Որոնել

Թբիլիսիի Սուրբ Գէորգ եկեղեցում բարձրացուեց համամիութենական աղօթք Թբիլիսիի Սուրբ Գէորգ եկեղեցում բարձրացուեց համամիութենական աղօթք 

Թբիլիսիի Սուրբ Գէորգ եկեղեցում բարձրացուեց համամիութենական աղօթք

Համամիութենական աղօթքի աւանդոյթը, մէկ անգամ եւս հաստատում է տարբեր երկրներում, այդ թւում նաեւ Վրաստանում, առկայ կրօնական համերաշխութիւնը: Մասնակից եկեղեցիները ամէնամեայ համամիութենակն աղօթքը հիւրընկալում են հերթականութեամբ:
Ունկնդրէ լուրը

2022 թուականի Յունուարի 21ին Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Թբիլիսիի Սուրբ Գէորգ եկեղեցում բարձրացուեց հերթական համամիութենական աղօթքը: Աղօթքին աւանդաբար մասնակցում են Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու Վիրահայոց թեմը, Լատինա-կաթողիկէներուն կովկասեան առաքելական վարչութիւնը, Վրաստանում աւետարանական-լութերական եկեղեցին եւ Վրաստանի աւետարանական-մկրտական եկեղեցին:

Համամիութենական աղօթքի աւանդոյթը, մէկ անգամ եւս հաստատում է տարբեր երկրներում, այդ թւում նաեւ Վրաստանում, առկայ կրօնական համերաշխութիւնը: Մասնակից եկեղեցիները ամէնամեայ համամիութենակն աղօթքը հիւրընկալում են հերթականութեամբ:

Կորոնաւիրուսային համաճարակի պատճառով Վրաստանում գործող սահմանափակումները սակայն խոչընդոտ չհանդիսացան երկրի 4 քրիստոնէական դաւանանքների մասնակցութեամբ համատեղ միասնութեան աղօթք բարձրացնելուն: Այս տարուայ համամիութենական աղօթքի կազմակերպիչն էր Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը` առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դաւթեանի օրհնութեամբ, Նարեկ քահանայ Ղուշչեանի կազմակերպմամբ եւ հոգեւորականաց ու սարկաւագաց դասի մասնակցութեամբ:

Համամիութենական աղօթքին ներկայ էին Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչութեան առաջնորդ Ջուզեպպէ եպիսկոպոս Պազոտտօն, Վրաստանում աւետարանական-մկրտական եկեղեցու եպիսկոպոս Մալխազ Սոլղուլաշուիլին, Վրաստանում աւետարանական-լութերական եկեղեցու փոխառաջնորդ Իրեն Սոլէյը, հոգեւոր սպասաւորներ, հաւատացեալներ:

Համամիութենական աղօթքի արարողակարգը բացեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վրդ. Դաւթեանը: Ողջունելով թեմական առաջնորդներին եւ իր օրհնութիւնը յղելով ներկաներին, հայր սուրբը բարձրաձայնեց ընթացիկ տարուայ միասնութեան աղօթքի նշանաբանը, Մատթէոսից 2.2. «Երբ արեւելքում էինք, նրա աստղը տեսանք եւ եկել ենք խոնարհուելու նրա առաջ»:

Բոլոր մասնակիցները խօսեցին Համամիութենական աղօթքի կարեւորութեան մասին նշելով, որ այսպիսի միջոցառումները կարող են մօտեցնել եկեղեցիների հաւատացեալներին` պաշտելու միակ Աստծուն եւ Փրկչին` Յիսուս Քրիստոսին: Առաջնորդ հոգեւորականները շրջապատեցին սիրոյ եւ խաղաղութեան լոյսով վառուած խորհրդանշական «բեթղեհէմեան աստղըէ, միասին աղօթեցին Աստծու խօսքը լսելու, միասին լինելու եւ աշխարհում խաղաղութիւն հաստատելու, համաճարակային արհաւիրքներից մարդկութեանը փրկելու, տարհանուածներին եւ փախստականներին օգնութեան ձեռք մեկնելու խնդրանքով:

Համամիութենական աղօթքն աւարտուեց առաջնորդների կողմից իրենց մայրենի լեզուով Տէրունական աղօթքով: Համամիութենական աղօթքին հոգեւոր երգերի գեղեցիկ եւ հոգեհմայ կատարումներով մասնակցեց Սուրբ Գէորգ եկեղեցու երգչախումբը` խմբավար Սվետլանա Տատօեւայի գլխաւորութեամբ:

Համամիութենականաղօթքի համաշխարհային աւանդոյթը սկզբնաւորուել է Եւրոպայում: 1910 թուականին Էդինբուրգում կայացած հանդիպման մասնակիցները համաձայնեցին, որ քրիստոնեաների միջեւ միասնութիւնը կ՛ամրապնդի առաքելական գործունէութիւնը եւ անմիջականօրէն եկեղեցիները: Վրաստանում Համամիութենական աղօթքի նախաձեռնողներից մէկը աւետարանական-մկրտական եկեղեցին է եւ այն իրականացւում է արդէն 30 տարի: Այն ամէն տարի անցկացւում է Յունուարի 18ից Յունուարի 25ն ընկած ժամանակահատուածում:

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈԻՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ

ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ

Աղբիւրը՝ Ասպարէզ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

22/01/2022, 09:35