Արհիապատիւ Ռաֆայել Արք Մինասեան Արհիապատիւ Ռաֆայել Արք Մինասեան 

Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանը հովուական այցելութիւն կատարեց Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներ:

Մոսկուայի քաղաքային իշխանութիւնը հայ կաթողիկէ համայնքին հողատարածք է տրամադրել՝ եկեղեցի կառուցելու համար:

2019թ. Աստուածայայտնութեան տօնին ևս Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանն իր տօնական Սուրբ Պատարագը մատուցեց Մոսկուայի հայ կաթողիկէ համայնքի համար, Անարատ Յղութեան Կաթողիկէ Մայր Տաճարում, համապատարագութեամբ Ռուսաստանում Առաջնորդական Փոխանորդ, Մոսկուայի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանի և Ռուսաստանի լատինածէս կաթողիկէների թեմի Առաջնորդական Փոխանորդ Հ. Կիրիլ Վրդ. Գարբունովի:

Սրբազան Հայրը Մոսկուայի հայ կաթողիկէ հաւատացեալներին փոխանցեց իր Սուրբ Ծննդեան պատգամը, որի առանցքը Բարի Հովիւի կերպարն է, Ում կոչուած ենք նմանուել բոլորս՝ թէ հոգևորականներ և թէ աշխարհականներ: Ամուսնացեալ հաւատացեալները քաջ հովիւներ պէտք է լինեն իրենց ընտանիքների համար, իսկ քահանաները՝ իրենց հոգևոր հովուութեան յանձնուած հաւատացեալների համար՝ ոչ թէ տիրելու, այլ՝ անձնուիրաբար ծառայելու ոգիով, առաքելական նուիրումով և խանդավառութեամբ, ասաց է Սրբազան Հայրը:

Սուրբ Պատարագից յետոյ կատարուեց Ջրօրհնէքի սրբազան արարողութիւնը, որից յետոյ կազմակերպուեց հիւրասիրութիւն, Սրբազան Հայրը զրուցեց հայ հաւատացեալների հետ:

Յունուարի 6-ի երեկոյեան՝ կէսգիշերին, Մոսկուայի և Համայն Ռուսիոյ Պատրիարք Կիրիլի հրաւէրով, Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը, Ռուսաստանում Պապական նուիրակ Արքեպիսկոպոս Չելեստինո Միլիորեի, Ռուսաստանի լատինածէս կաթողիկէների առաջնորդ Արքեպիսկոպոս Պաոլո Պեցցիի և Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանի հետ միասին իր աղօթական ներկայությունն է բերել Մոսկուայի Քրիստոս Փրկչի Մայր Տաճարում տեղի ունեցած աղօթքին և ապա մասնակցել են միասնական ընթրիքի՝ Կիրիլ Պատրիարքի հետ:

Յունուարի 7-ին Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանը Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանի հետ մեկնեց Վենյով և այնտեղ Սուրբ Պատարագ մատուցեց տեղի հայ հաւատացեալների համար:

Յունուարի 9-ին Սրբազան Հայրը Սուրբ Պատարագ մատուցեց Սոչի քաղաքում և Ծայրագոյն Վարդապետի աստիճան շնորհեց Սոչիի հայ կաթողիկէների նորանշանակ ժողովրդապետ Հոգշն. Հ. Ռաֆայել Վրդ. Կրավչիկին: Սուրբ Պատարագից յետոյ Սրբազան Հայրը Սոչիի կաթողիկէ եկեղեցու բակում կատարեց խաչքարի օծման կարգ:

Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը հովուական այցելութիւն կատարեց նաև Կրասնոդար և Դոնի Ռոստով, որտեղ ևս մատուցեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում վարդապետական գաւազան և լանջախաչ շնորհեց տեղի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Սերգեյ Վրդ. Բաբաջանյանին:

Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի Ռուսաստան կատարած հովուական այցից յետոյ՝ յունուարի 11-ին, Մոսկուայի քաղաքային իշխանութիւնները հրապարակեցին տեղեկատուութիւն՝ այն մասին, որ Մոսկուայի քաղաքապետարանի Քաղաքաշինական-հողային հարցերի յանձնաժողովը հայվանութիւն է տուել Մոսկուայի հայ կաթողիկէ համայնքին յանձնելու հողատարածք՝ եկեղեցու կառուցման համար: Հողատարածքը Մոսկուայի Հարաւային Բուտով շրջանում է և կազմում է 0,7 հա: Յանձնաժողովի քարտուղար Անաստասիա Պյոտվան ասել է հետևեալը. «0,7 հա հողատարածքը կտրամադրուի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ ժողովրդապետութեանը՝ 9 տարի անհատոյց օգտագործման իրաւունքով՝ եկեղեցու և հոգևոր-մշակութային կենտրոնի նախագծման և կառուցման համար»: Եկեղեցու ընդհանուր մակերեսը կարող է կազմել մինչև 1000մ2, իսկ հոգևոր կենտրոնը՝ մօտ 850մ2: Նոր կառուցուելիք եկեղեցին կլինի Մոկսվայի առաջին հայ կաթողիկէ եկեղեցին՝ ողջ պատմութեան ընթացքում:

Ըստ պաշտօնական տուեալների Մոսկուայում այժմ ապրում է մօտ 500 հայ կաթողիկէ ընտանիք, իսկ ամբողջ Ռուսաստանում հայ կաթողիկէների թիւը մօտ 100.000 է:

Քաղուած Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանին կայքէն:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

17/01/2019, 08:28