Որոնել

DF9mk2sGSi9pvhiSjFzi.jpeg

Մայր Աթոռէն ներս տեղի ունեցաւ «ԵՀԽ Հայաստանեան Կլոր սեղան` 25 տարի համայնքների կողքին» խորագրով միջոցառումը

Միջոցառմանը ներկայ էին Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ԵՀԽ հայաստանեան Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուները, գործընկեր կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:

Դեկտեմբերի 14-ին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ «ԵՀԽ Հայաստանեան Կլոր սեղան` 25 տարի համայնքների կողքին» խորագրով միջոցառում`  նուիրուած  ԵՀԽ Հայաստանեան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի 25-ամեակին:

Միջոցառմանը ներկայ էին Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ԵՀԽ հայաստանեան Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուները, գործընկեր կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:

Բացման խօսքով հանդէս եկաւ Մայր Աթոռի լուսարարապետ, Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը: 

Այնուհետեւ իր օրհնութիւնն ու պատգամը ներկաներին բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ընդգծելով, որ  յոբելեանները հաստատութիւնների կեանքում առիթ են անցած ուղին քննելու եւ արժեւորելու, ապա նաեւ առկայ մարտահրաւէրների յանդիման` առաքելութիւնը վերաիմաստաւորելու եւ նորոգ արդիւնաւորելու: Նորին Սրբութիւնը նկատեց, որ տարիների ընթացքում համագործակցելով եկեղեցական, պետական կառոյցների եւ հասարակական կազմակերպութիւնների հետ Կլոր սեղանը բազում հանրօգուտ ծրագրեր է իրականացրել կրթական, սոցիալական ոլորտներում, արձագանքել հայրենի կեանքում հրատապ աջակցութիւն պահանջող խնդիրներին:

«Աշխարհաքաղաքական իրողութիւնները, Մերձաւոր Արեւելքում տիրող կացութիւնը, ապա արցախեան հակամարտութիւնը պատճառ դարձան, որ հիմնադրամը իր ծառայութեան առաջնահերթ ոլորտ սկսի դիտարկել նաեւ արտակարգ իրավիճակները: Այս շրջանակներում Կլոր սեղանը գնահատելի ծրագրեր է իրականացրել սիրիահայ ներգաղթեալների խնամքի եւ աշխատանքի ապահովման, համավարակի շրջանում կարիքաւորներին անհրաժեշտ պարէնի մատակարարման,  44-օրեայ պատերազմի ընթացքում Արցախի ժողովրդին աջակցութեան տրամադրման ուղղութեամբ: Առ այսօր Կլոր Սեղանը շարունակում է մասնակցութիւն բերել պատերազմի հետեւանքների վերացման աշխատանքներին»,- նշեց Նորին Սրբութիւնը:  

Հայոց Հայրապետը նաեւ գոհունակութեամբ ընդգծեց, որ Կլոր Սեղանը հիմնադրման առաջին իսկ օրուանից իր մասնագիտական հմտութիւններով եւ կարողութիւններով կարեւոր օգտակարութիւն է ունեցել կրթական եւ սոցիալական ոլորտներում Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորման գործում եւ վստահութիւն յայտնեց, որ հիմնադրամը, մշտապէս հաղորդ լինելով երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրներին եւ առկայ կարիքներին, պիտի շարունակի իր տեսլականին համահունչ բազմաբնոյթ ծրագրերի իրագործմամբ բարեբեր ծառայութիւն բերել հայ ժողովրդին: 

«Անուրանալի է, որ պատկառելի ճանապարհ է անցել հիմնադրամը, արձանագրել կարեւոր ձեռքբերումներ, սակայն, ցաւօք, կարիքները մեր շուրջ բազում են, մարտահրաւէրները` օրըստօրէ ահագնացող: Ուստի, դեռ շատ անելիքներ կան` ի սեր մեր ժողովրդի: Վստահ ենք,  որ Կլոր սեղան հիմնադրամը յատկապէս այսօր, երբ Ադրբեջանի իշխանութիւնները, փակելով Լաչինի միջանցքը, հերթական վայրագութիւնն են իրականացնում արցախահայութեան նկատմամբ, իր ձայնը պիտի բարձրացնի միջեկեղեցական, բարեսիրական կազմակերպութիւնների առջեւ` ի խնդիր արցախահայ մեր քոյրերի ու եղբայրների անկախ, ապահով ու անվտանգ կեանքի իրաւունքի պաշտպանութեան»,-նշեց Վեհափառ Հայրապետը: 

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը աղօթք բարձրացրեց առ Աստուած, որպէսզի Ամէնողորմ Տէրը խաղաղութիւն եւ ապահովութիւն շնորհի մեր հայրենիքին` Հայաստանին եւ Արցախին, բարօր ու անվտանգ կեանք փորձութիւնների միջով անցնող մեր ժողովրդին` բարի առաքելութեան նոր տասնամեակներ մաղթելով Կլոր Սեղան հիմնադրամին:

Ապա իր խօսքը ներկաներին փոխանցեց ԵՀԽ հայաստանեան Կլոր սեղանի գործադիր տնօրէն պարոն Կարեն Նազարեանը: Վերջինս, անդրադառնալով հիմնադրամի ստեղծման պատմութեանը եւ 25-ամեայ սոցիալական-հոգեբանական, դիականոնիկ գործունէութեանն ու զարգածման ծրագրերին, իր երախտագիտութիւնը յայտնեց Վեհափառ Հայրապետին  այս տարիների ընթացքում ցուցաբերած հայրական խնամքի եւ զօրակցութեան համար:

Աղբիւրը` Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/12/2022, 07:53