Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև և վտանգի չենթարկենք մեր անկախ պետականութիւնը. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է յղել մեր Տէր Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան և Աստուածայայտնութեան տօնի առիթով.
«Յանուն Հօր եւ Որդոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։
«Նորոգուեցէք ձեր մտքով և հոգով ու հագէք նոր մարդը,
որ ստեղծուած է ըստ Աստուծոյ» (Եփ. 4.23-24):
Սիրելի բարեպաշտ հաւատացեալներ ի Հայաստան, յԱրցախ և ի սփիւռս,
Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան և Աստուածայայտնութեան տօնի հրաշազարդ այս օրը, համախմբուած մեր եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին՝ միմեանց փոխանցելով փրկաւէտ ողջոյնը. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս»։
Աւելի քան երկու հազար տարի Քրիստոսի Սուրբ Ծննդեան աւետիսը հնչում է աշխարհում, արձագանքում մարդկանց հոգիներում որպէս անզուգական հրաւէր՝ Քրիստոսով նորոգուելու, խաղաղութիւն հաստատելու, սէրն առատացնելու։ «Նորոգուեցէք ձեր մտքով և հոգով ու հագէք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծոյ»,- պատգամում է առաքեալը՝ ներշնչուած Տիրոջ Սուրբ Ծննդեան աւետիսով։ Արդարև, Աստուածորդին աշխարհ եկաւ՝ մեղանչական մարդուն ցոյց տալու փրկութեան ճանապարհը, որը բացւում է Քրիստոսով նորոգուածների համար: Այս ուղիով են ընթանում Փրկչին հաւատացող ու փորձութիւնների առջև չընկրկող հոգիները և մեղքի ու չարեաց դէմ աներկբայ մարտնչողները:
Քրիստոսի Սուրբ Ծննդեան շնորհները պարգևում են մարդկութեանը օրհնեալ կեանք՝ խարսխուած աստուածպաշտութեան, բարութեան, ճշմարտութեան ու արդարութեան վրայ, յոյսով ու լաւատեսութեամբ են զինում կորուստներից ու ցաւերից վշտահար ու յուսաբեկ հոգիներին, ապաքինում և լիացնում բարուց ու սիրուց ամայացած սրտերը և զօրացնում դժուարութիւններին դիմակայելու, անգամ անվճռելի թուացող ճգնաժամերն ու պատուհասները յաղթահարելու։
Փրկչի Ծննդեամբ մարդկութեան կեանքում հնչող նորոգութեան հրաւէրի անտեսումը, Աստվածորդու պատուիրաններին հակառակ ընթացքները, սակայն, չարիք ու ավեր են սփռում և այսօր էլ պատճառ են դառնում հասարակութեան մէջ, ընտանիքներում գժտութիւնների ու անհանդուրժողութեան, ազգերի ու պետութիւնների միջև հակամարտութեան ու թշնամանքի: Յիրաւի, առաքեալի խօսքի համաձայն, «մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով» (Հռ. 6.23):
Սիրելիներ, Աստուածորդու հրաշափառ Սուրբ Ծնունդը առանձնակի քաջալերութեամբ է համակում, հաւատքով գօտեպնդում Քրիստոսասէր մեր ժողովրդին, որ վերջին տարիներին ենթարկուեց նոր փորձութիւնների։ Արցախեան պատերազմի և ամիսներ առաջ Հայաստանի դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծուած ռազմական գործողութիւնների արհաւիրքներում մենք վերստին կրեցինք ծանր կորուստների ցաւն ու տառապանքը: Մեր զաւակները հերոսաբար զոհուեցին յանուն հայրենիքի, հազարաւորները հաշմանդամ դարձան։ Մեր տասնեակ զաւակներ գերութեան մէջ են, տակաւին կան անյայտ կորածներ։
Տևական ժամանակ արգելափակուած է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար աղէտի: Այս ծանր իրավիճակում մեր դէմ ծառացած հիմնախնդիրները յաղթահարելու համար մենք կարիքն ունենք ճշմարիտ նորոգութեան, սրտով, հոգով, մտքով մաքրուելու, Քրիստոսով վերափոխուելու և միախորհուրդ ու միակամ դառնալու ազգի և հայրենիքի առջև մեր յանձնառութիւնների մէջ։ Այսպիսի նորոգութեամբ է, որ կարող կլինենք հայրենական մեր կեանքից բացառել ամենայն չարն ու անարդարը, վախի, բռնութեան, ատելութեան ու յարմարւողականութեան կործանարար դրսևորումները և հայրենիքի բարւոք ապագայի տեսլականով համախմբել ազգային ողջ ներուժը, ամրագրել միմեանց հանդէպ հարկանքն ու սէրը, վստահութեան հաստատուն հիմքերի վրայ խարսխել Հայաստան-սփիւռք գործակցութիւնը։ Պատմական փորձառութեամբ գիտենք, որ նեղութիւններից յաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանուած ընդհանրական նպատակների շուրջ։ Քրիստոսով նորոգուած, Քրիստոսով միասնական, Աստծոյ շաւիղներով քայլելով, մենք, ինչպէս առաքեալն է ասում, մեզ պաշարած փորձութիւններից այսօր էլ յաղթական պիտի դուրս գանք (հմմտ. Հռ. 8.37)։
Սիրելի զաւակներ Մեր, Աստծոյ օգնականութիւնը խնդրելով՝ ամուր մնանք առ Փրկիչ մեր Տէրը հաւատքի մէջ և աներկմիտ սրտով պահպանենք մեզանում Սուրբ Ծննդեան յուսաբեր տօնի հոգևոր ապրումը։ Զօրանանք հայրենիքի սիրով և ամեն կարելի հնարաւորութեամբ սատարենք Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժուարութիւններ կրող մեր քոյրերին ու եղբայրներին։ Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև և վտանգի չենթարկենք մեր անկախ պետականութիւնը։ Մեր բարի գործերը դարձնենք հիմերը մեր վերելքի ու յաղթութեան և միասնաբար կերտենք մեր հայրենիքի ու ժողովրդի ապահով, լուսաւոր գալիքը։
Սուրբ Ծննդեան Պատարագի այս սրբազան պահին Հայրապետական Մեր խօսքն ենք յղում խրոխտ ու անվեհեր Արցախի հաւատաւոր Մեր զաւակներին։ Սիրելի արցախցիներ, մեր ժողովրդի մտածումներն ու հայեացքները այս օրերին առաւելաբար ձեզ են ուղղուած։ Դուք, որ դժուարութիւնների առջև երբեք չէք ընկրկել ու չէք նահանջել, այսօր էլ տոկունութեամբ շարունակում էք հերոսաբար պայքարել յանուն ձեր ազատ ու անկախ կեանքի, յանուն պատմական արդարութեան վերականգնման։ Ձեր քաջ նախնեաց փառաւոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացէք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականութեան մէջ: Մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփիւռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զօրակից ձեզ։ Ձեր հիմնարար իրաւունքների պաշտպանութեան արդար պահանջը յաղթանակելու է համայն հայութեան ջանքերով և միջազգային հանրութեան սատարումով։ Հաւատում ենք, որ Աստծոյ ողորմածութեամբ մեր ժողովուրդը իրեն պատած խաւարի մէջ պիտի լոյս ծագեցնի և դիմագրաւի իր կեանքում ծառացած լրջագոյն մարտահրաւէրներին։
Այս զգացումներով ու մտածումներով, Սուրբ Ծննդեան աւետիսով Մեր ողջոյնն ենք յղում մեր Սուրբ Եկեղեցու Նուիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանին՝ մաղթելով Աստծոյ զօրակցութիւնը տէրունաւանդ ծառայութեան մէջ։ Ի Քրիստոս եղբայրական սիրով ողջունում ենք քոյր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով մանկացեալ Փրկչի օրհնութիւնը իրենց աստուածապատուէր առաքելութեանը և հաւատաւոր հոտին։ Հայրապետական Մեր սէրն ու բարեմաղթանքներն ենք յղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հաւատաւոր Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփիւռս։
Սուրբ Ծննդեան այս շնորհազարդ առաւօտ սրտագին աղօթքով խնդրում ենք Ամենակալ Տիրոջը, որ բեթղեհեմեան աստղալոյսը յարատև շողարձակի մեր ազգային կեանքի երկնակամարում, որպէսզի մենք, Փրկչին ապաւինած, հաստատենք մեր ընթացքը սիրոյ, համերաշխութեան ու միասնականութեան շաւիղներում։ Թող Սուրբ Ծննդեան կենարար խորհուրդով խաղաղութիւն լինի աշխարհին ու համայն մարդկութեանը։ Թող հաւատքով պայծառացած՝ աշխարհասփիւռ ազգս հայոց զօրացնի իր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, իրականութիւն դարձնի իր նուիրական իղձերը և փառաւորի մարդեղացեալ Փրկչին՝ գոհութեամբ ձայնելով.
Քրիստոս ծնաւ և յայտեցաւ,
ձեզ և մեզ մեծ աւետիս»,- նշուած է պատգամում:
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ