Որոնել

Հռոմի Տորպինեատարայ թաղամասի հանրակառքի կայարանը, որտեղ ամէն օր խաչաձեււում են Ադմոնի, Մոնիքայի եւ Սումելայի կեանքերը Հռոմի Տորպինեատարայ թաղամասի հանրակառքի կայարանը, որտեղ ամէն օր խաչաձեււում են Ադմոնի, Մոնիքայի եւ Սումելայի կեանքերը  

Ադմոն, Մոնիքա եւ Սումելա. Ինտեգրման պատմութիւններ

Հազարաւոր օտարերկրեայ քաղաքացիներ են բնակութիւն հաստատել Իտալիայում: Նրանք երկիր մուտք են գործել մարդասիրական միջանցքներով, ռետինէ նաւամակոյկներով կամ բարեկամների հետ՝ իրենց նշանակալից մասնակցութիւնն ունենալով երկրի կեանքում: Շատ յաճախ նրանք մեր հարեւանութեամբ ապրող մարդիկ են:

Ալեսսանդրոյ Գուարաշի – Վատիկան

Աւելի քան 2,5 միլիոն գաղթական աշխատում են Իտալիայում: Նրանք հիմնականում աշխատում են հիւրատնային, ռեստորանային, գիւղատնտեսութեան եւ շինարարութեան ոլորտում, կամ՝ անհատական ծառայութիւններ են մատուցում: Սրանք պատմութիւններ են ինտեգրման, պատմութիւններ երկրի կեանքում մշտական ու անգնահատելի ներդրման: Այնուամենայնիւ, իտալացիներից շատերը չեն արժեւորում այն, ինչ այս մարդիկ ներդնում են երկրի կեանքում: Նրանց ներկայութիւնը զգացւում է ամէնուր եւ, նրանց յաճախ կարելի է տեսնել մեզ շրջապատող մարդկանց մէջ:

Ադմոն. Սուրիայից դէպի Հռոմ: Այսօր նա օգնում է տարեցներին

Սումելայ Դիվարայ
Սումելայ Դիվարայ

Ադմոնն Իտալիա է ժամանել սեփական միջոցներով Sant'Egidio Միաբանութեան եւ Իտալիայի Աւետարանական Եկեղեցիների Միութեան, Վալդական Սեղանի եւ Քարիթասի մարդասիրական միջանցքներով: 2016 թուականի փետրուարից ի վեր մօտաւորապէս 2500 մարդ Սուրիայից (փախուստի դիմելով պատերազմից) եւ Ափրիկեան Եղջիւր կոչուող թերակղզուց այս ճանապարհով մուտք է գործել Իտալիա:

Այս հումանիտար միջանցքների նպատակն է խուսափել Միջերկրականը նաւով հատելուց, ինչն արդէն իսկ պատճառ է դարձել մեծ թուով մարդկանց մահուան, որոնցից շատերը երեխաներ էին, կանխել մարդավաճառութեամբ զբաղուողների կողմից պատերազմներից փախչող մարդկանց շահագործումը, ինչպէս նաեւ «խոցելի» անձանց (բացի հալածանքների, խոշտանգումների եւ բռնութեան զոհերից, նաեւ՝ երեխաներ, տարեցներ, հիւանդներ եւ հաշմանդամութիւն ունեցող անձանց ընտանիքներին) տրամադրել մարդասիրական արտօնագրով օրինական մուտքի իրաւունք Իտալիայի Հանրապետութեան տարածք՝ յետագայում ապաստան խնդրելու հնարաւորութեամբ:

Մոնիքան ներկայացնում է Տորպինեատարայի համայնապատկերը

Մոնիքա Իսլամ
Մոնիքա Իսլամ


Մոնիքա Իսլամը այցելուներին է ներկայացնում Հռոմի ամենագեղեցիկ, ամենայատկանշական, բայց նաեւ՝ ամենաբազմամշակութային վայրերը: Նա այս գործով զբաղւում է Viaggi Solidali կոչուող միաւորման հետ միասին: ACRA, Viaggi Solidali եւ Oxfam Իտալիան նպաստեցին ԵՄ Migrantour-ի ցանցի զարգացմանը, մի նախաձեռնութիւն, որը հին եւ նոր սերնդի իտալացի ու եւրոպացի քաղաքացիներին, զբօսաշրջիկներին, հետաքրքրասէրներին եւ ուսանողներին թոյլ է տալիս ծագումով ներգաղթեալ քաղաքացիների ներկայացրած պատմութիւններով բացայայտել բազմաթիւ մեծ ու փոքր գաղտնիքներ, որոնց շատ յաճախ, նոյնիսկ եւրոպական տարբեր քաղաքների բնակիչները ծանօթ չեն: Ներգաղթեալ քաղաքացիների ներգրաւումը այս նախաձեռնութեան յաջողութեան բանալին էր: Նախաձեռնութեանը անդամակցում են իտալական 5 քաղաքներ՝ Թուրինը, Միլանը, Ճենովան, Ֆլորենցիան եւ Հռոմը, ինչպէս նաեւ եւրոպական 4 քաղաքներ՝ Մարսելը, Փարիզը, Վալանսը եւ Լիզպոնը: 2010 թուականից սկսած այս զբօսանքներին մասնակցել են հազարաւոր մարդիկ՝ վարժարանի ուսանողներ, հետաքրքրասէր քաղաքացիներ, օտարերկրացի զբօսաշրջիկներ, թաղամասի բնակիչներ, խմբեր եւ միաւորումներ

Մոնիքան Իտալիա է եկել Բանգլադեշից, երբ դեռ երեխայ էր: Այժմ, նա «նոր իտալացիների» մի մասնիկն է: Նա ամբողջովին ներգրաւուեց այս գործընթացի մէջ: Մոնիքան լաւ ծանօթ է տարբեր մշակոյթներին, ինչը նրան օգնում է իր աշխատանքում: Կարելի է տեսնել, թէ ինչպէս է նա պտոյտ կազմակերպում ամերիկեան համալսարաններից մէկի ուսանողների հետ մայրաքաղաքի ամենաբազմամշակոյթ եւ տարբեր էթնիկ ծագում ունեցող մարդկանցով բնակեցուած թաղամասերից մէկում՝ Տորպինեատարայում: Այստեղ զարմանալի կերպով միախառնւում են աւանդոյթները, խոհանոցները, գոյները, կրօնները եւ բոյրերը: Մինչ պատերազմը Տորպինեատարան յայտնի թաղամաս էր, այսօր այն հարուստ է որմնանկարներով, որոնք արտացոլում են տեղի մշակոյթների համայնապատկերը: «Carlo Pisacane» տարրական դպրոցը ինտեգրման լաւագոյն օրինակներից է:

Սումելան Մալիից. այսօր նա աշխատում է որպէս մշակութային հարցերով միջնորդ

Սումելայ Դիվարայ
Սումելայ Դիվարայ

Սումելայ Դիվարան վերապրողն է այն բազմաթիւ նաւաբեկութիւններից մէկի, որի ժամանակ Լիպիայից Իտալիա ներգաղթեալների էին տեղափոխում: Այսօր նա գրքեր է գրում, աշխատում է որպէս մշակութային հարցերով միջնորդ եւ իր պատմութիւնն է ներկայացնում դպրոցներում: «Finestre» (Պատուհան) անունը կրող ծրագիրը նախատեսում է փախստականների եւ վկաների աջակցութեամբ միջկրօնական երկխօսութիւնների վերաբերեալ հանդիպումներ իրականացնել, մասնաւորապէս՝ դպրոցների, ուսուցիչների եւ աշակերտների հետ, որն իսկական քննութիւն է՝ կառուցելու միաբանուած համայնքներ, երկխօսութիւն եւ սոցիալական ստեղծարար ոգի: Ներգաղթեալներին այլեւս չեն ընկալում որպէս խնդիր կամ խոչընդոտ, այլ՝ որպէս կրողներ մարդկային եւ մշակութային հարստութեան:
Մալիի մայրաքաղաք Բամակոյում ստանալով Իրաւագիտութեան մագիստրոսի կոչում՝ Սումելան ներգրաւուում է քաղաքականութեան մէջ՝ միանալով ընդդիմադիր «Ափրիկեան Համերաշխութիւն՝ յանուն Ժողովրդավարութեան եւ Անկախութեան» (ԱՀԺԱ) կուսակցութեանը: Այս կուսակցութեանն անդամակցելու պատճառով նա ստիպուած եղաւ 2012 թուականին լքել Մալին եւ անցնել գաղթի ճանապարհով: Սումելան Լիպիայից ռետինէ նաւամակոյկով կտրում անցնում է Միջերկրականը: Ռազմածովային նաւատորմի փրկարարների շնորհիւ նա կարողացաւ Իտալիա հասնել 2014 թուականին, որտեղ միջազգային պաշտպանութիւն ստացաւ: Այժմ Սումելան քաղաքական փախստականի կարգավիճակ ունի:
Այսպիսով, սա մի ներգաղթեալի պատմութիւն է, ով փորձում է հանրութեանը եւ յատկապէս՝ երիտասարդներին ներկայացնել այն մարդկանց պատմութիւնները, ովքեր փախուստի են դիմում կրօնական կամ քաղաքական հետապնդումների պատճառով: Անվստահութիւնը կարելի է յաղթահարել միայն դիմացի մարդուն լաւ ճանաչելով:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

/content/dam/vaticannews/multimedia/2019/10/08/Storiemigranti4.png
/content/dam/vaticannews/multimedia/2019/10/08/Storiemigranti4.png

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

20/11/2019, 10:40