Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան 

Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի շնորհաւորական ուղերձը Հայաստանի Անկախութեան օրուայ առթիւ։

Մենք կարող ենք որպէս մարդ լինել միմեանցից տարբեր, բայց յանուն մեր ընդհանուր նպատակների, յանուն մեր անկախութեան, յանուն մեր ապագայի պարտաւոր ենք լինել համախմբուած ու միասին:

Թանկագի՛ն հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփիւռքում,

Հայաստանի Հանրապետութեան սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր Հայաստանի Անկախութեան օրն է:

Այն առանձնայատուկ պատգամ է՝ աւելի լաւ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրը, մեր ինքնութիւնը, մեր հնարաւորութիւնները, մեր ներուժը:

Ինչ որ ունենք այսօր՝ Ազատութիւն, Անկախութիւն, Հայրենիք, Պետութիւն, այդ ամէնի համար պարտական ենք ինքներս մեզ:

Ինչ որ կարողանալու ենք ձեռք բերել, լինելու է կրկին մեր շնորհիւ՝ մեր համախմբուածութեան, մեր միասնական ջանքի, գործի վերածուած մեր մտքի, միմեանց հանդէպ յարգանքի ու հանդուրժողականութեան:

Լաւագոյնն ճանապարհն ամենօրեայ աշխատանքն է, ամենօրեայ արարումը, հոգատարութիւնը երկրի, պետութեան հանդէպ, հայրենապաշտութիւնը և հայրենաճանաչութիւնը:

Հայրենիքը կմնա ընդամէնն աշխարհագրական քարտէզ, եթէ այն չապրեցնենք մեր մէջ, չապրեցնենք մեզնով և չապրենք նրանով:

Հայրենիքը սիրելու և նրանով ապրելու համար պէտք է այն ճանաչել: Իսկ ճանաչելու համար քարտէզի վրայ նրա տեղն իմանալը բաւարար չէ: Հայրենիքը տեսնել է պէտք՝ Գիւմրիից մինչև Գորիս, Սյունիքից մինչև Լոռի, Արցախից մինչև Տավուշ, Լորից մինչև Ահնիձոր:

Հայրենիքը տեսնելուց և զգալուց յետոյ աւելի յստակ է դառնում, թէ ինչ է պէտք անել նրա համար, ինչպէս է պէտք է անել և ինչու է պէտք անել: Մենք պէտք է ունենանք տեսլական, առաջարկենք և իրագործենք գաղափարներ ու ծրագրեր:

Հայրենիքը ճանաչելու համար պէտք է հասկանալ հայրենատիրոջը, որովհետև Հայրենիքը նաև մարդիկ են, որոնք մեզ հետ, մեր կողքին ապրում և արարում են:

Ինչպէս անկախութեան ձեռք բերման բախտորոշ օրերին և դրան յաջորդող դժուար տարիներին, այսօր էլ մեր պետութեան առջև կան մարտահրաւէրներ, որոնց յաղթահարման բանալին գտնւում է բացառապէս մեր ձեռքերում։

Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «Հայրենիք ենք հիմնել, Հայրենիք ենք բարձրացնում...Հայրենիքը պահանջում է իր բոլոր որդիների, մեր ամէնամեայ, ամենօրեայ, այսժամեայ հաւատաւոր ջանքը»:

Չխնայե՛նք մեզ, մեր ջանքը, մեր միտքը, մեր սերը Հայրենիքի համար: Պաշտպան ու պահապան լինենք մեր պետութեանը, մեր եկեղեցուն, հանդուրժող ու սրտացաւ լինենք միմեանց հանդէպ:

Որպէս պետութիւն, որպէս ժողովուրդ մենք կամուրջ ենք քաղաքակրթութիւնների միջև: Աշխարհի տարբեր վայրերում խեղաթիւրուում են արժեհամակարգները, քաղաքակրթութիւնները զոհաբերւում են քաղաքականութեանը, մարդկային յարաբերութիւնները՝ տարատեսակ շահերի, մարդիկ միմեանց հանդէպ դառնում են անտարբեր ու յաճախ՝ օտար:

Ուստի առաւել քան անհրաժեշտ է հոգատար լինել մեր արժեհամակարգի, մէկմէկու նկատմամբ: Մենք կարող ենք որպէս մարդ լինել միմեանցից տարբեր, բայց յանուն մեր ընդհանուր նպատակների, յանուն մեր անկախութեան, յանուն մեր ապագայի պարտաւոր ենք լինել համախմբուած ու միասին:

Յաւերժ փառք անկախութեան համար իրենց կեանքը նուիրաբերած բոլոր հերոսներին:

Աստուած զօրավիգ անկախութեան և անվտանգութեան երաշխաւոր մեր բանակին։

Կեցցէ՛ անկախ Հայաստանի Հանրապետութիւնը:

Կեցցէ՛ մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփիւռքում:

Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին:

Աստուած պահապան բոլորիս:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

23/09/2019, 09:00