Երիտասարդներու սեմինար Երիտասարդներու սեմինար 

«Երիտասարդները՝ յոյսի առաջամարտիկներ». սեմինար՝ Բավրայի երիտասարդների համար:

«Միշտ կարող ես անել աւելի՛ն»:

2019թ. նոյեմբերի 10-ին, Հայաստանի Բավրա համայնքի հայ կաթողիկէ երիտասարդական միութեան և Սիզավետ համայնքների երեսուն երիտասարդներ և պատանիներ մասնակցեցին Գիւմրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի ձեռամբ մատուցուած Սուրբ Պատարագին, որի առիթը Հռոմի Սուրբ Աթոռի Պետութիւնների հետ յարաբերութիւնների քարտուղար Արքեպիսկոպոս Փոլ Գալագերի պաշտօնական այցելութիւնն էր Հայաստան և հայ կաթողիկէ համայնքին:

Սուրբ Պատարագից յետոյ երիտասարդները մեկնեցին Գիւմրիի Լոֆթ կենտրոն, որտեղ նրանց համար սեմինար կազմակերպեց Բավրայի և Սիզավետի հոգևոր հովիւ Տ. Յովսէփ քհն. Գալստեանը՝ «Երիտասարդները՝ յոյսի առաջամարտիկներ» խորագրով մի թեմայի շուրջ, որի նպատակն էր օգնել երիտասարդներին աւելի լաւ հասկանալ և գնահատել սեփական կարողութիւնները, աստուածատուր տաղանդները, շնորհները և ճիշտ օգտագործել դրանք: Սեմինարավար քահանան այդ թեման ներկայացրել է նաև 2017թ. Համայնքային երիտասարդաց օրերի ընթացքում: Թեման սկսուեց Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի խօսքերով. «Դու՛ք էք աշխարհի յոյսը, դու՛ք էք Եկեղեցու յոյսը, դու՛ք էք իմ յոյսը» (22 հոկտեմբեր, 1978թ.): Տ. Յովսէփը բացատրեց, թէ ինչու է Եկեղեցին, յատկապէս, 1980-ականներից սկսած կարևորում երիտասարդների գործուն մասնակցութիւնը եկեղեցական կեանքում և, յատկապէս, Ավետարանացման առաքելութեան մէջ: Երիտասարդները մասնակցեցին մի վարժանքի՝ մտածելու համար իրենց կարողութիւնների մասին, թէ ինչպէս են դրանք օգտագործում, ինչպիսի խոչընդոտների են հանդիպում և ինչպէս կարող են դրանք յաղթահարել: Ծաւալուեց հետաքրքիր քննարկում՝ կարևոր փաստերի շեշտադրութեամբ: Սեմինարի երկրորդ մասում քահանան խօսեց այն մասին, որ հարկաւոր է մեծ խանդավառութեամբ և հաստատակամութեամբ զարգացնել սեփական տաղանդները և միշտ ձգտել կատարելութեան՝ սահմանելով շատ բարձր, գրեթէ անհասանելի սանդղակ: Հարկաւոր է ամեն մի մասնագիտութեան մէջ աշխատել լաւագոյնն արդիւնքներով՝ միշտ յաղթահարելով ինքդ քեզ: Բայց այս ճանապարհին շատ կարևոր է զարգացնել Աստուծոյ հետ կենդանի երկխօսութիւնը, աղօթական կեանքը և սրբութեան ձգտումը, միշտ ապաւինել Աստծոյ օգնութեանը և չլինել երբեք մեծամիտ և ինքնապաստան: Տ. Յովսէփը երիտասարդներին բացատրեց Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի խօսքերից մէկը՝ առնուած «Հատելով յոյսի շեմը» գրքից (Vittorio Messori, “Crossing the Threshold of Hope”).
«Երիտասարդների կենսուրախութիւնը արտացոլումն է Տիրոջ այն ուրախութեան, որ Տէրն ունէր մարդու արարչագործութեան ժամանակ»:

Բայց ի՞նչ հասկանալ այս տողերի ներքոյ, հարցրեց քահանան և արեց հետևեալ առաջարկութիւնները.

1.ստեղծագործելու անսահման կարողութեան վստահ գիտակցութիւն,
2.վայելում ես սեփական ստեղծագործութեան պտուղները՝ այն գիտակցութեամբ, որ գործակցում ես Արարչի հետ, Նրա տուած շնորհներով, նմանւում ես Նրան, Ով քեզ տուել է ստեղծագործելու շնորհը,
3.միշտ կարող ես անել աւելի՛ն.
4.կարող ես ստեղծել աւելի՛ գեղեցիկը, աւելի՛ օգտակարը, պարել աւելի գեղեցիկ, գրել աւելի լաւ, երգել աւելի լաւ, լինել աւելի բարձր որակաւորում ունեցող մասնագէտ՝ բժիշկ, ուսուցիչ, ստեղծել աւելի լաւ IT ծրագրեր, և վերջապէս, աւելի լաւ քարոզել Աստծոյ Խօսքը, ապրել աւելի լրբակենցաղ կեանքով և այլն:
5.լի ես յոյսո՛վ, որ ամեն բան հաջուելու է քեզ, կարո՛ղ ես ամեն բան և կանե՛ս ամեն բան, որովհետև հաւատում ես Աստծուն,
6.վստահ ես, որ ամեն ինչ լաւ և ճիշտ ես անում, երբ ստեղծում ես բարիք և խիղճդ քեզ չի տանջում: Ճիշտ, ինչպէս Արարիչն Աստուած ամեն մի արարչագործութիւնից յետոյ տեսաւ, որ «ամեն ինչ լաւ է»:

Երիտասարդները կատարեցին ևս մէկ վարժանք՝ այս անգամ քննարկելու համար, թէ ինչպիսի անհատական յարաբերութիւն ունեն Աստծոյ հետ և ինչպէս են ապրում իրենց հաւատքը միասին՝ որպէս երիտասարդական միութիւն, ինչ են անում և ինչ ծրագրեր ունեն՝ մօտ ապագայում իրականացնելու համար:

Տ. Յովսէփը յատկապէս շեշտեց սեփական ազատութիւնը, կեանքը պատասխանատու ձևով ապրելու անհրաժեշտութեան մասին, ազատութիւն, որը մարդու համար իր Արարչի հետ նմանութեան հիմնական յատկանիշներից մեկն է և որը, սխալ ընկալուելու դէպքում, տանում է ազատութեան իրական կորստեան:

Վերջում սեմինարավարը երիտասարդներին հրաւիրեց լրջօրէն ընդունել մի ժամանակակից մարտահրաւէր՝
ստեղծել հոգևոր, հասարակական բարեփոխիչ միութիւններ, շարժումներ, կազմակերպութիւններ, որոնք կաշխուժացնեն եկեղեցում աշխարհականների աշխատանքը, առաքելութիւնը՝ ի նպաստ աւետարանացման:

Տ. Յովսէփ Գալստեան
 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/11/2019, 01:02