Հայկական ժողովրդական երգեր. «Հայ մերիկ մերիկ» երգը - Հաղորդաշար
«Հայ մերիկ, մերիկ»-ը պատանի պանդուխտի երգ է, որը կարծես նամակ լինի հարազատներին: Երկար ժամանակ հեռու լինելով հայրենի եզերքներից ու հարազատներից, յատկապէս ծնողներից, նա տառապում է նրանց կարոտից և երազում է շուտով վերադառնալ հարազատների գիրկը: Օտարութեան մէջ նա չունի իր սեփական անկիւնը, որտեղ կկարողանայ օրուայ ընթացքում դառը դատելուց յետոյ գլուխը հանգիստ վայր դնել ու հանգստանալ: Հորից ու մորից հեռու՝ իրեն նմանեցնում տերևներից զրկուած ռեհանի կոթի և փոքր լինելով, չի կարող միայնակ բռնել տունդարձի ճամփան, մեծերի յոյսին է, որ մի օր իրեն բարով տուն կհասցնեն:
Իսկ օտարութեան մէջ նա անցկացրել է հիւանդ օրեր, երբ առաւել ևս կարիքն ունէր հայրական հոգածութեան ու մայրական խնամքի: Հայրենիքից հեռու աշխատելով, թէև բաւականին գումար է վաստակել, բայց իրեն նմանեցնում է պտուղ չտուած այգու:
Հնում պատանիներին ուղարկում էին պանդխտութեան. մեծ քաղաքներում հնարաւոր էր մի քանի ամիս կամ տարի աշխատելով բաւականին մեծ գումար վաստակել, որից յետոյ վերադառնում էին հայրենի գիւղ և այդ գումարով հոգում իրենց իսկ հարսանիքի ծախքերը:
Եւ մեր հերոսի դէպքում էլ, կարծես թէ այդպէս է, քանի որ իր վերադարձի միակ յոյսը սիրած աղջիկն է. ջահել տղան անհամբեր սպասում է, թէ երբ կլրանայ իր պանդխտութեան ժամանակը, և հայրը կգայ, պանդխտութեան մէջ անտէր մնացած որդուն կտանի հայրենի տուն, որպէսզի այսքան տագնապներից ու տառապանքից յետոյ կայանայ իր բաղձալի հարսանիքը սիրած աղջկայ հետ:
Երգը ներկայացնում ենք «Սասուն» անսամպլի կատարմամբ։ Գեղարուեստական ղեկավար՝ Անդրանիկ Մանուկեան։
-----------------------------------------
կրկներգ
Հայ, մերիկ, մերիկ, մերիկ,
Հայ, մերիկ, մերիկ,
Հայ, մերիկ, մերիկ, մերիկ,
Բարով դառնանք հայրենիք:
Ես ղարիբ իմ, տուն չունիմ,
Հայ, մերիկ, մերիկ,
Գիշերները քուն չունիմ,
Բարով դառնանք հայրենիք:
Ռեհան իմ, տերև չունիմ,
Հոյ, մերիկ, մերիկ,
Ես պզտիկ իմ, ճար չունիմ,
Բարով դառնանք հայրենիք:
կրկներգ
Հայ, մերիկ, մերիկ, մերիկ,
Հայ, մերիկ, մերիկ,
Հայ, մերիկ, մերիկ, մերիկ,
Բարով դառնանք հայրենիք:
Հիվանդ իմ, հերիկ չունիմ,
Հայ, մերիկ, մերիկ,
Ղարիբ իմ, մերիկ չունիմ,
Բարով դառնանք հայրենիք:
Բախչա ունիմ, բար չունիմ,
Հայ մերիկ, մերիկ,
Առանց քըզի քուն չունիմ,
Բարով դառնանք հայրենիք:
կրկներգ
Հայ, մերիկ, մերիկ, մերիկ,
Հայ, մերիկ, մերիկ,
Հայ, մերիկ, մերիկ, մերիկ,
Բարով դառնանք հայրենիք:
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ