Որոնել

Երեխաները սովորում են կարդալ եւ գրել Լասալեան միաւորման շարժական դպրոցներից մէկում  Երեխաները սովորում են կարդալ եւ գրել Լասալեան միաւորման շարժական դպրոցներից մէկում   Պատմութիւնը

Ոչ սովորական դպրոցներ

1982 թուականի սեպտեմբերին Քրիստոնէական Դպրոցների Եղբայրները հիմնում են առաջին շարժական դպրոցը՝ ոչ նստակեաց կեանք վարող մարդկանց երեխաների դպրոցական ուսուցմանը նպաստելու համար: Այսօր գործում են 28 շարժական դպրոց, որոնք շրջում են ողջ Ֆրանսիայով:

Ժան Շառլ Փուցոլու – Վատիկան

Ոչ սովորական դպրոցներ հիմնելու նախաձեռնութիւնը Եղբայր Կամիլ Վէժէին է պատկանում: Նա այս միտքը յղացաւ, երբ 1979 թուականին ծանօթացաւ գնչուների այն ժամանակուայ հոգեւոր հայր Անդրէ Բարթելեմիի կողմից Ֆրանսիայի Լասալեան Եղբայրների Մեծաւորին հասցէագրուած նամակին, որի նպատակն էր գտնել կամաւորների, ովքեր մտահոգ են «Փարիզի արուարձաններում ապրող երիտասարդ գնչուների կրթութեամբ, որոնք պատրաստ չեն ժամանակակից աշխարհի սրընթաց զարգացումներին»: Ուստի, Եղբայր Կամիլ Վէժէն որոշում է համագործակցել թափառական կեանքով ապրող մարդկանց հետ, որպէսզի աջակցի «երիտասարդ գնչուներին, ովքեր ոչ միայն մեկուսացած են միւս երիտասարդներից, ում կողմից արհամարհուած կամ անտեսուած են, այլեւ՝ փորձութեան են ենթարկւում այն ամէնի կողմից, ինչը նրանց հրամցնում է քաղաքային հասարակութիւնը»: Եղբայր Կամիլը արձագանքում է այս կոչին եւ որպէս կամաւոր ստանձնում մի նոր մանկավարժական մարտահրաւէր: Նրա  մտահոգութիւնը հասարակութիւնից դուրս մղուած երիտասարդներին, ովքեր զրկուած են գիտելիք ստանալու հնարաւորութիւնից, յատուկ ուշադրութեան արժանացնելը եւ առաջնահերթութիւն տալն էր: Այս նոյն նպատակն էր հետապնդում նաեւ Հայր Բարթելեմին, ում ցանկութիւնն էր, որ այս երեխաները, ինչպէս ինքն էր սիրում կրկնել, «կայուն մարդիկ» դառնան:

Եղբայր Կամիլի համար այս մարտահրաւէրն իրողութիւն էր. «Եթէ այս երեխաները չէին կարող դպրոց գնալ, ապա՝ դպրոցը պէտք է նրանց ընդառաջ գնար»: Սակայն, անհրաժեշտ էր պատրաստուել դրան:

Մէկ տարի նախապատրաստական աշխատանքներ եւ խորը ուսումնասիրութիւն

Մէկ տարի շարունակ Եղբայր Կամիլը ձեռնամուխ է լինում նախապատրաստական աշխատանքներին: Նա սովորում է գնչուների լեզուն եւ յաճախում կողովագործութեան, կաւագործութեան, նկարչութեան եւ եղեգնահիւսման դասընթացքների: Սրանք այն մասնագիտութիւններն էին, որոնք թոյլ կը տային մօտենալ թափառական կեանքով ապրող երիտասարդներին:

Այդ նոյն տարում Ֆրանսիայի տարբեր շրջաններում նա ուսումնասիրում է քաղաքային ապաստարանների տրամադրման վայրերում տեղակայուած դպրոցներում կիրառուած մանկավարժական փորձը: Նա բացայայտում է, որ ուսուցիչները բաւական համերաշխ են ընտանիքների եւ երեխաների հետ, յատկապէս հաշուի առնելով այն փաստը, որ ոչ թէ երեխաներն էին յաճախում դպրոց, այլ դպրոցն էր տեղակայւում իրենց բնակավայրերում՝ ընտանիքների աչալուրջ ու հետաքրքրուած հայեացքների ներքոյ:

Առաջին շարժական դպրոցը
Առաջին շարժական դպրոցը

Շարժական դպրոցների ձեռքբերումը

Որեւէ շարժական դասարանի բացումը նախապատրաստելու համար անհրաժեշտ էր գնել փոխադրամիջոց, որը թոյլ կը տար մշտապէս փոխադրուել մի վայրից միւսը՝ քաղաքի ծայրամաս, արդիւնաբերական գօտիների, աղբանոցի կամ գերեզմանատան մերձակայք, երբ գնչուական աւանները բաց դաշտում չէին տեղակայուած: Առաջին շարժական դպրոցի գնման համար դրամական միջոցները տրամադրուեց Փարիզի Եղբայրների միաւորման կողմից, ովքեր դրական էին գնահատում այս նոր նախաձեռնութիւնը, որը միտուած էր հասարակութիւնից դուրս մղուածներին կրթութեամբ ապահովելուն: Անհրաժեշտ էր գտնել այնպիսի ինքնաշարժ, որը բաւականաչափ ընդարձակ կը լինէր, որպէսզի հնարաւոր լինէր իւրաքանչիւր պարապմունքի ժամանակ վեցից ութ երեխայ ընդունել, եւ այսպէս ողջ ուսումնական տարուայ ընթացքում: «Առաջին շարժական դպրոցը, որով սկսեցինք մեր գործունէութիւնը», - պարզաբանում է Եղբայր Կամիլը, - «մի փոքրիկ եւ հին բեռնատար էր, որը պատկանում էր թոշակառու մի զոյգի եւ ծառայում էր նրանց, որպէս զբօսաշրջային տուն անիւների վրայ: Առաւելագոյն արագութեամբ երթեւեկելու համար բաւական էր դատարկել դրա պարունակութիւնը եւ աւելացնել մի քանի ծալուող սեղան, որոնք ամրացուեցին ինքնաշարժի թափքին՝ շնորհիւ հմուտ վարպետի: Յետագայում նա բազմաթիւ բեռնատարներ յարմարեցրեց շարժական դպրոցների պահանջներին՝ շաղափում եւ տեղադրում էր պատուհաններ եւ կողմնային մուտքի փոքրիկ դռներ երեխաների համար»:

Առաջին քայլերը

Իւրաքանչիւր չորեքշաբթի, կէսօրից յետոյ, Եղբայր Կամիլն իր ժամանակը տրամադրում էր երիտասարդ թափառաշրջիկ գնչուներին ընթերցանութիւն ուսուցանելուն: 10 խաղաքարտերի միջոցով խաղային մօտեցումը հնարաւորութիւն էր տալիս շատ արագ սովորել ինչպէս բաղաձայնները, այնպէս էլ ֆրանսերէն լեզուի 10 հիմնական հնչիւնները: Առաջին իսկ շաբաթներից եղաւ տարբեր տարիքի երեխաների մեծ հոսք, ովքեր գալիս էին կարդալ սովորելու: Որքան շատ էին նրանք վախենում աւանդական դպրոցից, այնքան աւելի շատ էին շտապում մուտք գործել այս շարժական դպրոց, որպէսզի արագ եւ արդիւնաւէտ սովորեն կարդալ: Շարժական դպրոցը որոշ չափով յարմարեցուած էր իրենց միջավայրին: Այս դպրոցների մուտքն իրենց համայնքներ գնչուական ընտանիքները համարում էին Աստուծոյ պարգեւ: Այստեղ իւրաքանչիւր երեխայ պարտաւորութիւն էր ստանձնում սովորել կարդալ եւ վերծանել ճանապարհային նշանները, դեղամիջոցների անունները եւ այն ամէնը, ինչը կարող էր օգտակար լինել առօրեայ կեանքում:

1982 թուականի ուսումնական տարին

Այս նախաձեռնութիւնը դիմանում է փորձութեանը՝ ապացուցելով իր արդիւնաւէտութիւնը, ուստի, շրջիկ դասարան բացելու պաշտօնական խնդրագիրը հաւանութեան է արժանանում եւ թոյլտուութիւն ստանում երեք տարուայ փորձնական գործունէութեան: Առաջին «պաշտօնական» շարժական դպրոցն իր առաջին ուսումնական տարին սկսում է 1982 թուականի սեպտեմբերին: Շարժական դպրոց յաճախող քոչուոր կեանքով ապրող մարդկանց առաջին խումբը կազմուած էր աւելի քան 150 կարաւանից: Ներկայ էր նաեւ հոգեգալստական քահանան, ով մեծ հեղինակութիւն ունէր խմբի բոլոր անդամների շրջանում: Շարժական դպրոցի ընդունելութիւնը ջերմ էր: Եղբայր Կամիլի յիշողութեան մէջ անջնջելի հետք է թողել այդ առաջին հանդիպումը. «Երեխաները ցատկռտում են ուրախութիւնից եւ գոչում. դպրո՜ցը, դպրո՜ցը: Կարդալ ենք սովորելու»: «Նրանք նոյնիսկ պատրաստել էին «ընթերցանութեան իրաւունք»»,- մտաբերում է Եղբայր Կամիլը: Սա մի փաստաթուղթ էր, որը շնորհւում էր բոլոր այն գնչու երեխաներին, ովքեր յաջողութեամբ աւարտել էին ընթերցանութեան առաջին փուլը եւ խնամքով պահում էին այն իրենց գրպաններում: Այնուհանդերձ պէտք է նկատել, որ երիտասարդ գնչուների մեծամասնութիւնն իրենց ողջ կեանքի ընթացքում բաւարարուեցին գիտելիքների այդ փոքրիկ պաշարով. «Սա չափազանց քիչ էր մեզ համար, բայց չափազանց շատ՝ նրանց համար»:

Ուսուցիչները եւ աշակերտները իրենց շարժական դասասենեակում
Ուսուցիչները եւ աշակերտները իրենց շարժական դասասենեակում

Ուսուցիչների նկատմամբ վերահսկողութիւնը

Վերահսկիչները, ովքեր պարբերաբար գալիս են ուսուցիչների գործունէութեան նկատմամբ վերահսկողութիւն իրականացնելու նպատակով, սովորաբար դուրս են գալիս այդ շարժական դասասենեակներից լիովին հմայուած եւ յաճախ անսպասելի եզրակացութիւններ են ներկայացնում: «Ինչ վերաբերում է ինձ, - պատմում է Եղբայր Կամիլը, - ապա, իմ ուսումնական գործընթացի վերահսկողութեան արդիւնքում վերահսկիչը ինձ դուրս հրաւիրեց դասասենեակից իննսուն րոպէ անընդմէջ շարունակուող դասից յետոյ եւ ասաց, թէ որքան երախտապարտ էր, որ իրեն հնարաւորութիւն էր ընձեռուել բացայայտելու դպրոցական մի լսարան, որի մասին պատկերացում անգամ չունէր եւ, թէ որքան էր նրան զարմացրել այս երիտասարդ գնչուների գիտելիքի ծարաւը: 2003 թուականին, ուսուցչի իր մասնագիտական գործունէութեան աւարտին՝ հանգստաթոշակի անցնելու ժամանակ, Եղբայր Կամիլը որպէս գնահատական ստանում է 20 հնարաւորից 19 միաւոր, ինչն էլ արտայայտում է Ազգային Կրթութեան շահագրգռուածութիւնը մինչ այս լիովին անտեսուած հասարակութեան նկատմամբ ուսուցման այս նոր մեթոդի կիրառման վերաբերեալ:

Իւրաքանչիւր ուսումնական տարում նոր շարժական դպրոցներ

Նկատի առնելով այսպիսի յաջողութիւնը Քրիստոնէական Դպրոցների Եղբայրները պէտք է այնպէս կազմակերպեն իրենց գործունէութիւնը, որպէսզի կարողանան ամէն տարի նոր դրամական միջոցներ հայթայթել: Յատկանշական է Եղբայրների ներդրումը առաջին ութ ուսումնական տարիների ընթացքում: Այս նախաձեռնութեան համբաւն այսօր քաջ ծանօթ է ակադեմիական հաստատութիւններին եւ տարածքային խմբաւորումներին, որոնք հետամուտ են այս խնդրին եւ իրենց մասնակցութիւնն են բերում: Այսպիսով, Եղբայրները ստանում են բազմաթիւ դրամաշնորհներ: Տասը տարիների ընթացքում շարժական դասարանների թիւը անընդհատ աճում է՝ հասնելով 35-ի: Այս շարժական դպրոցները տեղակայուած են մեծ քաղաքների՝ Փարիզի, Լիլի, Բորդոյի, Փերփինեանի, Լիոնի, Գրենոբլի, Թուլուզի, Թուրի մերձակայքում: Դրանց մեծամասնութիւնը գործում է Լասալեան միաւորման դպրոցների վարչական մարմիններին կից, իսկ միւսները գործակցում են գնչու երեխաների եւ բարդ կացութեան մէջ յայտնուած երիտասարդների կրթութեանն աջակցող Միաւորումների Դաշնութեան հետ: Ֆրանսիայի ճանապարհների վրայ նրանք կրթութիւն են ապահովում մօտաւորապէս երեք հազար գնչու երեխաների համար:

Շարժական դպրոցից դէպի աւանդական դպրոց

Վերջին տարիներին շարժական դպրոցների թիւը փոքր-ինչ նուազել է, սակայն, սա ամենեւին էլ վատ լուր չէ: Տարիների ընթացքում աւելի ու աւելի սերտ կապեր են ստեղծուել ուսումնական հաստատութիւնների եւ շարժական դպրոցների միջեւ: Յատկապէս Թուլուզում, շարժական դպրոցները դարձան կամուրջ երեխաների եւ աւանդական ուսումնական հաստատութիւնների միջեւ: Դպրոցականներին փոխադրող ինքնաշարժը, որը վարում է ուսուցիչը, հնարաւորութիւն է ընձեռում, որպէսզի աւելի մեծահասակ դպրոցականները կարողանան յաճախել վարժարան: Այլեւս դպրոցը չէ, որ ընդառաջ է գնում երեխաներին, այլ՝ հակառակը: Այս նոր մօտեցումը կարելի է համեմատել դիւրաբեկ ճիւղի վրայ կախուած պտուղների հետ, որոնք Քրիստոնէական Դպրոցների Եղբայրները հաւաքեցին մեծ համբերատարութեամբ եւ յոյսով:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

23/10/2019, 10:00