Որոնել

Vatican News
Ցելէում անցկացուող Քրոնիկ հիւանդների եւ ֆիզիքական հաշմանդամութիւն ունեցող մարդկանց միջմայրցամաքային քրիստոնէական եղբայրութեան FRATER համաշխարհային համաժողովի ընթացքում  Ցելէում անցկացուող Քրոնիկ հիւանդների եւ ֆիզիքական հաշմանդամութիւն ունեցող մարդկանց միջմայրցամաքային քրիստոնէական եղբայրութեան FRATER համաշխարհային համաժողովի ընթացքում   Պատմութիւնը

Ընդունել Աստուծոյ սէրը:

11 փետրուարի, Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը «Հիւանդի համաշխարհային 28-րդ օրուան» նուիրուած իր պատգամի բնաբան էր ընտրել Յիսուսի խօսքերը. «Եկէ՛ք ինձ մօտ, բո¬լոր յոգ¬նած¬նե՛րդ ու բեռ¬նա¬ւո¬րուած¬նե՛րդ, եւ ես ձեզ կհանգ¬ստաց¬նեմ»: (Մատթ. 11:28): Այս խօսքերն արտայայտում են մարդու Որդու մօտիկութիւնը բոլոր վիրաւորներին եւ յուսալքուածներին: Յիսուս իւրաքանչիւրին հրաւիրում է «մտնել իր կեանք՝ այնտեղ սէր գտնելու» եւ այդպիսով՝ «սփոփանք ու մխիթարութիւն» դառնալու ուրիշների համար: Վայրը, որտեղ հիւանդները կարող են այդ մխիթարութիւնը գտնել՝ Եկեղեցին է՝ օթեւանը բարի սամարացու, որ է Քրիստոս: Սրբազան Քահանայապետը նաեւ ընդգծում է առողջութեան պահպանման մասնագէտների կարեւորութիւնը: Ձեզ ենք ներկայացնում ֆիզիքական հաշմանդամութիւն ունեցող սլովենացի Թօն Պլանինշէկի վկայութիւնը: Նա պատմում է իր սեփական փորձառութեան՝ Աստուծոյ մօտիկութեան եւ «առողջութեան պահպանման» մասին:

Յոզէ Պոտրպին - Լիւպլեանա

Հիւանդների համաշխարհային օրուայ կապակցութեամբ ձեզ ենք ներկայացնում Թօն Պլանինշէկի պատմութիւնը: Այս սլովենացու համար «ցաւը, միեւնոյն ժամանակ, կարող է լինել ինչպէս օրհնութիւն, այնպէս էլ նզովք»՝ պայմանաւորուած այն բանով, թէ ինչպէս է այն ընկալւում: Ի թիւս բոլոր փորձութիւնների, որ ուղեկցում են իւրաքանչիւր մարդու՝ ցաւն օգնում է հոգեւոր վերելքին եւ կեանքը դրանից հոգեպէս հարստանում է, սակայն, կարող է նաեւ մեծ վնաս պատճառել, երբ այն համարում են աստուածային պատիժ: Տառապանքը Աստուծոյ շնորհն է: Այնուամենայնիւ, մարդը վախենում է դրանից: Գուցէ պատճառը նաեւ այն է, որ դա անգնահատելի նուէր է, ուստի, այդքան վախենում ենք: «Մեզ համար այս ցաւը կարեւոր նշանակութիւն ունի», - ասում է Թօնը, - «քանի որ տառապանքի միջոցով ենք ճանաչում այն ճանապարհը, որ անցնում ենք Մարիամի օգնութեամբ՝ քայլելով Յիսուսի հետքերով եւ սխալներ թոյլ չտալով: Լուրդում Տիրամայրն ընտրում է մի հասարակ հովուուհու՝ աղքատ ու մշտապէս հիւանդ Բեռնադէտին, ով նաեւ շատ է տառապել հարցաքննութիւնների եւ նուաստացումների պատճառով»:

Առողջ հոգի՝ ֆիզիքական հաշմանդամութիւն ունեցող մարդու մարմնում

Արդեօ՞ք կարող է առողջ հոգին ապրել հիւանդ եւ ֆիզիքական հաշմանդամութիւն ունեցող մարդու մարմնում: Երբ այս հարցն ուղղում ենք Թօնին, նա պատմում է, որ ծնուել է «առողջ եւ եօթ երեխաներ ունեցող գիւղացու ընտանիքի անդրանիկ զաւակն է եղել»: Դեռ մէկ տարեկանը չէր բոլորել, երբ նկատեցին, որ երեխայի թիկունքը սկսում է կորանալ ոսկրաթեքութեան (ռախիտիզմ) պատճառով: Այսպիսով, մինչ տարրական դպրոց յաճախելը, որն այդ ժամանակ Սլովէնիայում 7 տարեկան հասակից էր սկսւում՝ 8 տարի տեւողութեամբ, նա արդէն իսկ այցելել էր մի շարք հիւանդանոցներ: «Տարրական դպրոցն աւարտելուց յետոյ ես ընդունուեցի հաշմանդամութիւն ունեցող երիտասարդների Կրթութեան Ինստիտուտի մասնագիտացուած դպրոց, որտեղ սովորում էի, որպէսզի դերձակ դառնամ»: Կրթութիւն ստանալուց յետոյ, աշխատանք որոնելու գործում, Թօնը հանդիպեց բազմաթիւ դժուարութիւնների. «Նախ, ես խնդիրներ ունեցայ իմ 1 մեթր 30 հասակի պատճառով: Աւելի ուշ, սկսեցի աշխատել յատուկ սարքաւորումների վրայ եւ հմտօրէն բանեցնել տարբեր գործիքներ, նոյնիսկ ճանաչուեցի տարուայ նորարար: Սակայն, աշխատանքային գործունէութեան քսան տարիներից յետոյ, ես պէտք է կանխատեսէի, որ հանգստաթոշակի եմ անցնելու՝ յաճախակի առողջական խնդիրների պատճառով»: Այնուամենայնիւ, նա անգործ չը մնաց. «Ես ընդգրկուեցի Քրոնիկ հիւանդների եւ ֆիզիքական հաշմանդամութիւն ունեցող մարդկանց միջմայրցամաքային քրիստոնէական եղբայրութիւն (Frater) կոչուող կազմակերպութեան մէջ: Հետաքրքրւում էի նաեւ լրագրութեամբ: Երկար տարիներ եղել եմ ծխական համայնքի հովուական խորհուրդի անդամ, ինչպէս նաեւ՝ բազմիցս օգնել եմ նախապատրաստել երեխաներին եկեղեցական համայնքի անդամ ընդունելու օծման արարողութեանը»: 

Երջանիկ ընտանիքը երեկոյթի ժամանակ՝ ընդլայնուած կազմով
Երջանիկ ընտանիքը երեկոյթի ժամանակ՝ ընդլայնուած կազմով

Փոքրիկ Արեւը կամ Արեւի շողը

Թօնին տառացիօրէն առաջ է մղել «աւանդական հաւատքը», որը, ինչպէս ինքն է ասում. «կամաց-կամաց աւելի է զօրանում՝ շնորհիւ իմ հոգեւոր ընթերցումների: Ես սկսեցի յաճախել երիտասարդների համար նախատեսուած քրիստոնէական դասընթացքների եւ Կրթութեան Ինստիտուտում մասնագիտական ուսումնառութեան ընթացքում կարողացայ իրապէս զգալ կեանքում հաւատքի նշանակութիւնը: Այդ տարիներին կոմունիստական վարչակարգը վերահսկում էր հաւատացեալներին. «Մենք միայն գաղտնիութեան պայմաններում կարող էինք մասնակցել պատարագի, այդ իսկ պատճառով՝ կարող էի ուրանալ ճշմարիտ հաւատքը, բայց, ընդհակառակն, ես աւելի ուժգին նուիրումով ընդունեցի այն: Միեւնոյն ժամանակ, ինքս ինձ հարց էի տալիս, թէ ինչու էի տառապում»: Եւ ինչու՞ են մարդիկ տառապում: Մտածական աղօթքների եւ հոգեւոր աշխատութիւնների միջոցով Թօնը սկսում է խորապէս գիտակցել, որ սրանում է կայանում իր առաքելութիւնը: Յիսուսը նոյնպէս տանջանքների է ենթարկուել եւ իր չարչարանքների միջոցով քաւեց աշխարհի մեղքը: Ուստի, նա հասկացաւ, որ տառապանքը սիրոյ ամենամեծ դրսեւորումն է. «Ապա թէ ոչ՝ Աստուած մէկ այլ ուղի ընտրած կը լինէր», - ասում է նա: Այժմ, երբ հաշմանդամութեանն աւելացան այլ ցաւեր եւ խնդիրներ՝ նա որոշակի դիտաւորութեամբ ամէն ինչ յանձնում է Աստուածային նախախնամութեանը: «Տառապանքն ինքնին մեզ դէպի երկինք է մղում, բայց, ոչ առանց մեր միջամտութեան», - մի քանի տարի առաջ այսպէս նրան գրեց մի հոգեւորական, ով նոյնպէս շատ էր տանջուել: Նրա օրինակը Թօնին ստիպեց հասկանալ, որ ստացել էր Աստուծոյ սէրը: Ասում են, թէ նա արեւ է կամ արեւի շող: 

Հիւանդների, հաշմանդամութիւն ունեցող անձանց եւ տարեցների ուխտագնացութիւնը Բրեժյէի ազգային սրբավայր
Հիւանդների, հաշմանդամութիւն ունեցող անձանց եւ տարեցների ուխտագնացութիւնը Բրեժյէի ազգային սրբավայր

Հաշմանդամութիւնը կարող է նաեւ առաւելութիւն լինել

Թօնը չի հանդուրժում առողջական խնդիրներ չունեցող մարդկանց աննրբանկատ վերաբերմունքը, ովքեր ուզում են ամէն ինչ անել հաշմանդամութիւն ունեցող կամ հիւանդ անձանց փոխարէն, չնայած այն բանին, որ վերջիններս կարող են կամ պէտք է ինքնուրոյն կատարեն այդ ամէնը: Այսպիսի վերաբերմունքի, շատ յաճախ, կարող են հանդիպել նաեւ իրենց ընտանիքների ներսում. «Ինչ վերաբերում է ինձ, - պարզաբանում է նա, - տանը երբեք չեմ լսել. «Ամէն դէպքում, դու չես կարող դա անել: Դու ստիպուած չէս այդ անել: Մենք ամէն ինչ կ'անենք քո փոխարէն»:  Մեզանից իւրաքանչիւրը պէտք է անի այն, ինչ կարող է եւ օգնութիւն խնդրի միայն այն դէպքում, երբ անկարող է ինքնուրոյն որեւէ բան անել»: Հաշմանդամութիւն ունեցող անձինք աւելի պակաս կարողութիւններ կամ առանձնայատուկ կարիքներ ունեցող մարդիկ չեն: Տօնեն նախընտրում է, որ իրենց մասին խօսեն՝ որպէս յատուկ առաքելութիւն ունեցողների. «Ես մտածում եմ այն առաքելութեան մասին, որ Աստուած տուել է ոչ միայն մեզ, այլեւ՝ իւրաքանչիւր մարդու: Հաշմանդամութիւնը կարող է առաւելութիւն լինել, եթէ այն ընդունենք որպէս Աստուծոյ շնորհ, որն օգնում է մեզ գտնել սրբութեան ճանապարհը: Շատերի համար հաշմանդամութիւնը փոքրիկ արեւ է, եթէ, ի հարկէ, այն չի ընկալւում որպէս լուծ: Ես ճանաչում եմ հաշմանդամութիւն ունեցող շատ մարդկանց, ովքեր իրենք իրենց համարում են տաղանդաւոր՝ փոքրիկ արեւներ»:

Յատուկ առաքելութիւն

Երբեմն, բաւական է խրախուսել մարդուն, որպէսզի նա անի աւելին, քան իրենից պահանջւում է: Հաշմանդամութիւն ունեցող կամ հիւանդ մարդիկ միայն աջակցութիւն եւ կարեկցանք չէ, որ ստանում են, նրանք կարող են նաեւ տալ եւ օգտակար լինել մէկ ուրիշին: «Իմ դէպքում, - ասում է նա, - թոյլ տուէք ձեզ պատմել այն, ինչ տեղի ունեցաւ 1975 թուականին՝ Բրեժյէի Սուրբ Կոյս Մարիամին նուիրուած սրբավայրում՝ հիւանդների եւ հաշմանդամութիւն ունեցող անձանց հանդիպման ժամանակ: Այնտեղ ես ծանօթացայ Քրոնիկ հիւանդների եւ ֆիզիքական հաշմանդամութիւն ունեցող մարդկանց միջմայրցամաքային քրիստոնէական եղբայրութեան հետ: Եւ, հէնց նրանց միջոցով է, որ գտայ իմ իսկական ուղին: Այդ հանդիպումից ի վեր, ես ինձ համար բացայայտեցի «Prijatelj» (բարեկամ, ընկեր) կոչուող լրաթերթը, մասնակցեցի բազմաթիւ ժողովների, ուխտագնացութիւնների, հոգեւոր վարժութիւնների, եղան աղօթքներով ուղեկցուող բազմաթիւ հանգստեան օրեր, արձակուրդներ, Նոր տարուայ տօնակատարութիւններ, այցելութիւններ: Երբեմն, համաձայնում էի կազմակերպել ձեռագործ աշխատանքների ցուցադրութիւններ, որոնք ուղեկցւում էին համերգներով կամ բազմաթիւ հրաւիրեալների ներկայութեամբ տարբեր թեմաների շուրջ անցկացուող կլոր սեղան քննարկումներով: Բազմիցս ներկայացրել եմ Սլովէնիան Frater-ի եւրոպական եւ միջազգային համաժողովներում: Տարբեր ծխական համայնքներում կամ տարբեր խմբերի համար մատուցուող պատարագների ժամանակ հանդէս եմ եկել իմ կեանքի վկայութեամբ»: 2009 թուականին Թօնն ընտրուել է Սլովէնիայի Քրոնիկ հիւանդների եւ ֆիզիքական հաշմանդամութիւն ունեցող մարդկանց քրիստոնէական եղբայրութիւն կազմակերպութեան ղեկավար եւ մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտօնը: 

Թօնը Ցելէում անցկացուող Սուրբ Հաղորդութեանը նուիրուած Համաժողովի պաշտօնական լուսանկարիչ
Թօնը Ցելէում անցկացուող Սուրբ Հաղորդութեանը նուիրուած Համաժողովի պաշտօնական լուսանկարիչ

Մէկ լուսանկարը կարող է աւելին պատմել, քան հազարաւոր խօսքերը

Թօնը համոզուած է, որ մեզանից իւրաքանչիւրն օժտուած է որոշակի տաղանդով եւ, որ ամենակարեւորը այդ տաղանդը բացայայտելը եւ զարգացնելն է: Թօնն ինքն իր համար բացայայտեց լուսանկարչութիւնը. «Իրականում, դեռեւս տարրական դպրոցի տարիներից, սա իմ ամենամեծ ուրախութիւնն է», - պատմում է նա: «Ես համատեղում էի հաճելին օգտակարի հետ եւ լուսանկարում էի Քրոնիկ հիւանդների եւ ֆիզիքական հաշմանդամութիւն ունեցող մարդկանց քրիստոնէական եղբայրութիւն կազմակերպութեան կեանքը: Իմ լուսանկարները հրապարակում էի Prijatelj (Բարեկամ) լրաթերթում, Družina (Ընտանիք) շաբաթաթերթում, Ognjišče (Օջախ) ամսագրում, ինչպէս նաեւ այլ լրատուական միջոցներով: Ես ունեմ երկու շատ յաջողուած եւ խօսուն լուսանկար Արքեպիսկոպոս Ալոիզիյ Շուշտարից, երբ վերջինս՝ նստած իր անուաւոր բազկաթոռի վրայ, միայնակ էր մնացել քահանայատանը, մինչդեռ, միւս լուսանկարիչները լքել էին ծիսակատարութիւնը, որպէսզի հետեւէին քաղաքական գործիչներին: Միեւնոյն ժամանակ, ես հանդիսացել եմ Prijatelj (Բարեկամ) լրագրի պաշտօնական լուսանկարիչը Նորին Սրբութիւն Յովհաննէս Պօղոս II Սրբազան Քահանայապետի Սլովէնիա կատարած երկու հովուական այցելութիւնների ժամանակ: Այժմ, իմ հիւանդութեան պատճառով, լուսանկարչական սարքը չափազանց ծանր է դարձել ինձ համար եւ, ես այլեւս չեմ կարող մասնակցել մեծ իրադարձութիւնների լուսաբանմանը: 

Վաստակաւոր Արքեպիսկոպոս Ալոիզիյ Շուշտարը մենութեան մէջ՝ քահանայատան սրահում
Վաստակաւոր Արքեպիսկոպոս Ալոիզիյ Շուշտարը մենութեան մէջ՝ քահանայատան սրահում

Frater-ի կարգախօսը. «Վեր կա՛ց եւ քայլի՛ր»

Լուսանկարչութիւնը Թօնի միակ հետաքրքրութիւնը չէ: «Ես բազմիցս ասել եմ, որ ի թիւս այն բարի գործերի, որ մենք՝ հաշմանդամութիւն ունեցողներս, կարող ենք անել՝ կայ նաեւ մեր ներկայութիւնը զանգուածային լրատուամիջոցներում, որպէսզի մեզ այլեւս չը ներկայացնեն որպէս խեղճ արարածների»: Նա հետաքրքրուած է նաեւ լրագրութեամբ: Թօնը սկսեց լուսաբանել տարբեր իրադարձութիւններ, մասնաւորապէս՝ այն իրադարձութիւնները, որոնց մասնակցում էին նաեւ հաշմանդամութիւն ունեցող եւ հիւանդ մարդիկ: Այսօր նա Ռատիօ Ognjišče-ի եթերում հաղորդում է վարում: Աւելի քան 25 տարի է, ինչ Թօնը ‘Get up and walk’ հաղորդաշարի ձայնն է: «Հաւանաբար նոյնքան ունկնդիր ունեմ, որքան մի մեծ ծխական համայնքի եկեղեցին կարող է ունենալ», - ասում է նա ժպտալով: 

Աւելի քան 25 տարի է, ինչ Թօնը Ռատիօ Ognjišče-ի եթերում վարում է ‘Get up and walk’ հաղորդաշարը
Աւելի քան 25 տարի է, ինչ Թօնը Ռատիօ Ognjišče-ի եթերում վարում է ‘Get up and walk’ հաղորդաշարը

Հաղորդում, որը դիպչում է սրտին եւ քաջալերում

Հաղորդումը, որ վարում է Թօնը, ուղղուած է այն մարդկանց, ովքեր նոյն կարգավիճակում են՝ ինչ եւ ինքը: Ո՞վ, եթէ ոչ հաշմանդամութիւն ունեցող անձը, կարող է օգնել իր նմաններին, ո՞վ կարող է ինքն իրեն նոյնացնել նրանց հետ, ո՞վ կարող է այդ մարդկանց հետ միասին կիսել համանման փորձը: Այսպիսի հարցերում է, որ Թօնի հաղորդումը իմաստաւորւում է: «Ես այս հաղորդումը պատրաստում եմ սրտիս թելադրանքով», - ասում է նա, - եւ, ոչ թէ ներքին համոզումներով: Հաղորդման նպատակը ոչ թէ մխիթարելն է, այլ, նախ եւ առաջ, խրախուսելը հիւանդներին, հաշմանդամութիւն ունեցող մարդկանց եւ բոլոր նրանց, ովքեր տառապում են, որպէսզի նրանք դառնան դէպի ապագայ եւ մտածեն, թէ ինչպէս կարող են հօգուտ իրենց ծառայեցնել հիւանդութիւնը կամ հաշմանդամութիւնը»:

Եզրակացութիւն

Թօնն իր պատմութիւնից հետեւութիւն է անում: Նա համոզուած է, որ հիւանդներն ու հաշմանդամութիւն ունեցող մարդիկ չը պէտք է կախուածութեան մէջ լինեն միայն արտաքին օգնութիւնից, ընդհակառակն, նրանք պէտք է ապացուցեն, որ համայնքի մաս են կազմում եւ դրա գործուն անդամներն են, հաւատքի եւ յոյսի ուխտագնացութեան գլխաւոր հերոսները, վկաները Քրիստոսի Հրաշափառ Յարութեան սիրոյ եւ ցնծութեան հրաշքների:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը 

12/02/2020, 10:39