Որոնել

Տրեւիի Շատրուանի մօտ գտնուող Սուրբ Վինսենթ եւ Անաստաս Եկեղեցու որմանկարներից մէկը  Տրեւիի Շատրուանի մօտ գտնուող Սուրբ Վինսենթ եւ Անաստաս Եկեղեցու որմանկարներից մէկը   Պատմութիւնը

Արդեօ՞ք Աստուած ապրում է Հռոմում

Պատմութիւն երկու ուկրաինացիների մասին, ովքեր Հռոմում բացայայտեցին Աստծուն եւ իրենք իրենց:

Նատալիայ Կինդրատիվ եւ Իրինկայ Հրոմոցկայ

Վիքթորիայ. առանց հաւատքի դէպի բանակ

Վիքթորիայի հայրը կոմունիստ էր, ինչով էլ պայմանաւորուած է առանց հաւատքի մեծնալու փաստը: «Ծնողներս ինձ չեն սովորեցրել աղօթել», - վերյիշում է նա: «Երբ աշխատանքի անցայ գործարանում, ընկերներիցս մէկն ինձ մի թուղթ տվեց հետեւեալ վերտառութեամբ՝ «Հայր Մեր» եւ խորհուրդ տվեց կարդալ քնելուց առաջ: Դա միակ աղօթքն էր, որ գիտէի»:
1995 թուականին Վիքթորիան թողնում է գործարանը, որպէսզի ծառայութեան անցնի բանակում: Նա դառնում է սպայ: Նրա առաքելութիւնը ռազմաբազայ ցանկացած ներթափանցման կասեցումն է: Սակայն նրա կարծիքը բաւականաչափ «հեղինակաւոր» չէ, հետեւաբար, դիւրին չէ, աւելին՝ սթրեսային է զինուորական կենսակերպի մէջ ներգրաւումը:

Վիքթորիան եւ նրա սիրելի սրբապատկերը (աջ կողմում)
Վիքթորիան եւ նրա սիրելի սրբապատկերը (աջ կողմում)

Մաքսիմ. բանակից դէպի կրօն

Մաքսիմի հօրեղբայրը ռազմաօդային գնդի պատասխանատու եւ գնդապետ է, հետեւաբար, Մաքսիմն իրեն անկաշկանդ է զգում բանակում: «Երբ ինձ հարցրեցին, թէ ինչ եմ ուզում անել», - ասում է նա, - «պատասխանեցի, որ ուզում եմ հօրեղբօրս նման թռիչքներ իրականացնել: Բայց ծնողներս այնքան էին վախենում, որ ինձ համոզեցին ընտրել գործունէութեան ցանկացած բնագաւառ, բացի ավիացիայից»:
Ուստի, Մաքսիմն հետախուզական ծառայութեան է անցնում հրետանազօրում: Ուսումնառութեան չորրորդ տարում նա սկսում է բարեկամանալ բանակի հոգեւոր հովիւների հետ: «Բանակի հոգեւորականները չափազանց հետաքրքիր մարդիկ են», նկատում է նա: «Նրանցից մէկի հետ ես այցելեցի որբանոց: Սա ասես թարմ օդի հոսանք լինէր զինուորական կեանքի խստութիւնից յետոյ»: Օրերից մէկ օր էլ, նա եկեղեցում առաջին անգամ մասնակցում է պատարագի: Նրա համար սա սեփական անձի լիակատար բացայայտման պահ էր: «Դա այնքան խորն էր եւ այնքան սրտառուչ: Ես չէի հասկանում այն ամէնն ինչ ասւում էր, բայց դա դիւթիչ ու տպաւորիչ էր»:

Հռոմի տանիքների բարձունքից Մաքսիմի հայեացքն ուղղուած Սուրբ Պետրոսի Տաճարի գմբէթին
Հռոմի տանիքների բարձունքից Մաքսիմի հայեացքն ուղղուած Սուրբ Պետրոսի Տաճարի գմբէթին

Վիքթորիայ. ճանապարհը, որ տանում է դէպի Հռոմ

2000 թուականին Վիքթորիան գալիս է Հռոմ, թողնելով դստերը՝ Կատէրինային, Ուկրաինայում, իր մեծ մօր խնամքին: Վիքթորիան չի խօսում իտալերէն, սակայն, պէտք է դրամ վաստակի, որպէսզի Կատէրինան կարողանայ դպրոց յաճախել: Հռոմում նա հանդիպում է Մարիային, ով առաջարկում է Իտալիա բերել դստերը: Կատէրինան կրկին միաւորւում է մօր հետ, բայց ամէն բան նախատեսուածի նման չի անցնում: «Ի սկզբանէ նա չէր ուզում այստեղ լինել», - ասում է Վիքթորիան: «Նրան դպրոց չընդունեցին, քանի որ պակաս փաստաթղթեր կային»: Մայր ու աղջիկ սկսում են դայեակ աշխատել երկու տարբեր ընտանիքների համար: Նրանց կեանքերը բաժանւում են: «Երբ Հռոմ եկայ, Մարին ինձ մի աղօթագիրք տվեց, որը սկսեցի ուսումնասիրել», - մտաբերում է Վիքթորիան: «Ես յատկապէս սիրում էի երեխաների համար աղօթքը եւ ամէն երեկոյ աղօթում էի»: Ամէն հանգստեան օր Վիքթորիան ոտքով գնում է Սանթա Մարիա Մաջորէ Եկեղեցի եւ աղօթում մինչ ուշ երեկոյ: Նրա բոլոր աղօթքները դստեր՝ Կատէրինայի համար են:

Վիքթորիան Հռոմի իր բնակարանում
Վիքթորիան Հռոմի իր բնակարանում

Մաքսիմ. քահանայութեան ճանապարհին

Մաքսիմը նոյնպէս աղօթում է: Աղօթելը նրա համար մի նոր բան է: Նախ եւ առաջ, նա աղօթում է, որպէսզի կարողանայ կեանքում գիտակցուած ընտրութիւն կատարել: Նա այլեւս վստահ չէ, որ ուզում է շարունակել ծառայութիւնը բանակում: Ի վերջոյ, նա կարեւոր որոշում է կայացնում. առաջին անգամ խոստովանանքի է գնում եւ Սուրբ Հաղորդութիւն ստանում:
«Յիշում եմ այն պահը, երբ որոշեցի մտնել ճեմարան: Սա մեծ ցնցում էր իմ հարազատների, հրամանատարական անձնակազմի եւ ընկերների համար»: «Ես ինձ այնքան երջանիկ եւ խաղաղուած էի զգում», - ասում է նա: «Աստուծոյ հետ կապն աւելի ու աւելի էր խորանում: Սա իմ անձի կատարեալ դարձն էր դէպի հաւատք»: Մաքսիմը վստահեցնում է, որ «անկանոն զինուորական միջավայրից» (ինչպէս ինքն է անուանում) յետոյ իրեն ազատ է զգում. «Սա պատեհ առիթ էր մեծնալու եւ ընտրութիւն կատարելու»: Ճեմարանում նա իր համար բացայայտում է հոգեբանութիւնը: «Ես հետաքրքրուած էի հոգեբանութեամբ, քանի որ այն ինձ թոյլ տվեց աւելի լաւ հասկանալ ինքս ինձ եւ հնարաւորութիւն ընձեռեց հոգեւոր տեսանկիւնից ընկալելու իմ կոչումը»:

Մաքսիմը Հռոմի Սուրբ Անաստաս Քահանայապետական Վարժարանում
Մաքսիմը Հռոմի Սուրբ Անաստաս Քահանայապետական Վարժարանում

Վիքթորիայ. գտնել տուն հայրենիքից հեռու

Մարիի աջակցութեամբ Վիքթորիան եւ նրա դուստրը սկսում են ամէն կիրակի յաճախել եկեղեցի: Նրանք այցելում են Հռոմի կենտրոնում՝ Մադոննա դեի Մոնտի թաղամասում գտնուող ուկրաինական համայնք, եւ, յաւերժական քաղաքում հանդիպում են ուկրաինական սփիւռքի բազմաթիւ անդամների: Այսուհետեւ նրանք կարող են տեղեկատուութիւն փոխանակել եւ լուրեր ստանալ հայրենիքից, միասին տօնել եւ նոյնիսկ մասնակցել «vertèpe»-ների, որ ուկրաինական մշակոյթին բնորոշ խամաճիկների թատրոն է, որը կազմակերպւում է Սուրբ Ծննդեան օրերին:
«Մեր հարազատները հեռու են մեզանից», - ասում է Վիքթորիան, - «ուստի, ծխական համայնքն է, որ մեզ միաւորում է: Սուրբ Ծննդեան տօնին, նոյն տան մէջ, մենք ուկրաինական ընթրիք ենք պատրաստում 20 կամ 30 մարդու համար»: Այնքան ուկրաինացիներ կան, ովքեր ապրում եւ աշխատում են Հռոմում, նրանցից ոմանք նաեւ ընդունելութիւն են ունեցել Նորին Սրբութեան մօտ: Վիքթորիան հպարտօրէն մեզ ցոյց է տալիս Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի հետ իր հանդիպման լուսանկարը:

Լուսանկարը, որը Վիքթորիան հպարտօրէն ցոյց է տալիս. Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հետ հանդիպման ժամանակ
Լուսանկարը, որը Վիքթորիան հպարտօրէն ցոյց է տալիս. Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հետ հանդիպման ժամանակ

Մաքսիմ. ապրել Աստուծոյ հետ 

Մաքսիմը նոյնպէս կարծում է, որ Հռոմում ապրելու փաստն է, որ մեծապէս ազդեցութիւն է ունեցել իր կոչման ընկալման գործում: «Իմ ուսումնառութեան ընթացքում սկսեցի աւելի խանդավառուել իմ հետազօտութիւններով», - ասում է նա: «Հռոմն ինձ օգնեց իմ մէջ ամրապնդել հոգեւորը եւ հաստատուն լինել իմ իրական կոչման մէջ»: Մաքսիմը համարում է, որ Հռոմում է բացայայտել իր հիմնական արժէքները. «Աստուծոյ հետ ապրելու համար…, որպէս մարդ»:
Տեսանիւթ.
https://www.youtube.com/watch?v=XNy6Owv9j6w&feature=youtu.be

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/09/2019, 08:13