Որոնել

Նիւ Եորքում Բացուել Է Աղթամարի Ս. Խաչ Եկեղեցու Լուսանկարներ Նիւ Եորքում Բացուել Է Աղթամարի Ս. Խաչ Եկեղեցու Լուսանկարներ 

Նիւ Եորքում բացուել է Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդէսը:

Ցուցահանդէսի բացմանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող ֆիլմ է ցուցադրուել:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը «Յայտնի են դառնում Անատոլիայի (Արեւմտեան Հայաստան) թաքնուած յուշարձանները» նախագծի շրջանակում Նիւ Եորքում Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդէս է բացել:

Նիւ Եորքի Մանհեթեն թաղամասում կազմակերպուած ցուցահանդէսին ներկայ են գտնուել Նիւ Եորքում Թուրքիայի հիւպատոս Ալփեր Աքթաշը, Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպս. Մաշալեանը, Ստամբուլի (Պոլսոյ) հայկական Սուրբ Փրկիչ հիւանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Թուրքիայի ազգային փոքրամասնութիւնների համայնքի հիմնադրամների ներկայացուցիչ Մորիս Լեւին, Ասորական եկեղեցու հիմնարկների նախագահ Սաիթ Սուշին, Ամերիկեան ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Էլպիդոֆորոս Լամբրինիադիսը եւ հայկական ու թուրքական համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

Ցուցահանդէսի բացմանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող ֆիլմ է ցուցադրուել: Միջոցառմանը ելոյթ է ունեցել Պոլսի պատրիարքի տեղապահ Սահակ սրբազանը:

Մաշալեանը գոհունակութիւն է յայտնել, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից հետաքրքրութիւն է ցուցաբերւում Սուրբ Խաչ եկեղեցու եւ միւս պատմամշակութային կառոյցների նկատմամբ:

«Եկեղեցու բացման օրուանից սկսած այս մոնումենտալ յուշարձանը ջերմ գնահատանքի արժանացաւ աշխարհի տարբեր կողմերից, այդ թւում՝ Հայաստանից եւ Թուրքիայից: Սա թուրք եւ հայ ժողովրդի միջեւ դժուարութիւնները յաղթահարելու համար մի մշակութային նախաձեռնութիւն է, ինչպէս նաեւ բարի կամքի վրայ հիմնուած կամուրջ է՝ աւել լաւ ապագայի եւ փոխըմբռնման համար», ասել է Մաշալեանը:

Նրա խօսքով՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կարող է խաղաղութեան օրրան դառնալ եւ շատ առանձնայատուկ ներուժ ունի այն իրականացնելու համար:

Մաշալեանը շնորհակալութիւն է յայտնել թուրք լուսանկարիչ Իզզեթ Քերիբարին, որն անմահացրել է Սուրբ Խաչ եկեղեցու պատկերները:

Նշւում է, որ ցուցահանդէսին ներկայացուել է Վանայ լճի Աղթամար կղզու եւ Սուրբ Խաչ եկեղեցու 88 լուսանկար:

Յիշեցնենք, որ հայ ժողովրդի համար պատմական նշանակութիւն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին թուրքական կառավարութեան ֆինանսաւորմամբ վերականգնուել էր 2010 թուականին եւ բացուել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից յետոյ հայ համայնքը տարին մէկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թոյլտուութիւն ունի:

Սուրբ Խաչ եկեղեցին կառուցուել է 915-921թ. ճարտարապետ Մանուէլի կողմից Վասպուրականի թագաւոր Գագիկ Ա.ի հրամանով:

Քաղուած Ասպարէզէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/11/2019, 09:18