Armenian-fund_logo-copia.jpg

Կառավարութիւնը պէտք է հաշուետուութիւն ներկայացնի «Հայաստան» հիմնադրամի միջոցներով ծախսերի վերաբերեալ

Կառավարութիւնը պէտք է յստակ, մանրամասն և թափանցիկ հաշուետուութիւն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարուած ծախսերի վերաբերեալ, ընդ որում, դա պէտք է կատարուի առաւելագոյնս հրապարակային:

Հանրապետութեան նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմէն Սարգսեանը պաշտօնական նամակով դիմել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին:

Պատերազմի ծանր օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52,703,113,395 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան խնդրանքով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, նուիրատուութեան ձևով փոխանցուել է ՀՀ կառավարութեան առանձնացուած գանձապետական հաշուեհամարին՝ ենթակառուցուածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսաւորման նպատակով:

Նախագահ Սարգսեանն ի սկզբանէ այն կարծիքին է եղել և այսօր էլ այդ կարծիքին է, որ կառավարութեանը փոխանցուած գումարը պէտք է ձևակերպուէր որպէս պարտք՝ փոխառութեան ձևով: Սակայն ստեղծուած բարդ իրավիճակում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնութիւնն այլ որոշում է ընդունել:

Հաշուի առնելով հարցի շուրջ աճող հանրային հետաքրքրութիւնը՝ նախագահ Սարգսեանը պարզաբանումներ ներկայացնելու առաջարկութեամբ նոյեմբերի 26-ին նամակով դիմել է հիմնադրամի տնօրէն Հայկակ Արշամյանին. «Որպէս Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, խորապէս մտահոգ եմ, որ մեր հայրենակիցների ու բարեկամների կողմից հիմնադրամին նուիրաբերած գումարը կառավարութեանը փոխանցելու պատճառով որոշակի անվստահութիւն և դժգոհութիւններ են առաջացել հիմնադրամի գործունէութեան վերաբերեալ: Այդ մասին մեր հայրենակիցները բարձրաձայնել են նաև մամուլում: Յիշեալ փաստը նաև շահարկումների առիթ է դարձել, նուիրատուները իրենց վստահութիւնը չարաշելու վերաբերեալ կասկածներ ունեն: Այս ամէնի արդիւնքում կարող է վտանգուել ինչպէս «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակութիւնը, այնպէս էլ հետագայ ծրագրերի համար գումարների հանգանակումն ու նուիրաբերումը»:

Հանրապետութեան նախագահն ընդգծել է, որ ստեղծուած իրավիճակը պահանջում է ձեռնարկել հրատապ քայլեր, քանի դեռ վերջնականապէս չի կորսուել վստահութիւնը կառավարութեան և հիմնադրամի հանդէպ: Բացի այդ, առկայ է ընդհանրապէս համահայկական միասնութեան գաղափարի վարկաբեկման վտանգ, գաղափար, որը մինչ այժմ ապահովել է հիմնադրամի գործունութիւնը:

Հետևաբար, ըստ նախագահի, կառավարութիւնը պէտք է յստակ, մանրամասն և թափանցիկ հաշուետուութիւն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարուած ծախսերի վերաբերեալ, ընդ որում, դա պէտք է կատարուի առաւելագոյնս հրապարակային:

Միաժամանակ, պէտք է շտապ միջազգային աուդիտ անցկացուի, հանրութեանը և յատկապէս Սփիւռքի մեր հայրենակիցներին՝ որպէս հիմնադրամի հիմնական ու հաւատարիմ նուիրատուների, սպառիչ տեղեկատուութիւն տրամադրուի «Հայաստան» hամահայկական hիմնադրամի հանգանակած միջոցների և դրանց նպատակային կառավարման վերաբերեալ:

Միջազգային աուդիտի բացասական եզրակացութեան դէպքում կամ եթէ աուդիտի արդիւնքները չեն բաւարարում հոգաբարձուներին կամ նուիրատուներին, կառավարութեանը նուիրատուութեան ձևով փոխանցուած 52,703,113,395 ՀՀ դրամ գումարը պէտք է վերաձևակերպել որպէս պարտք՝ փոխառութեան ձևով, հետագայում այն «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամբողջովին վերադարձնելու պայմանով:

«Հասկանալով այն բարդ իրավիճակը, որում ներկայումս գտնւում է մեր երկիրը, միևնոյն ժամանակ, անընդունելի եմ համարում առկայ տարաբնոյթ ճգնաժամերին աւելացնել նաև վստահութեան ճգնաժամը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ:

Կառավարութեանը փոխանցուած միջոցների վերադարձը «Հայաստան» համահայկական հիմնադրամին կարող է փոխել իրավիճակը և հիմնադրամի հանդէպ վստահութեան վերականգնման երաշխիք դառնալ: Գումարի վերադարձը հիմնադրամի պիւտճէ հնարաւորութիւն կստեղծի, որ հոգաբարձուների խորհուրդն ինքը, հաշուի առնելով նաև հոգաբարձուների և նուիրատուների կարծիքն ու առաջարկութիւնները, որոշի ծախսերի ուղղութիւններն՝ անհրաժեշտութեան դէպքում համագործակցելով Արցախի ղեկավարութեան և ՀՀ կառավարութեան հետ»,-նշել է նախագահ Սարգսեանը՝ ակնկալելով նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների կարծիքը խնդրի վերաբերեալ:

Հիմնադրամը պէտք է լինի բացարձակապէս ապաքաղաքական կառոյց՝ զերծ անգամ ամենաչնչին կասկածներից: 

ՀՀ Նախագահի պաշտօնական կայքէջ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

07/12/2020, 07:00