Օլինդան եւ Մապուտոյի Արքեպիսկոպոս, Գերապայծառ Տէր Ֆրանսիսկոյ Կիմոյոն Օլինդան եւ Մապուտոյի Արքեպիսկոպոս, Գերապայծառ Տէր Ֆրանսիսկոյ Կիմոյոն   Պատմութիւնը

Մայրիկ Մոզամպիքում ապրող որբերի համար:

Օլինդայ Մուգաբեն մոզամպիքցի կին է: Նա ղեկավարում է «Reencontro» միաւորումը, որը հիմնուել է որբ եւ խոցելի երեխաների համար, ովքեր կորցրել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող իրենց ծնողներին: Օլինդան կարծում է, որ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի այցը նոր ուժ եւ եռանդ կը հաղորդի միաւորման աշխատանքին:

Դուլսէ Արաուժոյ – Վատիկան

90-ական թուականների սկիզբ: Բուժքրոջ կրթութիւն եւ երկար տարիների մասնագիտական փորձ ունեցող Օլինդայ Մուգաբեն աշխատում է ընտանիքի ամրապնդման եւ աջակցութեան մոզամպիքեան մի կազմակերպութիւնում: Նա տեսնում է, թէ ինչպէս է ՁԻԱՀ-ը կլանում ողջ երկիրը, իսկ մարդիկ  չեն պայքարում այդ համաճարակի դէմ, նրանք ավելի շատ մտահոգուած են քաղաքացիական պատերազմով: Ուստի, Օլինդան փորձում է նրանց սթափեցնել եւ մի քանի հիւանդների հետ հիմնում է «Quiquimuca» («Սթափվէ՛ք») միաւորումը՝  քաջալերելով նրանց հանդէս գալ լրատուամիջոցներով, որպէսզի մարդկանց համոզեն գործել:

Նպատակին հասնելուց յետոյ Օլինդան փորձում է անել աւելին: Նրա սիրտը խոցում են այն բազմաթիւ երեխաները, որոնք ժամանակի ընթացքում որբացել էին, ուստի նա չէր կարող անտարբեր մնալ: Օլինդան դիմում է իր ընկերուհիներից ոմանց, ովքեր, ինչպէս եւ ինքը, անցեալում ներշնչուած են եղել հոգեւոր կեանքով եւ, միասին նրանք ստեղծում են «Reencontro»-ն: Այսօր, շահոյթ չհետապնդող այս միաւորումը օգնութեան ձեռք է մեկնում շուրջ 10.000 որբերի, որոնց ծնողները մահացել են ՁԻԱՀ-ից՝ երկրի հիւսիսում գտնուող Մապուտոյի եւ Գազայի նահանգներում, որտեղ հիւանդացութեան թիւը ամենաբարձրն է. 22,9% եւ 24,4% (2017 թուականին երկրում միջին ցուցանիշը կազմում էր 13,2%):

Նոր ծնողներ որբ երեխաների համար

«Reencontro»-ն տեղակայուած է Մահոտաս թաղամասում՝ Մապուտոյի հիւսիսային արուարձանում: Միաւորումը գտնւում է Մարիամի Ֆրանսիսկեան Միսիոնարուհիների Միաբանութեան հիմնադիր՝ Երանելի Մարիայ դա Պայշաոյի հովանու ներքոյ: Այս Միաբանութիւնը նախկինում իր յարկի տակ է ընդունել «Որբ եւ խոցելի երեխաների սոցիալ-կրթական կենտրոնի» հիմնադիրներին:

Նամաաշայում գտնուող «Reencontro»-ի երիտասարդ աղջիկներից մէկը՝ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի եւ Վաստակաւոր Քահանայապետ Պենետիկտոս XVI-ի լուսանկարով:
Նամաաշայում գտնուող «Reencontro»-ի երիտասարդ աղջիկներից մէկը՝ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի եւ Վաստակաւոր Քահանայապետ Պենետիկտոս XVI-ի լուսանկարով:

Պատանեկութեան տարիներին Օլինդան եւ իր ընկերուհիները ցանկանում էին միանձնուհի դառնալ, սակայն, տարբեր պատճառներով, նրանք չկարողացան իրականացնել իրենց երազանքը, ուստի, նրանցից իւրաքանչիւրը քայլեց իր ճանապարհով: Այսուհանդերձ, ֆրանցիսկեան հոգեղէնութիւնը շարունակում էր նրանց հոգում տարածել իր աւետարանական բոյրը, որպէսզի էլ ավելի զօրացնի ուրիշներին օգտակար լինելու ցանկութիւնը: Շատ տարիներ անց, Օլինդայի ծրագիրը վերստին միաւորեց նրանց՝ թոյլ տալով ճիշտ հունով ուղղորդել որբ երեխաներին նուիրուելու իրենց ցանկութիւնը:

Այդ իսկ պատճառով, Միաւորման համար ավելի լաւ անուանում չէր կարող լինել, քան «Reencontro»-ն, ինչը նշանակում է՝ «հանդիպում միմեանց հետ, հանդիպում որբ երեխաների նոր ծնողների, հանդիպում սիրոյ, գթասրտութեան եւ փոխօգնութեան մեր առաքելութեան հետ»:

Նրանք պատմում են, որ սա հնարաւորութիւն էր ընձեռուած Աստծոյ կողմից, որպէսզի կարողանան եւս մէկ անգամ հետեւել Նրան: Այս ոգով տոգորուած, բոլորը սկսեցին օգնել այն ամէնով, ինչ ունէին (ափսէ, աթոռ, սեղան, մէկ բաժակ բրինձ կամ շաքարաւազ), մինչեւ որ չորս տարի անց՝ 2002 թուականին, Միաւորումը պաշտօնապէս ճանաչուեց եւ սկսեց ընդլայնուել:

Նիւթական, մարդկային եւ հոգեւոր օգնութիւն որբ երեխաներին

Հիւսիսային Ափրիկէի հետ սահմանակից Մապուտոյ եւ Գազայ նահանգներում, որտեղ իր գործունէութիւնն է ծաւալում «Reencontro»-ն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը կործանել է ամբողջական ընտանիքներ եւ, բազմաթիւ երեխաներ, ովքեր շատ դէպքերում ՄԻԱՎ վարակակիրներ են, միայնակ են մնացել իրենց տարեց տատիկների ու պապիկների, հօրեղբայրների կամ մօրեղբայրների, հօրաքոյրերի կամ մօրաքոյրերի հետ, կամ էլ՝ բոլորովին մենակ:

Տարբեր կազմակերպութիւնների, ինչպիսիք են՝ USAID, «Global Fund for Children», «Cross International», ինչպէս նաեւ տեղի առեւտրականների եւ բարերարների աջակցութեամբ «Reencontro»-ն օգնում է այս երեխաներին. ապահովում է սնունդով, տրամադրում կրթութիւն եւ առողջապահական ծառայութիւններ, կացարան, հագուստ, աջակցութիւն, նրանց համար փնտրում կնքահայրեր եւ կնքամայրեր հեռահար որդեգրման համար, ինչպէս նաեւ նրանց հոգեւոր, բարոյական եւ քաղաքացիական արժէքներ կամ պարզապէս մի քիչ սէր փոխանցելու համար: Այս ամէնը՝ շնորհիւ հարաւային երկու նահանգների կենդրոնների տրամադրած ծառայութիւնների, եւ, յատկապէս՝ մեծ թուով կամաւորների, կանանց եւ տղամարդկանց օգնութեան, ովքեր Օլինդայի համար «Reencontro-ի աչքերն» են համայնքներում, այսինքն՝ այն ընտանեկան եւ բնական միջավայրում, որտեղ աջակցութիւն ստացող երեխաների մեծամասնութիւնն անցկացնում է իր առօրեան:

Օլինդան «Reencontro»-ի միւս համահիմնադիրների հետ
Օլինդան «Reencontro»-ի միւս համահիմնադիրների հետ

Գնահատանքի նշաններ եւ ինքնագոյութեան ակնկալութիւն

1998 թուականին հիմնադրուած «Reencontro»-ն իր գործունէութեան ավելի քան քսան տարիների ընթացքում շատ է ընդլայնուել, եւ այն գնահատանքը, որ միաւորումը ստանում է Կառավարութեան եւ Եկեղեցւոյ կողմից՝ քաջալերում է եւ օգնում առաջ շարժուել: «Սա ուրախութիւն է պատճառում մեզ», - ասում է հիմնադիրը,-  «թէեւ», - շարունակում է նա, - «դժվարութիւնները բազմաթիւ են եւ հիմնականում վերաբերում են Միաւորման գոյութեանը՝ որպէս հաստատութիւն»: Սակայն, միայն դժուարութիւններ չէ որ կան, եւ Օլինդան ժպտում է, երբ խօսում է այն բազմաթիւ յաջողութիւնների մասին, որոնք ձեռք են բերուել աշխատանքի այս տարիների ընթացքում: Օլինդան յուզմունքով է վերյիշում մի երիտասարդի պատմութիւն, ով այժմ 19 տարեկան է: Նա մի անհանգիստ փոքրիկ տղայ էր, ով շատ էր տանջւում ծնողների բացակայութիւնից, ապրում էր իր մեծ մօր եւ ՄԻԱՎ վարակակիր միւս եղբայրների եւ քոյրերի հետ: Նա այլեւս չէր յաճախում դպրոց եւ սխալ ճանապարհ էր ընտրել: «Reencontro»-ն նրան իր հովանու տակ առավ, խորհուրդներ տվեց, ներգրավեց աշխատանքների մէջ: Նա հիմա աշխատում է, սովորում եւ հոգում է մեծ մօր եւ եղբայրների ապրուստը: Մէկ ուրիշ տղայ կարողացաւ բարձրագոյն կրթութիւն ստանալ եւ դառնալ անգլերէն լեզուի ուսուցիչ: Նրանցից շատերն արդէն կարող են հոգալ ինչպէս իրենց, այնպէս էլ իրենց ընտանիքների կարիքները եւ այլեւս օգնութեան կարիք չունեն: Եւ, ամէն անգամ, երբ ինչ-որ մէկն ամուսնանում է, դա մեծ ուրախութիւն է «Reencontro»-ի համար:

Փոքրիկ որբերը եւ միաւորման նրանց «մայրիկը»
Փոքրիկ որբերը եւ միաւորման նրանց «մայրիկը»

«JOLUSI»-ն եւ հեռահար օգնութիւնը

Իր գործունէութիւնը սկսելուց ի վեր, «Reencontro»-ն փորձում էր փոքրիկ որբերին ներգրաւել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դէմ պայքարի գործում: Այսպիսով մեկնարկեց «JOLUSI» ծրագիրը, որը տարիների ընթացքում բազմաթիւ երիտասարդներ է ունեցել, ովքեր խանդավառութեամբ են ներգրաւուել այս գործում: Ալֆրեդոյ Կառլոս Շանգալը, ով կորցրել էր հօրը, մեծ եռանդով էր աշխատում այս ծրագրի շրջանակներում: Նա արթնանում էր վաղ առաւօտեան ըմպելիք եւ քաղցրաւենի վաճառելու համար, որպէսզի օգնի մօրը եւ եղբայրներին, ապա՝ կրկին միանում էր «JOLUSI»-ի անձնակազմին: Դժուարութիւններն անպակաս չէին, բայց, նաեւ մեծ էր այս խմբին անդամակցող երիտասարդների ուրախութիւնը:

Անհրաժեշտ է վերստին կեանք հաղորդել «JOLUSI» ծրագրին, քանի որ, չնայած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ ունեցած վախի, այնուամենայնիւ, երիտասարդները շարունակում են վտանգի ենթարկել իրենց կեանքը: «Այս ամէնն անյանգստացնում է: Մենք պէտք է շարունակենք պայքարել, մինչեւ որ մարդիկ յստակ գիտակցեն, որ ՄԻԱՎ-ին վերջ դնելու համար անհրաժեշտ է փոխել մեր ապրելակերպը», - ասում է Օլինդան, միեւնոյն ժամանակ գոհունակութեամբ հաւաստելով, որ խտրական վերաբերմունքը ՁԻԱՀ-ով հիւանդների նկատմամբ նուազել է: Ասօր այս վերաբերմունքն աստիճանաբար փոխւում է: Հիւանդութիւնը դիտւում է որպէս սոցիալական խնդիր, որի դէմ պէտք է պայքարեն բոլորը՝ ապրելակերպի փոփոխութեամբ եւ հակահետվիրուսային դեղամիջոցների հասանելիութեամբ, ինչը երաշխաւորւում է Կառավարութեան կողմից, հետեւաբար՝ իրավիճակը կարող է բարելաւուել:

«JOLUSI» ծրագրի կամաւոր
«JOLUSI» ծրագրի կամաւոր

«Reencontro»-ն նաեւ պարտաւորութիւն է վերցրել հեռահար օժանդակութիւն փնտրել ամենակարիքավոր երեխաների համար: Այս գործունէութիւնն իրականացւում է Երեխաների միջազգային հիմնադրամի հետ համագործակցութեամբ:

Լաւատես եւ հաւատացեալ Օլինդայ Մուգաբեն գոհունակութեամբ է նշում բոլորովին վերջերս Կառավարութեան եւ «Renamo»-ի միջեւ կնքուած խաղաղութեան ամրապնդման համաձայնագրի մասին: Այս համաձայնագրից առաջ իրավիճակն այնքան լարուած եւ վիճահարոյց էր, որ միաւորման կամաւորները նոյնիսկ չէին համարձակւում երկրի ներսում տեղից տեղ գնալ երեխաներին օգնելու համար:

Անցեալ տարվայ մարտ եւ ապրիլ ամիսներին Իդայ (Idai) եւ Քէնեթ (Keneth) փոթորիկները աւերածութիւններ առաջացրեցին Մոզամպիքի հիւսիսային կենդրոնում՝ դառնալով հարիւրաւոր մարդկանց մահուան պատճառ: Որքան էլ որ տարօրինակ է, բայց այս իրադարձութիւններն ունեցան նաեւ դրական ազդեցութիւն՝ ամրապնդուեց մարդկանց միջեւ համերաշխութիւնը: Միաւորման անդամներն իրենց շրջակայքում դրամահաւաք կազմակերպեցին եւ հանգանակութիւնը ուղարկուեց Բեիրայի բնակչութեանը:

Այժմ Օլինդան անհամբերութեամբ է սպասում Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի այցին: Նրա համար Ֆրանցիսկոսը «կենդանի օրինակն է Քրիստոսի», ով իւրաքանչիւրին դարձնում է ավելի ուժեղ, երբ անձնազոհութեան է գնում յանուն ուրիշների, յատկապէս՝ յանուն երեխաների, հիւանդների եւ հաշմանդամութիւն ունեցող անձանց: Ինչ վերաբերում է իրեն՝ Օլինդան խոստովանում է, որ երջանիկ կը լինի, եթէ կարողանայ դիպչել Քահանայապետի թիկնոցին, ինչպէս Աւետարանի այն կինը, ով արիւնահոսութիւն ունէր: «Վստահաբար շատերը կ'ունենան նոյն ցանկութիւնը», - նրան ժպիտով պատասխանում է մի միանձնուհի, ով զբաղւում է Քահանայապետի կողմից մատուցուելիք պատարագի հագուստների պատրաստութեամբ:

Մինչ Միաւորման անդամներն իրենց ժողովրդապետութիւններում իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ Նորին Սրբութեան այցի համար, «Reencontro»-ն կարգի է բերում ամէն ինչ, որպէսզի կարողանայ իր կենդրոնում հիւրընկալել մօտ մէկ տասնեակ ուխտաւորների, ովքեր ժամանել են հեռաւոր շրջաններից:

Նուէր պապական ինքնաթիռում

Քահանայապետի ինքնաթիռում «Reencontro»-ի երեխաների համար նուէր կայ. գրենական պիտոյքներ, սպորտային սարքաւորումներ, հագուստ, խաղալիքներ եւ մի փոքրիկ ֆինանսական օգնութիւն: Այս ամէնը արդիւնքն է հանգանակութեան, որ կազմակերպուել է D.VA Միաւորման (Կանայք Վատիկանում) կողմից՝ իրենց անդամների, աշխատակիցների եւ բարի կամքի տէր մարդկանց շրջանում: Սա սիրոյ եւ համերաշխութեան նշան է կանանց կողմից հիմնադրուած երկու կազմակերպութիւնների միջեւ, որոնք ունեն միեւնոյն քրիստոնէական արժէքները եւ փոխադարձ հոգատարութիւնը, մասնաւորապէս՝ երեխաների նկատմամբ:

Կառուցել եւ պահպանել մարդաբանական հարստութիւնը

Օլինդան եւ միաւորման իր ընկերները հոգ են տանում, որ երեխաները մեծանան առողջ եւ ազնիւ, պաշտպանուած մարդաբանական ապագայ աղքատութեան եւ դրան միաձուլուած նիւթական աղքատութեան վտանգից: «Իր տրամադրութեան տակ եղած միջոցներով «Reencontro»-ն անում է հնարաւոր ամէն ինչ, սակայն, ցանկալի է նաեւ այլոց օգնութիւնը: Մենք ձեր ուժի կարիքն ունենք: Այդ ուժը կարող է բխել նաեւ աղօթքից», - ասում է Օլինդան:

Օլինդան եւ Ֆլորան՝ «Reencontro»-ի բուժքոյրը, մի «մայրիկ» եւ երիտասարդ որբերից մէկը
Օլինդան եւ Ֆլորան՝ «Reencontro»-ի բուժքոյրը, մի «մայրիկ» եւ երիտասարդ որբերից մէկը

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

04/09/2019, 09:01