Հայկական ժողովրդական երգեր. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի «Տէր, որ ի մէջ» ապաշխարութեան շարականը
Այսօր կանդրադառնանք Սուրբ Մեսրոպ Մաշտոցի «Տէր, որ ի մէջ» ապաշխարութեան շարականին։
Առաջին տողում ասւում է. «Տէր, որ լեռան վէմի միջից աղբիւրի պէս բխեցրիր ջուրը»: Հասկանալու համար, թէ ինչ են նշանակում այս խօսքերը, պէտք է կարդանք «Ելից» գրքի 17-րդ գլխի սկիզբը․
«Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը, Տիրոջ կարգադրութեան համաձայն, խումբ-խումբ գնաց Սին անապատից և կայք հաստատեց Ռափիդիմում: Այստեղ, սակայն, ջուր չկար, որ ժողովուրդը խմեր: Ժողովուրդն սկսեց մեղադրել Մովսէսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»: Մովսէսը նրանց ասաց. «Ինչո՞ւ էք ինձ մեղադրում, ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»: Ժողովուրդը, այնտեղ ծարաւ զգալով, տրտնջած Մովսէսի դէմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարաւից կոտորուե՞նք մենք և մեր երեխաներն ու անասունները»: Մովսէսը պաղատագին խնդրելով Տիրոջը, ասաց. «Ի՞նչ անեմ ես այս ժողովրդին: Մի քիչ էլ մնա՝ ինձ կքարկոծեն»: Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ ժողովրդի առջևից, քեզ հե՛տ վերցրու ժողովրդի ծերերին, ձե՛ռքդ առ քո այն գաւազանը, որով հարուածեցիր գետին, և ճամբայ՛ ընկիր: Ես, քեզնից առաջ այնտեղ հասնելով, կկանգնեմ Քորեբի ժայռի վրայ: Կհարուածես ժայռին, դրանից ջուր կբխի, և քո ժողովուրդը կխմի»: Մովսէսն իսրայէլացիների ներկայութեամբ այդպէս էլ արեց: Նա այդ վայրը կոչեց «Փորձութիւն և Մեղադրանք», որովհետև իսրայէլացիները մեղադրել էին իրեն և Տիրոջը փորձել՝ ասելով. «Տէրը մեր մէ՞ջ է, թէ՞ ոչ»:
Ահա այս ամբողջ պատմութիւնն է խտացուած շարականի առաջին տողում: յաջորդ տողում Մաշտոցը երգում է. «Տէ՛ր, իմ սրտից հանի՛ր ապաշխարութեան արտասուք»: Նա այստեղ խօսուն համեմատութիւն է անում. Տիրոջից, որ կարողացաւ ժայռի միջից աղբիւր բխեցնել, խնդրում է իր սրտից ապաշխարանքի արտասուք բխեցնել: Իսկ այդպէս կլինի միայն, եթէ մեղաւոր մարդը գիտակցի իր մեղքերի ծանրութիւնը, անկեղծօրէն զղջա և սկսի ապաշխարել:
Վերջին տողը թարգմանւում է այսպէս. «Որպէսզի կենամ և ապաշխարութեամբ փրկուեմ հանդերձեալ կեանքի Քո դատաստանում»: Չէ՞ որ հանդերձեալ կեանքում մենք պէտք է պատասխան տանք երկրի վրայ մեր կատարած գործերի համար: Անհնար է, որ մարդը կարողանայ կատարելապէս հեռու մնալ մեղքից: Եթէ միայն մէկ օր կողքից հետևենք ինքներս մեզ, կտեսնենք, թէ գիտակցաբար կամ ակամայ մենք որքան վատ արարքներ ենք թոյլ տալիս մեր նմանների՝ այլ մարդկանց նկատմամբ: Դա՝ միայն մէկ օրում: Էլ ուր մնաց՝ ամբողջ կեանքի ընթացքում:
Մեղքի գիտակցումից փոթորկուած Մաշտոցի հոգուց ծնուել են այս յուզիչ աղօթքները, որոնք կարծես հոր գիրկը վերադառնալ ցանկացող անառակ որդու խօսքերը լինեն: Այս շարականներում նկատելի է թէ՛ այդ ցանկութեան մեծութիւնը, թէ՛ իր անարժանութեան զգացումը: Մարդու մեղքերն այնքան շատ են, որ նրան արգելում են մօտենալ Աստծուն, մտնել դրախտ: Միայն Աստուծոյ շնորհն է, որ կարող է մարդուն պարգևել յաւիտենական կեանքը:
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ