Որոնել

Vatican News
Մարիանջելան մանուկ հասակում Մարիանջելան մանուկ հասակում   Պատմութիւնը

Մարիանջելան կեանքի յորձանուտում։

Արժանապատուութեան ու սիրոյ պատմութիւն որ կը ցոլացնէ Ֆրանչիսկոս Պապին խօսքերը. «Կերտենք քաղաքացիութիւն մը որ չի բացառեր մարդիկը որոնց կեանքը անարժան կը նկատենք. Իւրաքանչիւր կեանք արժէքաւոր է, միշտ»։

Անդրեայ դէ Անջելիս – Փալմի (ՌԿ), Վատիկան 

Մարիանջելայ Կրեայի պատմութիւնը հարց է առաջացնում. ո՞վ ենք մենք, որ որոշենք թոյլ տալ մարդ արարածին մահանալ քաղցից եւ ծարաւից: Հարց, որին ինչ-որ մէկը վերջերս պատասխանեց. մահը: Շատ շատերն էլ, ընդհակառակն, առանց վարանելու պաշտպանում են կեանքը եւ մարդկային արժանապատուութիւնը, ինչպէս պաշտպանում են, օրինակ, Մարիանջելայի կեանքն ու ապրելու իրաւունքը: Նա քսանհինգ տարեկան մի իտալուհի է, եւ, կարծես նրա համար են հնչում Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից յուլիս ամսին ուղղուած խօսքերը. «Մենք չպէտք է կառուցենք մի այնպիսի քաղաքակրթութիւն, որը վերացնում է բոլոր նրանց, ովքեր մեր կարծիքով այլեւս արժանի չեն ապրելու: Իւրաքանչիւր կեանք միշտ էլ արժէքաւոր է»: Խօսքեր, որոնք աւելի քան քսան տարի է, ինչ գործի են վերածում Մարիանջելայի ծնողները՝ երկուսն էլ մասնագիտութեամբ բժիշկներ... 

Հիացմունքի արժանի երեքամեայ երեխան  

Այն կարելի է նկարել տարբեր եղանակներով, բայց, այն միշտ կունենայ մէկ կենդրոն: Շրջանը կարող է պարունակել տարբեր երկարութիւններ ունեցող շառաւիղներ եւ տրամագծեր, սակայն, ըստ էութեան, այն կազմուած է կէտերի անվերջանալի մի ամբողջութիւնից, կէտեր, որոնք նոյն հեռաւորութեան վրայ են գտնւում որոշակի կէտից՝ կենդրոնից: Սրա բարձրութիւնը կարելի է համեմատել կեանքի արժանապատուութեան հետ, որը կարող է ճանաչել այլընտրանքային ուղիներ, որոնք անշուշտ տարբեր են՝ հաշուի առնելով այն գործօնները, որ երբեք նոյնը չեն, բայց պէտք է միշտ նոյն կենդրոնն ունենան՝ մարդը: 

Մարիանջելան շատ էր սիրում անցեալ դարավերջի ամենայայտնի մուլտիպլիկացիոն ֆիլմերից մէկի գլխաւոր հերոս Սիմբային: «Կեանքի շրջանը» այս ֆիլմի բարձրակէտն էր: Փոքրիկ աղջիկը ժամեր շարունակ անցկացնում էր հեռուստաէկրանի առջեւ՝ դիտելով այդ մուլտֆիլմը, գուցէ նաեւ երազելով հանդիպել առիւծին, երբ խաղում էր իր խաղալիքով, որն այնքան լաւ էր մարմնաւորում իր սիրելի կերպարին: Երեխայ ժամանակ նրան գիւղում բոլորն էին ճանաչում: Նա չորս երեխաներից վերջինն էր եւ առաջին աղջիկն ընտանիքում՝ որքան սպասուած, այնքան էլ սիրուած: Շիկահեր, կանաչ աչքերով, մեղմ ժպիտով փոքրիկ աղջիկ, ում անհնար է չնկատելը: Ուժեղ ու հաստատակամ իր բնաւորութեամբ նա վաղ տարիքից սկսած գիտէր, ինչպէս  հասկացուած լինել: 

Հիւանդութիւնը 

Մարիանջելայի հիւանդութիւնը սկսուեց 1998 թուականի յունուարին: Մարտ ամսին նրան առաջին անգամ հոսպիտալացրեցին Ռեջիոյ դի Կալաբրիայում: Բժիշկը, որն այցելեց նրան, ասաց. «Այս երեխան ինձ յիշեցնում է պալարախտային մենինգիտի (ուղեղապատակի բորբոքում) դէպքերը, որ տեսել ենք անցեալում»: Յաջորդ հինգ ամիսների ընթացքում բազմաթիւ ընդունելութիւններ եղան. երկուսը՝ Ռեջիոյում, երեքը՝ Տրիեստում, որտեղ էլ ախտորոշուեց Բարտօնելլայ (մանրէ) յարուցիչը: Մարիանջելան վերադառնում է տուն, սակայն վիճակը ծանրանում է. գլխուղեղի ախտահարումները դառնում են աւելի յաջորդական: Յունիս ամսին նա առաջին անգամ յայտնուեց կոմայի (խորը թմբիր) մէջ, որը տարրալուծւում է ինքնաբերաբար: Տրիեստից նա մեկնում է Բրիւսել, որտեղ Բարտօնելլայի յարուցիչի գոյութիւնը հերքւում է եւ պարզւում, որ խօսքը վերաբերում է պալարախտային յարուցիչին: Վիրահատական միջամտութիւնների թիւն աւելանում է 1998 թուականի ամռան ընթացքում: Հոկտեմբեր ամսուայ սկզբին նոր կոմայի հետեւանքով Մարիանջելան յայտնւում է վեգետատիւ վիճակի մէջ, որում գտնւում է մինչ օրս: Փոքրիկ աղջիկը մօր հետ միասին եօթ ամիս մնում է Բրիւսելում եւ տուն վերադառնում 1999 թուականի մայիսին, երբ նոր էր լրացել նրա հինգ ամեակը: 

Նոր կեանք 

Կեանքն ամբողջովին փոխւում է: Մարիանջելայի մայրը՝ բժիշկ Մարիագրացիայ Կաննիցարոն, փոքր-ինչ աւելին գիտի այս հիւանդութեան վերաբերեալ, եւ, այդ իսկ պատճառով, թողեց մասնագիտական գործունէութիւնը, որպէսզի իր կեանքը նուիրի ընտանիքի եւ յատկապէս՝ իր փոքրիկ աղջկայ մասին հոգ տանելուն: Լինելով բժիշկ, ինչպէս եւ իր ամուսինը, նա ցանկանում էր ամենամեծ զոհողութիւնն անել՝ հրաժարուել այն կոչումից, որն աւելի քան տասը տարի նրան ընկղմել էր համալսարանական նիւթերի մէջ, մինչեւ որ իրականութիւն կը դառնար բժիշկ լինելու երազանքը, որը, ինչպէս բոլորը գիտեն, նաեւ առաքելութիւն է: Կեանքը փոխւում է եւ խորտակում ձեզ: Ընտանիքի միւս երեխաները՝ Մարիանջելայի երեք եղբայրները, գիտեն իրենց քրոջ հիւանդութեան մասին եւ ստիպուած են դիմակայել սարսափելի ու ամենօրեայ ցաւին եւ մարտահրաւէրին շատ բարդ մի տարիքում, երբ յաճախում են տարրական դպրոց եւ պատանեկութեան շրջան թեւակոխում: Այն, ինչի մասին խօսում ենք, յայտնի է ինչպէս ընտանիքի բոլոր անդամներին, այնպէս էլ Կրեայ ընտանիքի բարեկամներին, մասնաւորապէս՝ տատիկներին, ովքեր այն ժամանակ, ինչպէս եւ այսօր իրենց սիրելի թոռնուհու կողքին են: «Մեծ, անհուն, անսահման», սրանք այն երեք ածականներն են, որոնք Մարիանջելայի հայրական կողմի տատիկը նոյնականացնում է թոռնուհու նկատմամբ ունեցած իր սիրոյ հետ: Նրանք անուանակիցներ են, եւ այն երեխան, ով ծնուել ու մեծացել է տատիկի աչքի առջեւ, այժմ գամուած է անկողնուն: Ամէն օր Մարիանջելայի մայրական կողմի տատիկը՝ ում միակ ապաւէնն իր մեծ հաւատքն է, թոռնուհու ձեռքը սեղմած իր ձեռքերի մէջ, նստում է նրա կողքին: Նա աղօթում է, աղօթում անդադար, ինչպէս Մարիանջելայի միւս տատիկը եւ շատ շատերը, ովքեր մտովի միշտ այս երեխայի հետ են: Այսօր Մարիանջելան քսանհինգ տարեկան է: 

Մարիանջելան մայրիկի՝ Մարիագրացիայ Կաննիցարոյի հետ
Մարիանջելան մայրիկի՝ Մարիագրացիայ Կաննիցարոյի հետ

Հօր սէրը 

Ծնողներ լինել նշանակում է աշխարհին նոր կեանք պարգեւել, պաշտպանել այն, ապա՝ թողնել, որ նա ազատ ճախրի: Ազատութիւն, որը ենթադրում է խիզախութիւն, պատասխանատուութիւն եւ հասունութիւն: Սրանք որակներ են, որոնք աւելի քան կարեւոր են նրանց համար, ովքեր գտնւում են հիւանդ մի աղջկայ կողքին, ով խնամքի կարիք ունի, քանի որ այսօր նա նոյնքան թոյլ եւ անպաշտպան է, որքան իր կեանքի առաջին տարիներին: Այս խոցելի վիճակն ի հարկէ բոլորովին տարբեր է, բայց այն չի նսեմացնում կեանքի իրաւունքը, որը Մարիանջելայի հայրը պաշտպանում է ամէն գնով: Բժիշկ, հայր, մարդ: «Այժմ Մարիանջելան ապրում է իր աշխարհում, բայց չի դադարել մարդ լինել», - ասում է հայրը՝ պատմելով դստեր պատմութիւնը: Սա պատմութիւնն է մի ընտանիքի, ումից կեանքը պահանջում է ուժեղ լինել, աւելին՝ շատ ուժեղ: «Եթէ ես նրան չկերակրեմ եւ խմելու որեւէ բան չտամ, ապա՝ դուստրս կմահանայ: Այս վիճակում գտնուող մարդկանց թոյլ տալ, որ քաղցից եւ ծարաւից մահանան՝ նշանակում է մեղք գործել մարդկային ցեղի դէմ, քանի որ այն ինչ տեղի ունեցաւ, - ասում է նա յուզմունքից կարկամած ձայնով, - ստիպեց դստերս կորցնել որպէս մարդ ապրելու իր արժանապատուութիւնը»: Կեանքի իրաւունք, որ նա եւ իր ընտանիքը պաշտպանում են մինչ օրս եւ կը պաշտպանեն միշտ: 

Մարիանջելան Վիլլա Մացցինիում՝ հայրիկի հետ
Մարիանջելան Վիլլա Մացցինիում՝ հայրիկի հետ

 

Մացցինի Վիլլայում՝ «ձեւացնելով, թէ կեանքն ընթանում էր իր բնականոն հունով» 

Փալմիում՝ այն քաղաքում, որտեղ միշտ ապրել է Մարիանջելան, գտնւում է Մացցինի Վիլլան, որը Ռեջիոյ դի Կալաբրիայ նահանգի ամենահիասքանչ վայրերից մէկն է: Այստեղից Սիցիլիան այնքան մօտ է թւում, պարզ երեւում են ինչպէս նեղուցը, այնպէս էլ Լիպարեան (Էոլեան) կղզիները: Այս վիլլայ, յատկապէս ամռան օրերին, ծնողները բերում են Մարիանջելային առաւօտուայ աւարտին մօտ, երբ արեւն արդէն ջերմացնում է, բայց օդը դեռ զով է: Զբօսանքը, որն ուղեկցւում է մի կողմից ծովի կապոյտով եւ միւս կողմից բուսականութեան կանաչով, «դրախտ» է բժիշկ Կրեայի համար: «Արեւ ու զով օդ է, այնպէս չէ՞ Մարիանջելայ», - դստերը դիմում է բժիշկը՝ հայրական իր ողջ գորովանքով: Այնուհետեւ գնում է՝ արտայայտելով այն ցաւը, որ կրում է սրտում. «Ձեւացնենք, թէ կեանքն ընթանում է իր բնականոն հունով»: Լաւագոյն բարեմաղթանքները Մարիանջելայ, լաւագոյն բարեմաղթանքները քո խիզախ ընտանիքին, որն աւելի քան քսան տարի, ամէն օր ցոյց է տալիս աշխարհին, թէ ինչ է նշանակում ամէն ինչի կենդրոնում, նախ եւ առաջ, տեսնել մարդուն: Կեանքը մեզանից իւրաքանչիւրի արժանապատուութիւնն է: 

 

Տեսանիւթի սղագրութիւն 

Բժիշկ Ջուզեպպէ Կրեայ՝ Մարիանջելայ Կրեայի հայրը

Բժիշկ Ջուզեպպէ Կրեայ՝ Մարիանջելայ Կրեայի հայրը 

«Մարիանջելան շատ առողջ երեխայ էր: 1998 թուականին նա դժբախտաբար հիւանդացաւ մենինգիտով, որն աւելի ուշ վերածուեց էնցեֆալիտի (գլխուղեղի բորբոքում): Նա իր սեփական աշխարհում է ապրում 1998 թուականի սեպտեմբերից, բայց դա չի նշանակում, որ նա դադարել է լինել մարդ»: 

 Մարիանջելայ Կրեացցոյ՝ Մարիանջելայ Կրեայի տատիկը 

«Մարիանջելային անուանակոչել են իմ անունով, քանի որ դա էր նրա մայրիկի եւ հայրիկի ցանկութիւնը: Նրանք յամառօրէն պնդում էին այս հարցում: Մարիանջելան չի խօսում, սակայն նա արժանի է ապրելու: Իմ թոռնուհու կողքին լինելը մեծ ուրախութիւն է, մի բան, որն անհնարին է նկարագրելը, քանզի թոռների նկատմամբ սէրը մեծ է, անհուն ու անսահման»: 

 Բժիշկ Ջուզեպպէ Կրեայ՝ Մարիանջելայ Կրեայի հայրը 

«Չգիտենք, արդեօք նա լսում է մեզ կամ արդեօք ընկալում է որեւէ բան: Նա պէտք է սնունդ ստանայ քիթ-ստամոքսային զոնդի միջոցով, բայց սա չէ պատճառը, որ նրան մարդ չեն համարում, քանի որ չի կարող ինքնուրոյն ուտել եւ խմել: Եթէ ես նրան չկերակրեմ եւ խմելու որեւէ բան չտամ, ապա՝ դուստրս կմահանայ: Այս վիճակում գտնուող մարդկանց թոյլ տալ, որ քաղցից եւ ծարաւից մահանան՝ նշանակում է մեղք գործել մարդկային ցեղի դէմ, քանի որ այն ինչ տեղի ունեցաւ՝ ստիպեց դստերս կորցնել որպէս մարդ ապրելու իր արժանապատուութիւնը: Եթէ չկերակրեմ եւ խմելու որեւէ բան չտամ նրան, ապա՝ նա կմահանայ: Եթէ ես չկերակրեմ կամ խմելու բան չտամ ինչ-որ շան, ապա՝ ինձ կքննադատեն կենդանիների իրաւունքների պաշտպանները, որովհետեւ ես սպանել եմ մի կենդանու: Իսկ մարդ արարածին սպանելը՝ թողնելով, որ նա մահանայ քաղցից եւ ծարաւից շատ աւելի ծանր մեղք է: Սակայն քննադատութիւններ եղան եւ ոչ մէկ անգամ: 

 Բժիշկ Ջուզեպպէ Կրեայ՝ Մարիանջելայ Կրեայի հայրը 

«Բարեբախտաբար կայ այս վիլլան, որը դրախտ է: Ստուերում զով է, կարելի է դուրս գալ եւ տան մօտ թարմ օդ շնչել, արեւը օգտակար է քեզ… ճիշտ չէ՞ Մարիանջելայ: Եւ, ձեւացնում ենք, թէ կեանքն ընթանում է իր բնականոն հունով»: 

 

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը 

 

16/10/2019, 09:30