Հայկական ժողովրդական երգեր.«Քէլէ, քէլէ» երգը
«Քէլէ, քէլէ» երգում երիտասարդ սիրահարը, ենթադրաբար՝ տղան, դիմում է իր սիրելիին՝ խնդրելով քայլել իր հայեացքի առաջ, քանի որ ինքը հիանում է նրա քալուածքով, հիանում է նրա խելքով, չինարի բոյով, նրա գեղեցիկ բերանով ու սիրունիկ ձայնով:
Իր հիացմունքը երիտասարդն արտայայտում է ժողովրդախօսակցական արտայայտչաձևերով. սիրելիի արժանիքների թուելով ասում է «շողիդ մեռնեմ», «ձէնիդ մեռնեմ»:
Այդպէս, երգի վերջին տողերում ասում է՝ քո հուր կտրած սիրուն ու համբոյրին մեռնեմ: Եւ ամէն երկտողից յետոյ աղջկան անվանում է սիրաւոր, վիրաւոր ու սևաւոր լորիկ:
Այս ընդհանուր պատկերից հասկանում ենք, որ երիտասարդները սիրում են միմեանց, բայց ինչ-որ բան, որի մասին չի յիշատակւում երգի մէջ, խաթարել է իրենց երջանկութիւնը. գուցէ դա չար մարդկանց լեզուի պատճառով է եղել, կամ աղջկայ ծնողներն են դէմ նրանց ամուսնութեանը:
Եւ տղան, չնայած հիանում է աղջկայ բոլոր արժանիքներով, նկարագրում է նրա կերպարի լուսաւորութիւնն ու պայծառութիւնը, բայց անգամ այդ խօսքերի մէջ մի տեսակ ափսոսանք ես զգում, քանի որ վիշտը նրան դարձրել է վիրաւոր ու սևաւոր՝ խաւար գոյներ մտցնելով նրա լուսաւոր նկարագրի մէջ:
Այս երգի մշակումը սևագիր վիճակում կա Կոմիտասի 1911 թուականի տետրում, նաև մոմաթղթի վրայ՝ տպագրութեան համար սև թանաքով մաքուր արտագրուած վիճակում, որի վրայ մատիտով կատարուած են որոշ փոփոխութիւններ, որոնք երգը բերում են վերջնական տեսքին: Երգը ներկայացուած է Վարդուհի Խաչատրեանի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ