37 օր քայլելուց յետոյ Վինսենթ Փէրիթազը Հռոմից ժամանում է Ֆրիբուրգ 37 օր քայլելուց յետոյ Վինսենթ Փէրիթազը Հռոմից ժամանում է Ֆրիբուրգ   Պատմութիւնը

Մնա՜ս բարով Հռոմ... Զուիցերացի Պահակը քայլերն ուղղում է դէպի Via Francigena

Վինսենթ Փէրիթազը 26 տարեկան է: Այս ֆրիբուրգցին Քահանայապետական Զուիցերական պահակագունդի շարքերում երեք տարի ծառայելուց յետոյ՝ անցեալ տարուայ մայիս 31-ին աւարտել է իր ծառայութիւնը: Անցնելով Via Francigena-ով նա եկաւ Հռոմ՝ որպէս ուխտաւոր եւ նոյն ճանապարհով էլ ետ վերադարձաւ: Նրա անցած ճանապարհի պատմութիւնը վկայում է, որ այսպիսի ուղի ընտրելը փոխակերպում է ինչպէս մարդկայնօրէն, այնպէս էլ հոգեպէս

Ճանապարհը՝ որպէս փրկարար անցում

Վինսենթի համար այս երկարատեւ վերադարձը Via Francigena-ով, որի հիմնական ճանապարհը Անգլիայի հարաւում գտնուող Քէնթերբերին կապում է յաւերժական քաղաքի հետ՝ իրողութիւն էր: Սա կարծես ներդաշնակ եզրափակումն էր Սրբազան Քահանայապետի պահակագնդում ծառայութեան իր անցած կեանքի այդ էջի, որը սկիզբ էր առել աւելի քան երեք տարի առաջ՝ այս նոյն ճանապարհից: Ուխտագնացութիւն, որը նման է կրկներգի: «Այժմ,- վերլուծում է Վինսենթը, - ես հասկանում եմ, որ վերադարձի այս ճանապարհն ինձ համար ինքնատիպ մի բուժամիջոց դարձաւ: Չափազանց դժուար է թողնել Հռոմը, Վատիկանը, Զուիցերական պահակագունդը եւ Սրբազան Քահանայապետին: Չեմ կարծում, որ կը կարողանայի դիմանալ մէկ օրում արագ վերադարձին: Այս ճանապարհը ոտքով անցնելը մեզ ժամանակ է տալիս համադրելու մեր անցած կեանքը»:
Քրաքովում տեղի ունեցած ԵՀՕ ընթացքին Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ելոյթի ժամանակ ասուած խօսքերը նոյնպէս ունեցան իրենց ազդեցութիւնը. «Յիսուսին հետեւելու համար պէտք է խիզախել եւ որոշում կայացնել բազմոցը փոխարինել մէկ զոյգ կօշիկով, որը քեզ կ'օգնի քայլել»: «Ինձ մօտ այնպիսի տպաւորութիւն է, որ ես տառացիօրէն հետեւեցի այս խօսքերին, երբ որոշեցի այս ճանապարհն անցնել ոտքով», - ասում է երիտասարդ Զուիցերացին:

Ճանապարհ Լացիոյում, որը տանում է դէպի Ակուապենդենտէ եւ Վինսենթի ուխտաւորի ձեռնափայտը
Ճանապարհ Լացիոյում, որը տանում է դէպի Ակուապենդենտէ եւ Վինսենթի ուխտաւորի ձեռնափայտը


Ամառային այդ օրը, Վինսենթը կարծես երկփեղկուած լինէր, երբ թողնում էր հռոմէական հողը: «Ի հարկէ տխուր էի, քանի որ թողնում էի այն կեանքը, որն այդքան սիրում էի, միեւնոյն ժամանակ ուրախ էի, որ մեկնում եմ»: Նա այս ճանապարհը դիտարկում է որպէս Պահակագնդում իր փորձառութեան «շարունակութիւն»՝ մինչ կը հասնէր իր «հայրենի հողին՝ Զուիցերական Հռոմին՝ Ֆրիբուրգ քաղաքին»: Թէեւ Վինսենթը վարժուած էր երկար քայլելուն (նա արդէն իսկ անցել էր Սուրբ Յակոբոսի ճանապարհով), այնուամենայնիւ, իր առաջին քայլերն անում է որոշ անհանգստութեամբ, քանի որ այնպիսի զգացողութիւն ունէր, ասես չափազանց մեծ մի բան էր ձեռնարկում: Նա ճանապարհ է ընկնում միայնակ՝ «վայելելով» մենութիւնը եւ ապաւինելով Նախախնամութեանը:

Տեսարան Տոսկանայից
Տեսարան Տոսկանայից

Ընդունել Նախախնամութեան շնորհները

Via Francigena-ի հիմնական երթուղին կրկնում է այն բոլոր հանգրուանները, որոնք յիշատակուած են Քէնթերբերիի Արքեպիսկոպոս Սիժերիկի ձեռագրերում: Վերջինս 990 թուականին ոտքով ճանապարհ ընկաւ դէպի Հռոմ՝ Նորին Սրբութիւն Յովհաննէս XV Քահանայապետի ձեռքից եմիփորոնն ընդունելու համար: Ճանապարհը շատ լաւ նշանագրուած է, եւ ճանապարհորդն իր տրամադրութեան տակ տարբեր միջոցներ ունի իր ուղեւորութիւնը մանրամասնութիւններով ծրագրելու, սակայն մեր Զուիցերացի ուխտաւորի համար «կարեւոր է քայլել առանց վերահսկելու իր ամէն օրուայ ուղին՝ թոյլ տալով, որ ճանապարհն ինքը ուղղորդի եւ առաջ շարժուել օրուայ ռիթմին համընթաց»: Ուստի, նա նախապէս չի ամրագրում այն վայրերը, որտեղ իջեւանելու է: Սա հնարաւորութիւն է միեւնոյն ժամանակ զգալ թէ՛ աղքատութիւնը, եւ թէ՛ երախտագիտութիւնը. «երբեք չես իմանայ, թէ ինչպիսի վայրում կը յայտնուես, հետեւաբար, պէտք է կարողանալ ուրախանալ իւրաքանչիւր դրական բանով, որ կարելի է գտնել այս վայրերում, գուցէ, յաջորդ հանգրուանում հնարաւոր չլինի գտնել նոյն բաները», - նկատում է Վինսենթը: Բազմաթիւ «նշանակալից հանդիպումներ» պատահեցին նրա ճանապարհին: 

Պադանի հարթավայրի բրնձի դաշտերի միօրինակութիւնը
Պադանի հարթավայրի բրնձի դաշտերի միօրինակութիւնը

Ծանրութիւն, որ իր ուսերին կրում է ճանապարհորդը

Վինսենթի պայուսակում չկայ «գրեթէ ոչինչ՝ մի քանի հագուստ, ջուր եւ ուտելիք: Այս ամէնը բաւական է աշխարհի ծայրը հասնելու համար: Եթէ մտավախութիւն ունէք, որ կը ձանձրանաք, ապա՝ բաւական է ձեզ հետ վերցնէք Վարդարան կամ Աստուածաշունչ: Via-ի ճանապարհին, «յատկապէս՝ ոչ այնքան հաճելի հատուածներում»,  շատ օգտակար է Վարդարան աղօթելը: Նա ապաւինում է ինչպէս Սուրբ Ռօկկոյի՝ ուխտաւորների պաշտպանի, այնպէս էլ Սուրբ Մարթենի եւ Սուրբ Սեբաստիենի բարեխօսութեանը: «Ոտքերիցս մէկը միշտ ցաւում էր, եթէ դա ձախ ոտքս չէր, ապա՝ աջն էր..., կարծես ոտքերիցս մէկն ուզում էր վերադառնալ Զուիցերիայ, իսկ միւսը դանդաղեցնում էր իմ ընթացքը՝ քայլերս ուղղելով դէպի Հռոմ», - պատմում է Վինսենթը: Սակայն տեւական ցաւը չի խանգարում նրան հասնել իր նպատակակէտին:

Տէրը՝ հաւատարիմ ուղեկից

Ժամանելով Ֆրիբուրգ՝ Վինսենթը «տարօրինակ» զգացողութիւն է ունենում: «Ես ինձ միայնակ զգացի, կարծես երկար ճանապարհ էի անցել մի բարեկամի հետ, իսկ վերադառնալուն պէս՝ բաժանուել նրանից: Ինձ միշտ առանձնայատուկ կերպով մօտ եմ զգացել Աստծուն, իսկ այժմ՝ զգում էի, որ իմ կեանքը նրա ձեռքերում էր եւ, ես այս երկար ճանապարհն անցնում էի նրա հետ՝ որպէս բարեկամի: Այս կապը արմատն ու աւիշն է Աստուածային Նախախնամութեան, որին ապաւինում է Վինսենթը: 

Մեծ Սեն-Պէրնար կիրճը՝ Իտալիայի եւ Զուիցերիայի սահմանին
Մեծ Սեն-Պէրնար կիրճը՝ Իտալիայի եւ Զուիցերիայի սահմանին

Հաւատքի դէմքը

«Թերահաւա՛տ, ինչու՞ երկմտեցիր» (Մատթ. 14 :31): Սրանք Աւետարանի այն տողերն են, որոնք Վինսենթը շատ է սիրում եւ զուգորդում է Հռոմից Ֆրիբուրգ անցած ճանապարհի հետ, որի ընթացքում «կասկածի եւ յուսահատութեան բազմաթիւ պահեր են եղել, երբ պատրաստ եմ եղել հրաժարուել գլխապտոյտ առաջացնող այս արկածից, սակայն, բարեբախտաբար, միշտ ստացել եմ Աստուծոյ շնորհը, որպէսզի կարողանամ շարունակել իմ ուղին եւ, ի վերջոյ, յաջողել եմ»: Այս վայրերով նորից անցնելը իսկական խղճի քննութիւն էր Վինսենթի համար՝ ինչն էլ զօրացնում է նրա հաւատքը: «Յոյս ունեմ, որ ապագայում կը կարողանամ վստահութիւն ունենալ եւ ճիշտ ուղղութեամբ շարժուել՝ նոյնիսկ, եթէ ամէն բան մատնանշում է, որ ձախողելու եմ», - խոստովանում է երիտասարդը:  «Հաւատացած եմ, որ մեր միակ յոյսը Աստուած է»:

Երբ Տէրը բախում է դուռը...

«Երանի այն մարդուն, որի օգնութիւնը քեզնից է...» (Սաղմոս 83): Via Francigena-ի ճանապարհը նրա առջեւ բացեց անսահման հորիզոններ Աստուծոյ հետ եւ Աստուծոյ մէջ ապրելու: «Տուն վերադառնալով կարծես փակում էի իմ սրտի դուռը, որը բացել էի Աստուծոյ առջեւ, երբ անցնում էի այս ճանապարհը»: Շատ արագ վերստին ցանկութիւն է առաջանում առօրեայ կեանքում «ամէն ինչ վերահսկելու», ուստի, պէտք է «պայքարել այս դուռը բաց պահելու համար: Այս դուռը կարելի է բաց պահել որպէս ճշմարիտ քրիստոնեայ ապրելով եւ առաջ շարժուել լիովին վստահելով մեր Հօրը», - վկայում է երիտասարդը: Անցած ճանապարհը վկայութիւնն է այն բանի, որ «վախն է արգելք դառնում մեզ համար, վախը այն մեծ Սիրոյ, որը տակնուվրայ է անում մեր կեանքը»: 

Տեսարան Գրույերից․ Զուիցերիայ
Տեսարան Գրույերից․ Զուիցերիայ

Ապագայի ծրագրեր

Զուիցերական պահակագունդի նախկին զինուորը սեպտեմբերին սկսում է Աստուածաբանութիւն ուսումնասիրել Ֆրիբուրգի Համալսարանում: Այս ընտրութիւնը վկայում է ամռանն ունեցած նրա փորձառութեան մասին: «Աստուծոյ հետ հանդիպումն անգին նուէր է: Նրան պէտք է փնտրել նեղ արահետների վրայ, քանի որ միայն այստեղ կարող ես համարձակուել Նրա առջեւ բացել քո սրտի դռները: Վինսենթը երազում է ուխտագնացութեան մեկնել Սուրբ Երկիր. «Չգիտեմ, թէ երբ, - խոստովանում է նա, - բայց հնարաւորութեան դէպքում համարձակութիւն ձեռք կը բերեմ մեկնելու: Սա իմ կեանքի ամենամեծ ճամփորդութիւնը կը լինի», - վստահեցնում է երիտասարդը: 

Վինսենթ Փէրիթասը ողջունում է Զուիցերիայի Համադաշնութեան այն ժամանակուայ նախագահ Ալեն Բերսէթին՝ 2018 թուականի նոյեմբեր 12-ին Վատիկան կատարած այցի ընթացքում
Վինսենթ Փէրիթասը ողջունում է Զուիցերիայի Համադաշնութեան այն ժամանակուայ նախագահ Ալեն Բերսէթին՝ 2018 թուականի նոյեմբեր 12-ին Վատիկան կատարած այցի ընթացքում

Խորհուրդ նրանց, ովքեր հետաքրքրուած են

Վինսենթն առանց վարանելու խրախուսում է Զուիցերական պահակագնդում ծառայող իր ընկերներին, ովքեր մտածում են Հռոմից տուն վերադառնալ ոտքով: «Եթէ մտածում ես այդ մասին, թէկուզ մի փոքր, ապա՝ գնա՛... Դա բոլորովին էլ դժուար չէ, պէտք է դուրս գալ Սանթայ Աննայի Դռնից, թեքուել ձախ, ապա՝ ուղիղ: Մի՛ վախեցիր... Ամենադժուարը առաջին քայլը կատարելն է, միւսները կը յաջորդեն: Միակ իրական դժուարութիւնն ամէն ինչ վերահսկելու ցանկութիւնից ձերբազատուելն է: Միայն այն ժամանակ, երբ ամէն ինչ չի ընթանում ինչպէս նախապէս ծրագրուած էր, ճիշտ պահն է, որ Աստուած ուղղորդում է մեզ այդ ճանապարհով:

«Գնա՛ ուխտաւոր, հետեւի՛ր քո ճանապարհին, որպէսզի ոչինչ քեզ չկանգնեցնի: Վերցրու՛ քո բաժին արեւն ու փոշին, բաց պահի՛ր սիրտդ, մոռացի՛ր անցողիկը: Ամէն բան ունայն է, միայն սէրն է ճշմարիտ»: (Օրհներգ, ՍՖՄ):

Տոսկանայ․ Via Francigena-ի ճանապարհին
Տոսկանայ․ Via Francigena-ի ճանապարհին

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

30/10/2019, 11:17