Որոնել

Քարմենը Քարիթասի կենդրոնում Քարմենը Քարիթասի կենդրոնում   Պատմութիւնը

Ինչպէս Միջերկրականն է դարձել գաղթի ճանապարհ, այնպէս էլ՝ Ամազոնիան. Քարմենի ճանապարհորդութիւնը :

Ամէն օր հազարաւոր մարդիկ աւելի լաւ ապագայի փնտռտուքով արտագաղթում են իրենց երկրներից եւ կտրում անցնում ամազոնեան անտառը: Բազմաթիւ վենեզուելլացիներ փորձում են գնալ Էկուադոր, որտեղ ապաստան տրամադրելու քաղաքականութիւնն ամենանպաստաւորներից մէկն է Լատին Ամերիկայում: Այստեղ մենք հանդիպեցինք մի երիտասարդ կնոջ, ով մի քանի ամիս առաջ ծնուած որդու հետ միասին որոշել էր լքել Վենեզուելլան:

Մարիոյ Գալգանոյ – Քիտոյ

Քարիթաս Էկուադորը ապաստան է տալիս երիտասարդ գաղթականին, ում կ'անուանենք Քարմեն՝ պահպանելով անանունութիւնը: Այժմ մենք գտնւում ենք Ամազոնիայի հիւսիս-արեւմտեան ծայրամասում, որտեղ տեղի Կաթողիկէ Աջակցութեան Կենդրոնը մօտաւորապէս քառասուն մարդու համար նախատեսուած փախստականների ապաստան է հիմնել: Այս կենդրոնի առանձնայատկութիւնն այն է, որ փախստականները կարող են այստեղ մնալ առաւելագոյնը երեք օր՝ ճիշտ այնքան ժամանակ, որքան կը պահանջուի ձեռք բերելու անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք կ'արտoնեն կեցութիւնը հարաւ-ամերիկեան այս երկրում: Ապաստանի տրամադրման Էկուադորի քաղաքականութիւնն այնքան գործուն է, որ սովորաբար մի քանի օրում փախստականները ստանում են բնակութիւն հաստատելու, մշտական կացարան գտնելու եւ աշխատանք որոնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Քարմենը մեզ պատմում է Ամազոնիայի միջով անցած իր ճանապարհորդութեան մասին.
«Ես իմ երկրից փախուստի դիմեցի տնտեսական պատճառներից ելնելով: Վենեզուելլայում ապրում էի իմ երեք երեխաների եւ եղբօրս հետ: Մենք լքեցինք Կուկուտան եւ տասնեօթ օր շարունակ քայլեցինք: Հիմնականում քայլում էինք Քոլումպիայի տարածքով: Բոլորը ճանապարհին օգնում էին ինձ: Տասնինը օր ստիպուած եղանք մնալ քոլումպիական սահմանին, քանի որ թոյլ չէին տալիս երկիր մուտք գործել առանց արտօնագրի: Ուստի, որոշեցինք ճանապարհը շարունակել անտառի միջով, մինչեւ որ կը հասնէինք Էկուադոր: Երբ վերջապէս հասանք այստեղ, ուր գտնւում է ապաստան տրամադրող այս կենդրոնը՝ չգիտէի, որ սա նախատեսուած է փախստականների համար: Այն այգում, որտեղ կանգ էինք առել, հանդիպեցինք մի կնոջ՝ ում Աստուած էր ուղարկել: Նա, տեղեկանալով մեր անցած ճանապարհի մասին, մեզ համար հանդիպում կազմակերպեց այս կենդրոնի աշխատակիցների հետ: Նրա շնորհիւ է, որ այսօր այստեղ ենք»:

Քարմենն իր փոքրիկ որդու հետ
Քարմենն իր փոքրիկ որդու հետ

Քարմենը չի սիրում խօսել քաղաքականութիւնից եւ նոյնիսկ այնքան էլ հետաքրքրուած չէ այս խնդրով: Միակ բանը, որ նա խնդրում եւ ակնկալում է, դա որքան հնարաւոր է շուտ իր հայրենիք վերադառնալու հնարաւորութիւնն է: Իսկ մինչ այդ, նա շատ երախտապարտ է էկուադորցիներին այն աջակցութեան համար, որ տրամադրում են փախստականներին:
«Չէք կարող պատկերացնել, թէ ինչպիսի զրկանքներ ես կրում այս ճանապարհն անցնելիս: Յանուն իմ փոքրիկ որդու եւ միւս երկու երեխաների է, որ ես շարունակեցի այս ճանապարհը: Չափազանց դժուար էր, եւ բազմիցս ինձ մօտ ցանկութիւն է առաջացել ետ դառնալու, ինչպէս այն երեկոյ, երբ որդիս տենդի մէջ էր: Իմ տունը Վենեզուելլայում է, սակայն, փառք Աստուծոյ, ուտելու եւ քնելու տեղ ունենք: Եւ, Աստուծոյ ողորմածութեամբ կան մարդիկ, ովքեր մեզ օգնութեան ձեռք են մեկնում եւ աջակցում»:
Չնայած Քարմենին յաջողուել է փոքր-ինչ վերագտնել խաղաղութիւնը, այնուամենայնիւ, նա խոստովանում է, որ շատ է կարօտում Վենեզուելլայի իր տունը, ընկերներին, ընտանիքը եւ ամէն ինչ: Քարմենի ծնողներն այլեւս ողջ չէն, սակայն նա շատ ընկերներ ու բարեկամներ ունի հայրենիքում: Նա այս նոր փորձառութիւնն ապրում է որպէս հնարաւորութիւն՝ ոչ միայն իր, այլեւ իր փոքրիկ որդու համար, ով այսքան փոքր տարիքում դեռեւս չի գիտակցում, թէ ինչի միջով է անցնում:
«Չէք կարող պատկերացնել, թէ ինչ է նշանակում լինել սեփական տանը, հարազատ մարդկանց շրջապատում եւ ապրել խաղաղ: Թէեւ այստեղ՝ օտարութեան մէջ, ինձ հետ են իմ ընտանիքի անդամները, այնուամենայնիւ, սաստիկ կարօտում եմ իմ հայրենի Վենեզուելլան»:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

06/11/2019, 07:59