Հայր Յարութիւն վարդապետ Պզտիկեան Հայր Յարութիւն վարդապետ Պզտիկեան 

Արմէն Սարգսեանը ցաւակցել է Հայր Յարութիւն վարդապետ Պզտիկեանի մահուան կապակցութեամբ:

Անխոնջ հոգևորականը, գիտնականը, մանկավարժն ու արհեստագէտը հոգով և մտքով ամուր կապուած էր Հայրենիքի հետ. նա շրջել է ողջ Հայոց աշխարհում, մէկիկ-մէկիկ գրի առել և նկարագրել ու նկարահանել մեր վանքերը, եկեղեցիները, պատմական յուշարձանները:
Ունկնդրէ լուրը

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը ցաւակցական ուղերձ է յղել Վենետիկի Մխիթարեան միաբանութեան անդամ Հայր Յարութիւն վարդապետ Պզտիկեանի մահուան կապակցութեամբ: «

ՀՀ նախագահի ցաւակցական ուղերձում ասւում է.

«Հայր Յարութիւնը այսօրեայ հայ իրականութեան մէջ ամենայայտնի անուններից է՝ շնորհիւ իր ապրած յագեցած կեանքի և բեղուն գործունէութեան: Մուսալեռցի ծնողների զաւակը աչք է բացել Պէյրութում՝ 1937 թուականին, իսկ 1950 թուականից ի վեր իր կեանքը կապել է Վենետիկի Մխիթարեան միաբանութեան հետ:

Միաբանութեան ուշիմ և տաղանդաւոր սանը ստանում է բազմակողմանի կրթութիւն Հռոմում ու Վենետիկում, բացի փիլիսոփայութիւնից, աստուածաբանութիւնից ու հոգևոր երաժշտութիւնից, հրապուրւում նաև գեղանկարչութեամբ:

Երկար տարիներ նա զբաղուել է նաև մանկավարժութեամբ աշխարհի տարբեր երկրների Մխիթարեան վարժարաններում: Հայր Յարութիւնը յատկապէս կապուած էր Փարիզին մերձակայ Սևրի Սամուէլ-Մուրադ վարժարանի հետ, որտեղ նա դասաւանդել է երկար տարիներ, իսկ կեանքի վերջին տարիներին, երբ վարժարանն այլևս չէր գործում, նա դարձել էր այդ պատմական հաստատութեան վերատեսուչը և Մխիթարեան ժառանգութեան անսասան պահապանը:

Անխոնջ հոգևորականը, գիտնականը, մանկավարժն ու արհեստագէտը հոգով և մտքով ամուր կապուած էր Հայրենիքի հետ. նա շրջել է ողջ Հայոց աշխարհում, մէկիկ-մէկիկ գրի առել և նկարագրել ու նկարահանել մեր վանքերը, եկեղեցիները, պատմական յուշարձանները: Նրա բեղուն գրչի տակից դուրս են եկել հայագիտական տասնեակ ուսումնասիրութիւններ, ճանապարհորդական յուշագրութիւններ, հայ ժողովրդի պատմութեանը և մշակոյթին նուիրուած ակնարկներ, սրտացաւ ու սուր դիտարկումներ մեր նոր իրականութեան վերաբերեալ:

Յատկապէս վերջին երեսուն տարիներին Հայր Յարութիւնի մի ոտքը Հայաստանում էր, որտեղ նա գնահատուած ու սիրուած էր և յաճախ հանդէս էր գալիս բանավիճային ելոյթներով, դասախօսութիւններով և նկարչական ցուցահանդէսներով:

Երկար տարիներ անձամբ ճանաչելով և շփուելով այդ բազմաշնորհ և կենսասէր անձնաւորութեան հետ` իմ մէջ ձևաւորուել է մեծագոյն յարգանք ու համակրանք մեր հոգևոր-մշակութային կեանքի այդ նուիրեալի նկատմամբ:

Անդառնալի կորստի կապակցութեամբ խորին ցաւակցութիւն եմ յայտնում Մխիթարեան միաբանութեանը, Մխիթարեան սաներին և վարդապետի հարազատներին ու մերձաւորներին»:

Քաղուած «Արմէնփրես»էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

13/04/2021, 08:24