Vatican News
 Սիմոնան եւ Մուսթաֆան՝ նշանադրուած Վենետիկում Սիմոնան եւ Մուսթաֆան՝ նշանադրուած Վենետիկում   Պատմութիւնը

Սիմոնայ եւ Մուսթաֆայ. խիստ հակադիր սէր, բայց երջանիկ զոյգ

Սիմոնան քրիստոնեայ է, Մուսթաֆան՝ մահմետական: Սիմոնան հռոմէացի է, Մուսթաֆան՝ լիբանանցի: Սա սէր էր առաջին հայեացքից: Սպասման եւ վախի տասը տարիներ: Աղօթքն ի մի Աստուած, անսասան հաւատքը, ուժեղ եւ անկեղծ զգացմունքը նրանց համար դարձան պարգեւ ու սփոփանք:
Անթօնելլայ Փալերմոյ – Վատիկան քաղաք
 
Նրանք հանդիպեցին 1992 թուականի օգոստոսի վերջին, Պէյրութ-Հռոմ թռիչքի ժամանակ: Իտալիա մեկնելու համար Մուսթաֆան ուսանողական վիզա (մուտքի արտօնագիր) ունէր: Սիմոնան անդամակցում էր լիբանանցի հոգեւորականի կողմից ղեկավարուող «Աստուածամօր յանձնախումբ» կոչուող շարժմանը եւ դէպի մայրիների երկիր տանող ճանապարհին էր: Երկուսն էլ 20 տարեկան էին եւ լի այն յոյսով, որ կը գտնեն այն միակին, ով կդառնայ ողջ կեանքի սէրը:
 
Խարանի գերութիւնը
 
Թրիփոլիում Մուսթաֆայ Յուսսեյնն ապրում էր մահմետականներով եւ քրիստոնեաներով բնակեցուած թաղամասում: Մանկութիւնից ի վեր նա սովոր էր ընկերանալու բոլորի հետ՝ առանց խտրութեան: Նա մեծացել էր լայնախոհ մահմետական ընտանիքում: Մուսթաֆան միշտ իրեն «ազատ» է զգացել, այնպէս՝ ինչպէս իր ծնողները եւ ընկերները: Ինչ վերաբերում է Սիմոնային, ապա, նա ստիպուած եղաւ ծանր փորձութեան միջով անցնել, մինչեւ որ նրա ընտանիքը կընդունէր իր եւ Մուսթաֆայի ընկերութիւնը: Սիմոնայի ընտանիքը սարսափում էր մահմետականներից, ավելի ճիշտ՝ «իսլամիստներից»: Ընտանիք, որը սերնդից սերունդ փոխանցուող կարծրատիպերի գերին էր: Նոյնիսկ Սիմոնայի հոգեւոր խրատատուի միջամտութիւնը՝ յօգուտ երիտասարդի բարի մտադրութիւնների, բաւարար չէր նրա մօրը համոզելու համար: «Մօրս հետ պայքարը ծանր էր, նա մեզ հեռացրեց միմեանցից, ստիպեց շատ ժամանակ եւ էներգիայ կորցնել: Ամենամեծ մտավախութիւնս այն էր, որ ստիպուած կը լինեմ հրաժարուել իմ կրօնից եւ նոյնիսկ՝ ուսումից»:
 
 Սիմոնան եւ Մուսթաֆան՝ նշանադրուած Վենետիկում
Սիմոնան եւ Մուսթաֆան՝ նշանադրուած Վենետիկում
 
Միասին աղօթելը հնարաւոր է
 
Մուսթաֆան Սիմոնայի հետ իր սիրոյ պատմութիւնը միշտ ապրեց քնքշանքի եւ վստահութեան մէջ. «Ես վստահ էի, որ վերջին խօսքը մերժմանը չի լինելու: Ի հարկէ, երբ առաջին անգամ նրա տուն գնացի, ինձ անյարմար իրավիճակում էի զգում, ասես լուսարձակների տակ լինէի: Մեր ուժը մեր սէրն էր», - կրկնում է նա:
Սիմոնայի համար տարօրինակ էր գիտակցելը, որ Մուսթաֆան աւելի նպատակասլաց եւ հասուն էր, քան ինքը. «Նրայ մէջ ես տեսնում էի Յիսուսին: Ապշեցուցիչ էր, բայց նա «աւելի կաթողիկէ էր, քան ես»»:
Սիմոնան մեծ ողջախոհութիւն դրսեւորեց, երբ Լիբանանում, նշանադրութեան ժամանակ նրա հօրեղբայրը վախճանուեց: Յուղարկաւորութեան ժամանակ արեւմուտքցի եւ քրիստոնեայ կինը մնաց բոլորովին մենակ: Ինչպէ՞ս արտայայտել սեփական զգացմունքները բախուելով կորստի ցաւին: Հանել վարդարանը եւ սկսել աղօթել:
«Սիմոնան ինձ փոխանցեց իր նուիրուածութիւնը հաւատքին: Նա միշտ կրկնում էր. «Աստուած սէր է»: Այս ամէնն ինձ աւելի ու աւելի է գրաւում: Ես խորացրեցի քրիստոնէական վարդապետութեան մասին իմ գիտելիքները, ես ուղեկցում եմ նրան պատարագների: Անկախ ամէն ինչից ես զգում եմ նրա հաւատքն ինձ վրայ»:
Սիմոնան պատմում է իրենց ինքնաբուխ աղօթքների եւ սաղմոսների համատեղ ընթերցումների մասին. «Տպաւորիչն այն է, որ զգում ես, թէ ինչպէս է Սուրբ Հոգին ուղղորդում այնտեղ՝ ուր ուզում է եւ, որ իրականում գոյութիւն չունի ոչ մի խոչընդոտ»: Միայն Սուրբ Հոգին կարող էր Քրիստոսի խրատների հետ լիակատար ներդաշնակութեան մէջ լինելու մղում առաջացնել նրանց մէջ: «Սէրը սահմաններ չունի, ես դրանում աւելի քան համոզուած եմ», - վկայում է Սիմոնան: «Մեզ շատ օգնեց նաեւ Մուսթաֆայի չափազանց մեծ հետաքրքրասիրութիւնը»:
 
Մուսթաֆան եւ իր զոքանչը՝ հաշտուելու պահին
Մուսթաֆան եւ իր զոքանչը՝ հաշտուելու պահին
 
Ներգրաւումը, որը վեր է խտրականութիւնից
 
«Ես հասկացայ, որ նրանք, ովքեր իսկապէս խաղաղութիւն են ցանկանում՝ գտնում են այն: Տարիների ընթացքում ես սկսեցի անդամակցել իգնատիոսեան (Յիսուսի միաբանութեան) հոգեւոր ուղի խմբաւորմանը, որին Սիմոնան արդէն իսկ յարում էր: Խմբաւորում, որն ինձ ընդունեց եւ բոլոր նախապայմանները ստեղծեց, որպէսզի ես ինձ հանգիստ զգամ», - ասում է Մուսթաֆան: «Ինձ համար այդքան էլ դժուար չէր ներգրաւուելը, բարդութիւնը թերեւս կայանում էր միայն բիւրոկրատական գործընթացի մէջ: Այստեղ խնդիրն աւելի բարդ էր: Ես պասքէթպոլ էի խաղում Հռոմի Միջազգային Վարժարանի ճիզվիթների հետ: Նրանք նկատել էին մեր ազնուութիւնը խաղի մէջ, ինչն էլ մեզ թոյլ տուեց մտածել, որ կարող էինք ազնիւ լինել նաեւ առօրեայ կեանքում, անկախ այն բանից, թէ որտեղից էինք եկել եւ ով էինք»:
 
Հարսանիքի օրը, Հռոմ
Հարսանիքի օրը, Հռոմ
Ապա, ի յայտ են գալիս աւելի դառը ապրումների յիշողութիւնները, ինչպիսիք ունեցայ «Քաթարի» հեռուստատեսիլի կազմում աշխատելիս. «Դժբախտաբար, պէտք է խոստովանեմ, որ ինձ լաւ չէին վերաբերւում: Սա չափազանց փակ միջավայր է: Աշխատանքի վայրում ես ստիպուած էի հանդուրժել մարդկանց խտրական վերաբերմունքը, ինչը շատ տհաճ փորձութիւն էր: Ինձ խէթ էին նայում, քանի որ ամուսնացած էի քրիստոնեայի հետ, ասես չճանաչուած, օտար մի մարմին լինէի»:
 
Նորին Սրբութիւն Յովհաննէս Պօղոս  Բ Սրբազան Քահանայապետի օրհնութիւնը ստանալու համար, Սուրբ Պետրոսի Հրապարակ
 
Հաստատակամութիւն՝ առանց յիշաչարութեան
Ամէն ինչ յանձնել Աստծոյ նախախնամութեանը, ապա, եկեղեցում պսակադրուելու որոշում կայացնել՝ տարբեր կրօնական ծէսերի իրականացմամբ եւ փոխադարձ յարգանքի մթնոլորտում: «Ամուսնութեան պատրաստութեան համար նախատեսուած զրոյցներ ունեցայ», - ասում է երիտասարդը: «Սա կարծես փորձութիւն լինէր ինձ համար, այնպիսի տպաւորութիւն էր, ասես վաղ թէ ուշ տեղի էի տալու, սակայն, իրականում, նման բան տեղի չունեցաւ: Ընդհակառակն, զիջեց նշանածիս մայրը՝ Գրացիան: Պատկերացնել անգամ չէի կարող: Ի վերջոյ, նա ինձ ընդունեց որպէս որդի: Յետագայում, ես նրան երբեւէ չմեղադրեցի իր նախկին վերաբերմունքի համար: Սա նոյնպէս վճռորոշ դեր ունեցաւ»:
 

Թարգմանեց`  Հրանուշ Սարգսյանը

26/06/2019, 08:00