Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Աշուղ Շիրինի (1827-1857) «Այգեպան, ի՞նչ ես անում» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (23)
Ունկնդրէ հաղորդաշարը

Աշուղ Շիրինի (1827-1857) «Այգեպան, ի՞նչ ես անում» երգը մշակել է Կոմիտասը: Սա նրա վաղագոյն մշակումներից է, հաւանաբար Գէորգեան ճեմարանի որոշակի ուսանող երգիչների համար, ճեմարանական մի հանդէսում կատարելու նպատակով:

Երգն արտայայտում է աշուղ Շիրինի աշխարհահայեացքը: Նա դիմում է այգեպանին, զարմանք յայտնելով նրա թափած ջանքերի առթիւ, քանզի որքան էլ չարչարուես շամբը՝ եղեգնուտը բուրաստան չի դառնալ: Այնպէս, ինչպէս օձը երբեք սիրական չի լինի, որքան էլ գեղեցիկ ու նախշուն լինի: Նոյն կերպ, որքան էլ կատոին նազ ու նաբաթ, այսինքն անուշ վերաբերմունք սովորեցնես, շան չափ տիրասէր ու հաւատարիմ չի դառնայ: Եւ եթէ ագռաւին պահես ապակէ բնում ու միշտ կերակրես շաքարով ու անուշեղէնով, միևնոյնն է, երբեք վատաբախտ բլբուլի նման վարդի սիրական չի դառնայ:

Ապա աշուղն ինքն իր հետ է խօսում, ասելով, թէ օրը թէկուզ հարիւր հատ քաղցր ու ախորժելի երգ յօրինի, Սայաթ-Նովայի նման չի լինի:

Այսինքն՝ աշխարհում ամեն ինչ իր տեղն ու դերն ունի, և չի կարելի մէկից շատ աւելին սպասել, քան նա կարող է, և պէտք է բոլորին ընդունել այնպիսին, ինչպիսին իրենք կան: Չէ՞ որ ուրիշներն էլ գուցէ կուզենային մե՛զ այլ կերպ տեսնել, մե՛զ փոխել: Ոչինչ և ոչ ոք իր էութիւնը փոխել չի կարող, բայց ամեն մէկից կարելի է օգտակար բաներ սպասել, եթէ նրան ընդունում ենք այնպիսին, ինչպիսին Աստուած ստեղծել է, ոչ վիրաւորելով նրան, ոչ աւելորդ ջանքեր թափելով, այլ փորձելով տեսնել, թէ նրա տեսակի մէջ ինչն է բարի, ինչն է լաւ, և օգտուել միայն այդ չափով: Մենք չենք կարող, չէ՞, երկաթի կտորն այրելով վառարանում, տաքանալ ցուրտ ձմռանը: Բայց կարող ենք, ասենք, այդ կտորից գործիքներ պատրաստել և օգտուել նրա այդ յատկութիւնից:

Երգը ներկայացուած է «Գագիկ Մուրադյան» անսամբլի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

02/07/2023, 07:59