Արցախ Արցախ 

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի դիմումը միջազգային հանրութեան

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի դիտարկումները վկայում են, որ սա ատելութեան կազմակերպուած քարոզի արդիւնք է, խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի համակարգուած քաղաքականութեան անբաժան մասը:

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանը դիմում է միջազգային հանրութեանը եւ վճռականօրէն հրաւիրում է յատկապէս մարդու իրաւունքների ոլորտի միջազգային կազմակերպութիւնների ուշադրութիւնն այն հիմնախնդրի վրայ, որ Ադրբեջանի իշխանութիւններն արհեստական ձգձգում են ինչպէս պատերազմական գործողութիւնների ընթացքում, այնպէս էլ այդ գործողութիւնների առաջ ու դրանց աւարտից յետոյ Ադրբեջանում գտնուող հայկական կողմի գերիների վերադարձի եւ դիերի փոխանակման գործընթացները:

Այս ամէնով Ադրբեջանը կոպտօրէն ոտնահարում է Ժնեւեան համաձայնութիւններով երաշխաւորուած հիմնարար պահանջները:

Ակնյայտ է, որ Ադրբեջանն այս ամէնով նպատակ ունի դիտաւորութեամբ հայ հասարակութիւնում ստեղծել անորոշութեան ու լարուածութեան մթնոլորտ, խաթարել հասարակութեան հոգեկան անձեռնմխելիութիւնը, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների ու գերիների ընտանիքների անդամներին:

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի դիտարկումները վկայում են, որ սա ատելութեան կազմակերպուած քարոզի արդիւնք է, խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի համակարգուած քաղաքականութեան անբաժան մասը:

Մասնաւորապէս, Մարդու իրաւունքների պաշտպանը Սեպտեմբերի 27ից սկսած մշտապէս արձանագրել է, որ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական զինուած ուժերի յարձակումներն ուղեկցուել են խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքով, խաղաղ բնակավայրերի զանգուածային աւերուածութիւններով, մարդու իրաւունքների այլ կոպիտ խախտումներով, որոնք տեղի են ունեցել վարձկան ջհադիստների ու ահաբեկիչների օգտագործմամբ եւ ատելութեան կազմակերպուած քարոզով:

Լրատուամիջոցների ադրբեջանական աղբիւրներից անընդհատ հրապարակւում են տեսանիւթեր ու լուսանկարներ այն մասին, թէ ինչպէս են ադրբեջանական զինուած ուժերն անարգանքի ենթարկում հայկական կողմի զինծառայողների դիերը, խոշտանգում ու նուաստացնում գերեվարուած զինծառայողներին ու քաղաքացիական անձանց: Այս ամէնն ուղեկցւում է հրճուանք ապրող ադրբեջանական մեկնաբանութիւններով:

Պատերազմական գործողութիւնների ողջ ընթացքում ակնյայտ էր, որ ադրբեջանական իշխանութիւնները խրախուսում են այս դաժանութիւններն ու նուաստացումները` նպատակ ունենալով Ադրբեջանում բորբոքել հայերի նկատմամբ ատելութիւն ու թշնամանք, հերոսացնել դրանք կատարողներին:

Մարդու իրաւունքների պաշտպանի ուսումնասիրութիւնների արդիւնքները հաստատում են, որ միջազգային բոլոր պահանջներին հակասող այս արատաւոր երեւոյթներն ունեն համակարգուած եւ համատարած բնոյթ` սկսած քաղաքական իշխանութեան մարմիններից մինչեւ մշակոյթի ու սպորտի գործիչներ:

Պատերազմական գործողութիւնների աւարտից յետոյ հայկական կողմի գերեվարուածների նկատմամբ ադրբեջանական զինուած ուժերի խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը նոր դրսեւորումներ են ստացել. զգալիօրէն աճել են դրանց թիւն ու տարածման ծաւալները, ինչպէս նաեւ դաժանութեան աստիճանը:

Ստեղծուած պայմաններում գերիների ազատ արձակումը եւ նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպէ առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր:

Հետեւաբար, դիմում եմ միջազգային հանրութեանը ու յատկապէս մարդու իրաւունքների պաշտպանութեան իրաւասութիւն ունեցող արտերկրեայ կառոյցներին. անհրաժեշտ է առաւելագոյն առաւելագոյն հնարաւորութիւններով ու իրական քայլերով հրատապ լուծել այս խնդիրը` որպէս պատերազմական ամենածանր յանցագործութիւններից ու անմարդկային, դաժան գերությունից մարդկանց ազատելու նպատակով:

Քաղուած «Ասպարէզ»էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

03/12/2020, 07:40