Ատրպէյճանի կողմէ սահմանային բնակչութեան իրաւունքներու ոտնահարում Ատրպէյճանի կողմէ սահմանային բնակչութեան իրաւունքներու ոտնահարում 

Մարդու Իրաւունքներու Պաշտպանը կ՛ահազանգէ Ատրպէյճանի կողմէ սահմանային բնակչութեան իրաւունքներու ոտնահարումը

«Այս փաստերի վերաբերեալ հաղորդումներ ուղարկուելու են միջազգային կառոյցներին, այդ թւում` ԵԱՀԿին, ՄԱԿին, ԵԽին (անհրաժեշտ ապացոյցներով): Առանձին հաղորդումներ կ՛ուղարկուեն նաեւ միջկառավարական կազմակերպութիւնների յատուկ մեխանիզմներին»:
Ունկնդրէ լուրը

Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպանը ընդգծեց, որ Ատրպէյճանի իշխանութեան մարմինները կը շարունակեն Հայաստանի սահմանային բնակիչներու միջազգայնօրէն ճանչցուած իրաւունքները ոտնահարող արարքները:

Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան այս առնչութեամբ հրապարակեց հետեւեալ հաղորդագրութիւնը.

«Մասնաւորապէս, Հայաստանի Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ գիւղեր տանող, այսինքն` խաղաղ բնակավայրեր իրար կապող միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցի զինուորականները տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներէն ու անգլերէն գրառումով ցուցանակ, ինչպէս նաեւ ադրբեջանական դրօշներ:

Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանը յատկապէս վերջին օրերին զայրոյթի ու անհանգստութեան ահազանգեր է ստանում Կապան քաղաքի, ինչպէս նաեւ Ճակատեն, Շիկահող, Սրաշէն, Ծաւ, Ներքին Հանդ, Շիշկերտ գիւղերի բնակիչներից` կապուած այդ ցուցանակի հետ: Նոյնը վերաբերում է նաեւ դրօշների տեղադրմանը ճանապարհի այդ հատուածներում: Պաշտպանին անհրաժեշտ տեղեկութիւններ է ներկայացնել նաեւ Կապան համայնքի ղեկավարը: Այդ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են ահազանգեր այն մասին, որ Ադրբեջանի իշխանութիւնների այս քայլերը դիտաւորութիւն ունեն կոպտօրէն ոտնահարելու իրենց ֆիզիքական անվտանգութեան ու հոգեկան անձեռնմխելիութեան, սեփականութեան եւ կենսական կարեւորութեան միւս իրաւունքները, խախտում են երեխաների շահերը: Դրանք ցուցադրաբար թիրախաւորում են խաղաղ բնակիչներին ու գրեթէ ամէնօրեայ կրակոցների հետ միասին դա աւելի է մեծացնում լարուածութիւնը հայաստանեան այդ գիւղերում: Այս ահազանգերից յետոյ Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի Սիւնիքի մարզային ու կենտրոնական ստորաբաժանումներում անմիջապէս նախաձեռնուել է մանրամասն ուսումնասիրութիւն: Տեղում կատարուել են դիտարկումներ, ինչպէս նաեւ մի շարք քննարկումներ բնակիչների հետ:

Արդիւնքում` Կապան համայնքի բնակիչների ու համայնքային մարմինների նշուած ահազանգները հաստատուել են:

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանն Ադրբեջանի իշխանութեան մարմինների այս քայլերն անհրաժեշտ է համարում դիտարկել առնուազն հետեւեալ գործօնների տեսանկիւնից.

«1. Ադրբեջանում շարունակւում է կազմակերպուած հայատեացութեան ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականութիւնը.

«2. Ադրբեջանի իշխանութեան բարձրագոյն մարմինները հայ ժողովրդի մասին բացայայտօրէն խօսում են էթնիկ զտումների ու ցեղասպանութեան, ողջ հայ ժողովրդի արժանապատուութիւնը վիրաւորող լեզուով.

«3. Ադրբեջանում հնչում են Հայաստանի դէմ նոր պատերազմի բացայայտ կոչեր, այդ թւում` երկրում հանրային ճանաչում ունեցող ու նոյնիսկ իրաւապաշտպան ներկայացող անձինք.

«4. Ուղեկցւում է Հայաստանի Կապան համայնքի նշուած գիւղերի անմիջական հարեւանութեամբ ադրբեջանական զինուորականներն արդէն մէկ ամսից աւելի է գրեթէ ամէն օր արձակում են կրակոցնէր փոքր ու խոշոր զինատեսակներից, այդ թւում` լինելով հարբած վիճակում, ինչպէս դիտարկել են գիւղացիները.

«5. Կապան քաղաքից Ճակատեն գիւղ տանող ճանապարհին առկայ են ադրբեջանական զինուորականներ` զինուած մարդիկ.

«6. Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը, որի շրջանակներում տեղադրուել են նման ցուցանակներ ու ադրբեջանական դրօշներ, յայտնուել են ադրբեջանական զինուորականներ, ընթանում է մարդու իրաւունքների կոպիտ խախտումներով ու վտանգներով, հակասում է մարդու իրաւունքների միջազգային համակարգի հիմքերին ու իրաւունքերի գերակայութեանը, հետեւաբար` չունի իրաւական ուժ.

«7. Ադրբեջանի զինուած ուժերը հայկական կողմի զինուորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ յատկապէս 2020 թուականի Սեպտեմբեր-Նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ու դրանից յետոյ կատարել են խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք ու պատերազմական այլ յանցանքներ:

«Ուստի, ակնյայտ է, որ Ադրբեջանի զինուորականների նշուած քայլերն արուել են ՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների իրաւունքները ոտնահարող, նրանց բացայայտ ահաբեկող եղանակով (առաջին հերթին` երեխաներ, կանայք): Այս վիճակը չի կարող որեւէ կերպ նպաստել խաղաղութեանը տարածաշրջանում, միայն առաջացնում է լարուածութիւն, ոտնահարում է խաղաղ բնակիչների միջազգայնօրէն ճանաչուած եւ ՀՀ Սահմանադրութեամբ երաշխաւորուած իրաւունքներն ու շահերը:

«Այս փաստերի վերաբերեալ հաղորդումներ ուղարկուելու են միջազգային կառոյցներին, այդ թւում` ԵԱՀԿին, ՄԱԿին, ԵԽին (անհրաժեշտ ապացոյցներով): Առանձին հաղորդումներ կ՛ուղարկուեն նաեւ միջկառավարական կազմակերպութիւնների յատուկ մեխանիզմներին»:

Քաղուած «Ասպարէզ» էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

03/02/2021, 07:59