Որոնել

Արհեստագիտութիւն Արհեստագիտութիւն 

Կովկասի Սիլիկոնային հովիտը: Էրիկ Նազարեանի վերլուծական յօդուածը:

Անձամբ ճանաչում եմ շատերին, ովքեր այսօր շարունակում են համակարգչային գիտութիւնների իրենց ուսումը՝ մէկ օր այն կիրառութեան մէջ դնելու և ստեղծելու իրենց անձնական ծրագրերն՝ ի շնորհիւ ստեղծարարութեան ազատութեան ու ինքնատիպութեան դրսևորման հնարաւորութիւնների:
Ունկնդրէ լուրը

Ապագան մեծապէս կապուած է լինելու տեխնոլոգիաների և կայուն զարգացման ոլորտներում ներդրումներ կատարելու տուեալ երկրի կամ ժողովրդի կարողութիւններից: Որպէս բարգաւաճող երկիր, այսօր Հայաստանը և նրա երիտասարդութեան ուշադրութիւնը սևեռել են ծրագրերին ու նախաձեռնութիւններին, որոնք կարող են համաշխարհային ճանաչման հանգեցնել երկիրը։ Մինչ Հայաստանի հարևան երկրները զբաղուած են երկաթուգծեր և  խողովակաշարեր կառուցելով, տարանցելու համար նաւթը և գազը, մեր փոքրաթիւ, սակայն աշխատասէր ժողովուրդը փոխարէնը կենտրոնացել է կառուցելու խոստումնալից ապագայ, որը մի կողմից կներառի շրջակայ միջավայրի պաշտպանութիւնը, իսկ միւս կողմից՝ կնուազեցնի իր կախուածութիւնը նաւթագազային էներգետիկայի աղբիւրներից։

Կենտրոնանալով տեխնոլոգիական զարգացմանը, վերջին շրջանում Հայաստանը կարողացել է գլոբալ մակարդակում ձեռք բերել իւրայատուկ համբաւ։ 2019թ․-ին Երևանում կայացած ՏՏ 23-րդ համաժողովի ընթացքում, Համաշխարհային տեղեկատուական տեխնոլոգիաների և ծառայութիւնների դաշինքի (WITSA) նախագահող Իվոն Չիուն Հայաստանը յայտարարեց որպէս կովկասեան տարածաշրջանի Սիլիկոնային հովիտ: Այսօր նոր մօտեցումներով երկրում սկսուել են իրականացուել ստարտապների ծրագրեր եւ կառուցւում են ստեղծարարական կենտրոններ ուղղորդելով երիտասարդութեանը դէպի մաթեմատիկական կրթութիւն եւ համակարգչային գիտութիւնների ուսումնասիրութիւն: Microsoft-ի և Google-ի նման տեխնոլոգիական հսկաներն իրենց հետաքրքրութիւնն են յայտնում ներդրումներ կատարել։ TUMO -ն, Service Titan- ը և նմանօրինակ այլ կենտրոնները սկսել են արտահանել իրենց փորձը, և այս պահը կարծես օգտագործւում է ուղղելու համար երկրի տնտեսական ողնաշարը։ Տնտեսութեան տեխնոլոգիական ոլորտը շարունակաբար վերաճում է բազմամիլիոնանոց արդիւնաբերութեան, ինչը հնարաւորութիւններ է ստեղծում տարբեր գործարար մտքեր եւ յատուկ աշխատանքային կարիերա որոնողների համար։

Անձամբ ճանաչում եմ շատերին, ովքեր այսօր շարունակում են համակարգչային գիտութիւնների իրենց ուսումը՝ մէկ օր այն կիրառութեան մէջ դնելու և ստեղծելու իրենց անձնական ծրագրերն՝ ի շնորհիւ ստեղծարարութեան ազատութեան ու ինքնատիպութեան դրսևորման հնարաւորութիւնների:

Կարծում եմ ամենակարևորն է, որ մեր հանրութիւնում առկայ է գիտութեան և նորամուծութիւնների ոլորտների դժուարին, սակայն խոստումնալից ճանապարհն ընտրելու աճող հետաքրքրուածութիւն: Այս ոլորտները պէտք է մեծապէս խթանուեն, առաւել շատ մասնագէտներ ներգրաւելու համար, որպէսզի նրանց ստեղծագործութիւնը ներշնչի, և ի յայտ բերի առաջնորդների նոր սերունդ՝ առաւել յաւակնոտ ծրագրեր կառուցելու համար, որոնք կարող են օգնել երկրին զարգացնելու իր սեփական կայուն նախագծերը՝ քամուց, ջրից, արևից, ձայնից և  նոյնիսկ ջերմային ալիքներից էներգիայի իր սեփական աղբիւրները ստեղծելու համար։

Արագօրէն ընդլայնուող ծրագրերից է «Արմաթ»-ը, որը մշակուել է Առաջադէմ տեխնոլոգիական ձեռնարկութիւնների միութեան կողմից։ Այն երիտասարդ ինժեներներին հնարաւորութիւն է տալիս ապահով ու զուարճալի միջավայրում նախագծել, կառուցել, փորձարկել և բարելաւել սեփական ստեղծագործութիւնները, ձեռք բերելով նոր ընկերներ և ստեղծելով նոր ստարտապներ: Տպաւորիչ է, որ արդեն 2020թ․-ի դրութեամբ Հայաստանում, Արցախում և Վրաստանում գործում են ընկերութեան աւելի քան 500 ինժեներական լաբորատորիաները, որոնցում 15 հազար ուսանողներ ստանում են անվճար ինժեներական կրթութիւն:

2019թ.-ին TIME ամսագիրը Հայաստանը բնորոշեց «Կովկասեան վագր» մականունով, որը մեծապէս պայմանաւորուած էր թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ երկրի բուռն տնտեսական աճով, ՀՆԱ-ի աւելացմամբ և ոչ պարտադիր բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, այլ նաև զբօսաշրջութեան, ծառայութիւնների և այլ բնագաւառներ աճը տեղափոխելու ունակութեամբ։ Այս ամենը Հայաստանին դարձրեց 41-րդ երկիրը Doing Business-ի վերջին զեկոյցի համաձայն:

Աշխարհը գնալով դառնում է առաւել փոխկապակցուած, ու թերևս համավարակով պայմանաւորուած համաշխարհային իրավիճակն ու մարտահրաւէրները կարծես ուղղորդում են մեզ զարգացնելու այնպիսի ծրագրեր, որոնք անձնական շփումների բացակայութեան կամ նուազեցման պայմաններում ստեղծեն կապը հին ու նոր սերունդների միջև, միւս կողմից ապագան դարձնեն կանխատեսելի, յարմարաւէտ ու անվտանգ բոլորի համար։ Վստահ եմ դեռևս կարող ենք աշխարհին զարմացնել, բայց ամենակարևորը մյուս ազգերի հետ կիսուել գիտութեան, կրթութեան ու նորարարութեան բնագաւառներում ունեցած մեր արժէքաւոր ռեսուրսով, աւանդոյթներով կարողութիւններով, ինչպես որ դա տեղի է ունեցել յետեղեռնի ժամանակաշրջանից մինչև օրս։

Կցանկանայի ասելիքս աւարտել Խորենացու բառերով «Թեպէտ մենք փոքր ածու ենք և շատ սահմանափակ թուով ու զօրութեամբ թոյլ, և շատ անգամ օտար թագաւորութեան տակ նուաճուած, բայց և այնպէս մեր աշխարհումն էլ քաջութեան շատ գործեր կան գործուած, գրելու և յիշատակելու արժանի...»:

The Silicon Valley of the Caucasus թարգմանուած է անգլերէնից

հեղ․ Էրիկ Նազարյան

Հռոմ-Վաշինգտոն-Երևան

Ճորճ Վաշինկթոն համալսարանի Էլիոթի միջազգային յարաբերութիւնների դպրոց 2022թ. աւարտական տարի։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

07/07/2020, 07:35