Գիլյերմոյ Էստեբան, աւելի յայտնի «Գրիլեքս» անունով Գիլյերմոյ Էստեբան, աւելի յայտնի «Գրիլեքս» անունով   Պատմութիւնը

Նա չէր հաւատում Աստծուն, փորձութեան ենթարկուեց եւ լիովին նորափոխեց իր ռեպը

Նա չարացած էր Աստուծոյ հանդէպ եւ անարգական երգերով նրան «պատերազմ» էր յայտարարել, սակայն մերժման այս ճանապարհին տեղի ունեցաւ անսպասելին. Աստուած նրա հետ խօսեց այն մարդկանց միջոցով, ովքեր կոտրեցին բոլոր կարծրատիպները:

Միրեյայ Բոնիլլայ – Վատիկան

Նա ինքն իրեն անուանում է «քրիստոնեայ ռեպպեր»: 25-ամյայ մատրիտցի երիտասարդ Գիլյերմոյ Էստեբանը՝ ում շատերը ճանաչում են «Գրիլեքս» բեմական անունով, այսօր ռեպը դարձրել է նոր սերունդներին Յիսուսի քրիստոնէական արժէքները հաղորդելու միջոց: Սակայն, պէտք է նշել, որ նա միշտ չէ, որ այսպիսին է եղել:

Ամէն ինչ սկսուեց այն ժամանակ, երբ Գիլյերմոն 17 տարեկան էր եւ նրա ընտանիքը ստիպուած եղաւ առերեսուել նրա փոքր եղբօր հիւանդութեան հետ: Ըստ բժիշկների երեխայի ապրելու հաւանականութիւնը շատ փոքր էր: Այս լուրն իմանալուց յետոյ ցաւն ու տառապանքը համակեցին Գիլյերմոյին, եւ նա փորձեց ապաստան գտնել ռեպի մէջ. «Մի երեկոյ սկսեցի եղբօրս նուիրուած երգ գրել եւ զգացի, թէ ինչպէս է իմ ներսում եղած ճնշող ցաւը նուազում», - ասում է երիտասարդ մատրիտցին:

Փառքից դէպի մենութիւն

Եղբօրը նուիրուած երգը մի քանի ամսում մեծ արձագանք ունեցաւ, եւ հռչակը թակեց նրա դուռը: Գիլյերմոն յայտնի դարձաւ հանրութեանը, եւ այս հռչակը նրա մէջ հզօրութեան եւ ուրիշների նկատմամբ գերազանցութեան զգացում է առաջացնում: Հզօրութեան զգացում, որը սկսեց նրան շեղել ճիշտ ճանապարհից. «Ես սկսեցի վիրաւորել ինձ շրջապատող մարդկանց, միայն այն պատճառով, որ ինձ միւսներից աւելի ուժեղ էի զգում»: Արցունքն աչքերին նա պատմում է, թէ ինչպէս էր փառքը կամաց-կամաց թունաւորում իրեն՝ մինչ այն պահը, երբ հասկացաւ, որ լիովին մեկուսացել է՝ մեղքը վերագրելով Աստծուն:

Միայնակ, չարացած եւ խորը վշտի ծանրութեան տակ՝ Գիլյերմոն առաջին անգամ խօսեց Տիրոջ հետ՝ արտայայտելով իր խորը հրաժարումը հաւատքից. «Չգիտեմ, արդեօք դու գոյութիւն ունես, թէ ոչ, բայց, քանի որ ես միայնակ եմ, հետեւաբար՝ դու ինձ չես սիրում: Իսկ եթէ գոյութիւն ունես, ապա՝ կերգեմ քո մասին, եթէ գոյութիւն չունես՝ այնուամենայնիւ, կերգեմ քո մասին եւ ատելութեան խօսքեր կուղղեմ բոլոր քրիստոնեաներին»:

Գիլյերմոյ Էստեբանն իր առաջին համերգներից մէկի ժամանակ
Գիլյերմոյ Էստեբանն իր առաջին համերգներից մէկի ժամանակ

Աստուած նրա հետ խօսեց հանդիպումների միջոցով

Ներփակուած այս ատելութեան մէջ, ինչը դրսեւորւում էր նրա երգերի խօսքերում եւ ինչը նրան աւելի ու աւելի էր հեռացնում իր հաւատքից ու ընտանիքից՝ Գրիլեքսն իր մօր միջոցով առաջին անգամ լսում է Տիրոջ կանչը: Մայրը խնդրում է իրեն պատարագի ուղեկցել, որպէսզի կարողանան միասին որոշ ժամանակ անցկացնել: Գիլյերմոն նախ մերժում է, բայց մայրական համոզումի ուժն այնքան մեծ էր, որ առաջին անգամ նա բաց արեց իր սիրտն ու ընդունեց մօր առաջարկը, սակայն պայմանով, որ «երբ դուրս գանք պատարագից, այլեւս ոչինչ չեմ ուզում իմանալ ո՛չ քո եւ ո՛չ էլ Եկեղեցու մասին»:

Գիլյերմոն մօր հետ գալիս է ծխական Եկեղեցի եւ ինքնաշարժից դուրս գալուն պէս մի աղջիկ մօտենում է նրան, բացագանչելով՝ «Գրիլեքս»: Աղջիկը Գիլյերմոյի երկրպագուներից մէկն էր, եւ, «անուանի ռեպպերին» ողջունելուց զատ՝ նրան հրաւիրում է Ալֆա ընթրիքի: Սա այն ընթրիքներից է, որի ժամանակ բանավէճերի միջոցով ազդարարւում է Կերիգման՝ որպէս Մահմետականացման մի նոր մեթոտ: Գիլյերմոն ծանօթ չէր այսպիսի ընթրիքներին եւ լուրջ չի վերաբերւում այդ ամէնին, սակայն երիտասարդ աղջկայ գեղեցկութիւնը եւ նրան կրկին տեսնելու ցանկութիւնը բաւական էին հրաւէրն ընդունելու համար:

Գրիլեքսը մօր հետ
Գրիլեքսը մօր հետ

Սեփական «ես»-ը մի կողմ թողնել եւ ծառայել ուրիշներին

Ընթրիքից յետոյ Գիլյերմոն թէեւ պահպանեց «հանրայայտ ռեպպերի» իր կերպարը, սակայն, կամաց-կամաց Տէրը մօտեցաւ նրան: Գիլյերմոյին խնդրել էին կամաւորութիւն անել եւ նա ընդունել էր այդ առաջարկը, քանի որ իր «ես»-ը ստիպում էր կարծել, թէ առաւելութիւն ունի միւս մարդկանց նկատմամբ: Երկրորդ անգամ նա իր սիրտը բաց է անում, երբ հասկանում է, որ «Աստուած ապրում է մարդկանց մէջ» եւ, երբ գիտակցում է, որ ոչ թէ ինքն է օգնել մարդկանց, այլ այդ մարդիկ են, որ օգնում են իրեն: Չնայած այդ գիտակցումին, յամառ երիտասարդը շարունակում է իր ճանապարհը եւ մի քանի ամիս անց հանրութեանն է ներկայացնում երգ, որում արտայայտում է իր արհամարհանքը մի երիտասարդ աղջկայ հանդէպ: Աստուած կրկին է մօտենում Գիլյերմոյին՝ այս անգամ ընկերուհիներից մէկի միջոցով: Նա իր վերջին ռեպը անուանում է «աղբանոց»: «Սա ինձ համար խորը ցնցում էր՝ իսկական բախում իրականութեան հետ», - ասում է երիտասարդ ռեպպերը եւ ժպիտը դէմքին աւելացնում. «Ինձ դուր է գալիս, թէ ինչպէս է Աստուած զանազան միջոցներով մօտենում մարդկանց սրտերին»:

Գիլյերմոյ՝ կամաւոր կամաւորների մէջ
Գիլյերմոյ՝ կամաւոր կամաւորների մէջ

Սիրտն այլեւս բաց է, եւ Աստուած կոտրում է բոլոր կարծրատիպները

Դարձի գալու ճանապարհը սկսւում է սեփական վախերի հետ առերեսուելուց: Առաջին քայլը Տիրոջ առջեւ սիրտը բացելն էր եւ գիտակցելը, որ Աստուած բոլորովին չէր համապատասխանում իր պատկերացրած կերպարին եւ, որ Աստուած սառնասիրտ դատաւոր չէր՝ պատրաստ պատժելու գործած մեղքի համար: Ժամանակի ընթացքում եւ Աստուծոյ հետ անկեղծօրէն հաղորդակցուելով Գիլյերմոն զգաց, որ նրա առջեւ կանգնած է «Աստուած, ով սիրում է, Աստուած, ով ներում է, Աստուած, ով նեցուկ է, Աստուած, ով նուիրում է իր կեանքը»:

Կամաց-կամաց Գիլյերմոն սկսում է սիրել Տիրոջը, եւ այդ մի քանի հանդիպումներ են, որ անցեալը բաժանում են ներկայից: «Conviviencias» (համագոյակցութիւն) կոչուող այս հանդիպումների ընթացքում նա այնքան ուժգին զգաց Տիրոջ զօրութիւնն ու ներկայութիւնը, որ կարծում է, թէ «կեանքն առանց Նրա իմաստ չունի»: Տէրը դիպաւ նրա սրտին եւ այս անգամ նա լիովին գիտակցեց, որ Աստուած մոգական գաւազան չէ, որը մէկ հպումով բժշկում եւ կատարեալ կեանք է ապահովում: Գիլյերմոն հասկացաւ, որ հաւատքի ճանապարհին նա նոյնպէս պէտք է պատրաստ լինի կրել իր խաչը:

Գիլյերմոն աղօթքի հանդիպումներից մէկի ժամանակ
Գիլյերմոն աղօթքի հանդիպումներից մէկի ժամանակ

Ուժը վերածւում է շնորհի

Գիլյերմոն այս փորձառութիւնից դուրս է գալիս այն համոզմամբ, որ անպայման պէտք է ինչ-որ բան փոխի իր ռեպի միջոցով: Նա իրեն տրուած այս շնորհն այլեւս չէր դիտարկում որպէս ուժ, այլ՝ միջոց ուրիշներին օգնելու: «Իմ ռեպի միջոցով փորձում եմ փոխանցել քրիստոնէական արժէքները եւ օգնել այն մարդկանց, ովքեր կարող են իրենց դատարկ ու անկարեւոր զգալ կամ՝ տանջուել հոգու վէրքերից»:

Երկար տարիներ անարգական երգեր գրելուց յետոյ, այսօր, Գիլյերմոն Սուրբ Հոգով ներշնչուած գրում է Աստծուն նուիրուած երգեր: Այսօր նա ունի յստակ նպատակ. Քրիստոսի պատգամը փոխանցել նոր սերունդներին, քանի որ նրա կարծիքով ռեպը մահմետականացման «հոյակապ» միջոց է:

Գիլյերմոն երգում է Laudato Si փառատօնի ժամանակ
Գիլյերմոն երգում է Laudato Si փառատօնի ժամանակ

Հայր Փիոն բժշկեց իր եղբօրը

Տեսախցիկներից այն կողմ Գիլյերմոն աւելի ազատ է խօսում եւ պատմում եղբօր ներկայիս առողջական վիճակի մասին. «Թէեւ կան փոքր խնդիրներ, սակայն եղբայրս լաւ է, ապրում է բնականոն կեանքով եւ ուսումնառութիւնն է շարունակում համալսարանում»: Մեծ անակնկալ էր, երբ Գիլյերմոն յայտնեց, թէ «Հայր Փիոն» է բժշկել իր եղբօրը: Երբ եղբայրը շատ էր թուլացել հիւանդութիւնից՝ ընտանիքին նուիրում են Հայր Փիոյից մի մասունք եւ, այդ օրուանից ի վեր, սկսւում է եղբօր ապաքինումը:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

27.11.2019

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

27/11/2019, 08:00