Որոնել

Vatican News
Հայր Ռենատոյ Կիերան իր կեանքը նուիրել է Ռիոյ դէ Ժանեյրոյի փողոցներում ապրող երիտասարդներին Հայր Ռենատոյ Կիերան իր կեանքը նուիրել է Ռիոյ դէ Ժանեյրոյի փողոցներում ապրող երիտասարդներին   Պատմութիւնը

«Ոչ ոքի» երեխաների հայրը

Հայր Ռենատոյ Կիերան ինքն իրեն բնորոշում է որպէս փողոցի քահանայ, ով փորձում է քրիստոնեայ լինել երկրի արուարձաններում՝ նրանց կողքին, ում ոչ ոք չի սիրում: 1978 թուականից ի վեր իտալացի միսիոնարը գործունէութիւն է ծաւալում Պրազիլի ետնախորշերում: 1986 թուականին նա հիմնեց «Casa do menor»-ը:

Սիլվոնեյ Պրոց – Վատիկան

Ռենատոյ Կիերան իր հողին սերտ կապուած մարդ է, գիւղացու որդի, ծնուած 77 տարի առաջ՝ աղքատ, բայց համերաշխ, 8 երեխայ ունեցող ընտանիքում: Նա ծագումով Ռոռակկոյից է, որը մի փոքրիկ քաղաք է Պիեմոնում: «Ութ տարեկան հասակում», - ասում է նա, - «ուզում էի Ժան Բոսկոյի նման լինել»: Տասներկու տարեկանում նա ճեմարան է մտնում, որպէսզի քահանայ դառնայ: Նրա ցանկութիւնն ուրիշների համար ապրելն է: Իր ձեռնադրութիւնից ի վեր, զգում է, որ սիրտն «անհանգիստ» է եւ ուզում է «տեղից պոկուել ու գնալ» ողջ աշխարհով մէկ: «Ինձ բախտ վիճակուեց ապրել մինչ Եկեղեցական Ժողովը, Եկեղեցական Ժողովի ժամանակ եւ Եկեղեցական Ժողովից յետոյ: Ես ինձ փոքր-ինչ լարուած էի զգում իմ թեմում, երազում էի ավելի լայն հորիզոնների մասին»: Իտալական Պիեմոնում, Մոնդովիի եպիսկոպոսը նրան առաջարկում է որպէս միսիոնար՝ որպէս Fidei Donum քահանայ, մեկնել Պրազիլ՝ Նովայ Իգուասուի (Nova Iguaçu) թեմ, որը Ռիոյի մեծ եւ բռնութիւններով լի արուարձաններից մէկն է: 1978 թուականն էր: Այդ ժամանակից ի վեր, Հայր Ռենատոյի սիրտը բաբախում է հասարակութիւնից դուրս մղուածների աշխարհի եւ Պրազիլի համար:
Նա թողնում է փիլիսոփայութեան ամբիոնը, որպէսզի յայտնուի պրազիլական Բայշադայ Ֆլումինենսի (Baixada Fluminense) աշխարհագրական եւ իրական ծայրամասերում՝ «հետեւելով Յիսուսին, ով տանջւում է եւ ողբում իր օտարացումը արմատներից հեռացած, յուսալքուած եւ առանց սիրոյ ժողովրդի մէջ»: Այստեղ նա անմիջապէս զգում է, որ միաժամանակ գտել է ե՛ւ իր տեղը, ե՛ւ իր Եկեղեցին:

Շրջադարձը

«Ես յայտնուեցի չսիրված երեխաների, խոցելի անձանց, բռնութեան, թմրադեղերի եւ վաղաժամ մահուան դատապարտուած մարդկանց ողբերգութեան թատերաբեմում», - մեկնաբանում է Հայր Կիերան:
Իրադարձութիւններ, որոնք խորապէս ընդգծում են այս ամէնը. նա իր յարկի տակ է ընդունում մի պատանու՝ «ծովահէնին», ով վիրաւոր էր եւ հետապնդւում էր ոստիկանութեան կողմից եւ, ում սպանում են նրա տան մօտ: «Ես Պրազիլ չեմ եկել, որպէսզի դառնամ գերեզմանափոր քահանայ, այլ, որպէսզի կեանքեր փրկեմ», - ասում է նա անզօրութեան զգացումով:
Որոշ ժամանակ անց, մէկ ուրիշ տղայ է գալիս Հայր Կիերայի մօտ եւ նրան դէմ յանդիման կանգնեցնում դաժան իրականութեան հետ. «Այդ նոյն ամսում նրա ժողովրդապետութեան մէջ արդէն իսկ սպանել էին 36 երիտասարդի», - եւ նա պատմում է, որ «marcados para morrer», այսինքն՝ «նախասահմանուած է մեռնել» ցանկում յաջորդն ինքն է: «Դուք թոյլ կտաք, որ բոլորիս սպանե՞ն: Ոչ ոք ոչինչ չի անելո՞ւ», - հարցնում է տղան: Գիշերը, Հայր Կիերայի աչքերի առջեւ այդ տղայի դէմքն էր, որը միախառնւում էր Յիսուսի դէմքի հետ, ով կարծես ասում էր. «Այդ ինձ արեցիք»: Քահանան տեսնում է Յիսուսին այս երեխաների մէջ, ովքեր չեն ցանկանում մահանալ: Եւ, որպէսզի լինէր Աստծոյ ներկայութիւնը Երկրի վրայ, հայր ու մայր, եւ ընտանիք նրանց համար, ովքեր սիրուած չեն որեւէ մէկի կողմից. սկսւում է մի նոր արկած՝ դժուարին, բայց՝ գերող:

Հայր Ռենատոյ Կիերան «Casa do menor»-ի մի քանի երեխաների հետ
Հայր Ռենատոյ Կիերան «Casa do menor»-ի մի քանի երեխաների հետ

Լքեալ երեխաները

Այս երիտասարդներն այն երեխաներն են, ում լքել են իրենց ընտանիքները, դպրոցը, հասարակութիւնը, կառավարութիւնը եւ նոյնիսկ՝ Եկեղեցին: Նրանք երեխաներն են անտարբերութեան, ինչը պտուղն է «հասարակական վիժման»: Նրանք դեգերում են փողոցներում՝ աչքերը յառած դէպի անէութիւն, ասես կենդանի մեռելներ, մերժուած բոլորի կողմից, օտարականներ իրենց իսկ երկրում, արմատախիլ եղած, մոլորուած, առանց սկզբնաղբիւրի, առանց կողմնորոշման, առանց երազանքների եւ ապագայի: Նրանց համար ճանապարհը միեւնոյն ժամանակ ե՛ւ ամէն ինչ է, ե՛ւ ոչինչ: Նրանք ձեռքբերումն են մեկուսացման անգութ հասարակութեան, առանց սիրոյ, որը նրանց զրկում է իրենց հիմնարար իրաւունքներից, դատապարտում եւ սպանում, որպէսզի լռեցնի մեղադրող ձայները: Նրանցից խլել են ամէն ինչ, նոյնիսկ երեխայ եւ պատանի լինելու, մահճակալ ունենալու, ուտելու, խաղալու, երազելու, հեռանկարներ եւ ապագայ ունենալու իրաւունքը: Նրանք հայելին են այն հասարակութեան, որտեղ խորապէս անառողջ մարդկային փոխյարաբերութիւններ են տիրում: Նրանք ճիչ են՝ տագնապի ճիչ: Նրանք այն լուսանկարն են, որը բացայայտում է հասարակութեան մութ կողմը: Սակայն, այսօր այս երիտասարդներն այլեւս փողոցում չեն ապրում, ինչպէս նախկինում: Թմրադեղերի առեւտրով զբաղվողներն ապահովութիւն, պատկանելիութիւն եւ տեսանելիութիւն են փնտրում: Նրանք իրենց կեանքն են զոհում, սպանում են եւ սպանւում, քանի որ այս օրէնքն է տիրում յանցագործ միջավայրում:
Այս տխուր «լուսանկարից» է սկսւում «համայնքային ծնունդ» ծրագրի ուղին, որի նպատակն է նրանց տալ ընտանիք, սէր, դպրոց, մասնագիտութիւն, ապագայ եւ վերադարձնել նրանց արժանապատուութիւնը: Այսպիսով, ծնուեց «Casa do menor»-ը:

 Ռիոյի թաղամասերի փողոցներում, որպէսզի ապօրինի առեւտրի եւ բռնութեան զոհ դարձած երիտասարդները զգան Աստուծոյ ներկայութիւնը
Ռիոյի թաղամասերի փողոցներում, որպէսզի ապօրինի առեւտրի եւ բռնութեան զոհ դարձած երիտասարդները զգան Աստուծոյ ներկայութիւնը

Ոչ մի ափսոսանք

Հայր Ռենատոյ Կիերան ամենեւին չի զղջում, որ թողել է փիլիսոփայութեան ամբիոնը, ընդհակառակը՝ իր ընտրած ճանապարհին նա մէկ այլ ամբիոն է ստեղծում եւ մէկ այլ փիլիսոփայութիւն ուսանում: Նա ինքն իրեն համարում է փողոցների քահանայ՝ «cracoland»-ի (խծ. բեկեալների եւ թմրադեղերի քաղաք) քահանայ: Սրանք են նրա նոր տաճարները եւ հէնց այստեղ է, որ նա հանդիպում է Աստծուն, ընդունում Քրիստոսի կենդանի մարմինը, կաթոգին սիրով խոնարհւում «արիւնահոսող զոհերի» առջեւ, ովքեր սգում են իրենց լքուած լինելը եւ փնտրում սիրոյ, հեռանկարների եւ ապագայի ներկայութիւն, երբեմն՝ գոհանում նաեւ պարզ գրկախառնութեամբ կամ քաղցրաւենիով: Փողոցում եւ «cracoland»-ում ամէն օր բացայայտւում են մասնատուած հասարակութեան եւ քաղաքակրթութեան անկման արդիւնքը եւ հետեւանքները:

«Casa do menor»-ը համայնքային մայրիկ
«Casa do menor»-ն այսօր իր ներկայութիւնն է ապահովում Պրազիլի 4 նահանգներում: Սա կարծես «համայնքային մայրիկ» լինի, ով չի լքում փողոցների երեխաներին, այլ՝ օգնում նրանց ոտքի կանգնել, որպէս Աստուծոյ սիրելի զաւակներ: 33 տարիների ընթացքում կենտրոնն ընդունել է աւելի քան 100 000 երեխայի, որոնցից 70 000-ն այժմ ունի կայուն աշխատանք եւ ապագայ: Հայր Ռենատոն յաճախ ասում է, որ կզոհէր անգամ իր կեանքը «յանուն մէկ երեխայի կամ դեռահասի փրկութեան»: «Casa do menor»-ն արդէն իսկ ծնունդ է տվել իրենց կոչմանը հետեւող մարդկանց ընտանիքի, որը կոչւում է «Familia Vida»: Սա ընտանիք է նրանց համար, ում կարիքը ոչ ոք չունի: «Familia Vida»-ի բազմաթիւ անդամներ նոյնպէս տառապանքներ են կրել լքուած լինելու պատճառով, իսկ այժմ՝ դարձել հայրիկներ եւ մայրիկներ ուրիշ լքուած երեխաների համար: Այս նոր համայնքը ապագայի գրաւական է երեխաների համար, այն վերակենդանացնում է աւետարանական ոգին, «սակայն չի կարող սահմանափակուել սովորական ՈԿԿ-ի գործունէութեամբ», - ասում է Հայր Ռենատոն՝ յղում կատարելով Եկեղեցու դերի եւ առաքելութեան վերաբերեալ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի բազմաթիւ ելոյթներին:
 

Տրուած սէրը կրկին վերադառնում է քեզ
Տրուած սէրը կրկին վերադառնում է քեզ

Սիրոյ վկայութիւն

Այս բոլոր երիտասարդների հոգու ճիչի ետեւում թաքնուած է երեխաների նման սիրուած լինելու մեծ ցանկութիւնը: Նրանք, ովքեր իրենց երեխայ չեն զգում՝ չեն սիրում միմեանց եւ պատրաստ են կործանելու ամէն ինչ, նոյնիսկ՝ սեփական անձը: Հետեւաբար, նրանք չեն կարող ծնողներ դառնալ կամ կառուցել թուացեալ ապագայ: «Casa do menor»-ը փորձում է ականջալուր լինել նրանց աղաղակին, ովքեր իրենց մերժուած են զգում բոլորի կողմից՝ նրանց տալով տուն, ընտանիք, մասնագիտութիւն, ինչպէս նաեւ հասարակութեան եւ աշխատաշուկայի մէջ ներգրաւուելու հնարաւորութիւն: Աստուած սէր է, յարատեւ ներկայութիւն, որը երբեք չի լքում եւ այս ընտանեկան տներում Նրա հետ հանդիպման մէջ շատ երիտասարդներ կարող են խորապէս վերականգնուել:
Հայր Կիերան մտաբերում է մի երիտասարդի, ով գլխի վիրաւորում էր ստացել. հայրը փորձել էր սպանել որդուն՝ նրան փակելով փողոցի կոյուղու դիտահորերից մէկում: Երիտասարդին ապաստան է տալիս «Casa do menor»-ի կենտրոններից մէկը: Մայրերի տօնի առթիւ նա ցանկութիւն է յայտնում այցելել իր մօրը: «Կարո՞ղ եմ գնալ», - հարցնում է նա Հայր Ռենատոյին: «Ես նրա համար վերնաշապիկ գնեցի, ուզում էի, որ լաւ տեսք ունենայ»: Վերադարձին Հայր Ռենատոն նկատում է նրա խորը թախիծը. «Ես այլեւս ոչ ոք չունեմ», - խոստովանում է տղան, ապա՝ քահանային վերադարձնելով վերնաշապիկը, աւելացնում. «Դո՛ւ ես իմ մայրը»:
Երբ Հայր Կիերային խնդրում են պատմել երիտասարդների մասին, ում յաջողուեց դառնալ «Casa do menor»-ի սիրելի զաւակներ, ապա, դառնալով էներգիայի անսպառ աղբիւր, Հայր Ռենատոն ժամեր շարունակ պատմում է իր բազմաթիւ հանդիպումների մասին, որոնցից մէկը մի երիտասարդի պատմութիւն է, ով Ռիոյի թաղամասերում իրականացուող թմրադեղերի առեւտրի զոհ էր: Վեց տարի շարունակ Հայր Ռենատոն այցելում է «cracoland», որտեղ ապրում էր այդ երիտասարդը: Այնուհետեւ, օրերից մի օր, տղան գալիս է «Casa do menor». «Հա՛յր, ես այստեղ եմ: Ուզում եմ օգնել քեզ եւ նոր կեանք սկսել», - ասում է նա: Այսօր այդ տղան «Familia Vida»-ի անդամ է, «moradores de rua»-ի՝ թմրադեղերի զոհ դարձած անօթեւանների համայնքի պատասխանատու:
 

«Casa do menor»-ի երեխաները, ընտանիքները եւ կամաւորները
«Casa do menor»-ի երեխաները, ընտանիքները եւ կամաւորները


Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

 

18/09/2019, 08:00