Բժիշկ Թոմ Քաթինա Բժիշկ Թոմ Քաթինա  Պատմութիւնը

Թոմ Քաթինա. Նուպայի լեռների բժիշկը :

Թոմ Քաթինան ազգութեամբ ամերիկացի է: Բժիշկ, ով ընտրել է ծառայութիւնը Ափրիկէի ամենաբարդ կացութեան մէջ գտնուող երկրներից մէկում՝ Սուտանում, եւ մասնաւորապէս՝ Նուպայի լեռներում: Աշխարհի կողմից մոռացութեան մատնուած այս վայրում նա հիւանդանոց բացեց եւ ամէն օր իր մասնագիտութիւնը ծառայեցնում է բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: 2017 թուականին, իր անձնուէր աշխատանքի համար, նա արժանացավ Աւրորա մրցանակի:

Գոդֆրի Բ. Կամփամբայ – Վատիկան

Անյոյս իրավիճակներում եւ բոլոր նրանց համար, ովքեր օգնութեան կարիք ունեն՝ ծառայութիւն մատուցելու ցանկութիւնը ստիպեց, որպէսզի երիտասարդ ամերիկացու սիրտը բաբախի յանուն Ափրիկէի: Բժիշկ Թոմ Քաթինան ծնուել եւ մեծացել է Միացեալ Նահանգների օրէցօր մեծացող Նիւ Եորք քաղաքում: Ստանալ Դյուք Համալսարանի Բժշկական Վարժարանի վկայագիր նշանակում էր միայն մէկ բան՝ աշխատանքի անցնել գիւղական միջավայրում: Բոլորովին էլ կարեւոր չէր վայրը եւ, թէ երկրագնդի որ հատուածում այն տեղակայուած կը լինէր: Այսպիսով, կարճ ժամանակ աշխատելով ամերիկեան նաւատորմում՝ որպէս բժիշկ, այլեւս ժամանակն էր, որպէսզի նա մեկնէր իր առաքելութիւնն իրականացնելու: Նա վերյիշում է որոշ փորձութիւններ, որոնք շատ յաճախ ծանր են եղել: Փորձութիւններից մէկն էլ այն էր, որ բժիշկը փորձում էր գործարկել Նուպայի լեռներում գտնուող հիւանդանոցը, որը Հարաւային Սուտանի վտանգաւոր տարածաշրջաններից մէկն է եւ, որտեղ մինչ օրս միայն հաւատքի շնորհիւ է, որ հնարաւոր է եղել պահպանել համախմբուածութիւնը:

Նախ ճակատագիրը նրան առաջնորդեց Քէնիայ, ապա՝ Հարաւային Սուտան: Վերջին տասնամեակի ընթացքում բժիշկ Թոմ Քաթինան մեծ համբաւ է վայելում Նուպայի լեռներում եւ ոչ միայն աղքատների նկատմամբ իր անշահախնդիր վերաբերմունքով: Նա հիմնել եւ ղեկավարում է 430 մահճակալ ունեցող Գթութեան Մայր հիւանդանոցը, որն առանձնանում է բոլորից մոռացուած այդ վայրում: Բժշկական այս հաստատութեան շնորհիւ փրկուել են Սուտանի նախկին նախագահ Օմար ալ Բաշիրի բռնատիրական կառավարման բազմաթիւ զոհերի կեանքեր: Բժիշկ Քաթինան իր ջանքերը կեդրոնացնում է մարդասիրական գործունէութեան վրայ եւ երազում Նուպայի լեռները թողնել լաւագոյն վիճակում: 

Թոմ Քաթինան Նուպայի Լեռներում գտնուող հիւանդանոցի հիւանդների հետ: Լուսանկարը՝ Սուտանի Օգնութեան Հիմնադրամի
Թոմ Քաթինան Նուպայի Լեռներում գտնուող հիւանդանոցի հիւանդների հետ: Լուսանկարը՝ Սուտանի Օգնութեան Հիմնադրամի

Բժիշկ Քաթինան յստակ նշում է, որ Ափրիկէում ապրելն իր որոշումն էր եւ նրան դուր է գալիս այն միտքը, որ դարձել է այդ տարածաշրջանի ու տեղական համայնքի մի մասնիկը: Սակայն, հաշուի առնելով այն փաստը, որ աշխարհում եւ յատկապէս Ափրիկէում կան բազմաթիւ դժուարութիւններ՝ հարց է ծագում, թէ ինչն է դրդել բժշկին թողնել Նիւ Եորքի իր յարմարաւէտ կեանքը եւ բնակութիւն հաստատել այնպիսի թշնամական վայրում, ինչպիսին Նուպայի լեռներն են:
«Ուշագրաւ է այն, որ, համալսարանական տարիներին եւ, նոյնիսկ բժիշկ դառնալուց առաջ, ես միշտ ցանկացել եմ միսիոնար դառնալ եւ այդ ցանկութիւնն էր, որ իրականում խթան հանդիսացաւ, որպէսզի բժշկութիւն ուսանեմ»: Միեւնոյն ժամանակ նա պատմում է, որ բժշկութեան վկայագիր ստանալուց եւ ամերիկեան նաւատորմում չորս տարի աշխատելուց յետոյ նա անդամակցում է Նիւ Եորքի Կաթողիկէ Բժշկական Առաքելութեան Խորհուրդին, որն աւելի ուշ պէտք է նպաստեր գիւղական միջավայրում աշխատելու իր երազանքի իրականացմանը:
«Ուստի, ես ընտրեցի Քենիայի Մութոմոյ կոչուող բնակավայրը, որտեղ իռլանտացի Գթութեան քոյրերի կողմից ղեկավարուող հիւանդանոց է գործում», - ասում է բժիշկը: Սակայն շատ ժամանակ չանցած Թոմ Քաթինան տեղափոխւում է մայրաքաղաք Նայրոբի, որտեղ էլ աշխատում է հինգ տարի: «Երբ Քենիայում էի, լսեցի Սուտանի եւ այնտեղ տիրող հակամարտութեան, տարածաշրջանում քաղաքացիական պատերազմի հետեւանքով աւերածութիւնների եւ առողջապահական համակարգի բացակայութեան մասին», - ասում է բժիշկը եւ աւելացնում, - «իմացայ, որ այնտեղ գործել են ՈՊԿ-ներ, որոնք լքել են երկիրը՝ տիրող հակամարտութեան պատճառով: Իրավիճակը բոլորովին յուսադրող չէր»:

Թոմ Քաթինան եւ Նուպայի լեռները՝ ետին պլանում: Լուսանկարը՝ Սուտանի Օգնութեան Հիմնադրամի
Թոմ Քաթինան եւ Նուպայի լեռները՝ ետին պլանում: Լուսանկարը՝ Սուտանի Օգնութեան Հիմնադրամի

Անկախ այն անուղղակի ակնարկներից, որ ստացւում էր Նուպայի լեռներից՝ իրականութիւնը, որի մասին նա լսել էր, այնքան էր գրաւել բժշկին, որ արեց հնարաւոր ամէն ինչ տեղեկութիւններ հաւաքագրելու համար: «Էլ Օբէյդի եպիսկոպոս՝ Գերապայծառ Տէր Մաքրամ Մաքս Գասսիսը, ով այսօր թոշակի է անցել, հիւանդանոց էր կառուցում Նուպայի լեռներում, ուստի, ես կապ հաստատեցի նրա հետ, մեկնեցի Նուպա, կատարեցինք հիւանդանոցի բացումը եւ այն սկսեց գործել 2008 թուականից», - պատմում է Թոմ Քաթինան:
Ուշագրաւն այն է, որ Բժիշկ Թոմ Քաթինան քրիստոնէութեան եւ իր հաւատքի հետ միասին մէկ անսասան ամբողջութիւն են կազմում: «Ես այն մարդն եմ, ում անուանում են կաթողիկէ օրրան: Ես մեծացել եմ որպէս հռոմէացի կաթողիկէ: Ծնողներս շատ նուիրեալ հաւատացեալներ են: Իմ հայրն ինձ համար լաւագոյն օրինակն էր: Նա ամէն օր մասնակցում էր պատարագին եւ մօրս հետ միասին մեզ դաստիարակել են որպէս իսկական հաւատացեալներ: Նրանք բարեպաշտ հաւատացեալներ էին եւ կարծում եմ, որ հէնց այդ հաւատքով էլ մեծացել եմ ես»: Նա պատմում է նաեւ այն մասին, թէ համալսարանական տարիներին ինչպէս է ընդգրկուել բողոքականների շարքերը, եւ, թէ ինչպէս է իր ըտանիքը վախեցել, որ որդին հաւատափոխ կը լինի: Սակայն բժիշկ Քաթինան վստահեցնում է. «Բողոքականների հետ այս բարեկամութեան եւ հանդիպման շնորհիւ է, որ ինձ մօտ ծագեց միսիոնար դառնալու գաղափարը: Համալսարանն աւարտելուց յետոյ վերադարձայ կաթողիկէ հավատքին: Կարծում եմ, որ իմ ողջ կեանքում բախտ եմ ունեցել միշտ լինելու այնպիսի մարդկանց կողքին, ովքեր հաւատքի մէջ մեծ ուժ ունեն եւ ովքեր օգնել են ինձ ճիշտ կողմնորոշուել»:
Այն օրից ի վեր, ինչ բժիշկ Քաթինան բնակութիւն է հաստատել Նուպայի լեռներում՝ բժշկական օգնութիւն է ցուցաբերում բոլոր կարիքաւորներին, որն ամենակարեւոր բանն է նրա կեանքում:
Ահա թէ ինչպէս է սկսւում եւ աւարտւում բժշկի ամէն մի օրը աշխարհից կտրուած այս վայրում. «Սովորաբար արթնանում եմ առաւօտեան մօտաւորապէս 5:30: Բարեբախտաբար մեզ հետ կայ հոգեւորական, ուստի ամէն օր մասնակցում եմ Պատարագին, որը սկսւում է 06:30 եւ աւարտւում 07:00-ին»: Պատարագ գնալու ողջ ճանապարհին նա վարդարան է աղօթում: Ապա, շատ արագ նախաճաշում է տանը՝ մինչ կը գնայ հիւանդանոց, որտեղ աշխատանքը սկսւում է 07:30:

Թոմ Քաթինան հիւանդանոցում: Լուսանկարը՝ Սուտանի Օգնութեան Հիմնադրամի
Թոմ Քաթինան հիւանդանոցում: Լուսանկարը՝ Սուտանի Օգնութեան Հիմնադրամի

Առաւօտեան 07:30-ից բժիշկ Քաթինան շտապում է, առաջին բուժօգնութեան բաժանմունքից անցնելով վիրահատական սրահ, ապա՝ վարչական մաս, այնուհետեւ բժշկական ծառայութիւն մատուցող բոլոր կարեւոր բաժանմունքներով: Ծանրաբեռնուած օրվայ ընթացքում նա կարող է սպասարկել մինչեւ 500 հիւանդի, այնուհետեւ զբաղւում է վիրահատական միջամտութիւն պահանջող դէպքերով: «Եթէ աշխատում եմ գիշերը, ապա՝ հիւանդանոց եմ վերադառնում տարբեր տեսակի անյետաձգելի դէպքերի համար, որ տեղի են ունենում: Օրը բաւական յագեցած է եւ անկասկած՝ յոգնեցուցիչ: Այս աշխատանքը ֆիզիքապէս եւ յուզականորէն ուժասպառ է անում, յատկապէս՝ վատ ելք ունեցող եւ բարդ դէպքերում»:
Թէեւ բժշկութիւնը պահանջում է խիստ կենդրոնացում, այնուամենայնիւ բժիշկ Քաթինան պատմում է այն պահերի մասին, երբ զինուորականների գործողութիւնները ընդհատում են իր աշխատանքը եւ խաթարում հիւանդանոցի բնականոն կեանքը: «Բազմիցս եղել են դէպքեր, երբ վիրահատութեան ընթացքում ստիպուած ենք եղել սպասել մինչեւ որ ինքնաթիռները անցնեն մեր գլխավերեւով: Այնուհետեւ լսւում էին արկերի ձայները եւ հարկաւոր էր որոշում կայացնել: Մեծամասամբ որոշում էինք շարունակել վիրահատութիւնը եւ անել այն՝ ինչ պարտաւոր էինք: Որոշ դէպքերում էլ ստիպուած էինք վիրահատական սրահի յատակին պառկել այնքան ժամանակ, մինչեւ որ կ՛աւարտվեին ռմբակոծութիւնները»:
Բժիշկ Թոմն ասում է, որ Նուպայի լեռներում աշխատող բժշկի համար ամենամեծ հիասթափութիւնը ոչ թէ կեանքից զրկուելն է, այլ՝ «յայտնուելը մի այնպիսի միջավայրում, որտեղ չկան բոլոր անհրաժեշտ գործիքները: Այդպիսի պահերին միայն հաւատքն է, որ ուժ է տալիս առաջ շարժուելու՝ քաջ գիտակցելով, որ, չնայած դժուարութիւններին եւ խնդիրներին Աստուած միշտ մեզ հետ է»:
Բժիշկն ընդգծում է, որ Օմար ալ Բաշիրի իշխանութեան անկումը Նուպայի լեռներում ապրող ժողովրդի համար իսկական օրհնութիւն էր: Անցումային կառավարութիւնը վստահեցրեց, որ «աւելի քան 30 տարուայ մէջ առաջին անգամն է, որ Սուտանում յոյսի շող է ծագել՝ ինչպէս Դարֆուրի, այնպէս էլ երկրի միւս վայրերում հակամարտութեան խաղաղ կարգաւորման լուծում գտնելու հարցում»:
Բժիշկ Քաթինայի կեանքում թեթեւութեան շունչ դարձավ մի նշանակալից իրադարձութիւն: Բժիշկը, ով հոգ է տանում վիրաւոր սրտերի մասին՝ կորցրեց իր սիրտը յանուն մի նուպիացու. «Մենք ամուսնացանք 2016 թուականին: Սա մեծ փոփոխութիւն էր իմ կեանքում, ինչը աւելի դիւրին դարձրեց իմ աշխատանքը, քանի որ վերջապէս կար մէկը, ում հետ կարող էի կիսել ամէն տեսակ ծանրութիւն եւ հոգս», ասում է Թոմը:
Անձնական ջանքերի եւ առատաձեռն նուիրատուների շնորհիւ Թոմ Քաթինան կարողացաւ բժշկութեան տարբեր մասնագիտութիւնների գծով վերապատրաստել անձնակազմին:

 

Թոմ Քաթինան տարածաշրջանի բնակիչների հետ: Լուսանկարը՝ Սուտանի Օգնութեան Հիմնադրամի
Թոմ Քաթինան տարածաշրջանի բնակիչների հետ: Լուսանկարը՝ Սուտանի Օգնութեան Հիմնադրամի


Այսօր «Գթութեան Մայր Հիւանդանոցը» կարող է հպարտանալ, որ իր կազմում ունի որակեալ անձնակազմ՝ 27 բուժքոյրեր, բժիշկներ եւ դեղագործներ: Շուտով հիւանդանոցի անձնակազմին կը միանան 4 հոգուց բաղկացած նուպիացի բարձրակարգ բժիշկներ:
Իրականում, անձնակազմի գիտելիքների հարստացումը եւ ներուժի ամրապնդումը շատ կարեւոր է Թոմի համար: Պէտք է աշխատել տեղաբնակների հետ եւ, եթէ անձնակազմի մէջ կան մարդիկ, ովքեր համապատասխան կրթութիւն չեն ստացել՝ անհրաժեշտ է կազմակերպել նրանց ուսումնառութիւնը»:
Սոյն թուականի հոկտեմբերին Թոմ Քաթինան հրաւէր էր ստացել մասնակցելու Գերմանիայում տեղի ունեցած World Health Summit-ին:
2017 թուականին բժիշկ Քաթինան արժանացավ Աւրորա մրցանակի՝ յանուն մարդասիրութեան զարթօնքի, եւ հաւաստում է, որ մրցանակի հետ տրուող ֆինանսական պարգեւը օգտակար եղավ իր ծրագրի զարգացման եւ յատկապէս՝ ներուժի ամրապնդման գործում: «Աւրորա մրցանակը, որին արժանացայ, ինձ եւ հիւանդանոցի համար մեծ աջակցութիւն էր: Մրցանակը մեզ նաեւ ճանաչում բերեց»: 2018 թուականին բժիշկ Քաթինան նշանակուեց World Wide Aurora Humanitarian Initiative-ի նախագահ: Պաշտօն, որ նա զբաղեցնում է Հարաւային Սուտանում ծաւալած գործունէութեանը զուգընթաց:
Նրա հիմնական մտահոգութիւնը մարդկանց իրազեկման բարձրացումն է եւ ներգրաւումը մարդասիրական աշխատանքի մէջ: Նա համոզուած է. «Բոլորը կարող են ներգրաւուել այս գործի մէջ՝ ինչով էլ որ զբաղուէք, ինչ աշխատանք էլ ունենաք, որքան էլ կազմի ձեր վարձատրութիւնը: Դուք բոլորդ կարող էք ներգրաւուել այս գործում, նոյնիսկ եթէ դա նշանակում է ներգրաւուել իրազեկման գործընթացի մէջ»:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

02/01/2020, 15:01