Հայկական ժողովրդական երգեր. «Շմոն խեծէ կապուտ քուռակ» աշխարհիկ զատկական շարականը
Այսօր ներկայացնելու ենք «Շմոն խեծէ կապուտ քուռակ» աշխարհիկ զատկական շարականը, որը գրի է առել Կոմիտասի աշակերտ Սպիրիդոն Մելիքյանը: Այն երգելով Զատիկի օրը, գիւղի երեխաները շրջել են տնից տուն և հաւաքել քաղցրաւենիք ու Զատկի խորհրդանիշ խաշած հաւկիթ:
Երգում ասւում է «Շմոն խեծէ կապուտ քուռակ», իսկ կապոյտ ձին համարւում էր ազնիւ ցեղատեսակ: Ապա ասւում է «Մէջքն ա զարգէ պողպատ ուրագ»: Այն ժամանակ ուրագ կրելը հերոսի խորհրդանիշ էր:
«Բըրչամ թորգէ բուրակ-բուրակ», այսինքն՝ մազերը թողել էր հերարձակ: Եւ «Սուրբ Կարապետ տա ուր մուրազ», կատարի իր մուրազը:
Հնագոյն երաժշտութեան «Շարական» անսամպլի գեղարուեստական ղեկավար Դանիէլ Երաժիշտն ասում է, որ սա թէև հիանալի երգ է, բայց շատ փոքրիկ է, ուստի ինքը միացրել է «Կարոս Խաչ» վիպերգի մէկ հատուածին, որովհետև այս զատկական Ալելուն, որ կապուած է յարութեան գաղափարի հետ, և վիպերգի այդ հատուածը, որ Խաչի զօրութեան մասին է, թեպէտ ժանրերով տարբեր երգեր են, բայց ներքին բովանդակութեամբ, էներկիայի առումով հաղորդակից անօթների պէս միմեանց լրացնում և զօրացնում են: «Այդպէս անում է նաև Կոմիտասը, միացնում է առանձին փոքրիկ երգերը և նա այնքան գեղեցիկ է կատարում, որ նոյնիսկ չես էլ զգում, որ դրանք տարբեր երգեր են», - ասում է Դանիէլ Երաժիշտը:
Իսկ բանահաւաք, ազգագրագետ Ռուդիկ Հարոյանը կարծում է, որ այս երգը զօրեղացող արևագալի հնագոյն օրհներգերից մէկն է: Ըստ նրա տեսակէտի՝ Շմոն արևն է, որ կապոյտ քուռակին (արև խորհրդանիշ) հեծած, մէջքը պողպատ ուրագի պէս պնդած, մազերը՝ ճառագայթ-հիւսքերը, տարածած մտնում է երկնակամար (տե՛ս Ռուդիկ Հարոյան, Զատիկ, Երևան, 2008 թ., էջ 148): Ի դէպ, Միջագետքում գոյութիւն է ունեցել արևի աստուած Շամի պաշտամունքը:
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ