2019.10.06-Ambasciatore-Nazarian.jpg

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի ուղերձը «Ժամանակն անցնում է, յիշողութիւնը մնում» միջոցառմանը նուիրուած Հայոց ցեղասպանութեան 105-րդ տարելիցին:

Դեսպան Կարեն Նազարյանի բացման խօսքը Հայոց ցեղասպանութեան 105-րդ տարելիցին առթիւ Հռոմի Հայ Համայնքի Խորհուրդին կազմակերպած համացանցային ձեռնարկին։

Ողջունում եմ նրանց ովքեր այս պահին միացել են մեզ՝ ոգեկոչելու համար Հայոց ցեղասպանութեան 105-րդ տարելիցը։ Արտակարգ դրութեան պայմաններում գործնականում հնարաւոր չէ ապրիլի 24-ի յիշատակման այս տարուայ միջոցառումների  իրականացումը, սակայն բարեբախտաբար, մեզ հասանելի են ժամանակակից հաղորդակցման տեխնոլոգիաները, որոնց միջոցով առաջիկայում ևս կշարունակուի Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը։ 

Նախ կցանկանային նշել, որ ապրիլ 24-ը մեզ համար հաւաքական ցաւի, սակայն նաև համախմբման օր է՝ անարդարութեան ու ժխտողականութեան դէմ պայքարը շարունակելու առումով։ XX դարի առաջին ցեղասպանութեան ժխտման ու դրա հանդէպ հաւաքական լռութեան հետևանքով էր, որ Հիտլերին ու նրան յաջորդած միւս դահիճներին յաջողուեց աշխարհում սերմանել թշնամանք, ատելութիւն ու բնաջնջել միլիոնաւորներ անմեղ մարդկանց։ 

Ցաւօք անցած դարաշրջանում մի քանի անգամ անցնելով այդ ոճրագործութեան սարսափի միջով, ի նկատի ունեմ նաև 1989-90թթ․-ին Ադրբեջանի քաղաքներում խաղաղ բնակչութեան զանգուածային սպանութիւններով ուղեկցուող դաժան հակահայկական ջարդերը, մենք հայերս շատ լաւ ենք գիտակցում թե ինչ է նշանակում ցեղասպանութիւն ու այդ տերմինի օգտագործման պատասխանատուութիւնը։

Բոլորս, հայ, իտալացի, թուրք կամ որևէ այլ ազգի ներկայացուցիչ, ինքներս մեզ կարող ենք հարց տալ այս օր, արդեօք մենք դասեր քաղել ենք անցեալից, արդեօք մենք փոխուել ենք որպէս հանրութիւն ու մարդկութիւն, թէ շարունակում ենք լուռ ու անտարբեր մնալ այդ նոյն մարդկութեան ապրելու իրաւունքի, նրա անցեալի ու արժանապատւութեան ոտնահարման հանդէպ։ 

1915-23թթ․ հայ ազգի դէմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգուածային բնաջնջումների  բացարձակ ժխտումը Թուրքիայի կառավարութեան կողմից շարունակւում է: Այդ պետութիւնն ամեն կերպ փորձում է դիմադրել ու հակադրուել միջազգային հանրութեանը՝ պատմութեան նենգափոխման համար օգտագործելով քարոզչական տարբեր ձևեր, ճնշումներ և լոբբինգին։

Ժխտողականութիւնը նման է համավարակի, որով կարելի է հիւանդացնել սերունդներին, սակայն, այն ունի պատուաստանիւթ և դա ճանաչումն է, սեփական անցեալի ու պատմութեան ճանաչումը, որը դէպի համերաշխութիւն ու համակեցութիւն տանող ամենակարճ ճանապարհն է։

Ցեղասպանութեան ոճիրը բոլորիս ու միջազգային հանրութեան ձախողման հետևանք է, ու հետևաբար, դրա կանխարգելումը պէտք է համարուի նաև իւրաքանչիւրիս պատասխանատուութիւնը: Այս պատճառով է, որ մենք, որպէս ցեղասպանութեան վերապրողների սերունդներ ու ներկայացուցիչներ շարունակում ենք մեր հանրային կեանքում ու միջազգային յարաբերութիւններում կարևոր տեղ յատկացնել ցեղասպանութեան յանցագործութեան ճանաչմանն ու կանխարգելմանը։

Սիրելի բարեկամներ,

Ապրիլի 24-ին մեզ պատում է նաև հպարտութեան զգացումները, քանի որ անցած 105 տարիների զոհողութիւնների, մաքառումների ու մեր ժողովրդի աշխատանքի շնորհիւ կարողացել ենք պահպանել ու յարատևել մեր դարաւոր քաղաքակրթութիւնը, մեր հարուստ պատմամշակութային ժառանգութիւնը, իսկ այսօր էլ, որպէս առաջին քրիստոնեայ երկիր, աշխարհին ներկայանում ենք մեր զարգացող պետութիւնով ու ժողովրդավարութիւնով, որն ունակ է թէ իրեն պաշտպանելու, և թէ իւրաքանչիւր հայի՝ հայրենիքում կամ դրա սահմաններից դուրս։ 

Կարևոր է արձանագրել, որ Հայոց ցեղասպանութեան տարելիցը մենք ոգեկոչում ենք նաև երախտագիտութեան զգացումով։ Որպէս Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան ես չեմ կարող չանդրադառնալ հինգ տարի առաջ այս օրերին Ն․Ս․ Ֆրանցիսկոս Պապի արտայայտած սկզբունքային դիրքորոշմանը։ Սրբազան քահանայապետի համընդհանուր ու համարձակ ուղերձի արդիւնքում է նաև, որ այսօր տարբեր երկրների կողմից իրար յաջորդում են Հայոց ցեղասպանութեան պաշտօնական ճանաչումների որոշումները։ 

Առիթն օգտագործելով մեր երախտագիտութիւնն ենք յայտնում հայ ժողովրդի բարեկամներին, օտարերկրեայ խորհրդարանականներին, քաղաքական ու ակադեմիական գործիչներին, հոգևորականներին, հասարակական կառոյցներին, լրագրողներին ու պարզապէս այն առաջադէմ ու խաղաղասէր մարդկանց ովքեր կանգնած են պատմական ճշմարտութեան ու արդարութեան կողքին։ 

Ոգեկոչման այս առիթները մեզ համար նոր հնարաւորութիւններ են մեծ թափ հաղորդելու իրազեկման աշխատանքներին։ Կարևոր է, որ իւրաքանչիւրս իր տեղում, իր կարողութիւնների սահմաններում շարունակի ներկայացնել Հայոց ցեղասպանութեան պատմութիւնը, ու դրանով իսկ ներդրում ունենալով ժխտողականութեան դէմ պայքարում, քանի որ ցեղասպանութեան ժխտումը դրա շարունակութիւնն է։ 

Շնորհակալ եմ ձեզ հետ շփուելու այս հնարաւորութեան համար։

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

24/04/2020, 15:50