Նադիայ Կալաշովան ՈւԿՀ-ի լրագրութեան դպրոցում Նադիայ Կալաշովան ՈւԿՀ-ի լրագրութեան դպրոցում  

Բարութեան ոյժը

Մարդ լինել նշանակում է նեցուկ լինել մէկ այլ մարդու, յատկապէս՝ եթէ այդ մարդը մեր օգնութեան կարիքն ունի: Սա երկու երիտասարդ աղջիկների պատմութիւն է, որոնք փորձում են դանդաղեցնել իրենց առօրեայ ընթացքը, որպէսզի կարողանան լինել այն մարդկանց կողքին, ովքեր սիրում եւ վկայում են կեանքը:

Յակիվ Բոհդան Շումիլոյ Ս.Բ.Մ.Մ.

Նադիայ Կալաշովան համալսարանում չորս տարի տնտեսագիտութիւն է ուսումնասիրել, սակայն մանկութիւնից ի վեր երազել է լրագրող դառնալ: Երբ երազանքն իրականանում է, նա բացայայտում է, որ Տէրն իրեն առանձնայատուկ մի բան է շնորհել:

«Աստուծոյ եւ սեփական կոչման որոնումները սերտօրէն կապուած են միմեանց, ուստի, երբ գտնում ես Աստծուն՝ գտնում ես նաեւ կոչումդ»:

Ուկրանիայի Կաթողիկէ Համալսարանի (ՈւԿՀ) լրագրութեան դպրոցում ուսումնառութեան ընթացքում Նադիան սկսեց խորապէս ճանաչել Աստծուն:  «Երբ եկայ ՈւԿՀ՝ որոշ չպարզաբանուած հարցեր ունէի: Ծնողներս բողոքական համայնքի անդամ էին, եւ ես հաւատքի վերաբերեալ որոշակի գիտելիքներ ունէի, սակայն, այս ամէնի մէջ որոշակի օրինաչափութիւն էի փնտռում, հետեւապէս՝ ինձ մօտ կասկածներ առաջացան»: Հետաքրքիր դասախօսութիւնները, դասախօսների հետ երկխօսութիւնը, հաւատքի մէջ իր ընկերների ունեցած փորձառութիւնը նրա համար դառնում են յայտնութեան պահեր, որոնք օգնում են երիտասարդ աղջկան բացայայտել Աստուծոյ ներգործութիւնն իր առօրեայ կեանքում:

Ուսումնառութիւնն աւարտելուն պէս Նադիան սկսում է ծրագրել իր մասնագիտական գործունէութիւնը: «Լրագրութեան ասպարէզում ես որոշակի նպատակներ ունէի, միեւնոյն ժամանակ, աղօթում էի՝ խնդրելով Աստծուն, ինձ ուղղորդել այն ճանապարհով, որն Ինքն է ընտրել: Կամաց-կամաց ճանապարհը, որ բացուեց իմ առջեւ, ինձ տարաւ դէպի մտաւոր հաշմանդամութիւն ունեցող մարդիկ»:

Ամէն ինչ սկսւում է Դորոտայ Տէրակովսկայի «Հարսնեակը» վերտառութեամբ գրքից, որում ներկայացւում է մի ընտանիքի պատմութիւն, որի դուստրը տառապում է Դաունի համախտանիշով: Նադիան հանդիպում է Ռոման Մաքսիմովիչին, ով նոյն հիւանդութեամբ էր տառապում: Նրան տպաւորում է այն, թէ ինչպէս է տղան ասմունքում Կորնթացիներին ուղղուած Թուղթի մէջ Պօղոս Առաքեալի «Ողորմութեան Շարական»-ը:

«Մենք փորձում ենք հաշմանդամութիւն ունեցող մարդկանց մէջ տեսնել այն արժանապատուութիւնը եւ շնորհները, որ Աստուած տուել է նրանց», - ասում է Նադիան եւ աւելացնում, որ իրենց նպատակներից մէկն էլ նման մարդկանց օգնելն է, որպէսզի կարողանան իրենց տեղը գտնել հասարակութեան մէջ, քանի որ Տէրն այս կեանքում իւրաքանչիւրին որոշակի առաքելութիւն է տուել: Նադիան անդամակցում է ՈւԿՀ-ի «Էմմաւուս» միաւորմանը, որի անդամները հաշմանդամութիւն ունեցող մարդկանց իրենց «ընկերներն» են համարում:

«Arche»-ի հիմնադիր Ժան Վանիէ
«Arche»-ի հիմնադիր Ժան Վանիէ

Երիտասարդ աղջիկը ներշնչւում է «Arche»-ի («Տապան») հիմնադիր Ժան Վանիէի օրինակից: «Arche»-ը կազմակերպութիւն է յատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար: «Միայն թոյլ մարդիկ չէ, որ կարիքն ունեն ուժեղ մարդկանց, այլեւ ուժեղները կարիքն ունեն թոյլերի, քանի որ իրենց թուլութեամբ նրանք մեր մէջ արթնացնում են բարութեան ոյժը». այս յայտնի արտայայտութիւնը դրոշմուել է Նադիայի յիշողութեան մէջ: Նա մտաբերում է բազմաթիւ դէպքեր, երբ հաշմանդամութիւն ունեցող մարդիկ օգնել են վերագտնել այդ բարութիւնը: «Սա ոչ միայն լաւագոյն վարձատրութիւնն է կատարած գործի, այլեւ՝ անհրաժեշտութիւն մարդու համար»:

«Ընկերների» բացառիկութիւնը

Նադիան կարծում է, որ «պէտք չէ վախենալ առաջին քայլը կատարել՝ բացայայտելու յատուկ կարիքներ ունեցող մարդկանց բացառիկ խառնուածքը»: Այսուհանդերձ, կան բաներ, որոնք սովորում ես ժամանակի ընթացքում, քանի որ այս «ընկերներից» շատերի հետ բոլորովին էլ դիւրին չէ փոխյարաբերութիւններ հաստատելը կամ ուղղակիօրէն հաղորդակցուելը: Նադիան մտաբերում է իր առաջին փորձառութիւնը, երբ թուում էր, թէ չի յաջողուել արժանանալ նրանց վստահութեանը: Արդի աշխարհում ամէն ինչ շատ արագ է ընթանում, մինչդեռ մեր «ընկերները» մեզ սովորեցնում են, որ անհրաժեշտ է դանդաղեցնել ընթացքը:

«Ուստի, - ընդգծում է Նադիան, - անհրաժեշտ է ժամանակ եւ հաւատարմութիւն, քանի որ հնարաւոր չէ անմիջապէս բացայայտել այս առանձնայատուկ մարդկանց բացառիկութեան առեղծուածը: «Ընկերների» շնորհը բացայայտւում է, երբ խորապէս հաղորդակցւում ես նրանց հետ, այդ իսկ պատճառով, նրանք պարզ ու ինքնաբուխ հաւատարմութեան արտացոլանքն են»:

Նադիայ Կալաշովան «Էմմաուս»-ի բնակիչ Դանիլոյի հետ
Նադիայ Կալաշովան «Էմմաուս»-ի բնակիչ Դանիլոյի հետ

Ի հարկէ, լինում են նաեւ խանդավառութեան պահեր. «Յիշում եմ, երբ մասնակցեցի մտաւոր հաշմանդամութիւն ունեցող մարդկանց հետ աշխատող կազմակերպութեան տօնախմբութեանը եւ այնտեղ հանդիպեցի Փաոլոյին: Նա մօտեցաւ, գրկեց ինձ եւ ասաց. «Դու պարզապէս աստուածային տեսք ունես: Սա միայն անկեղծ հաճոյախօսութիւն չէր: Այս խօսքերը ստիպում են խորապէս գիտակցել այն փաստը, որ մարդը «աստուածային էակ» է, քանզի Աստուած է նրան արարել: Փոլն ինձ յաճախ ասում էր. «Դու պէտք է ուղիղ կանգնես», բայց, ի նկատի չունէր կեցուածքը՝ ընդհակառակն, սովորաբար մեր «ընկերները» քայլում են կքած, որովհետեւ շատ յաճախ մերժուած են: Փոխարէնը, այս խօսքերով, Փոլն ուզում էր ինձ ասել, որ չպէտք է թաքցնեմ իմ սիրտը, այլ՝ պէտք է բաց լինեմ միւսների առջեւ»:

Ամէն ինչ աւելի պարզ է, քան երբեւէ

«Հաշմանդամութիւն ունեցող մարդիկ ամէն բան խորապէս են ընկալում: Նրանք ամէն ինչ նկատելու մեծ շնորհ ունեն եւ տեսնում են այն՝ ինչը միւսների համար անտեսանելի է: Ահա այսպէս են նրանք բացայայտում աւելի պարզ մի աշխարհ»: Այս համոզումն ունի Քրիստինայ Մօրոզը: Չորս տարի է, ինչ նա աշխատում է ՈւԿՀ-ի «Էմմաւուս» միաւորումում: Մինչ այդ, նա երբեւէ չէր պատկերացրել, որ կարող է այստեղ յայտնուել:

Քրիստինայ Մօրոզը նկարահանման ժամանակ
Քրիստինայ Մօրոզը նկարահանման ժամանակ

«Նախկինում, - վերյիշում է նա, - ես նման մարդկանց հետ հաղորդակցման փորձ չեմ ունեցել: Երբ սովորում էի համալսարանում, երբեք այդ հանգամանքին ուշադրութիւն չեմ դարձրել»: Առաջին հայեացքից ամէն ինչ սկսւում է ներքին փնտռտուքից: Այնուհետեւ, աշխատանք որոնելիս՝ առաջարկ է ստանում որպէս օգնական աշխատել «Էմմաուս»-ի տանը: Նրա համար տարօրինակ էր այն, որ աշխատելու հետ մէկտեղ անհրաժեշտ էր բնակուել նոյն տանը: Աշխատանքի ընդունման հարցազրոյցի ժամանակ նրան հարցրել են իր ուժեղ եւ թոյլ կողմերի մասին: Այնուամենայնիւ, մինչ մէկ այլ աշխատանքի անցնելը, նա որոշում է ընդունել այս առաջարկը եւ որոշ ժամանակ աշխատել:

«Առաջին ամիսներին չափազանց դժուար էր եւ ինձ թւում էր, որ սա իսկապէս իմ կոչումը չէ, որ սա չէր համապատասխանում իմ կրթութեանը եւ հեռանկարներին: Սակայն, մէկ տարի անց, ես հասկացայ, որ այս մարդիկ մեծ նշանակութիւն ունեն ինձ համար, ուստի, որոշեցի մնալ»:

Երբ պատմում էր «ընկերների» հետ իր փոխյարաբերութիւնների դրական պահերի մասին՝ նաեւ խոստովանում է, որ այս մարդիկ երբեք հարցեր չեն տալիս ձեր անձնական կեանքի մասին՝ թէ ով էք դուք, ինչ կարգավիճակ ունէք, այլ՝ պարզապէս ակնկալում են ձեր սէրը: «Թէեւ աշխատում եմ ոչ իմ մասնագիտութեամբ, այնուամենայնիւ, շատ աւելի կարեւոր գործի եմ ծառայում եւ ամէն անգամ մի նոր բան եմ սովորում», - ասում է Քրիստինան: Ժամանակի ընթացքում այս աշխատանքը հետզհետէ դարձաւ Քրիստինայի ու իր ընտանիքի կեանքի մի մասը:

Դրուագ «Բարեկամութեան Կամուրջ» փառատօնից
Դրուագ «Բարեկամութեան Կամուրջ» փառատօնից

Աւելին, հաշմանդամութիւն ունեցող մարդկանց հետ աշխատանքը նպաստում է անձի ձեւաւորմանը: «Աշխատանքի ընթացքում փոխուեցին հաղորդակցման շրջանակները եւ ներքին փոխյարաբերութիւնները, օրինակ՝ աւելի դիւրին է դարձել նոր ծանօթութիւններ հաստատելը: Հասկանում եմ, որ կան տարբեր մարդիկ եւ տարբեր իրավիճակներ, բայց ամէն ինչ այժմ աւելի դիւրին է թւում: Սա այն է, ինչ սովորում եմ Էմմաւուսում»:

Կոտրել կարծրատիպները եւ նոր իրականութիւն կերտել

Այնուհետեւ Քրիստինան մտաբերում է Էմմաւուս այցելած մի կնոջ. «Երբ այդ կինն իմացաւ, որ ես բարձրագոյն կրթութեան վկայագիր եւ երջանիկ ընտանիք ունեմ՝ խիստ զարմացաւ: Նա համոզուած էր, թէ միայն դժբախտ, կոտրուած սրտով եւ ընտանիք չունեցող մարդիկ են, որ աշխատում են հաշմանդամութիւն ունեցող անձանց հետ»:

Նադիայ Կալաշովան հաշմանդամութիւն ունեցող մարդկանց ներառականացման ակտիւ գործընթացի մէջ
Նադիայ Կալաշովան հաշմանդամութիւն ունեցող մարդկանց ներառականացման ակտիւ գործընթացի մէջ

«Որքան շատ ենք ընդառաջ գնում հասարակութեանը եւ ցոյց տալիս մտաւոր հաշմանդամութիւն ունեցող մարդկանց առանձնայատկութիւնները, այնքան աւելի շատ է նրանց վիճակը բնականոն ընկալւում, եւ այլեւս որեւէ բան ապացուցելու կարիքը չկայ»:

Նադիան եւ Քրիստինան մեծ ոգեւորութեամբ են խօսում Կատրուսիայի մասին, ով տառապում է ուղեղային կաթուածով եւ աուտիզմով (օթիզմ) ու աւելի շատ խնամքի կարիք ունի, սակայն, շատ յաճախ, այս աղջնակն է դրական ազդակներ հաղորդում իրեն շրջապատող մարդկանց: Երբ իր զուարթ ձայնով բարի օր է մաղթում՝ ուրախութիւն է պարգեւում բոլորին: Սա պատահում է այն մարդկանց հետ, ովքեր ամենաշատն ունեն օգնութեան կարիք: Մեծ նրբանկատութեամբ նրանք մեզ սովորեցնում են ամէն բան նկատել իր պարզութեան մէջ:

Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը յաճախ է խօսում բարութեան յեղափոխութեան մասին: Նա մեզ սովորեցնում է, որ բարութիւն նշանակում է նայել աչքերով՝ ուրիշին իրապէս տեսնելու եւ լսել ականջներով՝ ուրիշին ականջալուր լինելու համար: Մեզանից իւրաքանչիւրը կարիքն ունի աստուածային շնորհի, որպէսզի կարողանանք լինել Աստուծոյ ողորմածութեան, բարութեան եւ սիրոյ կրողները: Նադիայի եւ Քրիստինայի օրինակը պատմում է մերձաւորի նկատմամբ սիրոյ դրսեւորման մասին: Սէր, որն ի զօրու է տեսնել մարդու ներքին գեղեցկութիւնը:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/12/2019, 08:05