Մեծավանի հիմնադրման 200-ամեակ Մեծավանի հիմնադրման 200-ամեակ 

Հ. Ներսէս Վրդ. Գալստեանի խօսքը՝ Մեծավանի հիմնադրման 200-ամեակին նուիրուած միջոցառումների մեկնարկի առթիւ։

«Մենք հաւատքի տէր մարդիկ ենք»

2019թ. նոյեմբերի 15-ին Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գիւղում մեկնարկեցին գիւղի հիմնադրման և տարածաշրջանում հայ կաթողիկէ բնակչութեան հաստատման 200-ամյակին նուիրուած միջոցառումների շարքը: Հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին Տաշիրի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Ներսէս Վրդ. Գալստեանը, Մեծավանի գիւղապետ Սերյոժա Վարդանյանը, Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը և այլ պաշտօնատար անձինք, Մեծավանի Հայ Առաքելական համայնքի հոգևոր հովիւը, այլ հիւրեր:

Հոգշն. Հ. Ներսէս Վրդ. Գալստեանն իր խօսքում ասաց հետևեալը.

 «Շահնազար գիւղի հիմնադրման ժամանակ չկային գիւղապետեր, պաշտօնեաներ, այլ կային միայն այն հոգևորականները, որոնք ամէն օր ոչ միայն կռւում էին թշնամիների դէմ, այլ նաև բոլոր քաղաքական, ռազմավարական գործերի մէջ յաղթանակներ էին տանում:

 Ինչպէս լսեցիք, ընդամէնը մի քանի ընտանիք, որոնք Մխիթար վարդապետի հետ միասին, կրկնակի անգամ գաղթեցին, այստեղ հաստատուեցին կայսեր հրահանգով: Եթէ ընդունենք, որ 1828թ. այստեղ հաստատուեցին 40-60 ընտանիքներ, արդեն 1861թ. կովկասեան օրացոյցը յատուկ ձևով մատնանշում է, որ այստեղ 1500-ից  աւելի բնակչութիւն և Կաթողիկէ եկեղեցու հաւատացեալներ կան: Սա խօսում է այն մասին, որ կեանքն առաջ է ընթացել անկախ բոլոր դժուարութիւններից: Եւ այսօր յատուկ ձևով խոնարհուելու պարտաւորութիւնն ունենք այդ հոգևորաց դասի շիրիմներին և յիշատակելու, հպարտանալու, որ այս գիւղը նաև այսպիսի հոգևորականներ է տուել: Ժամանակի մեծագոյն հոգևորականներից մէկը Յազիչյան վարդապետը, ով տարեգիրք մտցրեց, պատմական ակնարկներ գրեց, Մեծավանի ու Ալաշկերտի համայնքների մասին տեղեկագրական փաստեր փոխանցեց մեզ: Մինչ այսօր բազմաթիւ գրքեր գրուեցին, բազմաթիւ մեկնութիւններ եղան, բայց այդ ամենի համար հիմք հանդիսացան Յազիչյան վարդապետի փոխանցած պատմական տեղեկութիւնները: Այսօր ի յայտ են եկել նոր պատմական փաստեր, որոնք նաև Տ. Յովսէփ Չոբանյանը ունի գրած, ամերիկայից վերջերս ստացայ, և բազմաթիւ պատմական փաստեր կան, որոնց մասին խօսում են Թբիլիսիում գտնուող արխիւները: Այդ գաղթած վաթսուն ընտանիքները գտնւում էին հոգևորականների մեծ սիրոյ ու խնամքի ներքոյ: Չեն եղել համայնքի ղեկավարներ, սակայն համայնքը ներկայացրել են եկեղեցականները, նրանք այքա՜ն սէր, յոյս, հաւատ, անձնուիրութիւն են ունեցել, որ այդ վաթսուն ընտանիքներից ընդամէնը քառասուն տարուայ ընթացքում 1500 և աւելի բնակչութիւն ունեցող համայնք է ձևաւորուել: Այս տարիների ընթացքում Մեծավանը Հայաստանի ամենամեծ համայնքներից մէկն էր: Այսօր միգուցէ շատ են տարածուել աշխարհով մէկ, ժամանակին ասւում էր, որ 12.000 բնակչութիւն է ունեցել, այսօր մի քիչ աւելի պակաս է, և գիտենք, որ Կրասնոյարսկում, Իրկուտսկում, Նովոկուզնեցկում, ամենուրէք կան մեծավանցիներ: Դրա համար այսօրեայ տօնը իրենց տօնն էլ է:

 Որպէս հոգևոր հովիւ համարձակութիւն ունեմ ասելու, որ եկէք այս 200-ամեակը ընդունենք որպէս մեկնարկ տօնելու Մեծավանի տօնը, որովհետև մի օրում չենք կարող ամէն ինչ ասել, նկարագրել այն հերոսական ուղին, այն պատմութիւնը, որը անցել է մեծավանցին: Դրա համար շատ առիթներ ունենք նշելու: Բազմաթիւ մեծավանցիներ ունենք, որ մեծ փափագ ունէին այստեղ գտնուելու և շատ առաջարկներ եղան, որ այս տօնը շարունակական լինի:

 Մենք հաւատքի տէր մարդիկ ենք և ինչպէս Մխիթար վարդապետը գրում է, և փաստում է Յազիչյան վարդապետը, որ օրեցօր թուրքի, պարսիկների, դժուարութիւնների դէմ կռիվ տալով, երբ հասել են մայր հայրենիք, ամեն օր Տիրոջը փառք են տուել, որ այսօր էլ չունեցանք զոհեր, կորուստներ: Այդ հաւատով էլ հասել են այստեղ ծայրայեղ աղքատութեան մէջ, ծայրայեղ դժուարութիւնների մէջ, յաղթահարել են ու մի փոքր գիւղից դարձել են Մեծավան: Այդ «մեծ» բառը ոչ միայն վերաբերում է չափերին և թուին, այլ նաև մեծ հաւատքին: Դրա համար ես աղօթում եմ բոլորիդ համար և աղոտում եմ, որ մեծավանցին չմոռանայ իր պապերի հաւատքը և հասկանայ, որ ոչ մի բանի մէջ իր ինքնութեան պակաս չի ունեցել՝ ո՛չ հաւատքի, ո՛չ հայրենասիրութեան, ո՛չ բարեպաշտութեան, ո՛չ հայրենիք կառուցելու մէջ, այլ միշտ իր ինքնութեամբ քայլել է հասարակութեան և տարածաշրջանի մէջ:

Մենք առիթ ունենք յատուկ կերպով նշելու մեր ինքնութիւնը, մեր կաթողիկէ՛ հաւատքը՝ առանց ամաչելու, այլ՝ մեծ հպարտութեամբ, որ այս Մեծավանը, այդ մեծաթիւ մարդկանց կողքին տուել է մեծանուն հոգևորականներ: Փա՛ռք ու պատիւ մեր մեծավանցիներին: Թող Աստուած օրհնի՛ մեր Մեծավան համայնքը: Աստուած շենացնի մեր մեծավանցիների տները»:

Քաղուած «http://armenianchurchco.com» կայքէն

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/11/2019, 09:00