Երիատարդաց հաւաք  Կիւմրիի  «Հայ Կաթողիկէ Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցում Երիատարդաց հաւաք Կիւմրիի «Հայ Կաթողիկէ Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցում 

Միանանք ԵՀՕ 2019-ին Փանամայում

Միջոցառումը բազմամարդ էր՝ աւելի քան 200 մասնակից Հայաստանի և Վրաստանի հայ կաթողիկէ համայնքներից:

2019թ.-ի յունուարի 26-ին, Կիւմրույում «Հայ Կաթողիկէ Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցում», Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եվրոպայի Հայ Կաթողիկէ երիտասարդաց խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի կազմակերպութեամբ անցկացուեց «Միանանք ԵՀՕ 2019-ին Փանամայում» խորագրով հոգևոր-մշակութային միջոցառումը:

Միջոցառումը բազմամարդ էր՝ աւելի քան 200 մասնակից Հայաստանի և Վրաստանի հայ կաթողիկէ համայնքներից: Հանդիպման նպատակն էր մասը կազմել և հայ կաթողիկէ երիտասարդներին հաղորդակից դարձնել Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից նախանշուած և յունուարի 23-28-ը Փանամայում անցկացուած 34-րդ «Երիտասարդաց Համաշխարհային Օրեր» միջոցառման, որի գլխաւոր պատգամը վերցուած էր Ղուկասի Աւետարանից. «Ահա­ւա­սիկ ես մնում եմ Տի­րոջ աղա­խի­նը. թող քո խօս­քի հա­մա­ձայն լի­նի ինձ» (Ղուկ. 1:38):

Միջոցառումը մեկնարկեց Սուրբ և անմահ պատարագով՝ ձեռամբ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի և մասնակցութեամբ հոգևոր դասի:

Սուրբ պատարագի աւարտից յետոյ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եվրոպայի Հայ Կաթողիկե երիտասարդաց խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանն իր ողջոյնի խօսքը յղեց ներկաներին.

«Սիրելի՛ երիտասարդներ, բարի՛ օր:

Ուզում եմ իմ ուրախութիւնն ու գոհունակութիւնն արտայայտել ձեզ հետ միասին այսօր այստեղ գտնուելու համար: Շնորհակալութիւն՛ւն, որ այստեղ էք և մեզ հետ միասին մասնակցում էք Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից նախանշուած և այժմ էլ Փանամայում ընթացող Երիտասարդաց Համաշխարհային 34-րդ հաւաքին, որի բնաբանն է. «Ահա­ւա­սիկ ես մնում եմ Տի­րոջ աղա­խի­նը. թող քո խօս­քի հա­մա­ձայն լի­նի ինձ» (Ղուկ. 1:38):

Լիայոյս ենք, որ այս հանդիպումը կարող է նպաստել, որպէսզի ձեր տեղական մշակոյթների հազարամեայ հարստութիւնն ի սպաս բերելով՝ ևս մէկ անգամ խորհրդածէք և զօրացնէք ձեր հաւատքը մեր Տէր Յիսուս Քրիստոսի նկատմամբ:

Ինչպէս իր խօսքում ասել է Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը. «Երիտասարդաց Համաշխարհային Օրերը խիզախների համար են, և ո՛չ այն երիտասարդների, ովքեր յարմարաւէտութիւն՝՜ են փնտրում և ընկրկում դժուարութիւնների առաջ: Թէ՛ ինչ, պատրա՞ստ էք ընդունել մարտահրաւէրը»:

Սիրելի՛ երիտասարդներ, կրելով մեր անցեալի յիշողութիւնները՝ պէտք է կարողանանք խիզախօրէն առաջ քայլել և կառուցել մեր ապագան: Այսօրեայ հանդիպումը հնարաւորութիւն է ընձեռում խիզախօրէն առերեսուելու երիտասարդութեանն ուղղուած մարտահրաւէրներին և առաջ շարժուելու այն յոյսով, որ հնարաւոր է կառուցել աւելի արդար ու խաղաղ աշխարհ:

Մի՛ հեռացէք ձեր հարազատ մշակոյթներից ու արմատներից, մօտ եղէ՛ք և միշտ հոգ տարէ՛ք դրանց մասին, քանզի արմատներն են, որ սնուցում են, ուժ տալիս առաջ շարժուելու, բարգաւաճելու և պտուղ տալու:

Երիտասարդաց Համաշխարհային Օրը առաջին անգամ նշուել է Յովհաննէս Պօղոս Բ Սրբազան Քահանայապետի օրօք՝ 1986թ.-ի մարտի 23-ին՝ Ծաղկազարդի օրը և որպէս բնաբան ընտրուած էր հետևեալ պատգամը. «… պատ­րաստ եղէք հե­զու­թեամբ ու եր­կիւ­ղա­ծու­թեամբ պա­տաս­խան տա­լու ամէն մար­դու, ով կհար­ց­նի ձեր մէջ եղած յոյ­սի պատ­ճա­ռը» (Սբ. Պետրոս Ա Թուղթ, 3:15):

1984թ.-ի ապրիլի 22-ին՝ Ծաղկազարդի տօնի օրը, աշխարհի տարբեր վայրերից 250 հազար երիտասարդներ, ընդունելով Յովհաննէս Պողոս Բ Սրբազան Քահանայապետի հրաւէրը, հաւաքուել էին Սուրբ Պետրոսի Հրապարակում՝ 1983թ.-ի Սուրբ Տարուան փակման արարողութեանը մասնակցելու համար: Այս առթիւ երջանկայիշատակ Քահանայապետը նրանց է յանձնում խաչ, որն այս տարիների ընթացքում դարձել է Երիտասարդաց Համաշխարհային Օրերի խորհրդանիշը:

Նորին Սրբութիւն Յովհաննէս Պօղոս Բ Սրբազան Քահանայապետը 1985թ.-ի մարտի 31-ին աշխարհի երիտասարդներին ուղղեց առաքելական մի թուղթ և նոյն տարուա դեկտեմբերի 20-ին հաստատեց «Երիտասարդաց Համաշխարհային Օրը»։ Այդ օրից ի վեր Կաթողիկէ Եկեղեցու բոլոր թեմերի մէջ Երիտասարդաց Համաշխարհային Օրը սկսեցին նշել իւրաքանչիւր տարի Ծաղկազարդի տօնի օրը։ Թէև սրան զուգահեռ, իւրաքանչիւր երկու կամ երեք տարին մէկ անգամ վերոյիշեալ հանդիպումը ստանում է «միջազգային» հաւաքի ձևաչափ և համայն աշխարհից երիտասարդներ են հաւաքւում Սրբազան Քահանայապետի կողմից նախորոշուած որևէ քաղաքում, որպէսզի միասին խորհրդածեն ու զեկուցեն իրենց հաւատքի մասին և ունկնդրեն Սրբազան Հոր կողմից այդ առիթով իրենց ուղղուած պատգամները։

Երիտասարդաց միջազգային առաջին հաւաքը տեղի ունեցաւ 1987թ.-ի ապրիլի 11-12-ը Բուենոս Այրեսում և որպէս բնաբան էր ընտրուած. «Մենք ճանչցանք եւ հաւատացինք Աստուծոյ սէրը զոր ունի մեզի հանդէպ»։

Հայ Կաթողիկէ Եկեղեցու երիտասարդները ևս իրենց մասնակցութիւնն են բերել Երիտասարդաց Համաշխարհային օրերին. առաջին անգամ՝ 1997թ.-ին Փարիզում, 2011թ.-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում, 2013թ.-ի Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում, ապա՝ 2016թ.-ին Կրակովում՝ 351 մասնակիցներով:

Փանաման առանձնայատուկ կարևորութիւն ունի, քանի որ այստեղից է սկսուել Աւետարանի տարածումը Ամերիկա մայրցամաքում:

Սիրելի՛ երիտասարդներ, դո՛ւք էք այս օրերի իրական հերոսները: Մենք մեծ սրտով ու գրկաբաց ենք ընդունում ձեզ, որպէսզի միասին կարողանանք կիսել Քրիստոսի Եկեղեցու նկատմամբ ունեցած ձեր հաւատքը»:

Այնուհետև խօսքը փոխանցուեց արժանապատիւ Տեր Գրիգոր Ավգ. Քհն. Մկրտչեանին: Վերջինս իր բանախօսութիւնը կառուցել էր 34-րդ «Երիտասարդաց Համաշխարհային Օրեր» միջոցառման համար որպէս բնաբան ընտրուած «Ահա­ւա­սիկ ես մնում եմ Տի­րոջ աղա­խի­նը. թող քո խօս­քի հա­մա­ձայն լի­նի ինձ» (Ղուկ. 1:38) պատգամի շուրջ: Տ. Գրիգոր Ավգ. Քհն. Մկրտչեանն իր խօսքում հակիրճ ներկայացրեց Սուրբ Կոյսի Աւետման պատմությունը՝ անդրադառնալով Սուրբ Մարիամի յղութեան վայրկեանից իսկ մեղքից փրկուած լինելու գաղափարին: Նա խօսեց Պիոս Թ Պապի կողմից հռչակուած Անարատ յղութեան հրամանակարգ վարդապետութեան մասին, յիշեցրեց, որ աւետարանական պատումները կուսական յղութիոնն ընբռնում են իբրև աստուածային մի արարք, որ գերազանցում է մարդկային ամեն հասկացողութիւն ու հնարաւորութիւն: Տեր Գրիգորը յորդորեց երիտասարդներին խորհրդածել այն հարցի շուրջ, թէ ի՞նչ կլինէր, եթէ Մարիամը չհնազանդուեր Տիրոջ կամքին, և կոչ արեց չմոռանալ, որ, թեև Յիսուսը Մարիամի միածին որդին է, այնուամենայնիւ, Մարիամի հոգևոր մայրութիւնը տարածւում է բոլոր մարդկանց վրայ, որոնց փրկութեան համար Նա իր «այո»-ն ասաց:

Երիտասարդական հաւաքը շարունակուեց «Հրեշտակ Տեառն» և «Սուրբ Վարդարանի» աղօթքներով՝ գլխաւորութեամբ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վ. Յովսէփեանի: Հնչեցին նաև Փանամա ԵՀՕ 2019-ի պաշտօնական օրհներգը և աղօթքը:

Ընդմիջումից յետոյ իր բանախօսութիւնը ներկայացրեց արժանապատիւ Տեր Նարեկ Քհն. Թադևոսեանը: Բանախօսութիւնը կրում էր «Փանամայի հովանաւոր Անտիգուայի Սուրբ Կոյս Մարիամ» խորագիրը: Բանախօսն անդրադարձաւ Փանամայի պատմութեանը, Անտիգուայի Սուրբ Կույսի տօնի խորհրդի, նրա սրբապատկերի շուրջ հիւսուած աւանդազրոյցներին և Սուրբ Կոյսի միջամտութեամբ տեղի ունեցած հրաշքներին:

Յաջորդ բանախօսն էր արժանապատիւ Տէր Յովսէփ Քհն. Գալստեանը, ով խօսեց երիտասարդ սրբերի կեանքի, պայքարի և նահատակութեան, ինչպէս նաև վերջին տարիներին Սրբազան Քահանայապետի կողմից նրանց սրբադասման մասին: Տէր Յովսէփն անդրադարձաւ նաև Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի՝ «երիտասարդների Պապի», ինչպէս նրան բնորոշում էին 1980-ականներին, երիտասարդութեան նկատմամբ ունեցած առանձնայատուկ վերաբերմունքին ու սիրուն՝ մէջբերելով վերջինիս պատմական խօսքը. «Դու՛ք էք աշխարհի յոյսը, Եկեղեցու յոյսը, դու՛ք էք իմ յոյսը»:

Հանդիպման ընթացքում ցուցադրուեց նաև 2018թ. յուլիսի 21-28-ը ՀՀ Շիրակի մարզի Թորոսգյուղի «Աղաջանյան կենտրոնում» անցկացուած «Համայնքային Երիտասարդական Օրեր – II» հոգևոր-մշակութային միջոցառման մասին պատմող ֆիլմը:

Այնուհետև, իւրաքանչիւր համայնքից մէկ ներկայացուցիչ խօսեց հետևեալ թեմաներից որևէ մէկի շուրջ.

1. Աստուածամօր միջնորդութիւնն իմ կեանքում,

2. Աստծոյ հրաշքներն իմ կեանքում,

3. Սրբութիւնը և ես,

4. Ինչպէ՞ս եմ վկայում քրիստոնէական սէրն իմ կեանքում,

5. Իմ փորձառութիւնը Հայ կաթողիկե երիտասարդական հանդիպումների ընթացքում:

«Միանանք ԵՀՕ 2019-ին Փանամայում» խորագիրը կրող հոգևոր-մշակութային միջոցառումն աւարտվեց Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վ. Յովսէփեանի ամփոփիչ խօսքով.

«Դո՛ւք՝ երիտասարդներդ, կոչուած էք մշտապէս ուխտաւորները լինելու կեանքի բոլոր ճանապարհներին: Ձե՛ր աչքերում է Եկեղեցին տեսնում իր արտացոլանք ու առաքելութիւնը և պատրաստ է ձե՛զ հետ միասին դիմագրաւելու ապագայի մարտահրաւէրներին, քանզի քաջ գիտակցում է, որ համայն մարդկութիւնը կարիքն ունի վերստին նորոգուած ու երիտասարդական ավյունով լեցուն ոգու: Երիտասարդների այս ուխտագնացութիւնը մայրցամաքների, ժողովուրդների ու մշակոյթների միջև եղբայրութեան և յոյսի կամուրջներ է կառուցում:

Ինչպէս իր խօսքում նշում է Սրբազան Քահանայապետ Ֆրանչիսկոսը. «Տարեցտարի հաստատւում է այն կարծիքը, որ Երիտասարդաց Համաշխարհային Օրերը ոչ թէ աւանդական ծէսեր են, այլ՝ նախորոշուած միջոցառումներ, որոնք երիտասարդներին հնարաւորութիւնն են ընձեռում խոստովանելու և ցնծութեամբ ազդարարելու Քրիստոսի հանդէպ օրեցօր զօրացող հաւատը»:

Սիրելինե՛ր, Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը կոչ է անում ձեզ որպէս օրինակ ունենալ Սուրբ Կոյս Մարիամի կերպարը, քանզի Նա՝ բոլորիս Մայրը, սովորեցնում է մեզ նմանուել իրեն՝ չհեռանալ այն շնորհից, որ տրւում է մեզանից իւրաքանչիւրին, այլ՝ պահել սրտում, որովհետև Սուրբ Հոգու միջամտութեամբ այն աճում և պտուղներ է տալիս: Այսպիսով, իւրաքանչիւրդ ձեր թերութիւններով ու թուլութիւններով հանդերձ՝ որտեղ էլ որ ապրէք՝ ընտանիքում, համայնքում, որևէ հասարակութեան, այս կամ այն խմբաւորման մէջ, ուր էլ որ Նախախնամութիւնը ձեզ առաջնորդի՝ կրթական, աշխատանքի, ծառայութեան, թէ հանգստի որևէ բնագաւառ, այնուամենայնիւ, ձեր մեջ կրում էք վկայութիւնը Քրիստոսի: Յիշէ՛ք, որ դուք երբեք մենակ չեք լինի: Դուք միշտ կվայելէք մեր Տեր Յիսուսի ընկերակցութիւնը: Մի՛ մոռացէք, որ Յիսուսն է կեանքի և ուրախութեան աղբիւրը, և նրա սէրը մեր նկատմամբ այն էներգիայի աղբիւրն է, որը լիցքեր է հաղորդում մեր սրտերին և վառում մեր հաւատը: Թո՛ղ որ սիրոյ և հաւատի կայծերը երբեք չմարեն ձեր աչքերում:

Նախ և առաջ, թո՛ւյլ տուէք առանձնայատուկ շնորհակալութիւն յայտնել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանին, ում անմիջական նախաձեռնութեամբ ու փափաքով կազմակերպուեց այս միջոցառումը: Յատուկ շնորհակալութիւն հոգևոր դասին, երգչախմբի անդամներին, ինչպէս նաև աշխատակազմին, կամաւորներին, լրատուամիջոցներին և ձեզ՝ շատ սիրելի՛ երիտասարդներ: Շնորհակալութիւն՛ւն»:

Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վ. Յովսէփեան

Հայաստանի Հայ Կաթողիկէ երիտասարդաց խմբի նախագահ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/01/2019, 09:14