Ֆրանչեսկոն եւ Վալենթինան Վերսիլիայի լողափին  Ֆրանչեսկոն եւ Վալենթինան Վերսիլիայի լողափին  

«Լաւագոյն ամառը». այլ հայեացք հաշմանդամութեանը:

Իտալիայի ամենաբացառիկ լողափերից մէկում, որտեղ ակնյայտ կերպով ենթարկւում են նորաձեւութեանը՝ օրերից մէկ օր յայտնւում են հաշմանդամութիւն ունեցող մի խումբ երիտասարդներ եւ նրանց ընտանիքների անդամները, որպէսզի գեղեցիկ օրեր ապրեն, ինչը կը փոխի նրանց կեանքը:

Դեբորա Դոննինի – Վատիկան

Կան պատմութիւններ, որոնք պատմում են անուանի մարդկանց, արքաների, աշխարհի առաջնորդների, նրանց մասին՝ ովքեր վճռում են մարդկանց ճակատագրերը՝ պատերազմներ հրահրելով կամ խաղաղութիւն հաստատելով, ովքեր համաձայնագրեր են կնքում եւ որոշումներ կայացնում սեղանի շուրջ: Կան նաեւ այնպիսի պատմութիւններ, որոնք շատ յաճախ մնում են գաղտնի, սակայն, իրապէս փոխում են մարդկանց կեանքը: Սրանք պատմութիւններ են այն երիտասարդների մասին, ովքեր 1968 թուականին հասկացան, որ իսկական յեղափոխութիւնն իրականացնում են սիրով եւ ոչ՝ զէնքով, քանի որ մարդկանց սրտերը շարժելն աշխարհն իրականում փոխելու միակ միջոցն է:

Այս պատմութիւնը սկիզբ է առել դեռեւս 50 տարի առաջ՝ Փիսթոյայում, երբ երիտասարդ Լուիջի Բարդելլին, ով այդ ժամանակ Ջղակծկումներ ունեցող մարդկանց աջակցութեան իտալական կենդրոնի (ՋՄԱԻԿ) նախագահն էր, որոշեց Վերսիլիայի ամենաշքեղ եւ «նորաձեւութեան հետեւորդների լողափ» կոչուող այս վայր բերել հաշմանդամութիւն ունեցող մի խումբ երեխաների եւ նրանց ընտանիքների անդամներին, որպէսզի նոյնիսկ նրանք՝ ովքեր հաշմանդամի սայլակին են գամուած, կարողանան վայելել ծովի գեղեցկութիւնն ու օգտուել տեղի հիւրընկալութիւնից՝ առանց անտեսուած լինելու զգացողութեան: Այս ամէնը գիտակցումն է այն բանի, որ ոչ միայն հաշմանդամութիւն ունեցող մարդկանց, այլեւ բոլորիս հոգիների ու մարմինների համար ամենակարեւորը սիրելն ու սիրուած լինելն է, զգալը, որ մէկ մարմնի եւ համայնքի անբաժանելի մասն են կազմում: Այլ կերպ ասած՝ այլեւս միայնակ չը զգալ:

Վաւերագրական ֆիլմ. «Լաւագոյն ամառը»

Այսուհանդերձ, անհրաժեշտ է իսկական պայքար մղել ընդունուած լինելու համար՝ մերժելով խտրական վերաբերմունքը, ի վերջոյ, կարեւորը նախապաշարմունքների նկատմամբ յաղթանակն է: Այսպիսով, սկսւում է «պայքարը», որը 50 տարի է, ինչ շարունակւում է հաշմանդամի սայլակին գամուած բազմաթիւ երեխաների, Դաունի համախտանիշ, օթիզմ (աուտիզմ) կամ այլ տեսակի հաշմանդամութիւն ունեցող մարդկանց համար: Իւրաքանչիւր տարի նրանք կազմակերպում են «Լաւագոյն ամառ» վերտառութեամբ ամարային հանգիստ, որտեղից էլ վերցուած է Բէատրիչէ Բերնաչիի եւ Ջիաննի Վուկաժի համանուն վաւերագրական ֆիլմը՝ նկարահանուած «Tv2000Factory» ընկերութեան կողմից, որն իր համար մեծ պատիւ է համարում պատմել այս լողափի մասին՝ ոչ այնպէս, ինչպէս ուրիշները, առանց իրականութիւնը թաքցնելու, ֆիլմի ցուցադրութիւնները կազմակերպելով Իտալիայի տարբեր քաղաքների կինօթատրոններում:

Սոնիան՝ հենաշարժողական խանգարում ունեցող Ջիուլիայի մայրը
Սոնիան՝ հենաշարժողական խանգարում ունեցող Ջիուլիայի մայրը

Հաւատքի պայքարը

Կան պատմութիւններ, որոնք փոխում են մարդուն, հետք թողնում նրա ճակատագրի վրայ եւ սովորեցնում: Այս պատմութիւնը դրանցից մէկն է: Սա պատմութիւն է մայրերի մասին, ովքեր անցեալում բազմաթիւ դժուարութիւնների են հանդիպել եւ մտահոգութիւն են յայտնում ապագայի նկատմամբ: Սա պատմութիւն է հենաշարժողական հաշմանդամութիւն ունեցող 23-ամեայ Ջիուլիայի եւ օթիզմի սպեկտրի հետ կապուած խնդիրներ ունեցող 13-ամեայ Էլիայի ծնողների՝ Ալդոյի եւ Սոնիայի մասին: Դժուարին փորձութիւն, որը ստիպում է Սոնիային պայքար մղել ընդդէմ սեփական հաւատքի, երբ նրան յայտնում են երկրորդ երեխայի առողջական խնդիրների մասին: «Արցունք էինք թափում, չարացել էինք Աստուծոյ եւ մեր մտերիմների հանդէպ», - խոստովանում է մի մայր, ով որքան խիզախ, նոյնքան էլ վճռական է, բայց, նախ եւ առաջ՝ անսահման սէր է տածում իր երեխաների նկատմամբ: «Այսպիսով, մենք համաձայնեցինք, որ մեզ օգնութեան ձեռք մեկնեն» եւ, ամռանը, ծովափին անցկացրած օրերին, երբ Ջիուլիային էի ուղեկցում, Դօն Դիեգոյի շնորհիւ, պատարագի ժամանակ աղօթելիս «սկսեցի արտասուել, զգացմունքներիս ազատութիւն տուեցի եւ դուրս թափեցի ողջ զայրոյթս, բայց, միեւնոյն ժամանակ, վերագտայ հաւատը, որն, իրականում, միշտ էլ ունեցել եմ»:

Դօն Դիեգո Փանքալդոն Maria Assunta in Cielo հիմնադրամի հոգեւոր աջակիցն է: Սա Փիսթոյայում գործող եւ շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն է, որը ստեղծուել է մի խումբ կամաւորների նախաձեռնութեամբ, ովքեր տարիներ ի վեր ներգրաւուած են կաթողիկէ ոգով ներշնչուած կազմակերպութիւնների կողմից եւ ի նպաստ հաշմանդամութիւն ունեցող մարդկանց իրականացուող միջոցառումների մէջ: Այս կազմակերպութեան նախագահը Լուիջի Բարդելլին է՝ «երբեմնի» երիտասարդը, ով տարիներ առաջ կեանքի կոչեց ամարային հանգստի այս հիասքանչ օրերը: Մարդիկ իրենց յիշողութիւններում շատ յաճախ եւ սիրով մտաբերում են Դօն Դիեգո Փանքալդոյին եւ նրան համարում իրեն յանձնուած հօտի հովիւ, ով պատրաստ է անցնել արցունքների ու քրտինքի միջով եւ արձագանգել այլոց ցաւին: Խնամակալների եւ կամաւորների ընդունելութեան եւ աջակցութեան շնորհիւ Սոնիան իրեն զգում է մի մեծ ընտանիքի անդամ, ինչը թոյլ է տալիս վայելել ամարային հանգիստը՝ չնայած իր յուսախաբութեանը եւ ցաւին:

Տեսարան լողափից եւ այնտեղ իրենց հանգիստն անցկացնող այցելուները
Տեսարան լողափից եւ այնտեղ իրենց հանգիստն անցկացնող այցելուները

Մեծ օգուտ քաղել՝ առանց մէկ եւրոյ շահոյթ ստանալու

Ինչպէս վաւերագրական ֆիլմն է վկայում՝ սա նաեւ պատմութիւն է երիտասարդ կամաւորների մասին, ովքեր 10-ից 15 օր կամաւորական աշխատանք են իրականացնում եւ օգնում հաշմանդամութիւն ունեցող երիտասարդներին իրենց լաւագոյն ամարային հանգիստն անցկացնել: Կամաւորները տօնական երեկոներ են կազմակերպում, աջակցում եւ ապրում այս երիտասարդների հետ միասին: «Գործնականում նրանք այստեղ են գալիս չունենալով որեւէ ակնկալիք՝ որպէս կամաւորներ, եւ վերադառնում լիովին վերափոխուած: Ակնյայտ է, որ կամաւորական աշխատանքներ իրականացնողները եւս մեծ օգուտ են քաղում՝ ոչ միայն մարդկային տեսանկիւնից, - ասում է Ալդոն՝ Սոնիայի ամուսինը, - այլեւ՝ ճանաչում սեփական անձի ներքին ունակութիւնները, որոնք օգնում են յաղթահարել դժուարին իրավիճակները»: Ալդոն, ով նոյնպէս կեանքի մեծ փորձառութիւն ունի՝ վստահեցնում է. «Սէր բառի հականիշը ատելութիւնը չէ, այլ՝ եսասիրութիւնը»: «Եթէ չգիտակցենք, որ լաւ ապրելու համար անհրաժեշտ է ամէն ինչ տալ, ապա՝ ոչ մի բանի չենք հասնի»: Համայն աշխարհը խօսում է շեշտը դնելով «ունենալ» բայի վրայ, իսկ այստեղ կարեւորը «լինել» բայն է:

Վաւերագրական ֆիլմի դէմքն ու ձայնը. Ֆրանչեսկo եւ Վալենթինա
Վաւերագրական ֆիլմի դէմքն ու ձայնը. Ֆրանչեսկo եւ Վալենթինա

Պատրաստակամութիւն եւ անմիջականութիւն

Այս պատմութեան իրական հերոսները երիտասարդներն են: 24-ամեայ Վալենթինան եւ նրա ընկեր Ֆրանչեսկոն վաւերագրական ֆիլմի գլխաւոր դէմքերն ու ձայներն են: Վալենթինան Զբօսաշրջութեան Ինստիտուտի շրջանաւարտ է եւ, արդէն տասը տարի է, ինչ յաճախում է ժամանակակից պարերի դպրոց: Նրա համար այս ֆիլմում նկարահանուելու փորձը նոյնքան անմոռանալի է, որքան ամարային հանգստի օրերը, որ վերջին տասը տարիներին անցկացնում է լողափին՝ շնորհիւ այս կազմակերպութեան: Ինչպէս Վալենթինան է մեկնաբանում՝ այստեղ բոլորն ընկերներ են եւ, ամարային հանգստից յետոյ շարունակում են կապ պահպանել ոչ միայն միմեանց, այլեւ՝ կամաւորների հետ, հանդիպում են ռեստորանում, մասնակցում ուխտագնացութիւնների եւ «Երիտասարդների համաշխարհային օրեր» միջոցառումներին: «Միասին անցկացրած այս պահերին Աստուած միշտ ներկայ է եւ իր անմիջականութեամբ ու ժպիտով լուսաւորում է իրեն շրջապատող մարդկանց», - ասում է Վալենթինան:

Վաւերագրական ֆիլմի ցուցադրութիւնը Հռոմի կինօդահլիճներից մէկում
Վաւերագրական ֆիլմի ցուցադրութիւնը Հռոմի կինօդահլիճներից մէկում

Ընդունուած լինել այնպիսին, ինչպիսին կանք

Երիտասարդների հետ իրականացրած նկարահանումների հինգ օրերը «կեանքի դասեր» եղան, եւ, ետ նայելով, «այս հիասքանչ օրերը մեզ թոյլ տուեցին իրապէս ճանաչել կեանքի իմաստը», - ասում է պրոդյուսեր Կոնչետտա Մալատեստան, ով Բէատրիչէ Բերնաչիի եւ բեմադրիչ Ջիաննի Վուկաժի հետ միասին ներկայացնում են մի պատմութիւն, որը խորապէս փոխեց նրանց:

Ֆիլմն ինքնին, որոշ իմաստով, մէկն է այն պատմութիւններից, որոնք փոխում են կեանքը, քանի որ բացի կոկորդը սեղմող հանգոյցից ու այրող արցունքներից, որ սահում են այտերդ ի վար՝ ցոյց է տալիս կեանքի իրական գեղեցկութիւնը, եւ, ի հարկէ, սիրոյ գեղեցկութիւնը, սէր, որ տալիս են կամաւորները, ընտանիքի անդամները՝ որոնք շատ յաճախ հերոսական պայքար են մղում, եւ հէնց իրենք՝ հաշմանդամութիւն ունեցող երիտասարդները: «Սա զգացողութիւն է ընդունուած լինելու այնպիսին, ինչպիսին նրանք կան եւ ոչ այն բանի համար, թէ ինչպիսին պէտք է լինեն», - ընդգծում է Բէատրիչէն: Յիշողութեան մէջ դրոշմւում է հաշմանդամութիւն ունեցող երիտասարդ մի աղջնակի պատկերը, ով մատները պարզած՝ թուում է, թէ խաղում է քամու հետ: «Ընտանիքների խելայեղ կամքը», ովքեր այսպիսի իրավիճակում են ապրում 24 ժամ շարունակ, տարուայ մէջ 365 օր՝ խորապէս յուզել է բեմադրիչ Ջիաննիին: «Սա ոչ թէ երեւակայական, այլ շատ գեղեցիկ ու իրական կղզեակ է, որտեղ իւրաքանչիւրը կարող է խարիսխ գցել», - ընդգծում է Բէատրիչէն: Սա կղզեակ է, որտեղ նորմալ վիճակ ունենալու գաղափարը բոլորովին հակառակ ընկալումն ունի, քանի որ այստեղ նորմալ վիճակ է համարւում այս երեխաների անմիջականութիւնն ու պարզութիւնը, նոյնիսկ՝ ամենադժուարին պահերին:

Լուիջի Բարդելլիի հարցազրոյցը վաւերագրական ֆիլմի համար
Լուիջի Բարդելլիի հարցազրոյցը վաւերագրական ֆիլմի համար

Սէրը վերականգնողական լաւագոյն միջոց

«Այստեղ մեզ համար բացայայտեցինք մի բառ, որը սովորաբար չեն գործածում՝ սէրը, որը վերականգնողական լաւագոյն միջոցն է»,- վաւերագրական ֆիլմի հարցազրոյցի ժամանակ պատմում է Լուիջի Բարդելլին եւ, որպէս կենսական բուժամիջոց, ընդգծում մարդկային փոխյարաբերութիւնների կարեւորութիւնը, քանի որ հաշմանդամութիւն ունեցողներն իրենց շուրջը զգում են սիրոյ առկայութիւնը՝ ինչը բարելաւում է նրանց առողջական վիճակը, մինչդեռ, առողջական խնդիրներ չունեցող շատ մարդիկ՝ լինեն հարուստ, թէ աղքատ՝ դժբախտ են: Լուիջի Բարդելլիին յաջողուեց քանդել բոլոր պատնէշները, քանի որ սկզբնական շրջանում հրաժարւում էին հաշմանդամութիւն ունեցող  երիտասարդներին ընդունել այս լողափում, սակայն նա կարողացաւ ոչ միայն լուծում գտնել այս խնդրին՝ արդար որոշում կայացնելով, այլեւ՝ ամէն տարի շարունակել այսպիսի հիասքանչ ամարային հանգիստ կազմակերպել: Ուստի, այսօր առանձին շէնք է յատկացուած յատուկ կարիքներ ունեցող մարդկանց ամարային հանգստի համար: Նա նաեւ կապ է հաստատում հարեւանութեամբ գործող ծովափնեայ առողջարանների հետ: Այս ամէնը կարծես հրաշք լինի: Ի վերջոյ, տարբերութիւնները կամ դժուարութիւնները չէ, որ մեզ գերի են դարձնում, այլ՝ մեր կողպուած սրտերը, եւ միայն այն ժամանակ, երբ դրանք բացուեն՝ հնարաւոր կը լինի բոլորովին այլ հայեացքով նայել եւ նկատել ծովի գեղեցկութիւնը:

Յղում ֆիլմի ամփոփ հոլովակին. https://www.youtube.com/watch?v=iB_wxW_5TTk

Ֆիլմի ամփոփ տեսահոլովակի կազմի լուսանկարը
Ֆիլմի ամփոփ տեսահոլովակի կազմի լուսանկարը

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

 

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

04/03/2020, 08:19