Միրզա  Դինային` 2019Թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային` 2019Թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր  

Միրզա Դինային` 2019Թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Միրզա Դինային բացառիկ անհատականութիւն է, քանի որ չի խլացրել իր խղճի ձայնը՝ տեղեկանալով, որ կան անմեղ մարդիկ, որոնք բոլորի կողմից լքուած են եւ ծանր տառապանքներ են կրում։
Ունկնդրէ լուրը

Այսօր  (19-10-2019)  «Ավրորա» ամենամեայ մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչուել «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպութեան համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային։ Մարդասիրական մղումներից դրդուած՝ Միրզա Դինային, յաղթահարելով բյուրոկրատական եւ ճանապարհային բազմաթիւ խոչընդոտներ, Սիրիայում եւ Իրաքում ծաւալուող բազմաթիւ հակամարտութիւնների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակուել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երեւանում տեղի ունեցած հանդիսաւոր արարողութեան ընթացքում։ «Ավրորա» մրցանակը տրւում է Հայոց ցեղասպանութիւնը վերապրողների անունից` ի երախտագիտութիւն նրանց փրկողների։

«Միրզա Դինային բացառիկ անհատականութիւն է, քանի որ չի խլացրել իր խղճի ձայնը՝ տեղեկանալով, որ կան անմեղ մարդիկ, որոնք բոլորի կողմից լքուած են եւ ծանր տառապանքներ են կրում։ Մի կողմից՝ անպատմելի չարիքի հետ առերեսուելիս, իսկ միւս կողմից՝ մարդկանց օգնել փորձելիս, անհատը կարող է բախուել նաեւ մեծ մարտահրաւէրների ու հիասթափութեան՝ չհաշուած բազում վտանգները,  սակայն Միրզա Դինային չի ընկրկել: Մեծ ոգեւորութեամբ շնորհաւորում եմ նրան դափնեկիր դառնալու կապակցութեամբ եւ ողջունում նրա մուտքը «Ավրորայի» ընտանիք», - նշեց 2017թ. «Ավրորա» մրցանակի  դափնեկիր եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան նախագահ Թոմ Քաթինան։

Որպէս «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Միրզա Դինային ստանալու է 1,000,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, որով նա հնարաւորութիւն կ՛ունենայ շարունակելու մարդասիրութեան շղթան՝ աջակցութիւն ցուցաբերելով ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպութիւններին։ Նա ընտրել է երեք կազմակերպութիւն, որոնք բժշկական օգնութիւն եւ վերականգնողական ծառայութիւններ են տրամադրում «Իսլամական պետութեան» կողմից ահաբեկչութիւնից տուժածներին։ Այդ կազմակերպութիւններն են.

  • «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպութիւն («Օդային կամուրջ Իրաք»)
  • «ՍԻԴ» հիմնադրամ (SEED Foundation)
  • «Շայ» հիմնադրամ (Shai Fund)

Խօսելով դափնեկիր մասին` «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր եւ Ընտրող յանձնաժողովի անդամ Վարդան Գրիգորեանն ասաց. «Ավրորա մարդասիրական նախաձեռնութիւնն աջակցում է նրանց, ովքեր յանուն ուրիշների վտանգի են ենթարկում ամէն ինչ եւ բացառիկ խիզախութիւն ցուցաբերում օրհասական իրավիճակում։ Միրզա Դինային դրա կատարեալ օրինակն է։ Նա կարեկցանքի, անձնական նուիրումի, անպաշտպանին պաշտպանելու ցանկութեան մարմնաւորումն է։ Որպէս «Ավրորա» մրցանակի համահիմնադիր եւ Ընտրող յանձնաժողովի անդամ՝ ես անչափ հպարտ եմ, որ մեր ընդհանուր տեսլականն օգնել է բացայայտել եւ աշխարհին ներկայացնել Միրզա Դինայիի գործունութիւնը»։

Գործելով յանուն եզդի համայնքի՝ Միրզա Դինային ամբողջ կեանքը նուիրել է իրաքեան պատերազմի զոհերի փրկութեան, «Իսլամական պետութեան» կողմից վերահսկուող տարածքներից կանանց եւ երեխաների տարհանման, ինչպէս նաեւ կտտանքների ու չարաշահումների ենթարկուածների աջակցութեան գործին։ Դինային էր, որ Գերմանիա հասցրեց Սախարովի մրցանակի ապագայ դափնեկիր Լամյա Հաջի Բաշարին, որը ներկայումս մարդու իրաւունքների յայտնի ակտիվիստ է, եւ ում անունով կոչւում է «Ավրորայի» կրթաթոշակներից մէկը։

2019թ. «Ավրորա» մրցանակի  դափնեկիրն մեծարելու եւ երեւանեան առաջին «Ավրորա» ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել միջազգային մարդասիրական համայնքի բազմաթիւ հեղինակաւոր ներկայացուցիչներ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամներ, որոնց թւում են Նոպէլեան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Աւստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատուաւոր նախագահ Գարէդ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, ինչպէս նաեւ Լոնտոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարութիւնների ինստիտուտի տնօրէն, «Ավրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի նախագահ լորդ Արա Դարզին։

«Ավրորա» մրցանակի նախկին դափնեկիրները ականաւոր հումանիտար գործիչներ են՝ բուրունդեցի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն (2016), ամերիկացի վիրաբոյժ եւ միսիոներ Թոմ Քաթինան (2017) եւ ռոհինջա իրաւաբան ու մարդու իրաւունքների պաշտպան Չո Լա Աունը (2018)։

«Յանուն մարդկայնութեան զարթօնքի «Ավրորա» մրցանակի անունն ինքնին արդեն պարունակում է այս բացառիկ մրցանակի կարեւորագոյն ուղերձը։ Հենց հիմա աշխարհը կարիք է զգում, որ մարդկութիւնը ոտքի ելնի, ինչպէս դա արել է Միրզա Դինային՝ բացառիկ մի անհատ, որի անօրինակ խիզախութիւնն ու անձնանուիրութիւնը մեծ պատիւ են իր ժողովրդի համար։ Ամեն ինչ ռիսկի ենթարկելով՝ նա փորձում է փրկել կանանց եւ երեխաներին, որոնք ամենից շատ են տառապում հակամարտութեան պայմաններում»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամ, Նոպէլեան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբովեն։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը մեծարման է արժանացրել նաեւ 2019թ. «Ավրորա» մրցանակի միւս երկու հերոսներին` եմենցի իրաւապաշտպան եւ ակտիվիստ Հուդա ալ-Սարարիին եւ Նիգերիայի Future Prowess իսլամական հիմնադրամ կազմակերպութեան հիմնադիր եւ տնօրեն Զանա Բուքար Մուսթաֆային,ինչպէս նաեւ տրամադրել նրանց 50.000-ական ԱՄՆ դոլարի պարգեւ:

2019թ. «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ 2019թ. հոկտեմբերի 14-ից մինչեւ 21-ը Հայաստանում անցկացուող «Ավրորա» ֆորումի շրջանակում, որն աշխարհի տարբեր կողմերից իր հարկ է հաւաքել աշխարհի առաջատար փորձագետների` գիտելիք, մտքեր եւ գաղափարներ փոխանակելու համար, որոնք միասին կարող են էական փոփոխութիւն բերել աշխարհում: Ֆորումն իր հեռահար օրակարգով եւ գործընկերների միասնական յանձնառութեամբ կառաջարկի համաշխարհային մարտահրաւէրներին դիմագրաւելու եւ տեղական զարգացում ապահովելու ուղիներ:

Քաղուած «auroraprize.com» կայքէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/10/2019, 11:05