Որոնել

Եռագոյնը Եռագոյնը 

Հայաստանի Հանրապետութեան երեսուն տարուայ անկախութիւնը և վիրաւոր սիրտը

Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի, որ իւր ազգի Ազատութեան կզոհուի։
Ունկնդրէ լուրը

Վատիկան Նիուզ

«Հռոմի հայ համայնքի խորհուրդը» Հայաստանի Անկախութեան 30-ամեակի կապակցութեամբ տարածել է մամլոյ հաղորդագրութիւն, որում մասնաւորապէս ասւում է.

«Երեսուն տարի առաջ՝ 1991 թուականի սեպտեմբերի 21 -ին, Հայաստանի Հանրապետութիւնը անկախացաւ: Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնութեամբ քուէարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետութիւն ստեղծելու օգտին: Բացառիկ հանգրուան՝ վիրաւոր սրտով; Որպէս հայ ժողովրդի զաւակներ վիրաւոր սրտով ենք դիմաւորում հայոց պետականութեան յոբելենական տարեդարձը:Նախորդ տարուայ սեպտեմբերի 27-ին Արցախի դէմ թուրք-ադրբեջանցի-ջիհադիստների կողմից սանձազերծուած պատերազմի աղէտալի հետևանքների ցաւը չափազանց մեծ է, որի առաջին տարելիցը ընդամէնը մի քանի օր յետոյ է»:

«Հազարաւոր ընկածներ, ահռելի աւերածութիւններ, տարածքների և խորհրդանշական քաղաքների կորուստ, ինչպիսիք են Հադրութը և Շուշին, տասնեակ հայ զինուորներ, որոնք դեռևս գտնւում են Բաքվում, բայց ամէնից առաջ ՝ ադրբեջանական բռնապետութեան թշնամանքը հայ բնակչութեան դէմ թոյլ չի տալիս մեզ բաւականաչափ հանգստութեամբ նայելու Հայաստանի անկախութեան երեսունամեակին», - ասուած է Հռոմի հայ համայնքի խորհրդի գրառման մէջ;

Խորհուրդը տեղեկացրել է նաև, որ՝ յոբելեանի կարևորութիւնը գիտակցելով հանդերձ, այնուամենայնիւ որոշել է չկազմակերպել յոբելեանը նշելու որևէ նախաձեռնութիւն՝ անգամ սոցիալական ցանցերում:

Խորհուրդը համոզուած է, որ Արցախի դէմ հրահրուած պատերազմին անձնազոհաբար մարտնչած հայոց քաջարի զինուորները այսօր հուժկու ազդակ են յղում ամէն մի հայիս՝ մեծից փոքր, անկախ զբաղեցրած դիրքից և սոցիալական վիճակից, գործելու յանուն հայոց պետականութեան և հայ ժողովրդի գերագոյն նպատակների՝ ծնունդ տալով ազգային գաղափարախօսութեան յստակ տեսլականի. Սահմանների անվտանգութեան ապահովում, կրթութիւն, ինքնատիպութեան պահպանում։ Միայն այդպէս նրանց թափած արիւնը ապարդիւն չի լինի, միայն այդպէս կարող ենք պատուով յարգել նրանց յիշատակը։

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ իւր ազգի

Ազատութեան կզոհուի։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/09/2021, 11:05