Հայկական ժողովրդական երգեր. «Առաւօտուն դէմին» երգը - Հաղորդաշար (4)
«Առաւօտուն դէմին» երգը հայ աւանդական հարսանեկան երգը գրառել է ազգագրագէտ Արուսեակ Սահակեանը՝ Ալաշկերտի հայութեան ժառանգներից։
Սա հարսանեկան ծէսի այն հատուածում է երգուել, երբ խնամիները եկել են հարսնացող աղջկան հայրական տնից ուղեկցելու եկեղեցի՝ պսակադրութեան, և յայտնի են «հարսի լալիք» կամ «հարսի լացի երգեր» ընդհանուր անուամբ, քանի որ սրանով աղջիկը հրաժեշտ է տուել հայրական տանն ու հարազատներին։
Երգի առաջին տողերը վերաբերում են հարսի մօրը: Նա երգում է, որ առաւօտ վեր կենալով՝ տեսել է, որ բաց են տան դռները: Ապա շարունակում է՝ «Բալես շատ էր լացել, աչքերը թաց էր»: Միտքը, կարծում եմ, այս է. երևի հարսանիքին նախորդող ամբողջ գիշերն աղջիկը աչք չի փակել մտատանջութիւնից, որ թողնելու է հայրական տունը, որտեղ մեծացել է մօր հոգատար սիրոյ ջերմութեամբ շրջապատուած: Եւ երկար տարիներ այսպէս ապրելուց յետոյ այժմ դժուար է նրա համար դուրս գալ այդ տնից ու այսուհետ ապրել մի ուրիշ տանը, որտեղ դեռ չգիտէ էլ, թէ ինչպէս են ընդունելու և վերաբերուելու իրեն: Իր կեանքը լրիւ փոխուելու է:
Իսկ ինչո՞ւ են բաց եղել տան դռները, ինչպէս յայտնում է աղջկայ մայրը երգի առաջին տողում: Գուցէ աղջիկը չկարողանալով քնել գիշերը, իսկ սա վերջին գիշերն էր հայրական տանը, դուրս է եկել, վերջին անգամ իր ազատ կեանքի ընթացքում շրջել է իրենց տան բոլորը, իրենց պարտէզում, գուցէ վերջին անգամ նստել է բակի նստարանին ու շնչել հայրական պարտէզի ծաղիկների բոյրը: Բացի դրանից՝ բաց դուռն ինչ-որ բան է խորհրդանշում՝ սպասում են մէկի գալուն կամ գնալուն: Եւ ահա, գալու են խնամիները և հարս են տանելու աղջկան:
Երգի յաջորդ տողերում նոր վեր կացած մորը ձայնում է աղջիկը.«Մերիկ, ելիր, ելիր, երդիկ լուսացաւ, Բալիդ հարս կը տանին, ժամս հատեցաւ»: Բացուող լոյսը, որը ողողել է տան երդիկը, խորհրդանշում է այդ տառապալից գիշերուայ աւարտը: Աղջիկն արդէն լուսացրել է վերջին գիշերը՝ հայրական տանը, և կանչում է մօրը՝ հրաժեշտ տալու, քանզի խնամիները գալիս են հարս տանելու և իրենց՝ միասին առանձին մնալու ժամանակը հատւում է: Հաւանաբար կուզենային իրենց զգացմունքներին ազատօրէն տեղի տալ, օտար աչքից հեռու, մինչ կգան խնամիները և մնացեալ հիւրերը:
Վերջին տողերը դարձեալ երգում է աղջկայ մայրը. «Առաւօտուն դէմին եկել են՝ տանին, Քու հեր, քու մեր ղուրբան քու ղարիբ ճամբին»: Այսպէս, մայրը՝ իր ու ամուսնու անունից բարի ճանապարհ և հետագայ կեանքի խաղաղ ընթացք է մաղթում իրենց դստերը: Ղարիբ բառը մեզ ենթադրել է տալիս, որ խնամիները հաւանաբար այլ բնակավայրից են և բաւականին հեռու է լինելու աղջիկն իր հայրական տնից: Սակայն հնարաւոր է մէկ այլ վարկած էլ. Հայաստանի տարբեր շրջաններում (օր.` Բայազետում, Գիւմրիում) աղջիկն ընդհանրապէս «ղարիբ» է համարւում, քանի որ ամուսնանալով` գնալու է հայրական օջախից: Բայազետցիների շրջանում, որ ներկայումս ապրում են Գաւառ քաղաքում, մինչև օրս էլ կարելի է լսել նմանատիպ մի արտայայտութիւն. «Մառթ պըտի տղա ունենա, ախճիկն ի՞նջ ա որ, կյարիբ ա, կյարի՛բ, հեսօր-հեգուց կը թռնի-կէթա»:
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ