Հայկական ժողովրդական երգեր.«Խոտոր ջուրի ջուրն է մօտիկ» պարերգը
«Խոտոր ջուրի ջուրն է մօտիկ» պարերգը տիպիկ էրզրումեան տարածաշրջանի երգ է, իսկ Խոտորջուր գիւղն ու գետն էլ գտնւում են Էրզրումի տարածաշրջանում: Սա սիրերգ է, որում ասւում է «Խոտորջուրի ջուրն է մօտիկ, աղջիկները կը գան կարմիր տոտիկ» և այլն:
Ռիթմը 5/8 է, կոտրուող ռիթմ է, տակտի ոչ հաւասարաչափ բաժանում է, և այդ ռիթմը արտայայտում է կարծես Խոտորջուրի քարքարուտ, անհարթ տեղանքը: Կարծես տեսնում ես հունի յանկարծակի փոփոխութիւն՝ կտրուկ աջ կամ կտրուկ ձախ։
Խոտորջուրը 16-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբը եղել է ինքնավար համայնք՝ բաղկացած երկու գիւղախմբերից: Առաջին խմբում ընդգրկուել է ինը գիւղ, իսկ երկրորդում՝ չորս:
Տեղակայուած է Մեծ Հայոց Տայք նահանգում, Ճորոխ գետի ձախ վտակ Խոտորջուրի աւազանում, Քաջքար լեռան ստորոտում:
Սահմանակից է Բարձր Հայք նահանգի Սպեր գաւառին, իսկ արևմուտքից՝ Համշենին:
Գրաւոր աղբիւրներում Խոտորջուրի առաջին յիշատակութիւնը եղել է 1586 թուականին: Նրա անուան մասին երեք ստուգաբանութիւն կայ: Մէկը՝ իբր խոտ և ջուր բառերի գումարից, միւսը՝ իբր գետի հունը փոխուելու՝ խոտորուելու պատճառով է այդպէս կոչուել:
Մէկ այլ բացատրութեամբ՝ Սպերի լեռնաստորոտներով հոսելիս, դաշտի՝ չափից աւել հարթութեան պատճառով Ճորոխն ու նրա վտակը խիստ հանդարտ են հոսում, այնքան, որ նայողին թուում է, թէ գետը, փոխանակ զառիվայր հոսելու, հակառակը, զառիվեր է հոսում: Խոտորջուրի տարածքն անչափ գեղատեսիլ է, և այնտեղից գաղթած հայերը կարոտով էին յիշում նրան չորս կողմից շրջապատող անտառախիտ լեռները և այդ կողմերում հանդարտ հոսող Ճորոխն ու Խոտորջուր վտակը:
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ