Որոնել

Vatican News
Ասսիզիի շրջակայքի հիասքանչ տեսարանն՝ ի վարձատրութիւն երկարատեւ վերելքի Ասսիզիի շրջակայքի հիասքանչ տեսարանն՝ ի վարձատրութիւն երկարատեւ վերելքի   Պատմութիւնը

Մի ամբողջ կեանք ամփոփուած ուսապարկի մէջ

Իմ նշանածը եւ ես, վերցնելով մեր ուսապարկերն ու վրանը, քայլեցինք Ստորին Աւստրիայից մինչեւ Ասսիզի: Թոյլ տուէք ձեզ ներկայացնել այս «համատեղ պատմութիւնը» եւ այն՝ թէ ինչ նշանակութիւն ունեցաւ երկու ամիս շարունակուող մեր ուխտագնացութիւնը: Մենք ունէինք ընդամէնը տասնմէկ քիլօկրամ կշռող ուղեբեռ եւ մեզ ուղեկցող զգացողութիւնները, որոնք ապրեցինք այս ճամփորդութեան ընթացքում:

Ինես Շաբերգեր – Ասսիզի

Ահա եւ յայտնուեցինք Սուրբ Ֆրանչիսկոս Ասսիզացու հոյակերտ Տաճարի առջեւ՝ 53 օր շարունակ, ուսապարկերով եւ քայլարշաւների համար նախատեսուած կօշիկներով կտրել անցնելով Աւստրիան եւ Իտալիան: 1300 քիլոմեթր ճանապարհ անցանք ոտքով, եւս 300քմ՝ գնացքով, հանրակառքով եւ ճոպանուղու միջոցով:

Ի վերջոյ, ժամանեցինք ուխտավայր: Եւ ինչ զգացինք… ոչինչ: Ի հարկէ, հաճելի էր, որ վերջապէս կարողացել էինք տեղ հասնել, սակայն թեթեւութեան այդ սպասուած զգացումն այդպէս էլ չունեցանք: Փոքր-ինչ շփոթուած, մենք նայում էինք, թէ ինչպէս մեզ շրջապատող մարդիկ, կիրակնօրեայ այդ առաւօտ, իրենց երեխաների եւ շների հետ կը լուսանկարուին եկեղեցու դիմաց: Միայն այդ պահին հասկացանք, որ իրականում, մեր բուն նպատակը ուխտագնացութեան այն ճանապարհն էր, որն անցանք:

Ուխտագնացութիւնը սկսուել էր իմ տան շեմից…

Երկու ամիս ետ գնանք: Նոր էինք աւարտել համալսարանը եւ նշանածիս հետ միասին որոշեցինք, որ ժամանակն է ինքներս մեզ նուիրել բնութեանն ու սպորտին, քանի որ շաբաթներ շարունակ թաղուած էինք գրքերի մէջ եւ պատրաստում էինք մեր աւարտաճառերը: Այս ամէնից զատ, ինքներս մեզ եւ ուրիշներին աւելի լաւ ճանաչելու համար՝ ժամանակ էր անհրաժեշտ: Այսպիսով, ուխտագնացութիւնը սկսուեց իմ տան շեմից: Մենք ճամբայ ելանք նախաճաշելուց յետոյ եւ անցանք այն գիւղի ճանապարհներով, որտեղ մեծացել էի մանկապարտէզ ու դպրոց յաճախելուց յետոյ: Քայլում եւ քայլում էինք՝ այլեւս չկարողանալով կանգ առնել: Մենք ինքներս մեզ համար ուրուագծել էինք մեր անցնելիք ճանապարհը՝ ըստ հերթականութեան նշելով ուղիները. Սուրբ Յակոբոսի Ճանապարհը Աւստրիայում, la Via Romea-ն, Սուրբ Անտօնիոյի Ճանապարհը եւ Ասսիզիի Ճանապարհը:

Տիրոլ նահանգի Ռատտենբերգ միջնադարեան փոքրիկ քաղաքի հատող փողոցը
Տիրոլ նահանգի Ռատտենբերգ միջնադարեան փոքրիկ քաղաքի հատող փողոցը

Քայլ առ քայլ

Փոխանակ կամաց-կամաց վարժուէինք ուսապարկերի ծանրութեանը՝ առաջին իսկ օրը քայլեցինք 28քմ եւ այն էլ՝ օգոստոսի կէսին, ամարային խիստ տապին, առանց արեւայրուքի դէմ քսուկի եւ գլխարկի: Երեկոյեան, ի հարկէ, այս ամէնին յաջորդեցին գլխացաւը, սրտխառնուքը, մկանային ցաւը եւ բշտիկներով պատուած ոտքերը: Յաջորդ օրը մեզ մեծ դժուարութեամբ յաջողուեց անցնել 15քմ ճանապարհ:

«Եթէ ամէն օր մի փոքր ջանք գործադրես, ապա՝ վաղ թէ ուշ կը յաջողես»:

Օրէցօր ամէն բան աւելի դիւրին էր դառնում, զգում էինք, թէ ինչպէս են մեր մարմիններն աւելի դիմացկուն դառնում եւ վարժւում յոգնածութեանը: Ամէն անցնող օրուայ հետ սկսեցինք գիտակցել, որ ամէն օր մի փոքր ջանք գործադրելու եւ քայլ առ քայլ առաջ շարժուելու դէպքում, ինչպէս նաեւ՝ ժամանակ առ ժամանակ դադար առնելով ու երբեք չը յուսալքուելով, նոյնիսկ, եթէ շատ դանդաղ էք ընթանում՝ վաղ թէ ուշ կը յաջողուի հասնել ձեր նպատակին»:

Վանքերի եւ ուխտաւորների համար նախատեսուած պանդոկների հիւրընկալները

Ասսիզիի ճանապարհին շատ եղբայրներ իրենց տան դռները բացեցին մեր առջեւ, եւ, այսպիսով, մենք կարողացանք ծանօթութիւն հաստատել մի քանի կրօնական միաբանութիւնների հետ: Մեր անցած ճանապարհի որոշ հատուածներ գտնւում էին այնպիսի վայրերում, որոնք դեռեւս «հաստատուած» ուխտի ճանապարհներ չէին, հետեւաբար, փոքր-ինչ դժուար էր գիշերակացի համար տեղ գտնել: Յաճախ գիշերում էինք վրանի տակ, մի անգամ, պատահեց այնպէս, որ վանքերում եւ ծխական եկեղեցիներից եւ ոչ մէկում չը կարողացան մեզ հիւրընկալել, իսկ աժան հիւրատները լեցուն էին, ուստի, ստիպուած եղանք գիշերել չորս աստղանի հիւրանոցում:

«Չ'իմանալ, թէ որտեղ էք այս երեկոյ գիշերելու. այս փորձութիւնը մինչեւ հոգու խորքը կարող է խոցել ձեզ»:

Առաւօտեան փաթաթում էք ձեր քնապարկը եւ չգիտէք, թէ երեկոյեան որտեղ այն կբացէք. սա իսկապէս յոգնեցուցիչ է եւ խորը ազդեցութիւն ունեցաւ մեզ վրայ: Այնուամենայնիւ, վերջին 250 քիլոմեթր ճանապարհն անցնելիս այս բոլոր խնդիրներն անհետացան, քանի որ կարողացանք օթեւան գտնել վանքերում, ինչպէս նաեւ՝ նախկինում որպէս ախոռներ կամ դպրոցի շէնքեր օգտագործուած շինութիւններում, որոնք այժմ ուխտաւորների համար յարմարեցուած կացարաններ են:

Առանձնայատուկ հանդիպումներ իտալացի տատիկների հետ

«Ուխտագնացութեան այս ճանապարհին հանդիպեցի՞ր արդեօք Աստծուն»: Այս հարցն ինձ ուղղեց նշանածս՝ Ռենեն: Այդ ժամանակ հարցը փոքր-ինչ տարօրինակ էր թւում: Այսօր, այդ նոյն հարցին կպատասխանէի. «Այո՛, Արարչագործութեան այս հրաշքի մէջ, որից շունչդ կտրւում է, եւ բոլոր այն մարդկանց մէջ՝ ովքեր հիւրընկալեցին մեզ, ինչպէս օրինակ՝ Քլարան»:

Քլարան իր տան դռները բացեց մեր առջեւ: Նրա ձախ կողմում Ռենեն է:
Քլարան իր տան դռները բացեց մեր առջեւ: Նրա ձախ կողմում Ռենեն է:

Դա այն օրն էր, երբ կտրել-անցել էինք այդ մռայլ հովիտը եւ չը գիտէինք, թէ որտեղ ենք գիշերելու: Հանդիպեցինք միջին տարիքի մի տիկնոջ, ով հեծանիւ էր վարում եւ թոյլտուութիւն խնդրեցինք, որպէսզի նրա հողակտորի վրայ կարողանայինք տեղադրել մեր վրանը: Տիկնոջը բացատրեցինք, թէ ուխտաւորներ ենք, ուղեւորւում ենք Ասսիզի եւ, որ մեզ հետ ունենք այն ամէնը, ինչ անհրաժեշտ է:

Նախ, տիկին Քլարան շատ զգուշաւոր էր: Նա իր տան բանալին կրում էր պարանոցի վրայ եւ կողպում էր դուռը՝ նոյնիսկ, եթէ ընդամէնը մի քանի մեթր հեռաւորութեան վրայ էր գտնւում: «Մօտակայքում շատ տարօրինակ մարդիկ կան», - ասում էր նա: Չը գիտեմ, արդեօք տիկինը կարծում էր, որ մենք նոյնպէս «տարօրինակ մարդիկ» էինք, բայց, երբ տեսաւ, թէ ինչպէս ենք փորձում հաց թխել՝ մեզ համար բերեց սէնտուիչներ, լոլիկներ իր պարտէզից, ինչպէս նաեւ՝ ձիթապտղի իւղ, անուշաբոյր քացախ եւ մէկ լիթր կաթ՝ նախաճաշի համար:

Աւստրիացի ֆրանչիսկեան մի միանձնուհի մեզ այնպիսի նախաճաշ մատուցեց՝ կարծես ազնուականներ լինէինք: Ագարակատէր Աննան մեզ բացատրեց, թէ ինչպէս է տանը կարագ պատրաստում, իսկ Ֆրանսուան, ով ուխտաւորների համար նախատեսուած իջեւանատանն աշխատում է որպէս կամաւոր խոհարար, մեզ հրամցրեց քրոջ պատրաստած ոգելից ըմպելիքը:

Իսկական ուխտագնացութիւնը սկսւում է այնտեղ՝ որտեղ աւարտւում է այս ուխտի ճանապարհը

Այս ուխտագնացութիւնը մեզ լիովին փոխեց՝ ամուր կապերով միաւորեց եւ թոյլ տուեց աւելի լաւ ճանաչել մեր հնարաւորութիւնները՝ օգնելով գերազանցել ինքներս մեզ: Այն հնարաւորութիւն ընձեռեց բացայայտելու, թէ ինչպիսին է Եկեղեցին Աւստրիայում եւ Իտալիայում: Նոյնիսկ այն կնիքները, որոնք դրոշմուած են ուխտագնացի մեր անցագրի մէջ, որն ինքներս էինք պատրաստել, ճանապարհի ընթացքում փոփոխութիւնների ենթարկուեցին. Աւստրիայում՝ Սուրբ Յակոբոսի Ճանապարհին եւ տարբեր եկեղեցիներում գտնում էինք Սուրբ Յակոբոսի պատկերով պատրաստուած կնիքներ: Բրեններոյից Փատովա ճանապարհին, շատ յաճախ, գոհանում էինք այն հաստատութիւնների կնիքներով, որտեղ կանգ էինք առնում: Իսկ վրանում անցկացրած օրերի համար… ոչ մի կնիք: Այնուհետեւ, Ասսիզիի ճանապարհին՝ այն պանդոկներում, որտեղ գիշերում էինք, նորից կարողանում էինք գտնել արտասովոր կնիքներ:

Կնիքների երկար շարքը ուխտագնացի մեր անցագրի վրայ
Կնիքների երկար շարքը ուխտագնացի մեր անցագրի վրայ

Ուխտագնացութեան աւարտին մեզ համակում է մի խորը թախիծ, նոյնիսկ, եթէ շարունակւում է մեր կեանքի ուխտագնացութիւնը… միայն թէ ուխտի այս ճանապարհն այլեւս կնիքներ չունի:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

22/01/2020, 08:27