Կարիտաս Եւրոպայի Տարածաշրջանային համաժողովն աւարտուեց հայածէս Սուրբ Պատարագով
Ինչպէս յայտնի է 2018թ. մայիսի 7-9-ը Կարիտաս Եւրոպայի անդամ քառասուներկու երկրների կարիտասների ներկայացուցիչները հաւաքուեցին Թբիլիսիում՝ Կարիտաս Եւրոպայի տարածաշրջանային համաժողովի շրջանակներում քննարկելու Կարիտասում, Կաթողիկէ Եկեղեցում և հասարակութեան մէջ երիտասարդների ներգրաւման հետագայ զարգացման հնարաւորութիւնները: Տարածաշրջանային համաժողովը լսեց երիտասարդներին և ընդունեց նրանց կարևոր դերը համերաշխութեան և խաղաղութեան Եւրոպա կառուցելու գործում:
«… երիտասարդները վճռորոշ դեր ունեն: Նրանք մեր ժողովուրդների ապագան չեն, նրանք ներկան են: Նոյնիսկ հիմա՝ իրենց երազանքներով ու կեանքով, նրանք կերտում են Եւրոպայի ոգին»,-ասել է Ֆրանցիսկոս Պապը՝ Charlemagne Prize ստանալու առիթով, 2016թ.:
Տարածաշրջանային համաժողովը պարտաւորուել է նպաստել երիտասարդների ներգրաւմանը, ուստի՝ ռազմավարութիւն կստեղծի և միջոցներ կգտնի այդ նպատակին հասնելու համար: Սա լիակատար ու ակտիւ մասնակցութիւն կպահանջի, յատկապէս՝ երիտասարդների կողմից:
«Կարիտաս Եւրոպայի ստանձնած պարտաւորութիւնը՝ աջակցել երիտասարդների ներգրաւմանը, կարևոր որոշում է, ինչն էլ խթան է հանդիսանում շարունակելու ուժեղացնել Կարիտասի երիտասարդ անձնակազմին և կամաւորականութիւնը՝ յանուն աւելի արդար Եւրոպայի», – ասում է Շվեյցարիայի Կարիտասի երիտասարդութեան համակարգող Անդրեաս Լյուստենբերգերը:
«Կարիտաս Վրաստանի բախտը բերել է, որ այսքան շատ երիտասարդ կամաւորականներ ունի, և մենք ուրախ ենք, որ Կարիտաս Եւրոպան առաջնահերթութիւնը տալիս է երիտասարդութեանը: Որպէս հիւրընկալ կողմ՝ մենք առաւելութիւն ունէինք կիսելու մեր լիովին տարբեր վրացական մշակոյթը, որն արտացոլում է Կարիտասի բնոյթը», – ասել է Կարիտաս Վրաստանի տնօրէն Անահիտ Մխոյանը:
Տարածաշրջանային համաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև Կարիտաս Եւրոպայի վարչակազմի ընտրութիւններ, որոնց արդիւնքում Կարիտաս Եւրոպայի Նախագահ դարձեալ ընտրուեց Հոգեշնորհ Հ. Luc Van Looy-ը, Փոխնախագահ ընտրուեց Bernard Thibaud-ը, Գլխաւոր Քարտուղար՝ Maria Nyman-ը:
Համաժողովն աւարտուեց հայածէս Սուրբ Պատարագով, որը մատուցեց Հայկական Կարիտասի Ընդհանուր Նախագահ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանը:
Քաղուած «armenianchurchco.com» կայքէն
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ