Որոնել

ԹՈՒՄՕ Արցախ ԹՈՒՄՕ Արցախ 

Արցախից բռնի տեղահանուած պատանիների աջակցութեան ԹՈՒՄՕի նախաձեռնութիւնը

ԹՈՒՄՕն նախատեսում է կառուցել 16 կենտրոններից եւ աւելի քան 100 տուփերից բաղկացած ցանց՝ ԹՈՒՄՕ Հայաստան ծրագրի շրջանակներում:

ԹՈՒՄՕ ստեղծարար արհեստագիտութիւնների կենտրոնը յայտարարում է «ԹՈՒՄՕն Արցախի պատանիների համար» նախաձեռնութեան մեկնարկը՝ ուղղուած Արցախից բռնի տեղահանուած 12-18 տարեկան պատանիների կարիքների ապահովմանը: Բազմամեայ եւ համապարփակ նախաձեռնութիւնը արցախցի պատանիների կողքին կը լինի պատանեկութեան ողջ ընթացքում՝ տրամադրելով բազմակողմանի աջակցութիւն նրանց բարեկեցութեան եւ նոր միջավայրում առողջ համարկման ապահովման համար: Նախաձեռնութիւնը ԹՈՒՄՕ Հայաստան ծրագրի մասն է, որի նպատակն է մինչեւ 2026 ԹՈՒՄՈյի կրթական ծրագիրը հասանելի դարձնել բոլոր հայ պատանիների համար:

Վերջին 12 տարիների ընթացքում ԹՈՒՄՕն աշխատել է տասնեակ հազարաւոր պատանիների, այդ թւում հազարաւոր արցախցիների հետ՝ Ստեփանակերտի ԹՈՒՄՕ կենտրոնի եւ Ասկերանում, Մարտակերտում եւ Մարտունիում գործող ԹՈՒՄՕ տուփերի միջոցով: Այժմ, գործընկեր կազմակերպութիւնների հետ համատեղ ԹՈՒՄՕն յանձն է առնում Արցախից բռնի տեղահանուած պատանիների կարիքների գնահատումը, ինչպէս նաեւ պետական եւ միջազգային կառոյցների եւ հասարակական կազմակերպութիւնների կողմից նրանց տրամադրուող ծառայութիւնների համակարգումն ու հսկողութիւնը:

 Նախաձեռնութեան իրականացման համար ստեղծուած յատուկ աշխատանքային խումբը սերտօրէն կը համագործակցի տուեալների հաւաքագրման, ընկերային աշխատանքի եւ ծառայութիւնների մատուցման գործում մասնագիտացած կազմակերպութիւնների հետ:

Նախաձեռնութեան հիմնական ուղղութիւններն են.

 – Կապի պահպանում Արցախից տեղահանուած իւրաքանչիւր պատանու հետ՝ այս պահից մինչեւ նրանց 19 տարեկանը լրանալը կամ մինչեւ այլեւս աջակցութեան կարիք չունենալը:

 – ԹՈՒՄOի կրթական ծրագրին միանալու համար անհրաժեշտ աջակցութեան տրամադրում:

 – Շարունակական հսկողութիւն՝ գնահատելու համար պատանիների բնակարանային, առողջապահական, հոգեկան առողջութեան, կրթութեան ֆինանսաւորման, սարքաւորումների հասանելիութեան, կրթական հաստատութիւնների ընդունելութեան, ասպարէզի խորհրդատուութեան եւ այլ ծառայութիւնների կարիքները:

 – Շահերի պաշտպանի դերի ստանձնում՝ ապահովելով պատանիների կապը ծառայութիւններ տրամադրող կառոյցների եւ կազմակերպութիւնների հետ, ինչպէս նաեւ ծառայութիւնների տրամադրման հսկողութեան իրականացում կանոնաւոր ստուգումների միջոցով:

 – Դրամահաւաքների իրականացում, հաւաքագրուած միջոցների ուղղորդում դէպի ծառայութիւններ մատուցող կազմակերպութիւններ եւ համապատասխան հաշուետուութիւնների տրամադրում նուիրատուներին:

«Մենք բոլոր հայ պատանիներին մեր զաւակներն ենք համարում։ Մեր արցախցի պատանիներն աւելին քան երբեւէ մեր աջակցութեան կարիքն ունեն, բայց մենք էլ նրանց կարիքն ունենք: Օգնելով մեր հայրենակից պայծառ երիտասարդներին ոտքի կանգնել եւ իրացնել իրենց ողջ ներուժը յանուն բարեկեցիկ եւ ապահով ապագայի՝ շահելու ենք բոլորս», ասում է ԹՈՒՄOի տնօրէն Մարի Լու Փափազեանը։

Նախաձեռնութեան վարչական ծախսերը կը փակուեն ԹՈՒՄՕ Հայաստան արշաւի միջոցով՝ ապահովելով համակարգողների, ընկերային ծառայութիւնների մասնագէտների եւ զանգերի կենտրոնի աշխատակիցների ներգրաւուածութիւնը ծրագրում: Խմբին միանալու յայտերն ընդունւում են tumo.org/jobs կայքում:

Նախաձեռնութեանը հնարաւոր է աջակցել մի շարք եղանակներով՝ այդ թւում ներդնելով ձեր մասնագիտական հմտութիւնները կամ կատարելով նուիրատուութիւն: Նախաձեռնութեան հետ կապուած հարցերով կարող էք կապ հաստատել artsakh.teens@tumo.org հասցէով, իսկ նուիրատուութիւն կատարելու համար անհրաժեշտ է այցելել կայքէջը եւ նուիրատուութեան մեկնաբանութեան մէջ նշել «Արցախի պատանիների համար»:

Արցախից բռնի տեղահանուած այն պատանիներին եւ նրանց ծնողներին, ում հետ դեռեւս չի յաջողուել կապ հաստատել, ԹՈՒՄՕն խնդրում է զանգահարել +37410398413 կամ ուղարկել նամակ artsakh.teens@tumo.org հասցէին:

ԹՈՒՄՕն նախատեսում է կառուցել 16 կենտրոններից եւ աւելի քան 100 տուփերից բաղկացած ցանց՝ ԹՈՒՄՕ Հայաստան ծրագրի շրջանակներում: Իւրաքանչիւր ԹՈՒՄՕ տուփում շաբաթական մօտ 320 պատանի է սովորում՝ ինքնուսուցման փուլերն անցնելով տուփում, իսկ դասընթացների համար յաճախելով մօտակայ ԹՈՒՄՕ կենտրոն:

Աղբիւրը ՝Ասպարէզ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/10/2023, 09:00