնը, նշանաւոր հայ կաթողիկէ հոգևորականների մասին: Նա խօսեց հայ ժողովրդի պատմական դժվարությունների մասին՝ յիշելով հայ մեծ հայրապետներ Սահակ Պարթևին, Ներսէս Շնորհալուն, ովքեր կանգնած էին հայ իշխանաւորների կողքին՝ իրենց սիրոյ և համերաշխութեան, միասնութեան սրտառուչ կոչերով, խրատներով: «Նրանց օրինակով մենք՝ եկեղեցականներս, Ձեզ ենք երկարում մեր համագործակցութեան ձեռքը». ասաց Գերհ. Նամոյանը:

Ապա խօսք առաւ Արհ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը, որ նախ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդի անունից ողջունեց Վարչապետին՝ ասելով.

«Հայ Կաթողիկէ Եկեղեցին, շարունակելով իր գործունութիւնը ծաւալել ինչպէս սփիւռքում, այնպէս էլ մայր հայրենիքում, հետևում է հայրենական իշխանութեան գործունէութեանը՝ ուրախակից լինելով յուրաքանչյուր փոքր ու մեծ ձեռքբերումներին: Մենք մեր վստահ աջակցութիւնն ենք յայտնում Ձեր այն բոլոր քայլերին, որոնք միտուած են հզօրացնելու հայոց պետականութիւնը և բարեկեցիկ կեանք ապահովելու հայ ժողովրդին՝ իր հայրենի օրրանում: Մեծ հետաքրքրութեամբ հետևում ենք սփիւռքի հայկական գաղթօջախներ կատարած Ձեր այցելութիւններին և ոգևորւում ենք Ձեր այցելութիւններով՝ դէպի հայկական ազգային նկարագիրը պահպանող կենտրոններ, ինչպիսիք են Վենետիկի Սուրբ Ղազար կղզին՝ Մխիթարեան միաբանութիւնը և Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկէ եկեղեցին, որոնք, բացի կրթական և մշակութային կենտրոններ լինելուց, հայ հոգևոր ինքնութեան պահպանման և հոգևորականների պատրաստման կաճառներ են:

1970-ականներին Պօղոս Զ Քահանայապետն իր արտասանած ճառում բնութագրում է Հայ Եկեղեցին՝ իբրև մի յուրահատուկ տեսքով և բոյրով ծաղիկ՝ Արևելեան Կաթողիկէ Եկեղեցիների շարքում և մատնանշում էր Հռոմի քահանայապետերի առանձնայատուկ սերն ու գուրգուրանքը՝ հայերի հանդէպ՝ յիշելով Գրիգոր ԺԶ Պապի ծրագիրը, որ ի կատար ածեց Լևոն ԺԳ Քահանայապետը՝ հիմնելով Հռոմի Քահանայապետական վարժարանը, որտեղ այսօր գտնւում ենք: Այն հնարաւորութիւն է շնորհում հայերիս՝ կենսագործել և ապահովել հոգևոր սպասաւորների շարունակականութիւնը, որ ի պատիւ Լևոն ԺԳ Քահանայապետի, կոչուեց «Լևոնյան հայ վարժարան»: Այն կանգուն է և ծավալում է իր դարաւոր գործունէութիւնը մինչև այսօր: Արդիւնքը հետևողական և նվիրյալ առաքելութեան ապահովումն է, որ ծավալում է Հայ Կաթողիկէ Եկեղեցին՝ հայ ազգին տալով հոգևոր և ազգային նկարագրի պահպանութիւնը՝ մինչև անգամ պատրաստ լինելով նահատակութեան վասն հայրենեաց: Ահաւասիկ այստեղ է ամփոփուած երանելի նահատակ Տ. Կոմիտաս քահանան, սրբազան խորաններից մէկը նվիրված է նաև Երանելի Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանին, որ նահատակ է 1915-ի Ցեղասպանութեան: Այս տարվա նոյեմբերի 11-ին դարձեալ Տէր Զորում ծորեց արիւնը նահատակութեան Տ. Յովսէփ Քհն. Պետոյանի, որ միացաւ ապրիլեան բյուրավոր նահատակներին: Հպարտութեամբ նշում ենք, որ Հայ Եկեղեցին ունակ եղաւ Կաթողիկէ Ընդհանրական Եկեղեցուն պարգևելու երկու ռահվիրայ՝ երջանկայիշատակ Վսեմաշուք Կարդինալներ Անտոն Հասունին և Գրիգոր Պետրոս Աղաջանյանին, որ ամփոփուած են Սուրբ Նիկողայոսի այս եկեղեցում: Գրիգոր Պետրոս Աղաջանյանը երկար տարիներ իր նվիրյալ ծառայութիւնը մատուցեց Կաթողիկէ Եկեղեցու Հաւատքի տարածման գրասենեակի ղեկավարի պաշտօնում: Այսօր Սուրբ Աթոռը սկսել է նրա երանացման և սրբադասման գործընթացը, որ յուսանք շուտով կլինի: Հանձինս նրա, մենք կունենանք ևս մէկ սուրբ՝ մեր հայ սրբերի բոյլի մէջ՝ որպէս բարեխօս մեր Հայ Եկեղեցու միասնականութեան և երկրի խաղաղութեան համար»:

Իր խօսքի աւարտին Ռաֆայէլ Սրբազանը Իտալիայում բնակուող հայութեան անունից բարի գալուստ մաղթեց Վարչապետին և վստահեցրեց, որ ամեն օր աղօթում են հայ ազգի բարօրութեան համար:

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պատասխան շնորհակալութիւն յայտնեց խօսքերի համար և ասաց հետևեալը.

«Գերապայծառ Տեր, հոգևոր հայրեր, շնորհադարձ քույրեր, ՀՀ կառավարութեան յարգելի ներկայացուցիչներ,

սիրելի ներկաներ,

ես մտածում էի Իտալիայի Հանրապետություն մեր ընթացիկ այցի մասին, և տպավորությունն այն է, թե այս այցն Իտալիա, հայ-իտալական հարաբերությունները, հետագա հնարավորություները ավելի լավ իմանալու, գիտենալու, ճանաչելու մասին է։ Բայց իրականում գործնականում գրեթե բոլոր այցերն ունեն շատ կարևոր մի հատված և առանձնահատկություն՝ մինչ այս պահին, հիմա առավել ևս ընդգծվում է։ Խոսքն այն մասին է, որ տարբեր երկրներ այցելելով, տարբեր հանդիպուներ ունենալով՝ մենք ոչ միայն ճանաչում ենք և իմանում ենք այդ երկրների մասին, այլև ավելի լավ ճանաչում ենք ինքներս մեզ, մեր պատմությունը, մեր ինքնությունը, և այս պաշտոնական այցերը նաև մեր ազգը, մեր ժողովուրդը, մեր պատմությունն ավելի լավ ճանաչելու մասին են։

Ընդհանրապես երբ խոսում ենք մեր ապագայի կերտման, մեր ինքնության պահպանման և զարգացման մասին, դրա համար և այդ ճանապարհին կա շատ կարևոր մի բանաձև. մենք իսկապես որպես ժողովուրդ պետք է ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի խորը իմանանք մեր պատմությունը, ավելի մանրամասն գիտենանք մեր ժառանգության մասին, և մեր ապագան կառուցելու ամենակարևոր գործողություններից մեկը մեր անցյալը ճանաչելու, մեր անցյալի հետ հաշտ լինելու գործընթացն է։ Իտալիա կատարած այս այցը, ինչպես նաև այլ երկրներ կատարած այցերը իսկապես շատ հսկայական հայկական ենթատեքստ ունեն. մենք սկսեցինք Վենետիկից՝ այցելելով Մխիթարյան միաբանություն, որը մեր ինքնության պահպանման և զարգացման գործում անուրանալի և անգնահատելի վաստակ է ունեցել։ Այսօր մենք Լևոնյան վարժարան այցելելու առիթ ունենք, Միլանի Հայ Առաքելական եկեղեցում հանդիպում ունեցանք։ Այս այցերը, անկեղծ ասած, մեծացնում են մեր ներուժի գնահատականը, անսահման հարգանքը ինքներս մեր պատմության, մեր ժառանգության նկատմամբ և մեր ապագայի հանդեպ հավատը։ Երբ մենք այցելում ենք հեռավոր Սինգապուր, և այնտեղ այցելության ամենակարևոր օջախներից մեկը հայկական եկեղեցին է, երբ այցելում ենք Ռուսաստան, Եվրոպայի երկրներ, Ֆրանսիա, ԱՄՆ, իրականում այդ բոլոր այցերի արդյունքներից մեկը մեր ինքնությունն ավելի լավ ճանաչելու պատեհությունն է, հնարավորությունն է, և սա իսկապես շատ բարձր գնահատանքի է արժանի։

Ես ուզում եմ ասել, որ իսկապես մենք շատ բարձր ենք գնահատում Հայ Առաքելական եկեղեցու, Հայ Կաթոլիկ եկեղեցու, Հայ ավետարանական եկեղեցու դերը մեր ինքնության պահպանման և զարգացման գործում։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ հայկական ինքնությանն այսքան մոտիկ և հարազատ մնալու, այդ ինքնությունը ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու համար։ Այնպես ստացվեց, որ Միլանում հանգամանքների բերումով մեր ողջ հանդիպումն անցավ Ղուկասի ավետարանի Տասը մնասի առակի համատեքստում։ Ես կարծում եմ, որ այդ առակը հենց այսօր էլ շատ հրատապ է մեզ համար, որովհետև հարցն այն չէ, թե մենք ինչ հաշիվ ենք պահանջելու ինքներս մեզնից, հարցն այն է, թե մենք ինչ հաշիվ ենք տալու մեր սերունդներին, որովհետև այն ժառանգությունը, որ մենք ունենք ՀՀ-ում, աշխարհում, պետք է ոչ միայն ուղղակի պահպանվի, այլև պետք է զարգանա։ Այդ ժառանգությունը պետք է ուժեղացնի մեր ինքնությունը, մեր ժողովրդին, մեր պետությունը, մեր դիրքերը, ավելի վստահ դարձնի մեր ձայնը, ավելի մեծ պատասխանատվության դրդի հենց մեզ՝ ընդ որում, ոչ միայն ինքներս մեր ճակատագրի, այլև աշխարհի ճակատագրի, քրիոստոնեության, մարդկության առաջ մեր ունեցած պատասխանատվությունը։ Իսկ արդյոք մենք ընդհանրապես ունե՞նք այդպիսի պատասխանատվություն և կարող ենք ունենալ այդպիսի պատասխանատվություն և խոսել դրա մասին։ Այս հարցի պատասխանը մենք կարող ենք ստանալ միայն ինքներս մեզ ավելի լավ ճանաչելուց հետո։ Իսկ մենք ինչքան լավ ենք ճանաչում մեզ, հասկանում ենք, որ այսպիսի ժառանգություն ունեցող ժողովուրդը չի կարող ուղղակի անցորդ լինել մարդկության պատմության ճանապարհին, չի կարող ուղղակի դիտորդ լինել մարդկության պատմության թատերաբեմում։ Այսպիսի ժողովուրդը պետք է դերակատար լինի, և այդ դերակատար լինելու առաքելությունն ի կատար ածելու առաջին և նախնական ամենակարևոր գործողությունն ինքներս մեզ ճանաչելն է, որովհետև հնարավոր չէ որևէ նպատակի հասնել առանց սեփական ուժերը գնահատելու, առանց սեփական անցյալը ճանաչելու, առանց սեփական ժառանգությունը գնահատելու։ Իսկ մեր ժառանգությունը, որն առաջին հերթին հոգևոր է, որովհետև այն, ինչ այստեղ նյութական է, որևէ արժեք չէր ունենա և չի կարող ունենալ, եթե հենված չլինի հոգևոր ամուր և անսասան հիմքի վրա։

Մեր ժառանգությունն առաջին հերթին հոգևոր է, որովհետև կապ չունի՝ Հայ Առաքելական եկեղեցու, թե Հայ Կաթոլիկ եկեղեցու մասին ենք խոսում։ Կարծում եմ, որ շատերը չէ, որ սրա մասին գիտեն և ինձ համար նույնպես պետք է խոստովանեմ՝ անակնկալի որոշակի տարրեր կային, որ հենված են նույն արժեքների վրա։ Սուրբ Ղազար կղզում հաճույքով արձանագրեցի, որ տաճարի հիմնական խորանները նվիրված են Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին, Գրիգոր Լուսավորիչին, և սա այն հոգևոր ամբողջությունն է, որ մեզ բոլորիս միացնում է։ Ես ուզում եմ հավատալ, որ մեր պատմության և ժողովրդի այս նոր ժամանակաշրջանը հենց դրա մասին է, որ մենք ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի ամբողջական գնահատենք, չզլանանք դիտել մեր թերությունները, չվախենանք շեշտել մեր առավելությունները, չվարանենք բարձրաձայնել մեր նպատակները և չվախենանք հաստատ քայլերով գնալ մեր նպատակների հետևից։

Շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար և բարձր եմ գնահատում այն ամենը, ինչ միացրել է, միացնում է, միասնական է դարձնում մեզ բոլորիս»։

Վերջում Ռաֆայէլ Սրբազանը Լևոնեան հայ վարժարանի անունից ՀՀ Վարչապետին նուիրեց հայոց պատմութեան ֆրանսերէն եռահատոր մի գիրք և Տիրամօր մի գեղեցիկ պատկեր:

Հայր Յովսէփ Գալստեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

23/11/2019, 08:50